Ես ոչ մեկի «ոչ»-ի հետ համաձայն չեմ,
եւ համաձայն չեմ ոչ մեկի «այո»-ի հետ, ես ունեմ իմ
«այո»-ն ու «ոչ»-ը,
որոնց «միացողն» ինքն իրեն ոչնչացնում է։
Քսենոֆոնի եւ Պլատոնի անհամաձայնությունը
Սոկրատեսի
փայլուն
հաղթանակն է։
Զորություն է պարտքը, որ սնում է
հոգին։ Զոհյալները մշտապես մասնակցում են
երկնքի եւ երկրի
հաղորդակցությանը՝
տեսադաշտում ունենալով թեկուզ մի ծաղիկ կամ աստղ։
Եվ կախյալ դառնում է միմիայն նա, ումից կախվում են։
Պատերամզը հավերժորեն ներկա է։
«Ղարաբաղի հորովել»-ին,
խնդրում եմ, Մարտական խաչի առաջին աստիճանի շքանշան
տալ՝ արցախյան գոյամարտում ունեցած անուրանալի
ծառայությունների համար,
որովհետեւ բոլոր հերոսությունները սերվում են միայն երգից,
իսկ խոսքը, ինչպես ասում են, չի մեռնում,
եթե, չի ծնվում մեռած։
Անցյալի հետ կռիվ չի տալիս ճշմարիտ ճանապարհը,
չէ ո՞ր ամեն լավի երաշխավորն ապագան է։ Էկլեկտիկ
քարեր՝ ներդաշնակություն,
ով պիտի գա՝ փրկելու ծիրանիները՝ «ծիրանի» մակդիրներից,
որոնց տակ ավելի շատ «ոչ ծիրանի»-ն է։
Երկիրը պահելու
շատ ճանապարհներ կան, բայց ամենաուղիղը՝
այն չկորցնելն է։