Jump to content

Գինովի երազ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Գինովի երազ


Այս գիշեր նորեն երազըս տեսա.
Խոշոր ժայռին տակ, շունչ-շունչի նստած,
Խենթ-խենթ բառերով կը պատմեի, ցած,
Թե իրմե հետո ի՛նչ կյանք ապրեցա.

«Երբեմն, պառկած, սաղմոս կարդացի...
Բայց հաճախ ալ, քո՛ւյր, մոռնալու համար
Դեզ-դեզ կուտակված վիշտերս անհամար՝
Իրիկունները գինետուն գացի...

«Ահ, դուն գինովի աչքեր չե՛ս տեսեր,
Հոգիս, հավատա, աստղով կ’լենա,
Երբ կերթամ պառկիլ բաց դաշտին վրա,
Հեգնելու համար երազներն ու սեր...

«Ահ, դուն գինովի, դեմքըս չե՛ս տեսած․
Տժգույն, անիմաստ, անհույս ու վայրագ,
Երբ կ՚երթամ պառկիլ, երգով մ’անառակ,
Լույսե անկողինս՝ լուսինեն փռված․․․

«Ահ, դուն գինովի հոգիս տեսած չե՛ս,
Շենշող ու տրտում, ժպտուն ու լալկան․
Արցունքեն մռայլ ի՜նչ ծիծաղներ կան․․․
— Գինովը կ՚ատեմ.— չըսե՛ս, քույր, չըսե՛ս.

«Գինովը սիրե․ անոր սիրտը, քո՛ւյր,
Գեհեն մ՚է ցավի, որ անվերջ կ՚այրի.
Գինովը Լքյա՛լն է, հույսեն այրի,
Անոր կուրծքը հուր, ճակատն է մաքուր...»

Այսպես կ՚ըսեի ու դեռ շատ բաներ.
Երր իրեն դարձա՝ հոն չէր, զարմացա.
Աչքերըս բացի, բաց դաշտին վրա
Քնացեր էի. լուսինը կ՚իջներ...