Jump to content

Գլխարկ եմ հանում ձնծաղկի առաջ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԼԽԱՐԿ ԵՄ ՀԱՆՈՒՄ ՁՆԾԱՂԿԻ ԱՌԱՋ


Ծառերը, ահա,
Տեղավորվել են ամպոտ օրվա մեջ,
Իրենց խոհերը պարուրել ինչ-որ
Մաշված լաթերով,
Իբրեւ իրարից թաքուն են պահում։
Այսօր լրջորեն լուռ է եւ քամին։
Ես ծիծաղում եմ
Խելագարի պես՝
Չտեսնելուն են ծառերը տալիս։
        Եվ լաց չեն լինում։
Նրանց խոհերը՝ մայիսի մասին,
Մատնում է ինչ-որ թփի մեջ պահված
Մի հեզ ձնծաղիկ։ Շնորհակա՜լ եմ։

Գլխարկս հանում ձնծաղկի առաջ
Եվ ծիծա՜ղ-ծիծա՜ղ ես լաց եմ լինում
Ձեր սրտի խորքից... ձյունավա՜խ ծառեր։