Jump to content

Գյուղատնտեսական հետազոտման բլանկի առթիվ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԲԼԱՆԿԻ ԱՌԹԻՎ

(Գրախոսականի փոխարեն)

1925 թ. մարտին կայացած գյուղատնտեսական խորհրդակցությունը[1] հրահանգեց գյուղվարչության՝ ձեռնարկել մանրազնին գյուղատնտեսական հետազոտության, նպատակ ունենալով վեր հանել մեր գյուղատնտեսության զանազան ճյուղերի տեխնիկան, թերություններն ու առավելությունները, գալիք աշխատանքներն ավելի հարմարեցնելու գյուղատնտեսության իրական վիճակին։ Գյուղվարչությունը կազմել է «Գյուղատնտեսական հետազոտության բլանկ» 149 հարցից, 21 էջ վրա[2]։ Այդ բլանկներն ուղարկված են գավառները՝ աշխատանքներն սկսելու համար[3]:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ տեղերում այդ աշխատանքը հաջող չի գնում. թերություններ կան[4]: Գյուղվարչությունը հատուկ շրջաբերական֊հրահանգով բացատրել է հետազոտության ձևերը, բայց և այնպես այդ գործը չպիտի տա այն արդյունքը, որ կարող էր ստացվել գործին մի քիչ ավելի ուշադիր և խնամքով վերաբերվելուց։

Բլանկը թարգմանված է նախկին զեմստվոյի՝ նման հետազոտման թերթից. թարգմանված է համարյա բառացի, առանց հարմարեցնելու տեղական պայմաններին։ Մենք մի կողմն ենք թողնում այն, որ նախկին զեմստվոն նման հետազոտությամբ մեր գյուղվարչութունից տարբեր նպատակ էր հետապնդում։ Նույնը չէ, որ անհրաժեշտ է մեզ: Եվ եթե գյուղատնտեսական հետազոտության արդյունքը պիտի շտկումներ մտցներ մեր այս կամ այն ձեռնարկած քայլի մեջ, այդ ձևով ուսումնասիրությունը մեր գյուղատնտեսության միայն աղոտ պատկերը կտա։

Սկսենք առաջին հարցից։ Առաջին հարցում թվում է, թե գյուղում ինչքան հողեր կան և ինչպիսի հարցեր կան՝ «շենքեր, տնատեղեր», մոռացված են կալատեղերը, որ քիչ տեղ չեն բռնում։ Կալատեղը ո՛չ շենքի տեղ է, ո՛չ տնատեղ։ Ի՞նչ ասել է՝ «վերջին հողաբաժանման ժամանակ միակերպ բաժանված միավորների թիվը» (հարց 5), կամ «որքա՞ն ժամանակ է ձյունը համատարած նստած մնում» (հարց 7)։ Մենք «ձյունահալ» չենք ասում, այլ «հալոցք»։ Մոռացված է «եկահալը», երբ եկող ձյունը հալվում է իսկույն։ Մեր կլիմայական պայմանների համար բնորոշ է եկահալը, մանավանդ որ այդ շատ հաճախ զուգադիպում է աշնան վերջի ցանքերին և գարնան սկզբին։ «Լինում են արդյո՞ք իսկապես ուժեղ քամիներ» (հարց 8)։ Ի՞նչ անվստահություն է հետազոտությունը կատարող գյուղատնտեսի հանդեպ, ի՞նչ է ուզում ասի կազմողը «իսկապես» բառով։ Ջրագրության բաժնում հետազոտող գյողատնտեսը պետք է ցույց տա գյուղի աղբյուրների... «ստորերկրյա ջրերի մոտավոր բարձրությունը» (հարց 15) և այն էլ՝ «տարվա զանազան ժամանակներում»:

Ի՞նչ հետաքրքիր է հողի տեղական անունը, մոլախոտերի տեղական անուննեը տալը, թե ընդհանուրը, որն է «գյուղատնտեսական բուսականությունը»։ Պարարտացման գլխում հարցնում է կանաչ պարարտացման մասին, «ե՞րբ է տարվում աղբը դաշտ», բայց մի դեսյատինին քանի՞ փութ են աղբ տալիս՝ կազմողը կարևոր չի համարել:

26-րդ հարցով խնդրում է թվել գյուղի աշնանացան և գարնանացան դաշտերում մշակվող բոլոր բույսերի տեսակները, նույնը կրկնվում է և 32֊րդ հարցում։ Շատ անհաջող է «աշնանի» գարի, ցորեն և այլն։ «Գարնանի»-ն գարնան ցորենն է կամ գարին. գյուղացին չի ասում «գարնանի ցորեն», այլ միայն «գարնանի»։ Թվում է «բոլոր» բույսերը, խնդրում է ընդգծել, բայց կա հնդկացորեն (гречиха), չկա ոսպը, հալածուկը։ Չէ՞ որ նախկին զեմստվոյի բլանկի հարազատ թարգմանությունն է, իսկ նախկին զեմստվոն հետաքրքրվում էր հնդկացորենով, որ կա Ռուսաստանում, և ոչ մեր ոսպով։

Վնասատուների և նրանց դեմ կռվելու միջոցների մասին միայն մի հարց է հատկացված, այնինչ հատուկ հարց կա բոստանի բույսերը սածիլ անելու մասին։

Որո՞նք են «հատուկ բույսերը», ինչպե՞ս են վնասվում «պտուղները հեղեղներից», «դաշտում» բանջարանոցային և բոստանի ո՞ր կուլտուրաներին է հող հատկացվում»։ Իհարկե, շատ դժվար էր հարմարեցնել տեղական պայմաններին, մի քիչ ավելի աշխատել, որպեսզի գավառի ագրոաշխատավորը ստիպված չլինի «տարվա զանազան ժամանակներում որոշելու ստորերկրյա ջրերի բարձրությունը կամ որոշելու, թե ինչպիսի «բույսեր են բուծվում»։

Պտղաբուծության և այգեգործության հատկացված է 42 հարց, բոլոր հարցերի մի քառորդից ավելին. իսկ անասնապահության՝ միայն 13 հարց։ Եվ իզուր կլինի գյուղատնտեսական հետազոտության այդ բլանկներից որոշ պատկեր կազմել, թե մեր անասուններն ինչքա՞ն են կերով ապահովված, որքա՞ն է օգտակար ձին կամ եզը։ Այնինչ, հետազոտող գյուղատնտեսը պիտի նկարագրի անասնախտերի երևալու ժամանակն ու նշանները։ Ինչո՞ւ համար է 103-րդ հարցն այն մասին, թե «քանի՞ գլուխ մանր անասունն է հավասար մեկ խոշոր գլխի (արոտատեղիներում արածող)»։

Ի՞նչպես է կատարվում «արոտավայրերի ընդարձակումն անասունների նվազման կամ այլ պատճառների հետևանքով» (հարց 105), դժվար է հասկանալ։ Եթե անասունները նվազում են, ընդարձակվող արոտավայրերն ո՞ւմ համար են։ «Չի նկատվում արդյո՞ք թռչունների բազմացում և ի՞նչպիսի» (հարց 118), որի՞ն է վերաբերում «ինչպիսին», թռչունների՞ն, թե՞ նրանց բազմացման։

Ծխախոտագործության վերաբերյալ շատ հարցեր կան, իսկ հատուկ բաժին չկա մեր յուղաբեր բույսերի համար։ Եթե փորձեք գյուղատնտեսական հետազոտության բլանկից իմանալու, թե ի՞նչ արդյունք է տալիս մեզանում խոտաբուծությունը, կամ յուղագործարաններն ո՞ւմ ձեռքին են, ի՞նչ կոլեկտիվներ կան, ի՞նչ է նստում մի դեսյատին վարը, եթե փորձեք ստանալու նման տեղեկություններ, բլանկը պիտի ծալեք և դեն դնեք, որովհետև գյուղատնտեսական հետազոտման բլանկն այդ բոլորի մոտից լռելյայն է անցնում։

Պետք էր շատ ավելի խնամքով կազմել՝ տեղին հարմար, մանրամասն։ Հարկ չկար շտապելու։

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4