Jump to content

Իս. Տեր-Ներսիսյան, «Ինչպես մշակել խաղողի այգիները»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՍ. ՏԵՐ-ՆԵՐՍԻՍՅԱՆ, «ԻՆՉՊԵՍ ՄՇԱԿԵԼ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆԵՐԸ»

Գրքույկի[1] նպատակն է խաղողի այգու մշակության նոր ձևերին ծանոթացնել այգեգործ գյուղացիներին։

Եթե նկատի ունենանք այն, որ մեր երկրում 8000 դես. ավելի խաղողի այգի կա, և այն, որ «խաղողի մշակույթը մեզնում մինչ այսօր գտնվում է կուլտուրական ցածր վիճակում, շնորհիվ նրա մշակության կիրառվող ձևերի», ինչպես հեղինակն է ասում գրքույկի առաջին երեսում, ուրեմն՝ պարզ կլինի և գրքույկի հրատապ անհրաժեշտությունը: Եվ ավելին, միայն այս գրքույկով չպիտի բավականանալ, խաղողի այգու մշակության մասին «նորանոր գրքույկներ պիտի հրատարակել»։

Ի՞նչ հիմնական նպատակ է առաջադրում հեղինակը մեր այգեգործների համար, աշխատել առաջիկա տարիներում հասնել հարևան երկրների տարեկան միջին բերքին։ Վրաստանում խաղողի այգու մի դեսյատինը տալիս է 600 փութ, Ադրբեջանում՝ 8—900 փութ, մեզանում՝ 450 փութ։

Այս հիմնական առանցքն է, որի շուրջը պտտվում է հեղինակը՝ բացատրելով, որ պակաս բերք ստանալու գլխավոր պատճառներից մեկն էլ թմբերն են, որոնք պատնեշ են կանգնել մեր այգեգործության վերելքի առաջ։

Այդ «թմբային» այգեգործության դեմ է, որ բողոքում է հեղինակը, մի քանի հատուկ գլուխներ հատկացնելով առանց թմբերի այգու մշակության շահավետ ձևերին։

Բայց հեղինակը խնդիրն ավելի լայն է վերցրել, և դրանից տուժել է գրքույկը։ Վատ չէր լինի, եթե հեղինակն այգու մշակության ձևերի մասին խոսեր միայն, առանց ուշք դարձնելու վազի հիվանդություններին և այլն։ Ճիշտ է, կարևորության տեսակետից այդ հիվանդությունների մասին գրելն էլ անհրաժեշտ է, բայց չէ՞ որ հիմնական առանցքը դարձյալ թմբերն են, որոնք շատ են նվազեցնում բերքը։

Բայց և այնպես, գրքույկը շատ հաջող է, չնայած որ կան մի շարք թերություններ։ Անհաջող պիտի համարել «փոփոխակ» տերմինը։ Մերոնք արդեն վարժ են «տեսակ»-ին, և նման հանրամատչելի գրքույկում համարձակ կարելի էր շատ հասկանալի «տեսակը» թողնել։

«Սպեկուլյատիվ» բառը տեղին չէ. հեղինակն ուզում է ասել «սպեկուլյանտային»։ «Սպեկուլյատիվ» նշանակում է «վերացական դատողություն, չհիմնված փորձի և դիտողությունների վրա»։ 7-րդ գլխում, ուր հեղինակը խոսում է ջրելու մասին, չի հիշված հողի կազմության կարևոր նշանակությունն այդ խնդրում: Իհարկե, հավասար չեն ջրում սևահողն ու խճոտ հողը, տափարակի այգին ու Դալման և այլն։

Ճիշտ է հեղինակի նկատողությունն աշնանը ջրելու հետևանքների մաասին, բայց չէ՞ որ տարվա այդ ժամանակն է ջուրն առատ. ի՞նչ անել։

Մի քանի խոսք էլ պլանտաժի մասին («հիմնաշրջում»-ը անհաջող բառ է)։

Հեղինակն առաջարկում է լրիվ պլանտաժ, կես մետր խորությամբ: Թե ինչքա՞ն ծախք է պահանջում այդ պլանտաժը, դրա մասին չի ասում: Հաշտվում ենք դրա հետ, բայց հնարավո՞ր է ամբողջը պլանտաժ չանել, այլ շերտ-շերտ, այսինքն՝ միայն այն շարքերը, որտեղ խաղողն է տնկվելու հետո, թողնելով շարքերի մեջ ազատ տարածություն, առանց պլանտաժի։ Այդպես են արել 3֊րդ խորհրդային տնտեսությունում[2], չէ՞ որ ծախքերը կիսով չափ կրճատվում են, իսկ այդ կարևոր է, շա՛տ կարևոր մեր գյուղացու համար։

Սակայն այս նկատողությունները չեն պակասեցնում գրքույկի արժեքը։ Խաղողագործ գյուղացիների լայն ուշադրությանն ենք հանձնարարում այս գրքույկը, մանավանդ որ մատչելի լեզուն հենց այս գլխից հաջող տարածման գրավականն է[3]։

  1. 1
  2. 2
  3. 3