Jump to content

Գյուղի հողաշինարարությունը և մեր ագրոնոմները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳՅՈԻՂԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՐ ԱԳՐՈՆՈՄՆԵՐԸ

Հայաստանի մի քանի գավառներում այս տարի ավարտվում է ներքին հողաբաժանությունը: Ավարտող մասնագետներն ավելի արագ կվերջացնեն մնացած գավառներում, և ուրեմն, մոտ ապագայում, ամբողջ հանրապետության մեջ, հողային ռեֆորմայի անհրաժեշտ մասը՝ հողհավասարումը և աշխատավորական հողօգտագործումը, կիրառված կլինեն, վերացնելով ոչ միայն հողազուրկ տնտեսությունների ներկայությունը, այլև միհավասարի բերելով այն տնտեսություններին, որոնք մասնատիրական հողօգտագործման օրերին զավթել էին շատ ու լավ հողեր։ Թեկուզ այդ աշխատանքի ընթացքում մեր գյուղերն ավելի հող չստացան, և եթե մի քանի տեղ ստացան, այդ էլ՝ քիչ տարածությամբ, որովհետև կալվածատեր ու խոշոր հողատեր մեր երկիրը չուներ, այնուամենայնիվ հողային ոեֆորմայի կիրառումն առաջին հերթին հող տվավ նրան, ով տասնյակ տարիներ հողազուրկ էր։

Իհարկե, հողհավասարեցումով չի ավարտվում մեր հողաշինարարությունը: Օրինակելի հողաշինարարությունը նոր է միայն սկսվում: Եվ այդ գործին է, որ մեր ագրոնոմները պիտի անհրաժեշտորեն մասնակցեն, եթե ցանկանում են օրինակելի գյուղատնտեսության հիմք ունենալ։ Հին դպրոցն այդ խնդիրները չէր դնում. կար ագրոնոմ, նրա կողքին՝ հողաչափ։ Երկուսի աշխատանքն իրարից անջատ էր գնում։ Սերտ կապի բացակայությունը հասկանալի էր. կյանքում առնչության կետ չկար, մասնատիրական հողօգտագործման ժամանակ պետական միջամտությամբ անհնար էր օրինակելի հողաշինարարություն կատարել, որովհետև այդ նշանակում էր սեփական հիմքերը փորել։ Հողաչափը կալվածատերերի և գյուղական հարուստների հողերի սահմաններն էր որոշում, առանց լուծելու այդ սահմանների մեջ ընկած հողային աղաղակող անարդարությունները։ Ագրոնոմը նույն ձևով տանում էր իր աշխատանքները թե կալվածատերերի էկոնոմիկայում և թե զեմստվոյի հիմնարկություններում։

Մեր օրերը նոր խնդիրներ են առաջադրում։ Շրջանային և գավառական ագրոնոմներն առաջին հերթին պիտի քաջ ծանոթ լինեն ո՛չ միայն իրենց շրջանի ու գավառի գյուղատնտեսության և նրա զարգացման հնարավոր ուղիները նշեն, այլև պիտի գիտենան գավառի հողային ֆոնդը, հողերի տեսքերը և անպատճառ մասնակցեն հողաշինարարության։

Այնքան, որքան գավառի ագրոնոմը հողային բաժինների աշխատակիցն է համարվում, իհարկե, նա որոշ մասնակցություն ցույց է տալիս, բայց այդ մասնակցությունը փորձագետի դերից այն կողմը չի անցնում։ Եթե մի գյուղում հողային, կատեգորիաների շուրջը վեճ է ծագում, անհրաժեշտ է լինում մասնագետի ներկայությունը, ուղարկում են ագրոնոմին, որը տեղական զննությունից հետո իր կարծիքն է հայտնում այս կամ այն հողամասի որակի և պիտանիության մասին։ Եթե համայնքը հողերի մի մասը որոշում է վայր դնել որպես անպետք հող, երբեմն այդ հողամասի հատկության մասին իր կարծիքն է հայտնում փորձագետ ագրոնոմը։

Իհարկե, այսքանը քիչ է. փորձագետ դառնալով՝ ագրոնոմը հողաշինարարությանը չի մասնակցում։ Մատների վրա կարելի է թվել այն դեպքերը, երբ ագրոնոմը մասնակցել է հողերի տեսքերի որոշման։ Եվ այդ թվարկման ժամանակ նույն մատները երկրորդ անգամ դժվար թե հարկ լինի հաշվել։

Ի՞նչ է ստացվում. լավագույն դեպքում՝ կուրյոզներ։ Մոգական լապտերով դանիական կաթնատնտեսությունից է խոսում ագրոնոմն այնպիսի գյուղերում, որտեղ լավ տարիներում անգամ կովը երեք ամսվա կեր ունի և որտեղ հողաշինարարության ընթացքում ամենից առաջ այդ խնդիրը պիտի լուծել և ապա՝ ցուցադրական կերակրում կազմակերպել։ Դաշտավարության նոր ձևերի շուրջը նույնիսկ ցուցադրական դաշտ են կազմակերպում այն գյուղում, որի տնտեսությունը միայն մի ձևով կարելի է բարձրացնել՝ գյուղը տեղահան անելով, մասնատելով, տեղում թողնելով գյուղի մի փոքր մասը, իսկ մնացածն ուրիշ, ավելի հողառատ շրջաններ գաղթեցնելով։

Այդ գյուղերում իզուր են կորչում ագրոնոմի աշխատանքը, նրա զրույցներն ու կերակրումները, նկարներն ու պլակատները։ Հողաշինարարության ընթացքում պարզվում են և ուրիշ երևույթներ։ Մի քանի դասախոսություններ են կազմակերպել դաշտավարության շուրջը, այդ գյուղը գավագրոնոմի քարտեզի վրա նշված է որպես հացաբույսերի մշակությամբ պարապող գյուղ, մի քանի տարի թմբկահարում են նորագույն տեխնիկայի, մշակության նոր ձևերի մասին, բայց այդ ճանապարհի կողքով գյուղն իր ուղին է բաց անում, որը տանում է դեպի անասնապահություն, նույնիսկ դեպի նրա մի նեղ ճյուղը` կաթնատնտեսություն, ոչխարապահություն և այլն: Մոռացված է մի չնչին հանգամանք. նոր հողաբաժանման ընթացքում յուղը ձմեռային արոտներ է ստացել, աստիճանաբար թողնում է վարելահողերը, վերածում խոտատեղի:

Անեկդոտի պես է դարձել Գյոյ֊Հումբեթի[1] պատմությունը: Այդ գյուղի հողերը, ջրային պայմանները հնարավորություն են ստեղծել հողի բերքն ավելացնելու։ Եվ գյուղը տարեցտարի ավելացնում է մի դեսյատինից ստացած բերքի քանակը։ Մեր երիտասարդ ագրոնոմներից մեկն իր քարոզի ընթացքում խոսելով բամբակի շարքացանի առավելության և ուրիշ երևելի նորությունների մասին, ճառը վերջացնում է այն խոստումով, թե այդ բոլորը կիրառելուց՝ մի դեսյատինից կարելի է ստանալ մինչև 50 փութ բամբակ։ Զարմացած գյուղացիք հայտնում են, որ այդ ամենը պետք չեն իրենց, քանի որ իրենք արդեն 100—120 փութ են ստանում։ Երիտասարդին մնում է տպավորությունը կոծկել... կշռաքարերի տարբերությամբ։

Եթե այս անեկդոտ է, անեկդոտ չեն այն հաճախակի դեպքերը, երբ մեղվապահության զարգացումն ամենևին չի կապվում ցանովի խոտերի մշակության հետ, իսկ այս վերջինը՝ գյուղի հողաշինարարության հետ:

Այս խնդիրը հասունացել է: Մեր կյանքն առաջադրում է նոր խնդիրներ. հողաշինարարությունը գնալով ավելի խորանում և ընդգրկում է գյուղացու տնտեսությունը, նրա համար նոր հիմք դնում։ Մեր ագրոնոմը պիտի պատրաստ լինի այս խնդիրների լուծմանը մասնակցելու։ Եթե մենք ունենք այժմ հողաչափ֊հողաշինարարներ, որոնք հասարակ հողաբաժանումից բացի հողակտորների թիվն են որոշում, հողացրվածությունը վերացնում, նշանակում դաշտերի թիվը, նոր գյուղը հատակագծում, հողաշինարարությունը հարմարեցնում ջրային ռեժիմին և այլն, պիտի ունենալ և ագրոնոմ֊հողաշինարար, հողաշինարարության գյուղատնտեսական կողմը ղեկավարող մասնագետ։

Նոր գյուղեր հիմնելիս, համարյա թե միշտ՝ հնարավորություն է լինում հենց այս գլխից որոշելու, թե քանի՛ դաշտ պիտի ունենա ամեն մի տնտեսություն, դաշտերի ինչպիսի՛ հաջորդականություն պիտի լինի և այլն։ Այդ գործում ագրոնոմն անհրաժեշտորեն պիտի մասնակցի, նրա աշխատանքը նոր գյուղեր հիմնելիս հրամայական է։ Արազդայանի[2] փորձն ապացույց է։ Այդ շրջանում տեղավորված են նորեկ գաղթականներ՝ չորս գյուղում։ Գյուղերը նոր են հիմնում, նոր հատակագծում։ Այդտեղ կատարված է օրինակելի հողաբաշխում։ Հողի ռելիեֆը և ջրային պայմանները հնարավորություն են տալիս ամենից կատարյալ ցանքաշրջանառությունը որոշել: Բայց այդ գործը տարվել է անջատ, գյուղատնտեսական և հողաշինարարական ուղիներն իրար չեն հանդիպել, ստացված արդյունքը, իհարկե, ցանկացածից պակաս է։ Մի հողակտորում գարի են ցանում, կողքին մի ուրիշը՝ բամբակ, երրորդը խոպան է թողնում, այնինչ այդ երեք կտորն էլ, որոնք իրար հավասար են և միատեսակ, հարմար են կա՛մ գարու, կա՛մ բամբակի համքար։ Պետական միջոցներով կառուցվող այդ գյուղերում, հենց սկզբից, հարկավոր էր հողաշինարարությունը հարմարեցնել կատարյալ ցանքաշրջանառության, վերացնելով գյուղատնտեսական դաշտերի խայտաբղետությունը։ Իսկ ագրոնոմը գյուղում իր տասը հարվածից մեկն այդ խայտաբղետության դեմ է ուղղում և պատմում, թե ինչքա՜ն լավ կլինի, եթե գյուղում դաշտավարությունը կանոնավոր լինի։

Մի ուրիշ խնդիր։ Պատահում է, որ նոր գյուղում տեղավորվում են զանազան շրջաններից գաղթականներ, որոնց մի մասը բամբակագործ է, մյուսը՝ այգեգործ, երրորդը՝ ոչխարապահ։ Եվ այդ գյուղում ստացվում է Կռիլովի հայտնի առակը[3]: Նոր Արմավիրում սուրմալվեցին բամբակ է ցանում, հարևան սասունցին գերադասում է ոչխար պահել, իսկ նրա ոչխարը բամբակենին համարելով համեղ խոտ՝ արմատախիլ է անում։ Ագրոնոմի աշխատանքի մասին այսպիսի գյուղերում կաչաղակներն էլ են աղաղակում։ Հարկ չկա ապացուցելու, որ ագրոնոմի մասնակցությունն ակներև է՝ լուծելու և համայնական ժողուվի միջոցով պարտադրելու այդպիսի նոր գյուղերում այս կամ այն ճյուղով պարապելու, որն ամենից հարմար է։

Հատակագծվում են նոր գյուղեր, տնատեղեր. հատակագիծը նախատեսում է այգի, պարտեզ, հողերի այս կամ այն հեռավորությունը և այլն: Այդ ամբողջ աշխատանքի մեջ ագրոնոմի գործոն մասնակցությունը չկա։ Գուցե հարկավո՞ր է գյուղի հողերի մի մասը թողնել բացառապես ցանովի խոտերի համար, գուցե անհրաժեշտ է պարտեզների տեղն ավելի լայն թողնել, որովհետև կլիմայական և ինչ-ինչ պատճառներով խնձորն ու տանձն այդ գյուղում ավելի լավ կբուսնեն։ Գյուղում հենց հիմա էլ կատարվում և հետագայում էլ կատարվելու է ներքին հողաբաժանում։ Այդ աշխատանքը կատարելուց առաջ, եթե ոչ ամեն տեղ, գոնե մեծ գյուղերում կամ այն գյուղերում, որտեղ հենց այս գլխից հնարավորություն կա գյուղատնտեսության այս կամ այն ճյուղը զարգացնելու, ագրոնոմը հողաչափի կողքին պիտի լինի, գյուղի հողաբաժանման նա հավանություն պիտի տա։

Ինչի՞ մասին է աղաղակում գյուղը, եթե սխալ է արված հողաբաժանումը. կատեգորիան սխալ են որոշել, հող են պահել կամ գյուղի մոտ ընկած ապառաժներն էլ են բաժանել, կամ թե իրար մեջ բաժանել են մշակության համար այնպիսի անպետք հողեր, որոնց վրա գարնանը մի կամ երկու շաբաթ գյուղի ոչխարն արածում է, մինչև սարը բացվի։ Մեզ հայտնի են դեպքեր, երբ ոչխարների թիվն զգալիորեն պակասել է նման հողերը բաժանելուց հետո։ Եթե ագրոնոմն ակտիվ մասնակցի թեկուզ մեծ գյուղերի հողաբաշխման ժամանակ, նման դեպքեր չեն լինի, և ոչ միայն բողոքներն ավելի քիչ կլինեն, այլև հողաշինարարությունն ավելի կատարյալ կլինի։

Ի՞նչ վիճակ կա այժմ։ Մեր ագրոնոմն իր գծով է ընթանում, կարծես կատարյալ անտարբեր, թե ինչպիսի հողաբաժանում է կատարվում գյուղում։ Այդ գրությունը պիտի վերացնել։ Միայն ագրոնոմի և հողաշինարարի սերտ աշխատանքն է, որ նոր գյուղի հիմքը կատարյալ և, իրոք, նոր պիտի դարձնի։

Դժբախտաբար, համալսարանի գյուղֆակն էլ քիչ ուշադրություն է դարձնում այս խնդրին։ Ավարտում են համալսարանը որպես նեղ մասնագետներ. մեկը՝ կաթնատնտես, մյուսը՝ սելեկցիոներ, երրորդը՝ որակյալ այգեգործ, և առաջին անգամ գյուղին դիպչելիս շատերը թևաթափ են լինում, որովհետև այդ գյուղն այս տարի և մոտակա տարիներում դեռ հիմնովին հողաշինարարության կարիք է զգում։ Նորավարտ ագրոնոմը շատ լավ գիտե երկթևանիների ձախ թևի բոլոր վանդակները և թույլ ծանոթություն ունի ոչ միայն մեր հողաշինարարության, այլև հողային օրենսգրքի և մեր հողային հիմնական օրենքի մասին։ Անճարակ մարդ է նա, եթե գյուղում պիտի աշխատի և չպիտի իմանա այդ գյուղում կատարվող աշխատանքը, ինքն էլ չպիտի մասնակցի։ Իհարկե, կարևոր է ապացուցել, որ «Ցեզիում 111» ցորենը կարող է բուսել Ճաթղռանում[4], բայց եթե այդ Ճաթղռանը դեռ խճճված հողային խնդիր ունի, եթե այնտեղ նոր դաշտեր են ձևում, խանական ու ցարական կարգերից մնացած հողօգտագործումը քանդում և հողային ռեֆորման կիրառում՝ մեծ դժվարությամբ համոզելով, բացատրելով, իհարկե, «Զեզիում 111֊ի» մասին պիտի առժամանակ լռել և նվիրվել Ճաթղռանի հողաշինարարության։ Հիմնական ուսումնասիրությունը լույս է սփռում մի «հասարակ» հարցի վրա, որ մոռացության է տրվել. գյուղը նորմայից էլ քիչ հող ունի, գյուղը տեղահան պիտի անել, «Զեզիումը» ջուր է պահանջում, իսկ Ճաթղռանի կովերը ամառն էլ են ցամաք մնում։

Գյուղում աշխատող ագրոնոմը պիտի գյուղին հուզող բոլոր խնդիրներին ծանոթ ու մասնակից լինի. նրա հիմնական աշխատանքը դրանից ավելի կշահի։ Իսկ ամենից շատ մեր գյուղին հողային խնդիրներն են հուզում. ամենակարևոր խնդիրը, ագրոնոմների բոլոր ցուցադաշտերի ու կերակրումների անշարժ հիմքը հողն է, գյուղի հողաշինարարությունը։

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4