Jump to content

Կարտոֆիլի մշակությունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐՏՈՖԻԼԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Կարտոֆիլի հայրենիքը Հարավային Ամերիկան է, որտեղ այժմ էլ բսնում է վայրի կարտոֆիլ, իբրև, բազմամյա բույս։

Երկար ժամանակ կարտոֆիլը դժվար էր տարածվում մյուս երկրներում, որտեղ մարդիկ դեռ ծանոթ չէին կարտոֆիլին և մշակելու ձևերն ու օգուտն էլ չգիտեին: «Սատանի խնձոր» էին ասում կարտոֆիլին և մշակելուց հրաժարվում։ Շատ երկրներում, ինչպես օրինակ՝ Ռուսաստանում, պետությունն ուժով էր ստիպում ժողովրդին կարտոֆիլ մշակել:

19-րդ դարում, մի քանի անբերրի տարիներից հետո, երբ ցանած արտերից ուտելու հաց էլ չէր ստացվում, ժողովուրդն սկսեց կարտոֆիլի մշակությամբ հետաքրքրվել։ Փորձը շատ շուտով ցույց տվեց, որ անբերրի տարիներում ևս կարտոֆիլը բավարար բերք է տալիս և փոխարինում է հացաբույսերին։ Այդ հանգամանքը շատ նպաստեց կարտոֆիլի տարածման։ Սովի տարիներին մարդիկ շատ անգամ միայն կարտոֆիլով են կերակրվել։

Կարտոֆիլը ոչ միայն ուտելիք է մարդկանց համար, այլև լավ կեր է անասունների համար։ Կարտոֆիլից ուրիշ նյութեր էլ են պատրաստում, օրինակ՝ ալյուր, օսլա (կրախմալ), օղի, սպիրտ և այլն:

Սերմելու ժամանակի տեսակետից՝ կարտոֆիլն այնքան էլ պահանջկոտ չէ, ինչպես հացաբույսերը (ցորենը, գարին)։ Եթե ցորենի ու գարու ցանքն ուշանա, գյուղացին պակաս բերք կստանա։

Կարտոֆիլն այդպես չէ։ Եթե երկու շաբաթ էլ ուշ սերմես կամ բերքն ուշ հավաքես, կարտոֆիլը չի վնասվի, իսկ ցորենի ու գարու հունձը եթե ուշացնես, հասկերը կչորանան, հատիկները կթափվեն ու կփչանան։ Երաշտ տարիներին կարտոֆիլը հացաբույսերի չափ չի վնասվում։ Նկատված է նաև, որ անձրևաշատ տարիներում հացաբույսերը վնասվում են, բայց կարտոֆիլն էլի բերք է տալիս, չնայած որ շատ անգամ հիվանդանում է շախկայով։

Կարտոֆիլը մուտք է գործել Հայաստան մոտ հարյուր տարի սրանից առաջ։ Սկզբում շատ դժվար ու դանդաղ էր տարածվում, բայց հետզհետե մարդիկ հասկացան կարտոֆիլի օգուտը, և այժմ գյուղացու տնտեսության մեջ նա կարևոր տեղ է բռնում։ Մի քսան֊երեսուն տարի առաջ շատ շրջաններ կային, որտեղ կարտոֆիլը հայտնի չէր, իսկ այժմ այդ շրջաններում շատերն են զբաղվում նրա մշակությամբ։

Հայաստանում հայտնի են Փամբակի, Ապարանի, Ծաղկաձորի և մի շարք ուրիշ շրջանների կարտոֆիլները։ Մեր ունեցած կարտոֆիլն ուտելու տեսակներից է։ Մենք դեռևս չունենք օսլայի (կրախմալի) կամ անասունների կերի հատուկ տեսակներ։

1924 թվին Հայաստանում 8100 դես. կարտոֆիլ է սերմվել, իսկ 25 թվին՝ 10000 դեսյատին։ Եթե դեսյատինի միջին բերքը հաշվենք 500 փութ, կնշանակի 1925 թ. Հայաստանում ստացվել է հինգ միլիոն փութ կարտոֆիլ։

Ռուսաստանում կարտոֆիլի միջին բերքը մի դեսյատինից հաշվում է 520 փութ, Գերմանիայում՝ 900 փութ, իսկ Անգլիայում՝ 1000 փթից ավելի։

Հողը լավ մշակելու և կանոնավոր խնամք տանելու դեպքում մեր երկրում մեկ դեսյատինից կարելի է մինչև 2000 փութ բերք ստանալ, այսինքն՝ չորս անգամ ավելի, քան ներկայումս է ստացվում։

1. ՀՈՂԸ ԵՎ ՆՐԱ ՄՇԱԿՈԻԹՅՈԻՆԸ

Կարտոֆիլը կարող է բսնել համարյա ամեն տեսակի հողերում: Թե՛ ավազոտ, թե՛ սև և թե՛ մինչև իսկ կավային հողերում կարտոֆիլը կարող է լավ բերք տալ, միայն թե հողը լավ մշակվի։

Կարտոֆիլի համար բոլոր տեսակի հողերը միանման աշխատանք չեն պահանջում։ Ավազահողում ավելի հեշտ է կարտոֆիլ մշակել, որովհետև բահելն ու վարելը, ինչպես և բուկ լցնելը հեշտ է։ Ընդհակառակն, ծանր կավահողերում այդ աշխատանքը դժվարանում է։ Ավազոտ հողերում մշակված կարտոֆիլն ավելի դիմացկուն է և լավ սերմացու է տալիս, քան մյուս տեսակի հողերում մշակված կարտոֆիլը։ Բայց ավազահողում կարտոֆիլը շատ բերք և մեծ պալարներ չի տալիս։ Այդ է պատճառը, որ ավազահողում մշակած կարտոֆիլը լավ սերմացու է տալիս, որովհետև լավ սերմացուն պիտի միջին մեծության՝ հավի ձվի չափ լինի։

Ուժեղ և պարարտ հողերում կարտոֆիլն առատ բերք է տալիսՙ Բայց քիչ է պատահում, որ այդպիսի հողերը հատկացնեն կարտոֆիլի մշակության։ Ուժեղ հողերը, օրինակ՝ սևահողերը, չորային տարիներում ճաքճքվում են, և կարտոֆիլը ջրի պակասից վնասվում է։ Լավ մշակելով, ժամանակին ջրելով ու բուկը լցնելով՝ այդ հողերից կարելի է շատ առատ բերք ստանալ։

Կավա֊ավազահողերը կարտոֆիլի մշակության համար շատ լավ են։ Ծանր կավային հողերից, եթե մանավանդ այդ հողերը գտնվում են ցածր և խոնավ տեղերում, թեև լավ բերք է ստացվում, բայց հաճախ կարտոֆիլը հիվանդանում է։

Մեր գյուղերում կարտոֆիլը մեծ մասամբ մշակում են բանջարանոցներում, և եղած աղբով առաջին հերթին պարարտացնում են գյուղի մոտ գտնվող այդ հողերը։

Կարտոֆիլն ինչպիսի հողերում էլ ցանելու լինենք, հողը խնամքով մշակելուց շատ բան է կախված։ Եթե հողը ժամանակին և լավ չմշակենք, սպասած բերքը չենք ստանա, նույնիսկ հողը պարարտ լինելու և շատ սննդարար նյութեր ունենալու դեպքում։

Կոշտ, վատ մշակած ու չփխրացրած հողերի մեջ օդ չի մտնում կամ, ուրիշ խոսքով, հողը չի հողմնահարվում, իսկ հողմնահարությունը մեծ նշանակություն ունի։ Հողմնահարոլթյամբ հողը լավ քայքայվում, փշրվում է. նրա միջի սննդարար նյութերը հեշտությամբ են լուծվում ջրի մեջ, իսկ մենք գիտենք, որ ինչքան շատ և հեշտ լուծվեն հողի սննդարար նյութերը, բույսն այնքան ավելի նյութեր կստանա և առատ բերք կտա։ Բացի դրանից, բույսերի արմատներն էլ օդի կարիք ունեն, և ինչքան օդն առատ լինի հողի մեջ, բույսն այնքան փարթամ կլինի։ Ահա այս պատճառներով է, որ հողի մշակության վրա պետք է առանձին ուշադրություն դարձնել։

Վերևում ասացինք, որ բացի լավ վարելուց, անհրաժեշտ է նաև, որ վարը ժամանակին արվի։ Վարի ժամանակը կախված է հողից և կլիմայից։ Եթե հողը խոնավություն շատ ունի, և անձրևներ շատ են լինում, կարելի է վարն անել գարնանը, իսկ եթե հողը չոր է և անձրևները՝ պակաս, այն ժամանակ ինչքան շուտ վարենք հողը, այնքան լավ։ Մեզ մոտ համարյա բոլոր շրջաններում ջրի պակասություն է զգացվում, և փորձը ցույց է տվել, որ հողն աշնանը վարելու դեպքում կարտոֆիլի բերքը շատ է ավելանում։ Աշնան վարից հետո հողն ավելի է փափկում, խոնավություն հավաքում, այդ դեպքում հողի մեջ եղած դժվարամարս նյութերն սկսում են քայքայվել, որովհետև օդը հողի մեջ մտնելով նպաստում է, որ այդ նյութերը դյուրամարս դառնան։

Կարտոֆիլի համար, մանավանդ ծանր հողերը, պետք է խոր վարել։ Աշնան անձրևներից և ձմռան ձյուներից գոյացած ջրերն այդ դեպքում ավելի խորն են ծծվում հողի մեջ և օգտակար դառնում կարտոֆիլի համար։

Խոնավ տեղերում խոր վարը կարող է օգուտ չտալ, որովհետև այդպիսի հողերում առանց այն էլ խոնավությունը շատ է, և վերին շերտի տակ եղած թացությունը վնասում է կարտոֆիլին։

Չորային տեղերում աշնանը խոր վարած հողերը գարնան սկզբին պետք է մի անգամ էլ երեսանց թեթև վարել, որպեսզի հողի մեջ եղած խոնավությունը չգոլորշիանա ու չկորչի զուր տեղը։ Շատ օգտակար է կարտոֆիլը սերմելուց առաջ մի անգամ հողը փոցխել։ Այդ հա՛մ հողն է փխրացնում, հա՛մ էլ ոչնչացնում է վաղ գարնան ծլած մոլախոտերը (ժանգյալ, ալաղ)։

Կարտոֆիլ մշակողի գլխավոր աշխատանքը պետք է լինի, որքան կարելի է, խոր վարել հողը, որպեսզի կարտոֆիլի սերմացուն փխրուն հողի մեջ ընկնի։

Պարարտ սևահողում կամ գոմաղբով պարարտացրած հողում կարելի է մի քանի տարի իրար ետևից կարտոֆիլ մշակել և լավ բերք ստանալ։ Հայտնի են դեպքեր, երբ մի քանի տարի շարունակ նույն հողում մշակել են կարտոֆիլ և լավ բերք են ստացել։ Շատ անգամ նույն հողում մի քանի տարի կարտոֆիլ մշակելը հնարավոր չի լինում, որովհետև կարտոֆիլն սկսում է հիվանդանալ և «չախկան» տալիս է։ Դրա համար էլ անհրաժեշտ է կարտոֆիլի տեղը փոխել, որպեսզի նորից չհիվանդանա։

Առհասարակ, կարտոֆիլի տեղը մշակելու ժամանակ չորային տեղերում ամբողջ հոգսը պիտի լինի, որքան կարելի է, շատ խոնավություն հավաքել հողի մեջ և լավ պահպանել խոնավությունը, որովհետև մեզանում երաշտ շատ է լինում, իսկ դրա համար հողը աշնանը խոր վարելն ու փխրուն պահելն ամենակարևոր պայմանն է։

2. ՀՈՂԸ ՊԱՐԱՐՏԱՑՆԵԼԸ

Կարտոֆիլն այն բույսերից է, որոնց վրա պարարտացումը շատ հեշտ և շուտ է ազդում։ Կարտոֆիլի տեղը կարելի է պարարտացնել գոմաղբով, մոխրով, խառնաղբով (կոմպոստ), թռչունի ծերտով և այլն:

Չպարարտացրած, բայց խամ և ուժեղ հողերում կարտոֆիլը կարող է լավ բերք տալ։ Մեզ հայտնի են դեպքեր, երբ այդպիսի խամ և ուժեղ հողերում գյուղացիք մեկին քսան բերք են ստացել։

Պարարտացման միջոցով մենք ո՛չ միայն հողը հարստացնում ենք սննդարար նյութերով, այլև լավացնում ենք հողի կազմությունը ու հեշտացնում հողմնահարությունը, որը, ինչպես ասացինք, շատ կարևոր է լավ բերք ստանալու համար։

Ամենից լավ պարարտանյութը գոմաղբն է։

Գյուղացիք երբեմն գանգատվում են, թե գոմաղբով պարարտացնելու ժամանակ կարտոֆիլը շատ փարթամ է աճում, այնքան շատ չի արմատակալում, քիչ բերք, բայց շատ ճղներ ու տերևներ է տալիս։ Այս դեպքում կարտոֆիլը ջրալի և անհամ է լինում։ Այդպես կարող է լինել այն ժամանակ, երբ չափից շատ են պարարտացնում և, մանավանդ, եթե թարմ գոմաղբ են լցնում դաշտը։

Զանգեզուրի Հին Գորիս գյուղում մի հողագործ լսել էր պարարտացման օգուտի մասին, բայց ունքը շինելու տեղ, աչքն էլ հանել էր։ Գարնանը կարտոֆիլը սերմելիս՝ քթոցներով թարմ աղբ էր լցրել և ապա հենց աղբի վրա կարտոֆիլ սերմել։ Հունիսին նրա կարտոֆիլի տեղը եղեգնուտի (ղամշլըղ) էր նման, և բերքը հավաքելու ժամանակ սերմացու էլ չստացավ։

Թարմ գոմաղբն ավելի շուտ վնաս է տալիս։ Նրա մեջ մեծ քանակությամբ կա մի նյութ, որ ազոտ է կոչվում։ Այդ ազոտը գոմաղբի ջրալի մասերումն է լինում և շատ ուժեղ ազդում է բույսերի ցողունների ու տերևների վրա։ Այդ է պատճառը, որ թարմ աղբը բույսի տերևներն ու ցողուններն է ուժեղացնում, ի վնաս նրա պալարների։ Ոչ մի դեպքում թարմ գոմաղբով կարտոֆիլի տեղը պարարտացնել չի կարելի:

Կարտոֆիլի տեղը պարարտացնելու համար պետք է գործ ածել լավ փտած ու քայքայված հին գոմաղբ, որը պիտի դաշտ տանել ու զանազան տեղերում կույտերով թափել։ Վարելուց մի-երկու օր առաջ գոմաղբի այդ կույտերը պետք է շաղ տալ միահավասար ձևով և լավ փռել դաշտում, ապա գութանով այնպես վարել, որ աղբը հողի հետ խառնվի և երեսին չմնա։ Լավ քայքայված ու փտած գոմաղբը պետք է խոշոր կոշտեր չունենա, նա պիտի փշրված հողի նման դառած լինի։ Այդպիսի գոմաղբը շատ օգտակար է կարտոֆիլի համար և բերքն ավելացնում ու կարտոֆիլի հատկությունը լավացնում է։

Եթե գոմաղբն աշնանը դաշտ տանելու հնարավորություն չկա, կարելի է տանել վաղ գարնանը, թափել արդեն աշնանից վարած հողում, լավ փռել և արորով (չթով), կամ, ավելի լավ է, թեթև գութանով 1½-2 վերշոկ խորությամբ նորից վարել։ Նայած հողին, մի դեսյատինի համար հարկավոր է 1200-ից մինչև 2400 փութ գոմաղբ։ Մեկ անգամ գոմաղբով պարարտացրած հողը 2—3 տարի կարող է լավ բերք տա։

Ավելի լավ կլինի գոմաղբը տանել ցորենի հնձից հետո, խորը վարել և թողնել մինչև մյուս գարուն։ Գարնան սկզբին նորից թեթև վարել և ապա կարտոֆիլ սերմել։ Այս դեպքում կարտոֆիլը շատ լավ բերք կտա։

Պետք է աշխատել գոմաղբը հողի մեջ շատ խոր չթաղել, որպեսզի կարտոֆիլի արմատները կարողանան լիովին օգտվել պարարտանյութից։ Նույն ձևով պիտի վարվել նաև մյուս պարարտանյութերի հետ, ինչպես են, օրինակ՝ ծերտը, մոխիրը և այլն։ Խոր թաղելու դեպքում պարարտանյութի մի մասն իզուր կկորչի կարտոֆիլի համար։

Բացի գոմաղբից, կարտոֆիլի հողը պարարտացնում են և ծերտով ու արտաքնոցների աղբով։ Մեզանում դրանք ընդունված պարարտանյութեր չեն, այնինչ թե՛ արտաքնոցի աղբը և թե՛ ծերտը շատ ուժեղ պարարտանյութեր են կարտոֆիլի և ուրիշ բույսերի համար։

Այն գյուղերում, որտեղ գոմաղբը պակաս է, առանձին ուշադրություն պետք է դարձնել այդ երկու պարարտանյութի (արտաքնոցի աղբ և ծերտ) վրա, որպեսզի անօգուտ չկորչեն։ Խառնաղբն էլ լավ պարարտանյութ է, բայց մեր գյուղերում նրա մասին համարյա գաղափար չունեն։ Խառնաղբը թե՛ հեշտ է պատրաստել և թե՛ շատ էլ օգուտ է տալիս։ Խառնաղբը հավաքելու համար հարկավոր է բակում ընտրել քամուց ազատ մի տեղ, այդ տեղում գետնի վրա մի թիզ հաստությամբ շաղ տալ չոր սևահող։ Այդ հողի վրա պետք է թափել տերևներ (խազալ), զանազան բույսերի ցողուններ, մոխիր, տունը և բակը սրբելուց գոյացած աղբն ու զիբիլը և զանազան կլեպներ, լվացքի ջուր, մի խոսքով՝ այն բոլորը, ինչ որ դուրս են թափում։

Հենց որ խառնաղբի կույտի բարձրությունը մի քառորդ արշինի հասնի, վրան նորից հողի շերտ պիտի ածել և նորից զիբիլ ու աղբ թափել։ Այդպես շերտ֊շերտ իրար վրա դարսելով՝ խառնաղբի կույտի բարձրությունը կարելի է հասցնել մինչև մի սաժենի։ Մեր ամեն մի գյուղական տնտեսություն այդպիսի մի քանի կույտ խառնաղբ կարող է պատրաստել ամբողջ տարվա ընթացքում։ Երբեք չպիտի մոռանալ, որ խառնաղբն էլ գոմաղբի պես ուժեղ պարարտանյութ է, որ մեզանում իզուր տեղը կորչում ու փչանում է։ Ուրիշ երկրներում գյուղացին աշխատում է հավի մի փետուրից էլ օգուտ ստանալ, իսկ մեզանում զիբիլը կամ տան առաջ է հոտում, կամ ձորերը թափվում։

Կարտոֆիլի տեղը կարելի է պարարտացնել և մոխրով։ Մի դեսյատինի համար հարկավոր է 50—60 փութ մոխիր։ Ավազահողերում մոխիրն ավելի լավ է ազդում կարտոֆիլի բերքի վրա։ Պատահել են դեպքեր, երբ մոխրով պարարտացնելուց հետո կարտոֆիլի բերքը մի քանի անգամ ավելացել է։

Եթե պարարտանյութը քիչ է, ավելի լավ է շաղ տալ ո՛չ թե ամբողջ դաշտում, այլ կարտոֆիլի բներում։ Այդ դեպքում պարարտանյութն անպատճառ (մանավանդ մոխիրը) պիտի հողի հետ խառնել, թե չէ՝ կարտոֆիլը կվնասվի։

3. ՍԵՐՄԱՑՈԻՆ

Կուլտուրական բույսերը մեծ մասամբ սերմերով են բազմացնում, ինչպես օրինակ՝ ցորենը, գարին, կորնգանը, լոբին և այլն։

Կարտոֆիլը պալարապտուղ բույս է, և, որպես սերմացու, գործ են ածվում նրա պալարները։

Պալարները գետնի տակ գտնվող ցողուններն են, միայն ավելի հաստացած ու պիտանի նյութերով հարուստ։ Բացի պալարներից, կարտոֆիլը տալիս է նաև պտուղ, որի մեջ կան սերմեր։ Կարելի է կարտոֆիլը մշակել և սերմերով, բայց այդ միջոցը շատ աշխատանքի ու ծախքի հետ է կապված, դրա համար էլ ավելի ձեռնտու է կարտոֆիլը թաղմացնել պալարներով։

Կարտոֆիլի բերքը լավ է լինում, եթե տնկելուց մի-երկու օր առաջ սերմացուն փռում են լույս և չոր տեղ։ Այդ մի քանի օրվա ընթացքում կարտոֆիլի աչքերն սկսում են աճել, և հեշտանում է նրա աճեցողությունը հողի մեջ։

Սերմելուց հետո առաջին շաբաթներում կարտոֆիլը հողից սնունդ չի ստանում, աչքերից նոր բացվող ծիլերը սնվում ու զարգանում են պալարի մեջ եղած նյութերով մինչև արմատների ուժեղանալը։

Սերմացվի ընտրությունը շատ կարևոր է։ Լավ սերմացուն միշտ էլ լավ բերք է տալիս։

Սերմացուն ընտրելիս՝ պիտի աշխատել ջոկել այն տեսակը, որ տվյալ հողամասում առատ բերք է տալիս։ Մեզանում շատ քիչ են ուշադրություն դարձնում սերմացուն ջոկելու վրա, և ամեն տեսակի խառնուրդ լինում է նրա մեջ։

Կարտոֆիլի շատ տեսակներ կան։ Նրանք իրարից բաժանվում են գույնով, ձևով, շուտ կամ ուշ հասնելով։ Կան տեսակներ, որոնք անասունների համար լավ կեր են և այդ նպատակով էլ մշակվում են։

Կարտոֆիլի վաղահաս տեսակներ կան, որ 70 օրում են հասնում, բայց կան և տեսակներ, որ վեց ամսում են հասնում։

Միատեսակ սերմացու ստանալու համար ամեն անգամ պիտի ջոկել այնպիսիները, որոնք լավ բերք են տվել և լավ տեսակի են։ Սրանցից էլ հարկավոր է սերմացու ջոկել ու պահել։

Կարտոֆիլի տեսակներն իրարից զանազանվում են նրանով, որ տարբեր չափի օսլա են պարունակում։ Կան տեսակներ, որոնց մի փթից չորս ֆունտ օսլա է ստացվում, բայց կան և այնպիսիները, որոնցից երկու անգամ ավելի օսլա է ստացվում։

Ուրեմն՝ տեսակի ընտրությունը կախված է ո՛չ միայն շուտ կամ ուշ հասնելուց, այլև նրանից, թե ի՛նչ նպատակով են կարտոֆիլ մշակում։ Պետք է մշակել այն տեսակը, որ տեղական պայմաններում մյուս տեսակների համեմատությամբ ավելի օգուտ կտա։

Մեզանում սերմում են թե՛ մեծ կարտոֆիլ (1—2 հատը մի ֆունտ), թե՛ միջակ (ձվի մեծությամբ) և թե՛ մանր։ Սերմացվի համար պետք է միշտ ջոկել միջակ պալարներ։ Մեծ պալարներ սերմելը ձեռնտու չի, որովհետև սերմացու շատ կգնա: Շատ փոքր սերմացուն էլ ձեռնտու չի, որովհետև նրանից թույլ բույս է առաջ գալիս, և լավ բերք չի ստացվում։

Կարտոֆիլը կարելի է սերմել թե՛ ամբողջ պալարներով (սաղ֊սաղ) և թե՛ կտրած, եթե նրանք շատ են մեծ: Պալարները կտրելուց հետո պետք է մոխրի կամ կավի մեջ թաթախել, որպեսզի պալարի կտրած տեղը լավ ծածկվի։ Եթե կտրած տեղը մոխրով կամ կավով չթաթախենք, հատվածը մինչև ծիլեր տալը հողի մեջ կփտի։

Պալարի վերի մասում ավելի շատ աչքեր կան, քան ներքևի մասում։ Վերի մասի աչքերն ուղիղ արմատներ են տալիս, չնայած որ ավելի փոքր են ներքևի աչքերից: Կարտոֆիլի պալարի վերևի մասն ավելի ջահել է ներքևի մասից:

Այդ պատճառով էլ եթե մենք միայն պալարի վերի մասը սերմենք, համարյա այնքան բերք կստանանք, ինչքան կստանայինք ամբողջ պալարն առանց կտրելու սերմելիս: Շատ անգամ այդպես էլ անում են. սերմում են միայն վերի մասը, իսկ ներքևի մասը թողնում են ուտելու համար: Եթե պալարները մեծ են, լավ կլինի կիսել և այնպես սերմել։ Սերմացու կարտոֆիլը կիսում են երկարությամբ, այնպես որ ամեն մի կեսի վրա լինեն թե՛ վերևի և թե՛ ներքևի աչքերից։

Կարտոֆիլի սերմացուն պետք է ջոկել հենց աշնան բերքը ժողովելու ժամանակ:

Սերմացվի ընտրությունն ուշի֊ուշով պիտի անել: Եթե բերքը հավաքելիս մի թուփ աչքի է ընկել իր բերքի առատությամբ կամ պալարների մեծությամբ, սերմացուն ամենից առաջ այդպիսիներից պիտի ջոկել: Եթե տարեցտարի բերքը հավաքելու ժամանակ հետևենք և շատ բերք տվող թփերից ջոկենք, մենք կարող ենք կարճ ժամանակում լավ բերք տվող կարտոֆիլի սերմացու ունենալ և միշտ էլ լավ բերք ստանալ։

4. ՍԵՐՄԵԼԸ ԵՎ ԲՈԻԿ ԼՑՆԵԼԸ

Մեր գյուղերում կարտոֆիլը մշակում են կա՛մ բանջարանոցում, կա՛մ էլ գյուղի մոտակա ջրովի հողերում։ Սերմել կարելի է կա՛մ առանձին օջախներով (տներով), կա՛մ կանոնավոր շարքերով։ Օջախներով պետք է այնպես սերմել, որ ամեն մի հետևյալ շարքի օջախները կամ տներն ընկնեն առաջին շարքի 2 օջախի արանքում։ Եթե կարտոֆիլի օջախները իրար դիմաց են լինում, նրանք խանգարում են իրար և լույսից հավասար չափով չեն օգտվում։ Օջախներով սերմելու ժամանակ պետք է այնպես անել, որ օջախներն իրարից մի արշին հեռավորության վրա լինեն։

Շուտ հասնող կարտոֆիլն այնքան շատ չի ճյուղավորվում և տերևակալում: Դրա համար էլ շուտ հասնող կարտոֆիլի օջախները կարող են իրարից ավելի մոտ լինել։ Պարարտ և խոր փորած հողերում կարտոֆիլն ավելի հեռու պետք է սերմել, որովհետև այդպիսի հողերում կարտոֆիլի ճյուղերն ուժեղ զարգանում ու իրար խանգարում են։ Շարքերով սերմելու համար ամենից առաջ դաշտի ամբողջ լայնությամբ իրարից մի—մի արշին հեռավորությամբ ծրեր են բանում և սերմացուն ծրերի մեջ իրարից 10—12 վերշոկի վրա մեկ-մեկ շարելով՝ հողով ծածկում են: Մեր գյուղացիները սովորություն չունին շարքերով կարտոֆիլ սերմելու: Նրանք միշտ օջախներով են սերմում և ամեն մի օջախի մեջ գցում են 3—5 սերմացու կարտոֆիլ: Այս ձևով սերմելը ձեռնտու չի, որովհետև հա՛մ շատ սերմացու է գնում, հա՛մ էլ տեղ շատ է կորչում։ Շարքերով սերմելն ավելի ձեռնտու է, որովհետև այդ ձևով թե՛ քիչ սերմացու է գործածվում և թե՛ հողն է լավ օգտագործվում։ Բացի այդ, շարքերով ցանելու դեպքում, սերմելու, ջրելու և, մանավանդ, բուկը տալու աշխատանքներն ավելի հեշտանում են։

Կարտոֆիլը խոր կամ երես սերմելը կլիմայից և հողի կազմությունից է կախված: Կարտոֆիլը պիտի սերմել այնքան խոր, որ հողը բավականաչափ խոնավ լինի, և օդը հեշտությամբ մտնի հողի մեջ։

Թեթև ավազահողերում ավելի խոր կարելի է սերմել, քան ծանր կավահողերում։ Փորձը ցույց է տվել, որ ավազահողում 4 վերշոկ խորության վրա կարտոֆիլի մի դեսյատինը տվել է 1600 փութ, իսկ ծանր կավահողում, նույն խորության վրաճ 1200 փութ։

Եթե կարտոֆիլի հողամասը ցածր ու խոնավ տեղ է, հարկավոր է ավելի երես՝ 2½ — 3 վերշոկ խորությամբ սերմել, իսկ բարձր ու չոր տեղերում կարելի է ավելի խոր սերմել։ Կարտոֆիլն ինչ խորությամբ էլ սերմելու լինենք, պետք է աշխատենք, որ սերմացվի տակը մի վերշոկի չափ փափուկ հող լինի, որպեսզի արմատները կարողանան լավ զարգանալ:

Կարտոֆիլը սերմելու ժամանակը կախված է տեղի կլիմայից։ Եթե հողի մեջ չորս աստիճան տաքություն կա, դա բավական է, որ կարտոֆիլն սկսի ծլել: Բայց պետք է նկատի ունենալ, որ կարտոֆիլը գարնան ցրտերից շուտ վնասվում է։ Այն շրջաններում, որտեղ գարնանը ցրտահարություններ են լինում, պետք է կարտոֆիլը սերմել այնպես, որ նա ծիլեր արձակի ու կանաչի ցրտերն անցնելուց հետո: Դ

աշտային տաք շրջաններում, ուր գարունը շուտ է սկսվում, կարտոֆիլը կարելի է սերմել ապրիլի սկզբներին, իսկ լեռնային ցուրտ շրջաններում՝ ապրիլի վերջերին կամ մայիսի սկզբներին։

Կարտոֆիլը սերմելուց երեք շաբաթ հետո կամաց-կամաց սկսում են երևալ նրա ցողունները, որոնք քանի գնում ավելի են մեծանում, շատանում ու փոքրիկ թփեր կազմում։ Երբ այդ թփերը հասնում են 4—5 վերշոկ բարձրության, հարկավոր է նրանց բուկը (բողազը) լցնել։ Փորձը ցույց է տվել, որ բուկը լցնելուց բերքն ավելանում է։ Բուկը լցնելը շատ կարևոր է, որովհետև, ինչպես սկզբում էլ ասացինք, հողի մեջ առաջացող կարտոֆիլը կամ պալարները պտուղներ չեն, այլ հողի մեջ գոյացող ստորերկրյա ցողուններ, որոնք սկսում են հաստանալ և պալարներ դառնալ։ Երբ թփի բուկը լցնում ենք, ստորերկրյա ցողունների և պալարների թիվը շատանում է։

Հենց դրա համար էլ կարտոֆիլի թփի թե՛ չորս կողմը և թե՛ տակը պետք է բավականաչափ փափուկ հող լինի։

Ճիշտ է, ինչքան շատ բուկը լցնենք, այնքան ավելի օգուտ կստանանք, բայց եթե տեղը չորային է, բուկը շատ լցնելը լավ չէ, որովհետև այդպիսով կարտոֆիլի հողը խոնավությունից շուտով զրկվում, և հողը չորանում է։ Չորային տեղերում բուկը շատ լցնելուց կարող ենք լավ բերքի փոխարեն եղածն էլ պակսեցնել։ Եթե հողը խոնավություն շատ ունի և չորանալու վախ չունենք, տարին էլ նպաստավոր է, մինչև առաջին ծաղիկների բացվելը պետք է կարտոֆիլի բուկը մի քանի անգամ լցնել։

Երկրորդ անգամ բուկը լցնում են մոտ մի ամիս անց, իսկ ամբողջ տարվա ընթացքում կարելի է բուկը լցնել մինչև չորս անգամ։ Բուկ լցնելը մի ուրիշ շատ կարևոր նշանակություն էլ ունի. այդ այն է, որ աշխատանքի ժամանակ դաշտում բուսած մոլախոտերը (ալաղը) արմատախիլ են լինում։

Կարտոֆիլն արագ աճելով՝ խեղդում է մոլախոտերին և դրա համար է, որ կարտոֆիլից հետո դաշտը մաքրված և ազատ է լինում ամեն տեսակի մոլախոտերից։

Այդպես լավ մաքրված և փխրուն հողում հետևյալ տարին արած գարնանացանը շատ լավ բերք է տալիս, որովհետև հացաբույսերը մաքուր և լավ մշակած հողը շատ են սիրում։

Բուկը լցնելիս պիտի զգույշ լինել, որ տերևները հողով չծածկվեն: Պետք է ցողունները հողով ծածկել և ո՛չ տերևները։

Շատերը կարծում են, որ եթե կարտոֆիլի ցողունները կտրեն, թուփն ուժը կտա արմատներին, և պալարները կշատանան ու շատ կմեծանան։ Բայց այդ սխալ է։ Ամեն մի բույս սնունդ ստանում է արմատներով, և այդ ստացած սնունդն անցնում է տերևների մեջ, այդտեղ վերամշակվում, դառնում է օսլա (կրախմալ), շաքար և այլն, և նոր միայն վերադառնում է, պտուղների մեջ կուտակվում, իսկ կարտոֆիլի վերամշակված նյութերը հավաքվում են պալարների մեջ։ Այնպես որ՝ ցողունները կտրտելով, մենք, բացի վնասից, ոչ մի օգուտ չենք տալիս բույսին։

Բուկը լցնելու ժամանակ ավելի լավ է ցողունները հետ֊հետ տալ և մի քիչ հող էլ լցնել թփի մեջ, որպեսզի ցողուններն իրարից քիչ հեռու մնան։ Այդ դեպքում, ճիշտ է, մի քիչ շատ աշխատանք է հարկավոր, բայց ստացած արդյունքն էլ ավելի շատ է լինում, որովհետև յուրաքանչյուր ցողուն հավասար օգտվում է արևի լույսից։ Կարտոֆիլի թփերի բուկը լցնել կարելի է սովորական բահերով, իսկ եթե տնկված է կանոնավոր շարքերով և մեծ տեղ է բռնում, այն ժամանակ գործ են ածում հատուկ բկլից գործիք, որով շատ հաջող և արագ կերպով է այդ աշխատանքը կատարվում։ Այդ աշխատանքը հաջողությամբ կարող է կատարել և ձեռքի արորը (չութ)։

Շատերը խորհուրդ են տալիս կարտոֆիլի ծաղիկները կտրատել և չթողնել, որ սերմակալի։ Այդ արվում է բերքն ավելացնելու նպատակով։ Այդ բանը պետք է անել այն ժամանակ, երբ ծաղկելուց հետո սերմակալում են, և եթե թողնենք, նյութերի մի մասը փոխանակ պալարների մեջ հավաքվելու, կհավաքվի սերմի մեջ, որը մեզ բոլորովին հարկավոր չէ։

5. ՋՐԵԼԸ

Հայաստանի շատ շրջաններում սովորություն է դառել սերմելուց մի շաբաթ հետո կարտոֆիլը ջրել։ Այնուհետև ամբողջ գարունն ու ամառը, համարյա շաբաթը մեկ անգամ, ջրում են առանց իմանալու, թե ո՛րքան կարիք կա ջրելու։ Շատերը սեզոնում 12—15 անգամ ջրում են, որ շատ վնասակար է։ Անժամանակ և շուտ-շուտ ջրելու շնորհիվ կարտոֆիլի ցողուններն արագ մեծանում են, տերևակալում և հուլիսի վերջերին պառկում, իսկ ստվերի տակ մնացած ճյուղերն սկսում են փտել, այդ ժամանակ սնկային հիվանդություններն սկսում են է՛լ ավելի տարածվել։

Պետք է նկատի ունենալ, որ կարտոֆիլը սերմելուց հետո, առաջին շրջանում, ամենևին ջրի կարիք չի ունենում, որովհետև սերմացվի մեջ մեծ քանակությամբ ջուր է լինում։

Ավելորդ տված ջուրը բացի վնասից ոչ մի օգուտ լի կարող բերել։

1925 թվին տարին չորային էր, բայց Զանգեզուրում կարտոֆիլն առանց ջրելու մեզ հաջողվեց ստանալ ավելի բերք, քան նույն տեղում ստացել են գյուղացիք 8—10 անգամ ջրելուց հետո։

Չպիտի մոռանալ, որ շատ ջրելով՝ կարտոֆիլի համը փոխվում է, և, որ գլխավորն է, ստացած պալարները դիմացկուն չեն լինում։

Փորձը ցույց է տվել, որ կարտոֆիլը ջուր է ուզում ամենից շատ այն ժամանակ, երբ առաջին ծաղիկներն են երևում, և պալարներն սկսում են գոյանալ։ Այդ ժամանակ մի անգամ ջրելով՝ կարտոֆիլի բերքը բավական ավելանում է։

Ջրելու անհրաժեշտությունը կախված է հողից և տեղի կլիմայական պայմաններից։ Եթե որևէ շրջանում հողը բավականաչափ խոնավություն ունի կամ անձրևներ հաճախ են լինում, ինչպես օրինակ՝ Լոռվա շրջանում, կարտոֆիլը ջրելու ամենևին կարիք չկա։ Միայն չորային տարիներում կարիք է լինում ջրելու, այն էլ 2—3 անգամից ոչ ավելի։

Պետք է իմանալ, թե ե՛րբ է ջուր պահանջում կարտոֆիլը և միայն այդ դեպքում ջրել. իսկ այդ իմանալն այնքան էլ դժվար չէ։ Ծարաված կարտոֆիլի հողը ճաքճքած և 3 — 4 վերշոկ խորությամբ չորացած է լինում։ Բույսի տերևները մուգ֊ կանաչ կամ կապտավուն գույն են ունենում: Բացի դրանից, ծարավ կարտոֆիլի թփերը վաղ առավոտյան թառամած են լինում, և պարզ երևում է, որ ջուր է պահանջվում:

Շատ անգամ կեսօրվա շոգից կարտոֆիլի տերևները թուլանում են ու կախ ընկնում, և թվում է, թե բույսը ծարավ է։ Կարտոֆիլի ցանքի ծարավ լինելը որոշելու համար պետք է վաղ առավոտյան նայել և ոչ թե կեսօրվա շոգին։

Այսպիսով, մշակող ամեն մարդ պետք է լավ իմանա, որ կարտոֆիլը կարելի է ջրել միայն այն ժամանակ, երբ նա ջրի կարիք ունի, իսկ ավելորդ տված ջուրը միայն կարող է վնասել ցանքին։ Ջրելուց մի 2—3 օր հետո կարտոֆիլի թփերի արանքի հողն անպատճառ պետք է փխրացնել, որովհետև ջրելուց հողի երեսը պնդանում, կեղևակալում է։ Եթե այդ պնդացած կեղևը չփշրենք, հողի միջի խոնավությունը շատ շուտով կգոլորշիանա, հողը նորից կչորանա, ջրելը զուր կանցնի, և հողագործն ստիպված կլինի մի 10 օրից հետո նորից ջրել: Նույն բանը պետք է անել և առատ անձրևներից հետո, որովհետև այդպիսի անձրևներն էլ են պնդացնում հողի երեսը։

Փխրացնել կամ հողի երեսին առաջ եկած կեղևը փշրել կարելի է ձեռքի ուրագներով կամ, ինչպես ուրիշ խոսքով ասում են, թոխրով։ Այդ աշխատանքը շատ ժամանակ չի խլում։ Մի անգամ թոխրելուց կարելի է մի ամիս կամ ամիսուկես չջրել, որովհետև այդ միջոցով խոնավությունը հողի մեջ երկար ժամանակ պահպանվում է։

6. ԿԱՐՏՈՖԻԼԻ ԲԵՐՔԸ ԺՈՂՈՎԵԼԸ ԵՎ ՊԱՀԵԼԸ

Եթե ուզում ենք մինչև հավաքելն իմանալ, թե ի՛նչպես է լինելու բերքը, հարկավոր չի թփերի տակը փորփորել և չհասած կարտոֆիլին ձեռք տալ։ Եթե կարտոֆիլի ցողունները հաստ են, մսոտ, տերևներն էլ մուգ դեղին, կնշանակի՝ լավ բերք է լինելու, եթե քիչ տերևներ կան, եղածներն էլ բաց֊կանաչ գույնի են, ցողունները բարակ են ու թույլ, կնշանակի՝ բերքը լավ չի լինելու։

Մեզանում կարտոֆիլի բերքն սկսում են հավաքել աշնանը՝ սեպտեմբերի վերջերին կամ հոկտեմբերին։ Թփերը քանդում են բահերով բայց բահն այն պակասությունն ունի, որ շատ անգամ կարտոֆիլի պաշարը կտրում կամ մաշկում է։ Ուրիշ երկրներում կարտոֆիլի բերքը հավաքելու համար գործ են ածում կարտոֆիլ հանող հատուկ գործիքներ, իսկ շատ տեղերում՝ երկաթե եղաններ։ Շարքերով տնկած կարտոֆիլի բերքը հավաքում են ժամանակից շուտ։ Փորձը ցույց է տվել, որ սեպտեմբերին և հոկտեմբերին, չնայած որ ցողուններն արդեն թառամել են, պալարները շարունակում են հասնել ու մեծանալ, և օսլայի քանակը շատանում է պալարների մեջ։

Խոնավ և անձրևային օրերին կարտոֆիլի բերքը չպիտի հավաքել։ Թաց կարտոֆիլն ամբարում շուտ է հիվանդանում և փտում։ Կարտոֆիլն արև օր պիտի հավաքել և արևի տակ մի քիչ պահելուց հետո փոխադրել ամբարը։ Հարկավոր չի կարտոֆիլը մի քանի օր չորացնել։ Ամեն օր երեկոները հավաքելով և առավոտները փռելով՝ կարտոֆիլի մաշկը պլոկվում է, և կարտոֆիլն սկսում է փտել։ Մի լավ արև օր փռելը և չորացնելը հերիք է ամբարելու համար։

Շատերը կարտոֆիլը լվանում են, կպած հողի կոշտերը քերում, չորացնում և նոր միայն տանում ամբար։ Այդ ոչ միայն ավելորդ աշխատանք է, այլև վնասակար է։ Հողի կտորները քերելիս՝ շատ անգամ մաշկը պլոկվում է։ Կարտոֆիլն ամբարելու ժամանակ պլոկվածները, բահով կտրտվածները և ջարդվածները պետք է ջոկել, պահել առանձին և առաջին հերթին դրանք գործածել, որովհետև այդպիսիները շատ չեն դիմաանում։

Կարտոֆիլը պահելու տեղը (ամբարը) պետք է չոր լինի և ձմեռը շատ ցուրտ չպիտի լինի։ Եթե ամբարում տաքությունը 2—4 աստիճանից ցած լինի, պալարները կարող են ցրտից փչանալ։ Դրա համար էլ ամբարի դռներն ու լուսամուտները պետք է ծածկած պահել։

Կարտոֆիլը կարելի է պահել ոչ միայն ամբարում, այլև դաշտում։ Մի հարմար ու չոր տեղ (ավելի լավ է՝ մի քիչ բարձր), որտեղ հողի ներքին շերտերը խոնավ չեն, փորում են 2 արշին լայնությամբ և մի քանի արշին երկարությամբ փոսեր։ Փոսի երկարությունը կախված է նրանից, ինչքան կարտոֆիլ ենք հորում։ Այդ փոսերի մեջ լցնում են կարտոֆիլը՝ արշինուկես բարձրությամբ։ Ավելի հարկավոր չէ, որովհետև կարտոֆիլը կարող է հոտել։

Կարտոֆիլը ծածկում են ծղոտով (քյուլաշ, բելում) և վրան բարակ շերտով հող մաղում։ Այդ փոսի վրա տախտակից կամ եղեգնից շինում են երկու կողմի վրա թեք մի փոքրիկ ծածկոց ձյունի և անձրևի ջրից պաշտպանելու համար։ Փոսի չորս կողմը փոքրիկ առու են փորում, որպեսզի ջրերը հեռու հոսեն և փոսի մեջ չծծվեն։ Փոսի բերանը ծածկելիս՝ մի կամ երկու տեղ փոքրիկ օդանցք են թողնում։

Հենց որ բերքը հավաքելու ժամանակը մոտենում է, ամբարի դռներն առաջուց պետք է բաց անել, որպեսզի ներսի օդը մաքրվի։

Ամբարի պատերն ու հատակը պիտի լավ ավլել և ապա՝ կարտոֆիլ լցնել։ Ամբարի պատերը կրով սպիտակացնելը շատ օգտակար է։

Մեզանում շատ է պատահում, որ կարտոֆիլը ձմեռվա ընթացքում, մանավանդ գարնան սկզբին, սկսում է փտել։

Դրա դեմ կռվելու ամենալավ միջոցը ծծումբ ծխելն է։ Հիվանդությունը կպակասի, եթե մենք կարտոֆիլն ամբարում տեղավորելուց առաջ ամբարի հատակի վրա բարակ շերտով կիր շաղ տանք, հետո կավի ամանի մեջ ամբարում մի քանի տեղ ծծումբ վառենք և դռներն ու լուսամուտները մի օրով լավ փակենք, որ ծծումբի ծուխը մեջը մնա։ Դրանից հետո կարտոֆիլը թափում են ուղղակի հատակի վրա։

Կրի փոխարեն կարելի է և մոխիր շաղ տալ. ո՛չ կիրն է վնասում կարտոֆիլին, ո՛չ էլ մոխիրը։ Ավելի լավ է, եթե ամբարը լցնելուց առաջ կարտոֆիլը մոխրի կամ հանգցրած կրի մեջ մի թեթև թաթախվի։ Այդպես կարտոֆիլն ավելի երկար է դիմանում և հեշտությամբ չի փտում։

7. ԿԱՐՏՈՖԻԼԻ «ՇԱԽԿԱ» ՀԻՎԱՆԴՈԻԹՅՈԻՆԸ

Մեզանում կարտոֆիլի ամենից շատ տարածված հիվանդությունը «շախկան» է (սևը տալը)։ Շատ տեղերում, երբ կարտոֆիլի տերևները ցուրտը տանում է, տերևներն ու ցողունը դեղնում են, դարձյալ «շախկա» են ասում։ Բայց իսկական «շախկան» սնկային հիվանդություն է, վնասում է և՛ ցողուններին, և՛ հողի մեջ եղած պալարներին։

«Շախկան» երևում է մայիսի վերջերից կամ հունիսից։ Ամենից առաջ հիվանդությունը երևում է այն տերևների վրա, որոնք ավելի մոտ են գետնին։ Սկզբում տերևների վրա երևում են փոքրիկ մուգ կետեր, որոնք գնալով ավելի լայնանում են, անցնում մյուս տերևներին և վարակում ամբողջ թուփը։

Եթե անձրևային և խոնավ եղանակ է լինում, հիվանդությունն արագ տարածվում, մի դաշտից մյուսն է անցնում։

Խորհուրդ են տալիս՝ «շախկա» հիվանդությունը տարածվելու դեպքում ցողունները հարել, հավաքել դաշտի մի անկյունում և ոչնչացնել (վառել)։ Ճիշտ է, այդ միջոցն օգտակար է, բայց այս դեպքում էլ բերքը պակասում է։

Ավելի լավ է՝ այն ցողունները, որոնց վրա հիվանդությունը երևացել է, կտրտել, հավաքել դաշտի մի անկյունում և հողով լավ ծածկել, որ փտեն։ Գարնան սկզբին, այդպիսով, լավ խառնաղբ է ստարվում։ Բայց այդ խառնաղբով ոչ մի դեպքում չի կարելի կարտոֆիլի հողը պարարտացնել, թե չէ՝ հիվանդությունը նորից կերևա։ Ավելի լավ է՝ այդ պարարտանյութը գործադրել կաղամբի և բազուկի համար, որոնք կարտոֆիլի «շախկայով» չեն վարակվում։

Ցողունը վարակելուց հետո հիվանդությունն անցնում է պալարներին, որոնց վրա երևում են մուգ կետեր, և պալարներն սկսում են փտել (հոտել)։ «Շախկան» շատ ավելի է տարածվում ծանր և խոնավ հողերում, քան թեթև ու չոր ավազահողերում։ Եթե կարտոֆիլի դաշտը թարմ գոմաղբով պարարտացնենք, այդ դեպքում էլ նպաստած կլինենք «շախկայի» տարածման։

«Շախկան» վերացնելու համար ամենահեշտ միջոցը կարտոֆիլի տեղը փոխելն է։ Եթե իրար վրա մի քանի տարի կարտոֆիլ է ցանվում, մի անգամ որ «շախկա» երևաց, ամեն տարի էլ կվարակի։ Հենց որ «շախկա» երևաց, պիտի աշխատել հաջորդ տարին նույն տեղում կարտոֆիլ չցանել։

«Շախկան» բժշկում են պղնձի արջասպով (կապույտ քար, գյոյդաշ)։ Փայտե տակառի կամ ուրիշ ամանի մեջ լցնում են 4—5 վեդրո ջուր, ավելացնում են 2 ֆունտ պղնձի արջասպ։ Այդ արջասպը խառնում են և հալում տակառի ջրի մեջ։ Մի ուրիշ ամանի մեջ 2 ֆունտ թարմ կիր են հանգցնում տասը թեյի բաժակ ջրով, խառնում են իրար և ապա այդ կրաջուրը լցնում այն տակառի մեջ, որտեղ պղնձի արջասպը հալվել է, լավ խառնում են և ապա սկսում սրսկել կամ «վերմորել», կամ «ավտոմաքս» մեքենայով։

Այդ հեղուկը պատրաստելուց հետո պիտի մի գիշեր պահել և մյուս օրը խառնելով լցնել ապարատի մեջ և սրսկել։ «Շախկայով» հիվանդացած կարտոֆիլը պիտի սրսկել 2—3 անգամ։ Առաջին անգամ սրսկելուց հետո երկրորդ անգամ պիտի սրսկել 2—3 շաբաթ անց։

«Շախկայի» դեմ կարելի է կռվել և լավ պալարներ ջոկելով։ Պատահում են թփեր, որ «շախկայով» չեն հիվանդանում։ Բերքը ժողովելիս՝ այդ թփերի պալարներն առանձին պիտի պահել ինչպես սերմացու։ Այսպիսով, տարեցտարի ջոկելով՝ մենք կստանանք լավ սերմացու։

«Շախկան» կամ «սևը» հիմնովին վերացնելու համար հարկավոր է, որ կարտոֆիլ ցանողները բոլորն էլ կռիվ մղեն այդ հիվանդության դեմ։ Եթե մեկը բժշկի իր կարտոֆիլը, իսկ նրա հարևանը՝ ոչ, այն դեպքում հիվանդությունը չբժշկած տեղերից նորից կարող է անցնել առողջ հողերը։

8. Ի՞ՆՉ ՕԳՈԻՏ ԿԱՐԵԼԻ է ՍՏԱՆԱԼ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՑՈՂՈԻՆՆԵՐԻՑ ՈԻ ՊԱԼԱՐՆԵՐԻՑ

Բերքը ժողովելուց մի երկու շաբաթ առաջ կարտոֆիլի ցողունները պետք է կա՛մ ոտքով տրորել, կա՛մ էլ ցողունի ներքևի մասից ծռել, կռացնել և այդպես գետնի վրա ընկած թողնել։ Շուտ հասնող կարտոֆիլի ցողունները կարիք չկա տրորելու, առանց դրան էլ շուտ հասնող կարտոֆիլը ժամանակ քիչ ունի մեծանալու։ Ցողունի տրորելն օգտակար է ուշ հասնող կարտոֆիլի համար, մանավանդ, եթե ցողունները շատ փարթամ են աճել ու բոյ քշել։ Բայց ցողունները պիտի խնամքով ջարդել, որպեսզի իրար վրա չդիզվեն։ Այդ դեպքում թաց ցողունները շատ հեշտությամբ կփտեն և, իրար վրա դարսած լինելով, թույլ չեն տա, որ օդը ներսուդուրս անի, մանավանդ խոնավ հողերում։

Մեր գյուղերում կարտոֆիլի ցողունները չեն օգտագործում և չգիտեն, որ դրանցից անասունների լավ կեր է ստացվում։ Բերքը հավաքելուց հետո ցողունները մնում են գետնի երեսին և փտում։ Ճիշտ է, եթե ցողուններն էլ հավաքենք, պալարներն էլ, հողն ավելի շուտ ուժասպառ կլինի, մանավանդ որ մեզանում կարտոֆիլի դաշտը շատ քիչ են պարարտացնում, բայց ավելի լավ է՝ խնամքով և հարկավոր չափով պարարտացնել, ցողուններից էլ օգտվել, պալարներից էլ, քան թողնել, որ կարտոֆիլի ցողունները փտեն գետնի վրա, որովհետև այդ դեպքում նրանք քիչ օգուտ են տալիս։

Մի դեսյատին կարտոֆիլատեղը տալիս է մոտ 60 փութ չոր ցողուն ամենավատ հողում, իսկ լավ հողում՝ շատ ավելի։ Իսկ այդքան կերը մեզանում իզուր է կոչում։

Գյուղացիք գանգատվում են, թե տավարը կարտոֆիլի ցողունը չի ուտում, իսկ եթե ուտում էլ է, հիվանդանում է։ Բայց, եթե չորացնենք ցողունները, կերակրենք կանոնավոր, կամաց֊կամաց տավարին վարժեցնելով այդ կերին, ո՛չ տավարը կհիվանդանա, ո՛չ էլ մենք կզրկվենք մեր եկամուտից։

Ինչու Գերմանիայի գյուղացին կարողանում է կարտոֆիլի չոր ցողունով տավար պահել, իսկ մենք՝ ոչ։ Տավարը կհիվանդանա, եթե երկար ժամանակ և մի անգամից շատ կարտոֆիլի ցողուն տանք։ Բայց եթե քիչ- քիչ տանք և դրա հետ էլ միասին խոտ տանք, տավարն ախորժակով կուտի։ Կարտոֆիլի ցողուններով կարելի է կերակրել նաև այծերին ու ոչխարներին։

Կարտոֆիլի ցողունները դառնահամ կլինեն այն ժամանակ, երբ սերմակալած պտուղներն էլ հետը տանք։ Տավարն այդպիսի ցողուն չի ուտում, ուտելիս էլ հիվանդանում է։ Դրա համար էլ ցողունները հարելուց առաջ պտուղները պիտի ձեռքով պոկոտել։ Անձրևային տարիներին Գերմանիայի գյուղացին կարտոֆիլի ցողունները չորացնում է հատուկ ծածկոցների տակ. կնշանակի, օգուտ կա կարտոֆիլի ցողունով տավարին կերակրելուց, որ Գերմանիայի գյուղացին առանձին ծածկոց է շինել։

Կարտոֆիլի պալարները մեր գյուղացու սիրած ուտելիքներից են. պալարները եփում են կամ կերակուրի հետ խառնում։ Մենք ասացինք, որ սովի ժամանակ շատ երկրներում կարտոֆիլն է փրկել գյուղացիներին:

Կարտոֆիլից պատրաստում են նաև ալյուր։ Մի փութ կարտոֆիլը տալիս է մոտ 4 ֆունտ ալյուր, որից զանազան ուտելիքներ են պատրաստում։

Կարտոֆիլով կերակրում են և անասուններին։ Գերմանիայի գյուղացին նույնիսկ ձիուն է կարտոֆիլ տալիս։ Սխալ են նրանք, ովքեր կարծում են, թե լծկան անասուններին կարտոֆիլ չի կարելի տալ, որովհետև նրանք ծանր աշխատանք են կատարում։ Իհարկե, միայն կարտոֆիլով չի կարելի շարունակ կերակրել։ Կարտոֆիլի հետ տալիս են խոտ, դարման, գարի և այլն։ Սովորաբար, կարտոֆիլը կիսաեփ են անում, հետո անասուններին կերակրում, որովհետև հում կարտոֆիլը դժվար է մարսվում։

Կովերին կարտոֆիլով կերակրելուց հետո կաթի քանակն ավելանում է: Նկատված է, որ յուղն էլ ավելանում է։ Մի կովին օրական կես փութից մինչև մի փութ կարտոֆիլ են տալիս։

Կարտոֆիլով կերակրում են նաև խոզերին։ Մեզանում կարտոֆիլը համեմատաբար աժան է. շրջաններ կան, որտեղ փութը ծախվում է 30 — 40 կոպ. և նույնիսկ ավելի աժան։

Կան կարտոֆիլի տեսակներ, որոնք ցանվում են հատկապես անասուններին կերակրելու համար. կարտոֆիլի այդ տեսակները շատ բերք են տալիս։ Կան երկրներ, որտեղ մեկ դեսյատինից ստանում են մինչև 3000 փութ կերի կարտոֆիլ։

Բացի այդ բոլորից, կարտոֆիլից ստանում են նաև օսլա (կրախմալ) և օղի ու սպիրտ են քաշում։

Այս բոլորից երևում է, թե ինչքան օգտակար է կարտոֆիլի մշակությունը, իսկ մեր գյուղացու տնտեսության մեջ նրա առավելությունները շատ են։