Jump to content

Գոգնոցի արցունքները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳՈԳՆՈՑԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ


Սաթենիկ տատս երբեք չէր թողնի,
որ իր հոգսերով սրտնեղեն մարդիկ,
նա, սովորաբար, ինքն էր բոլորին
                օգնության հասնում,
իր իսկ ցավի մեջ՝
        անվերջ մնալով
քաշված,
աննկատ։
Բայց մի օր մարդիկ տատիկիս առան
ուսերի վրա,
եւ ես հասկացա, որ տատս... չկա։
Պապս այնքան է փոխվել այդ օրից։
Լվացարանում մայրս ամեն օր
կախում էր մի նոր,
մի մաքուր սրբիչ,
բայց պապս դրան ձեռք տալ չէր ուզում,
մի մաշված շոր էր պահում իր համար
ու նրանով էր երեսը սրբում։
Մի օր էլ տեսա՝ սովորականից
շատ է դեմքը նա
պահում այդ շորում։
Երբ իմ պապիկը հանդ էր գնացել,
փնտրեցի, գտա մաշված շորն այդ
ու պապիս նման
իմ դեմքին տարա...
Գոգնոցն էր տատիս,
հենց որ բացեցի,
հենց որ բացեցի,
որքան մանկական արցունք եմ թափել
տատիկիս գրկում,
        իմ դեմ փռվեցին
եւ մանկությունս ես վերագտա։
Հասկացա պապիս,
երեւի նա էլ այդ գոգնոցի մեջ
        գտել էր մի սուրբ,
        գեղեցիկ մի բան,
որ մանկությանս նման թանկ էր շատ
եւ մանկությանս նման հեռավոր։

Այդ օրից մերոնք չէին նախատում,
որ գոգնոցով էր
պապս ամեն օր երեսը սրբում։