Jump to content

Ձանձրացրեց անձրեւն ավելի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ձանձրացրեց անձրեւն ավելի
եւ այն էլ՝ քանի գիշեր ու ցերեկ
ճյուղերում պահվող
գարնան հավքերին։
Ծառերն էլ էին անհարմար զգում՝
հավքերին կարգին ծածկ տալու համար
դեռ մարդավարի չեն էլ հասցրել
տերեւակալել։
Բայց համբերության գինն էլ է ընկնում,
թե այն երբեւէ չպիտի պայթի.
վերջապես, ահա, մի փոքրիկ թռչուն՝
իր խաչեղբոր հետ,-
հազիվ գտնված շողի խորհրդով,-
օրը լցրեց իր անուշիկ երգով։
Բայց չէին ցրվում ամպերը դարձյալ,
սակայն եւ այնպես
շարունակեցին հավքերը երգել,
ամպերը, դե հո քա՞ր չեն ամպերը,
թե քար էլ էին՝
հալվեցին-կորան։
Դուք եղանա՞կն եք ուզում գուշակել։
        Օդաչափն ահա՝
        անսխալ ու ճիշտ,
        չխաբող... երգը։