Գործարան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Գործարան

Հակոբ Հակոբյան


Գործարան


Ահա՜ գործարան․․․
Նայում եմ նըրան՝
Նա հրեշի պես
Բացել է բերան,
Տնքում է, փընչում,
Հուր ու մուխ շընչում,
Եվ մարդը այնտեղ,
Որպես մի մժեղ,
Նըրա արնախում
Բացված երախում
Կարիքի դուռն է
Անընդհատ բախում։

Ահա՜ գործարան․․․
Նայում եմ նըրան՝
Նա իր ցանցապատ
Թելերից պողպատ
Ոստայն է փռել,
Գոտիներ կռել,
Եվ որպես հսկա
Մի արնախում սարդ
Արյունն է ծծում
Աշխատավորի,
Մարմինը հյուծում
Նաչար բանվորի․․․

Ահա՜ գործարան․․․
Նայում եմ նըրան՝
Այժմ դարձել է
Հսկա դամբարան․․․
Այնտեղ մարդըն է
Կենդանի թաղված․
Նա՝ որ իր կյանքում ―
Ծաղիկ հասակում
Ծաղիկ չտեսած՝
Արյուն է թքում
Եվ մահը իրա
Անեծքով կնքում․․․

Կամ չէ՝ անիվը
Մի ակնթարթում
Բանվորին սեղմած
Իր պողպատ թաթում,
Տեսնում ես հանկարծ
Օճորք է նետում
Ու մեքենայի
Տալով ճակատին՝
Տապալում գետին․․․
Ահա գործարան․․․
Նայեցե՛ք նըրան՝
Այժմ դարձել է
Հսկա դամբարան․․․


1908