Խոսելն արդեն հնացած միջոց է, եւ
մարդիկ պետք է հաղորդակցության մի ավելի
թարմ ու չսպառված ձեւ գտնեն,
ինչպես, ասենք, հիշատակը մի րոպե լռությամբ հարգելը։
Որովհետեւ,
ասելու հակառակ նժարը, ինչպես տեսնում եք,
միշտ էլ ավելի ծանր է դուրս գալիս։
«Ասա տեսնեմ, սիրելիս, մի որեւէ ոտանավոր գիտե՞ս
անգիր», - ճիպոտապատժիչ-դահճի խոսքը դեռ
դժժում է Դոստոեւսկու ունկերի մեջ, իսկ Գլինկան
այդպես էլ Սիբիր չմեկնեց՝ տեսնելու, թե իր «Կամարինյանին»
ինչպես են կատարում Մեռյալ տան բնակիչները։
Իմ նախնիները երեխաներ են, գուցե եւ՝
իմ երեխաները, եւ ես
նրանց համար «խաղալիքներ եմ սարքում» հիմա։
Աստղը խավարին խոստովանություններ է անում։
Կալաներթ է կյանքը։ Արդարության համար
ճանապարհ է «հարթում» անարդարությունը։ Եվ
ստացվում է այնպես, որ, սովորաբար, ամենավատ մարդիկ
նրանք են դուրս գալիս, ովքեր,
ավելի շատ են ջանում լավ մարդ լինել։
Հակիրճ խոսելու շատ ուղիներ կան,
սակայն, ամենահակիրճը, երեւի, չխոսելն է։
Քիրսը երկնքից իմ հասակով մեկ բարձր է, իսկ
բառերն, ընդհանրապես, մարդուն էժանացնում են։
Չեմ ընդունում ընդունելի լինելը։
Ինչպես ասում են՝ լսելի լինելը
բավարարում է ինձ (անկախ նրանից՝
արեւը մայր է մտնում, թե ծագում է,
կարող է լինել նաեւ խաղաղ միջօրե)։
Քայլող ծառերի լեգենդը մարդիկ
տարհանում են ոտքերով։ Մա-
թեմատիկան բանաստեղծության առաջընթաց է՝ միայն
թվերով ու նշաններով։ Եվ եթե ես կարողացա բա-
նաստեղծությունը փրկել բանաստեղծությունից,
ուրեմն՝ բանաստեղծ եմ։