Jump to content

Գցուղացին ու աստված

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գցուղացին ու աստված

Տրտնջալով իր չար բախտից,
Վեր բերելով աստված թախտից,
Մի աղքատ մարդ քարոտ ճամփին,
Գետն անցկացավ: Նստեց ափին
Մի խոր ձորում, տակը ծառի,
Որ արևը խիստ չվառի,
Հով ստվերում: Տրեխնին չոր
Դրեց ջուրը: Շոգից տոչոր
Մի երկու բուռ տաք ջուր խմեց,
Նստավ սրտի վիշտը քամեց:
— Վազան ջրե՛ր, ա՛յ լիքը գետ,
Վիշտս տարեք ծովին ձեզ հետ,
Սիրտս նեղ է, իսկ ծովը լայն,
Թե տեղ անի՝ ծովը միայն:
Օրը օրին, հինը նորին,
Հերուն լավ էր, քանց էս տարին.
Սոված, տկլոր, միշտ անտրեխ,
Չորացել եմ, դառել տառեխ:
Հալվել, մաշվել սապնի քրտիկ,
Աշխարհը չար, ագահ մարդիկ:
Փուլ եկ գլխիս, ա՜յ քարե ժայռ,
Տված հոգիդ, տեր աստված, ա՜ռ,
Գնամ-պրծնեմ դառն աշխարհից...

Խոսքը բերնում մին էլ ժայռից
Քարոտ հողը թափվեց չը՛ռ-չը՛՜ռ...
Ափալ,
Թափալ
Խեղճը տեղից ծտի պես՝ թը՛ռ...
Դողը բռնած՝
Բարձր կանչեց.— Կեցցես, աստված,
Մեծ ամբարիշտ,
Լավի համար ականջդ խուլ,
Վատի համար պատրաստ ես միշտ: