Jump to content

Գևորգ Մարզպետունի/(Ա) - Կույր աչքը կներե,կույր սիրտը չէ ներիլ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գևորգ Մարզպետունի
Ա - Կույր աչքը կներե, կույր սիրտը չի ներիլ
Ա
ԿՈՒՅՐ ԱՉՔԸ ԿՆԵՐԵ, ԿՈՒՅՐ ՍԻՐՏԸ ՉԻ ՆԵՐԻԼ


Սևադա իշխանի խոսքերը ծանր տպավորություն արին Մարզպետունու վրա։ Չնայելով, որ նա րոպեապես գրգռվելով սպառնաց իշխանին, թե «ահա՛ թագավորը կգա եգերացոց զորքերով, կվանե Ցլիկ-Ամրամին կամ կսպանե Դավիթ որդուդ և այլն», այնուամենայնիվ, Սևադայի վերջին գուշակությունը երկյուղ ազդեց նրա սրտին։ Նա որքան քաջ, նույնչափ և բարեպաշտ ու երկյուղած էր․ նա հավատում էր, որ աստված լսում է կույր ծերունիներին և կատարում է, օրհնությամբ կամ անեծքով, նրանց հայցած խնդիրները։ Այս պատճառով մի գաղտնի և, մինչև այն իրան անծանոթ, կասկած պաշարեց յուր սիրտը։ Նախազգացմո՞ւնք էր այս թե նախապաշարման ազդեցություն, հարկավ նա չէր կարող որոշել, բայց նա գիտեր, որ թագավորը հանցավոր է, և որ աստված, թեպետ երբեմն ուշ, բայց և այնպես, պատժում է հանցավորներին․․․ Նա մտածում էր, որ թագավորը կարող էր հաղթվել, որ ապստամբները կարող էին ցրել եգերացիներին․․․ Եվ այդ մի անպատվություն կլիներ հայոց արքայի համար, որ եկել էր յուրայինների հետ պատերազմելու օտար զորքերով․․․ Իսկ այս անպատվության կհաջորդեին, անշուշտ, նոր կոտորածներ, նոր ավերումներ․․․

Այս մտքերը սարսափեցրին իշխանին։ Բայց նա լուռ, նստած սպասում էր՝ թե ուրիշ ի՛նչ պիտի ասե Սևադան։ Նա որոշել էր չհակառակել այլևս նրան, չգրգռել վիրավոր հոգին, այլ խոնարհիլ և խոսել հետը ողոքանոք։ «Գուցե այդպիսով ամոքեմ կարծրացած սիրտը, կենդանացնեմ ընդարմացած խիղճը և նրա արդար ցասումից հայրենիքին սպառնացող վտանգը հեռացնեմ․․․», — մտածում էր նա։

Այդ միջոցին ներս մտավ ծառաներից մինը և ջուր բերավ հյուրին՝ լվաց վելու համար։ Մարզպետունին ակնարկեց նրան՝ նախ Սևադա իշխանին մատուցանել կոնքը, որովհետև իրան, իբրե տարիքով նրանից փոքրի, վայել չէր առաջ լվացվել։

Սևադան, որի ուշադրությունից ոչինչ չէր վրիպում, ժպտալով նկատեց․

— Զարմանում եմ, որ թագավորը մանկությունից սկսած մեծացել է քեզ հետ, բայց պատշաճից օրենքները հարգելու մասին ոչինչ չէ սովորել քեզանից։

— Բայց նա ունի և ուրիշ շատ առավելություններ, որոնց համար կարժեր ներել յուր փոքրիկ թերությունները․․․ — մեղմությամբ պատաս|սանեց Մարզպետունին։

Երբ նրանք լվացվեցան, երկու ուրիշ ծառաներ ներս բերին ընթրիքը, որ պատրաստված էր երկու արծաթյա դրվագազարդ խաների մեջ, որոնցից մինը դրին Մարզպետունու և մյուսը Սեադայի առաջ։

Մանկահասակ ծառաներից մինը չոքեց Սևադայի հանդեպ, որպեսզի օգնե նրան կերակուր առնելու․ իսկ մյուսը կանգնած և արծաթե սրվակը ձեռին գինի էր մատռվակում ինչպես յուր տիրոջը, նույնպեսև հյուրին։

Բայց Մարզպետունին հուզված էր և գրեթե ոչինչ չէր ճաշակում։ Սևադան այդ իմացավ մատռվակի մի պատասխանից և ժպտալով ասաց․

— Տեսնո՞ւմ ես, իշխա՛ն, հասարակ ժողովուրդն ավելի խելոք է վարվում։ Մի ժամ առաջ ասացի, թե նա յուր տանը մտնող հյուրի գալստյան պատճառները չի քննում, մինչև որ նրան կուշտ չի կերակրում։ Բայց ես չկամեցա նրանց նմանվիլ։ «Մենք օտարներ չենք․ ասացի․ տարօրինակ կլիներ, եթե մի վայրկյան առաջ չցանկանայինք տեղեկություններ առնել իրարից՝ մեզ հետաքրքրող խնդիրների մասին․․․»։ Այժմ տեսնում եմ, որ սխալվել եմ։ Եթե ես քո գալստյան պատճառը հարցրած և քեզ պատասխաններ տված չլինեի, այժմ դու ախորժանոք կերակուր կվայելեիր իմ տանը։

— Այդպես է, իշխան, կեղծել չեմ կարող, — պատասխանեց Մարզպետունին, — լավ չէ, որ մենք առհասարակ չենք հետևում մեր փորձված պապերի խրատներին։

— Այո՛, համաձայն եմ քեզ հետ․ այդ խրատները սուրբ խրատներ են․ երբեք չպիտի մոռանանք նրանց։

— Բայց մենք մոռանում ենք հենց ամենից կարևորները։ Այդ խրատներից մինը այն է, որ ասում է․ «Զուգություն է մայր բարյաց, անզուգություն՝ ծնող չարյաց․․․»։

Սևադան մի վայրկյան լռեց և ապա ժպտալով դարձավ խոսակցին․

— Դու ինձ կշտամբում ես, տեր Մարզպետունի, և իրավունք ունիս։ Բայց ես խնդրում եմ, որ ընթրիքդ վայելես, այդ ինձ ավելի կուրախացնե, քան թե «զուգություններից» առաջացող բարիքները․ որոնց շատ անգամ մենք չենք կարողանում բուն չարիքներից զանազանել․․․

Իշխանը հիշեց, որ որոշել էր չհակառակել, ուստի լռեց և սկսավ ուտել։ Բայց նրա վրա, արդարև, ծանր ազդեցություն էր անում Սևադա իշխանի՝ ծառայի օգնությամբ կերակրվելը։ Միայն այդ տեսարանին ներկա չլինելու համար նա կցանկանար, որ երբեք մտած չլիներ Գարդման։ Չէ՞ որ նա տեսել էր այդ իշխանին առողջ ժամանակ, երբ նա ճեմում էր յուր առաջ ինչպես մի հսկա, կրակոտ աչքերով, հպարտ նայվածքով, դեմքի վեհ արտահայտությամբ․․․ Իսկ ա՛յժմ․․․ Այժմ կծկված էր նա տախտի մի անկյունում, ինչպես զառամյալ ծերուկ, նիհարած, դալկադեմ, և միայն հոգին էր, որ չէր ճնշվում նրա մեջ մարմնով կրած զրկանքներից։

Երբ ընթրիքը վերջացավ, Մարզպետունին հարցրեց, թե ինչո՞ւ Գրիգոր իշխանը չի կամենում գալ իրանց մոտ։

— Գրիգորը նույնպես Ամրամի հետ է, — պատասխանեց Սևադան։ — Դավիթ որդիս առաջնորդում է աղվանցի գնդերին, իսկ Գրիգորը՝ գարդմանացիներին։

— Առաջնորդում է գարդմանցիների՞ն․․․ — զարմացած հարցրեց Մարզպետունին։

— Այո՛, առաջնորդում է։ Մի՞թե այդ խոսքը զարմացնում է քեզ։ Դու անշուշտ մտածում ես, թե ինչպե՛ս կարող է կույրը առաջնորդել․ այնպես չէ՞։ Բայց իմ զորքերը պատերազմի համար ուրիշ առաջնորդներ ունին։ Գրիգորի ներկայությունն անհրաժեշտ է բանակում նրա համար, որ գարդմանացիք ամեն րոպե աչքի առաջ ունենան իրանց կույր իշխանին և սրտների մեջ վառ պահեն վրեժխնդրության կրակը։ Ոչ մի զորապետի խրախույսը այնքան չի գրգռիլ իմ զորքերի քաջությունը, որքան իմ որդվո կուրությունը․․․ Նրանք տիրասեր են և չեն հանգստանալ, մինչև որ իմ և նրա վրեժը չառնեն թագավորից։

Մարզպետունին զարմանում էր, որ Սևադան բանում էր նրա առաջ յուր սիրտն անկեղծորեն, հայտնում էր նրան, մինչև անգամ, յուր նախահոգակ դիտավորությունները, և այդ անում էր առանց քաշվելու կամ նույնիսկ վախենալու, թե ինքը, Մարզպետունին, իբրև արքայի հավատարիմ ու զինակից, կարող է խոչընդոտ լինել իրան յուր նպատակներն իրագործելու։ Սևադայի այս վարմունքն ավելի ևս երկյուղ էր ազդում Մարզպետունու սրտին։

— Եվ այդպես, դու ուրեմն հոգացել ես, որ գարդմանացոց վրեժխնդրությունը լինի անշիջանելի, իսկ ապստամբությունը՝ համաճարակ և կործանի՞չ, — հարցրեց իշխանը հուսահատ ձայնով։

— Այո՛, տեր Մարզպետունի, ուրիշ կերպ վարվել չէի կարող, անիծի՛ր ինձ, եթե կամենում ես, բայց գիտակցիր, որ երբ բաժակը լցվում է, այն ժամանակ այլևս անկարելի է ավելացնել նրա վրա ուրիշ մի քանի կաթիլ և պահանջել, որ նա չթափվի․․․

Մարզպետունին զգաց, որ հասել է արդեն ժամանակը՝ գործադրել այն զենքերը, որոնցով միայն հնարավոր էր անողոք իշխանի սիրտն ամոքել․ — այդ զենքերը յուր խնդիրներն ու աղաչանքներն էին։ Այդպիսի զենքերով, իհարկե, նա չէր հայցիլ օտարից, նույնիսկ հայրենիքի փրկությունը, բայց մի ներքին խռովություն դադարեցնելու համար նա չէր քաշվում աղաչել հարազատին, որովհետև դրանով նա չպիտի նվաստացներ իրան, այլ պիտի բարձրացներ նույնիսկ Սևադայի աչքում։ Այդ պատճառով ասաց․

— Եթե ես ծունր չոքեի քո առաջ, Սևադա իշխան, համբուրեի քո ոտքերը և աղաչեի, որ խնայես դու եղբարցդ ու որդկերանցդ արյունը․․․ արգելես այն կոտորածը, որ մի օրվա մեջ անթիվ ընտանիքներ պիտի կործանե, բյուրավոր մանուկներ պիտի որբացնե, կանայք ու հարսունք պիտի այրիացնե․․․ Եթե հիշեցնեի քեզ նախ՝ քրիստոնեի և ապա՝ հայ մարդու սրբազան պարտքը, որ է՝ չարին չարյավ չհատուցանել և հայրենիքը կործանելու գնով անձնական վրեժխնդրությունը չհագեցնել․․․ Ի՞նչ կանեիր դու, Սևադա իշխան, մի՞թե անողոք կմնայիր իմ աղաչանքների, իմ արտասուքների առաջ․․․

— Ո՛չ մի խոսք այդ մասին, տեր Մարզպետունի։ Բնությունն ուրիշ կերպ է ստեղծել մարդուն, իսկ մենք այլ կերպ ենք հասկանում նրան։ Ապստամբած սիրտը չի հնազանդիլ ուղեղի հրամանին, իզուր ենք մենք այդ մասին խրատներ կարդում մեզ և իզուր էլ քրիստոնյաներ անվանում, մենք մեր կրքերի հպատակներն ենք և ոչ թե Քրիստոսի աշակերտներ։ Քրիստոնյա մարդ չկա աշխարհում։ Քրիստոսի պատվերը կատարում են միայն նրանք, որոնք զրկանք չեն կրել ապերախտ ընկերից կամ եթե կրել են, չեն կարողանում «ակն ընդ ական և ատամն ընդ ատաման» փոխարինել։ Բայց նրանք, որոնք ուժ ունին փոխարինելու՝ փոխարինում են զրկանքը և այդ ավելի բնական է, քան քրիստոնեաբար ներելը։

— Իսկ նրա՞նք, որոնք ուժ ունին վրեժխնդիր լինելու և սակայն ներում են․․․

— Եթե կան այդպիսի մարդիկ, ապա նրանք գերբնական արարածներ, ճիշտ Քրիստոսի աշակերտներ են, բայց ես այդպիսիներին չեմ ճանաչում։

— Դու եղի՛ր նրանցից մինը, Սևադա իշխան, մի՞թե քո սիրտն ավելի չի հպարտանալ այն ժամանակ, երբ մտածես, թե կարող էիր վրեժխնդիր լինել և սակայն ներեցիր, քան այն ժամանակ, երբ վրեժխնդիր լինելով՝ շուրջդ ավեր և սրածություն սփռես։ Ով որ գիտե, թե ո՛րն է բարին և լավագույնը և սակայն գործում է հակառակը, նա մի չարագործ է։ Անշուշտ Գարդմանա տերը չի ցանկանալ, որ մեզանից մինը համարձակվի նրան այդ անունը տալ։

— Գարդմանա տերը, դժբախտաբար, մի հասարակ մարդ է․ բնությունը նրա կրծքի տակ դրել է այնպիսի մի սիրտ, որպիսին ունին և ուրիշները․ նա չի կարող զգալ այն, ինչ որ չեն զգում յուր նմանները։

— Ո՛չ, Գարդմանա տերը մի սինլքոր կամ գեղջուկ չէ, որ չճանաչե առաքինությունը, նա գիտե, թե որքան քաղցր է ներելն և պիտի ներե անշուշտ։ Ես խնդրում եմ քեզանից այդ շնորհը այն մայրերի և կանանց բերանից, որոնց որդիներն ու ամուսինները պիտի զոհվեն քո վրեժխնդրությանը։

— Տե՛ր Մարզպետունի, դու ինձ զինաթափ ես անում․ քո խոսքերը ճնշում են իմ սիրտը, որովհետև դու նստած ես այժմ իմ առաջ, և ես լսում եմ քո կենդանի բարբառը։ Բայց երբ դու հեռանաս և ես մնամ միայնակ, երբ այս ահագին սրահի մեջ չղջիկները գան ինձ ընկերանալու, երբ առավոտյան արևը բերե ինձ նույն խավարը՝ ինչ որ բերել էր գիշերը, երբ երկու քայլ փոխելու համար կարոտեմ իմ ծառաների շնորհին, երբ տենչանոք տենչամ, բայց չկարողանամ լսել իմ լծակցի մխիթարական մի խոսքը և մտածեմ, որ քո թագավորի անողորմ հրամանը գերեզման տարավ նրան, այն ամուսնասեր կնոջը, այն որդեսեր ծնողին․․․ երբ լսեմ իմ թշվառ հարսի տխուր երգերը կամ կույր ամուսնու սև բախտը լացող նրա ողբերը․․․ Երբ Գրիգորի որդին՝ փոքրիկ Սևադան, գա հարյուրերորդ անգամ ինձ հարցնելու թե՝ «Պապիկ, դու ծերացար, աստված քեզ կուրացրեց, իսկ իմ հայրը ինչո՞ւ համար է կույր․․․», ասա՛, տե՛ր Մարզպետունի, երբ այս բոլորը գան և աղմկեն ուղեղս, խռովեն հոգիս, երբ սիրտս անընդհատ գոռա՝ «վրե՜ժ, վրեժ անզգամին․․․», ի՞նչ անեմ ես այն ժամանակ․․․

— Ի՞նչ անես այն ժամանակ։

— Այո՛, ասա՛, ես ինքս կամենում եմ ինձ հաղթահարել։

— Ի՞նչ արավ Սմբատ թագավորը, երբ յուր աշխարհի ավերումը տեսնելով՝ իջավ Կապույտ բերդից և յուր անձը մատնեց թշնամուն․ ի՞նչ արավ, երբ դահիճները յուր թաշկինակն առնելով՝ վարոցներով բերանը խրեցին, երբ կզակին գելարաններ դնելով՝ չվանով պարանոցը պրկեցին, երբ ծանր բեռներ գլխին թափելով՝ տասնյակ հոգի վրան նստեցրին, երբ վերջապես դյուցազնի շունչը հատեցնել չկարողանալով՝ նրա անդամներն սկսան հոշոտել և վերջը խաչի վրա տարածել․․․ Սևադան լուռ էր։

— Ոչինչ չարավ․ նա ասաց․ «Տե՛ր, ընդունի՛ր այս զոհը, որ բերում եմ իմ ազգի համար, և փոխարեն՝ փրկի՛ր իմ ժողովուրդը պատուհասից․․․»։ Նա ասաց․ «Լավ է մեզ, զի այր մի մեռանիցի ի վերայ ժողովրդնանս և մի՛ ամենայն ազգս կորիցե․․․», և հոժարությամբ հանձն առավ նահատակությունը։ Դու էլ, իշխան, ընդունիր, թե չարագործ հագարացու մինն է քեզ կուրացրել, և այն ժամանակ անտրտունջ կարող ես կրկնել նույն խոսքերը, երբ տխուր միայնությունը, ցերեկվա խավարը, սիրեցյալ ամուսնուդ հիշատակը, հարսիդ ողբերը և փոքրիկ Սևադայի թոթովանքը կգան քո սիրտը և հոգին վրդովելու․․․ Հագարացի գազաններին աղաչել, համոզել անկարելի էր, նրանց հոգվո ծարավը արյունն էր զովացնում, բայց հայ իշխանին աստված այդ հոգին չէ տվել․ ուրեմն նա պիտի լսե յուր խղճի ձայնին, պիտի լսե իմ աղաչանքին և հավատա, որ նույնիսկ իմ բերանով խոսում է յուր հետ ազգի ամեն մի թշվառացող անդամ։

Սևադան լուռ էր մի քանի վայրկյան․ հանկարծ նա գլուխը բարձրացնելով հարցրեց․

— Ի՞նչ է քո պահանջն ինձանից, Գևորգ իշխան։

— Այն, որ հեռացնես Ամրամից քո զույգ որդիներին և հետ կանչես Ուտիքից թե՛ Աղվանից և թե՛ Գարդմանա գնդերը։

Աևադան կրկին գլուխը կախեց և սկսավ մտածել։ Սենյակում մի առ ժամանակ լռություն տիրեց։

Բայց Գևորգ իշխանն զգում էր արդեն, որ յուր խոսքերը ցանկալի տպավորություն արին Սևադայի վրա, ուստի սրտատրոփ սպասում էր նրա համաձայնության։

Եվ ահա՛, վերջապես, Սևադան խոսեց․

— Դու ինձ համոզեցիր, տեր Մարզպետունի․ իմ մեջ շարժեցիր նախանձավորության զգացում, ես չեմ կամենում, որ դու հայրենասիրությամբ գերազանցես ինձ։ Թո՛ղ այդպես լինի, ես թողնում եմ վրեժխնդրությունը․․․ Բայց բռնկած ապստամբությունը խաղաղելու համար կա և մի ուրիշ արգելք, որ ես բառնալ չեմ կարող, այդ աշխատությունը դու պիտի հանձն առնես։

— Ամենայն ուրախությամբ, աշխատությունից ես չեմ փախչում, միայն թե ասա՛ ո՞րն է արգելքը։

Ես իմ որդիներին կհամոզեմ և կվերադարձնեմ իրանց զորքերով, բայց Ցլիկ-Ամրամին համոզել չեմ կարող, որովհետև ինքս եմ թշնամության կրակը վառել նրա սրտում, այժմ ինչպե՛ս հակառակ խորհուրդ տալ նրան։

— Այդ նեղությունը ես հանձն կառնեմ, — ասաց Մարզպետունին։

— Շատ գեղեցիկ, բայց իմացած եղիր, որ մինչև Ամրամը չհամոզվի հետ կանգնել յուր մտադրությունից, ես իմ զորքերը չեմ բաժանհլ նրանից։ Որովհետև խոսք եմ տվել աջակցել նրան ամեն դեպքում, ուրեմն և իմ խոսքը դրժել չեմ կարող։ Այժմ դու գնա Ամրամի մոտ, աշխատի՛ր համոզել նրան, որ հնազանդե յուր թագավորին։ Եթե կհաջողես ձեռնարկությանդ մեջ, սուրհանդակ ղրկիր ինձ, և ես իսկույն հարկ եղած հրահանգները կտամ իմ որդվոց, որ հեռանան Ուտիքից իրանց զորքերով։ Իսկ եթե չես հաջողիլ, այն ժամանակ իմացիր, որ աստված չի կամենում անցնել փորձության բաժակը, և ուրեմն մեզանից մեկը պիտի դատարկե այն․․․

Մարզպետունի իշխանը սաստիկ ուրախացավ և յուր շնորհակալությունը Սևադային հայտնելու համար առավ նրա աջը և համբուրեց։ Իշխանի կարծիքով ամենամեծ դժվարությունն արդեն բարձվել էր։ Սևադան, որ ամենքից ճանաչված էր իբր անողոքելի մի քարաժայռ, ահա՛, համոզվել էր․ ի՞նչ դժվարություն կար, ուրեմն, Ցլիկ-Ամրամին համոզելու, մի մարդու, որ համառություն չուներ և որ ի բնե ստեղծված էր բարի սրտով։

Այս մտածմունքով հեռացավ Սևադայից իշխանը և գնաց հանգստանալու դղյակի լավագույն քնարաններից մինում, ուր առաջնորդեց նրան իշխանի սենեկապետը։

Փափուկ անկողինը և շրջապատող լռությունը շուտով թմրություն բերին իշխանի հոգնած անդամներին, և անուշարար քունը նրա աչքերը փակեց։

Լույսը դեռ նոր էր բացվում, որ Մարզպետունի իշխանը հագնվելով՝ իջավ դղյակի բակը և ծառաներից մինին զարթեցնելով՝ հրամայեց յուր ձին թամբել։ Եղանակը ցուրտ էր և երկինքն ամպամած։ Աշնանային եղյամը ծածկել էր գետինը և․ հիշեցնում էր մոտալուտ ձմեռը։ Ծառան, որ նոր էր տաք անկողնից ելել, ցրտի ազդեցությունից կծկված, դժվարանում էր շտապով ավարտել գործը։ Իշխանը համբերել չկարողացավ, վայրկյանները թանկ էին նրա համար․ «Այդպե՞ս են գործ կատարում այստեղ», — կշտամբեց նա ծառային և նժույգն առաջ քաշելով՝ արագ-արագ ամրացրեց թամբի կապերը։

Այնուհետև նորից բարձրանալով վերին դստիկոնը՝ զարթեցրեց Սևադայի բարապանին՝ իմանալու համար, թե արդյոք կարո՞ղ է տեսնել իշխանին։ Նրանց խոսակցության ձայնն առավ սենեկապանը և դուրս եկավ միջանցքը։ Նա զարմացավ Գևորգ իշխանին այդպես վաղ այդտեղ տեսնելով։

— Ի՞նչ եք հրամայում, իշխան, — հարցրեց նա Մարզպետունուն։

— Եթե կարող ես զարթեցնել իշխանին, հայտնի՛ր նրան, որ ես կամենում եմ գնալ և կուզեի տեսնել իրան, — ասաց իշխանը։

Սենեկապանը ներս մտավ և մի քանի վայրկյանից վերադառնալով, հայտնեց, որ իշխանն սպասում է իրան։

Մարզպետունին հետևելով սենեկապետին և մի երկու փոքրիկ խուցեր անցնելով՝ մտավ Սևադայի ննջարանը և սաղավարտը հանելով մոտեցավ իշխանի մահճակալին։

Սենյակը լուսավորում էր տակավին փոքրիկ արծաթյա կանթեղը, իսկ իշխանը նստած էր մահճի մեջ գիշերային լոդիկով։

— Ինչո՞ւ այսպես վաղ, սիրելի՛ իշխան,-հարցրեց Սևադան։

— Կամենում եմ այսօր ևեթ հասնել Ամրամի բանակը, ժամանակը թանկ է, պետք է շտապել։

— Բայց դու գիտե՞ս, թե որտե՛ղ է նա բանակած։

— Երբ շրջում էի Ուտիքում, ինձ ասացին, որ նա անցել է Աղստև և գտնվում է Տավուշ բերդի մոտ։ Իսկ այժմ որտե՛ղ լինելը չգիտեմ, եկա, որ այդ մասին տեղեկություն առնեմ քեզանից։

— Երկու օր առաջ մեր գնդերը բանակած էին Սադամի ափին, իսկ Ամրամը գտնվում էր դեռ Տավուշի մոտ։ Եթե թագավորի գալստյան մասին լուր առած լինին, ուրեմն բանակները կմիացնեն․․․ Գնա՛ և այդ կողմերը կպատահես նրանց։

— Իսկ դու չե՞ս կարող հայտնել, թե որտե՛ղ պիտի միանան բանակները, — հարցրեց իշխանը ժպտալով։

— Ոչ․ ես իրավունք չունիմ հայտնելու։ Եվ դու, իշխան, այդ չպիտի պահանջես ինձանից։ Դու ինձ համոզեցիր, և ես տվի քեզ իմ համաձայնությունը՝ հաշտվել թագավորի հետ։ Այդ ես կարող էի անել։ Գնա՛ այժմ համոզիր Ցլիկ-Ամրամին․ եթե կհաջողիս, լավ․ եթե ո՛չ, պատերազմը նրա կողմից անխուսափելի է․ ուրեմն և բանակի գաղտնիքը քեզ բանալն՝ անկարելի։

— Շատ լավ։ Թո՛ղ այդպես լինի։ Շնորհակալ եմ արդեն քո համաձայնության համար։ Այժմ տո՛ւր ինձ քո օրհնությունը, և ես կերթամ։ Այդ օրհնությունը կհաջողե իմ ճանապարհը։

— Աստվա՛ծ թող օրհնե այդ ճանապարհը։ Դու խաղաղության և հաշտության միջնորդ ես, անկարելի է, որ նախախնամությունը չհաջողե քեզ։ Բայց եթե նա կանխավ որոշել է պատժել հանցավորին․․․

— Ես կանեմ այն, ինչ որ հրամայում է ինձ իմ պարտքը և հայրենիքը, իսկ աստուծո կամքը․․․ մենք միայն կարող ենք օրհնել։

Այս ասելով իշխանը մոտեցավ Սևադային, գրկեց նրան և համբուրելով՝ հեռացավ։

Մի քառորդ ժամից նա Վահրամ բերդակալի մոտ էր։

Թանձր ու երկար այծենակաճի մեջ փաթաթված և խոշոր գլուխը պողպատե գլխանոցով ծածկած՝ անցուդարձ էր անում բերդակալը յուր դիտանոցի առաջ, երբ մոտեցավ նրան Մարզպետունին։

— Գիտեի, որ այդպես վաղ պիտի բաժանվիս իշխանից, ուստի լուսածագին դուրս եկա տանից, որպեսզի հրամայեմ ամրոցի դռները բանալու, — ասաց բերդակալը իշխանին և մոտենալով նրան, հետաքրքրությամբ հարցրեց, թե արդյոք կարողացա՞վ անծանոթ մնալ Սևադայից կամ թե տեղեկացա՞վ ցանկացած գաղտնիքներին։

Իշխանը պատմեց նրան համառոտ ինչ որ պատահել էր իրան կամ ինչ որ խոսել էր Սևադայի հետ և լսել նրանից, ծածկելով, իհարկե, այն ամենը, ինչ որ ապստամբությունը գրգռող «ընտանեկան գժտություններին ու սիրային գաղտնիքներին» էր վերաբերում։ Այդ պատճառների հետ, իշխանի կարծիքով, անկարելի էր ծանոթացնել արտաքին պաշտոնյաներին։

Բարեսիրտ Վահրամը զարմացավ՝ տեսնելով, որ ինքն այնքան մոտիկ ապրելով Սևադային, չէր կարողացել նրա գաղտնիքները ճանաչել, և դեռ մինչև այդ րոպեին չգիտեր, թե Ցլիկ-Ամրամին ապստամբեցնողը Սևադան է եղել։

Իշխանը կամեցավ օգուտ քաղել այդ բանից՝ բերդակալի մտերմությունն ավելի վաստակելու համար։

— Ի՞նչ ես կարծում, բարեկամ, — ասաց նրան ծիծաղելով, — եթե Սևադան ճանաչած չլիներ քեզ, մի՞թե թույլ կտար, որ դու մնայիր այստեղ՝ այդ պաշտոնում։

— Ի՞նչ, մի՞թե նա գիտե, որ ես դեռ հավատարիմ եմ թագավորին։

— Նա ամեն բան գիտե․ բայց նա ճանաչում է քեզ։

— Ինչպե՞ս թե ճանաչում է ինձ։

— Նա գիտե, որ դու նրան վնասել չես կարող։

— Ինչպե՞ս թե չեմ կարող, քաջությունն է իմ մեջ պակաս, թե՞ բազուկներս են ծերությունից թուլացել, — ջերմությամբ հարցրեց բերդակալը։

— Նա մինչև անգամ համոզված է, որ դու թագավորիդ պաշտպանել չես կարող, եթե հարկը պահանջե, — հարեց Մարզպետունին, կամենալով գրգռել բերդակալի ինքնասիրությունը։

— Եվ նա այդ մասին խոսե՞ց քեզ հետ, — հուզված հարցրեց Վահրամը։

— Ո՛չ, հայտնապես ոչինչ չասաց․․․

— Հայտնապես ոչինչ չասա՞ց․ հասկանում եմ․ բայց ակնարկությունից դու այդ գուշակեցիր․․․ Լա՛վ, ես կստիպեմ այդ մարդուն հարգել ինձ․․․ Գևորգ իշխան, ես այժմ քեզ հետ եմ, — դիմեց նա Մարզպետունուն վճռական եղանակով։ — Գնա՛, աշխատի՛ր, որ նախ հաշտությունը կայանա, իսկ եթե այդ չի հաջողիլ, անմիջապես սուրհանդակ ղրկիր ինձ, հետևյալ օրը ես քո մոտ կլինեմ։ Այս սուրը ճանապարհ կբանա իմ թագավորի համար ինչպես Ուտիքը, նույնպես և Գարդմանը նորից գրավելու։ — Այս ասելու ժամանակ նա բացավ լայնադրոշ այծենակաճը և զորեղ ձեռքը դրավ վաղակավորի երախակալի վրա։

Մարզպետունին ուրախացավ յուր սրտում, որ կարողացավ հուզել Վահրամին և այդ խոստումն առնել նրանից։ Թագավորը, արդարև, կարիք ուներ այդ միջոցին Վահրամի նման անձանց աջակցության։ Նա այն քաջերի թվին էր պատկանում, որոնք սկզբում զգուշությամբ են մոտենում վտանգին, բայց մի անգամ մոտենալուց հետ՝ այլևս չեն վախենում նրանից։

— Տո՛ւր ինձ քո ձեռքը և երդվի՛ր, որ ո՛ւր որ էլ լինեմ՝ պիտի գաս իմ կոչին, թեկուզ մահվան դիմավորելու համար, — ասաց Մարզպետունին, յուր թափանցող հայացքը, սևեռելով բերդակալի աչքերին։

— Երդվում եմ Լուսավորչի սուրբ աջովը․․․ — հարեց իսկույն Վահրամը և ձեռքը տվավ Մարզպետունուն։

Վերջինս սեղմեց նրան ջերմությամբ և ասաց․

— Շնորհակալ եմ, Վահրամ իշխան, մինչև այժմ ես իրավունք ունեի միայն մի անձի վրա, որին կարող էի զոհել գահի և հայրենիքի սիրույն։ Այս վայրկյանից ուրեմն իրավունք եմ ստանում երկու անձի վրա․․․

— Այո՛, Վահրամ սեպուհը նույնպես քեզ է պատկանում, զոհի՛ր նրան, երբ հարկը կպահանջե, միայն թե հայրենիքի փրկության սեղանի վրա։

— Ես ուրիշ սեղան չեմ ճանաչում, և ահա՛ այս վայրկյանից քո ձեռքն եմ հանձնում իմ հույսը և հավատը․․․

Այս ասելով իշխանը գրկեց բերդակալին, համբուրեց նրան ջերմությամբ և մի քանի ուրիշ պատվերներ էլ տալով, աշտանակեց յուր նժույգը և սրարշավ դուրս եկավ ամրոցից։

Իշխանի թիկնապահը, որ Գարդման ավանում անախորժ նորություններ էր լսել, և այդ պատճառով գրեթե ամբողջ գիշերն անցրել էր անհանգստության մեջ, վաղ առավոտվանից ելնելով՝ ուղղվեցավ դեպի ամրոցը։ Նա աշխատում էր մի վայրկյան առաջ հասնել այնտեղ, վախենալով՝ թե գուցե յուր տիրոջը մի վտանգ հասնի ապստամբ իշխանից։

Բայց որքա՛ն մեծ եղավ նրա զարմանքն ու ուրախությունը, երբ դեռ Գարդմանա գետակը չանցած՝ տեսավ իշխանին, որ իջնում էր ամրոցի զառիվայրից։

— Ո՞ւր և ինչո՞ւ այդպես վաղ, Եզնիկ, — հարցրեց իշխանը յուր թիկնապահին, երբ նրանք մոտեցան միմյանց։

— Տե՛ր իմ, եթե մութով կարողանայի մտնել ամրոցը, նույնիսկ այս գիշեր կգայի քեզ մոտ, — պատասխանեց թիկնապահը, — բայց գիտեի, որ Գարդմանը անմատչելի է ծակամուտների համար։

— Ի՞նչ կա, ինչո՞ւ էիր շտապում։

— Նորություններ իմացա, գալիս էի քեզ մոտ․ վախենում էի, թե գուցե մի վտանգ հասնի քեզ իշխանից։

— Ես, փառք աստուծո, ահա ողջ-առողջ նստած եմ Սևուկիս վրա․ բայց դու ի՞նչ նորություններ լսեցիր։

— Անախորժ նորություններ։ Իմ հյուրընկալ քահանան ոչինչ չէր կամենում ասել։

— Հետո՞։

— Բոլոր փողերս նրա տանը թողեցի։ Մի մասը աջհամբույր տվի իրան, մի մասը տիրուհուն ընծայեցի, մնացյալն էլ աղջկան տվի իբրև ոտնլվայի նվեր։

— Իսկ աղջիկը գեղեցի՞կ էր։

— Ո՛հ, տեր իմ, անշուշտ ուրախ է սիրտդ, որ Եզնիկի հետ կատակ ես անում, և իրավ շատ գեղեցիկ էր․ սևաչյա, կարմրաթուշիկ, երկայնահեր․․․

— Ինչո՞ւ չնշանվեցար։

— Հա՛, քահանային կաշառելո՞ւ համար․․․ Բայց ես նրան ուրիշ բանով կաշառեցի․ խոստացա, թե «կխնդրեմ իշխանին, որ քեզ տեղափոխել տա Դվին»։

Զարմանալի է․ այդ գեղջուկն էլ է մայրաքաղաքում քահանայություն անել փափագում․

— Դու չէի՞ր ուրախանալ, եթե քեզ հարյուրապետ կարգեինք։

— Ինչո՞ւ չէ, բայց ես կարող էի առյուծի պես կռվել։

— Է՛հ, քահանան էլ կարող է մկրտել, պսակել, թաղել․ մայրաքաղաքումն էլ մարդիկ այնպես են ծնվում ու մեռնում, ինչպես և գյուղերում։

— Այդպես է, տե՛ր։

— Բայց դու ի՞նչ իմացար քահանայից։

— Արքայից ապստամբած են նաև աղվանցիք ու գարդմանացիք․ և այդ արել է Սևադան։ Տեր հայրը պատմեց, թե «Մի օր մեր գյուղապետն եկավ և իշխանի հրամանով հրավիրեց բոլոր գյուղացիներին եկեղեցվո բակը և երդվեցրավ նրանց զենք առնել թագավորի դեմ։ Բոլորը երդվեցան։ Մյուս գյուղերում ու ավաններում էլ նույնն են արել։ Երեք օրվա ընթացքում, ասում էր տեր հայրը, չորս հազար մարդ է հավաքվել Դավիթ իշխանի դրոշակի տակ։ Այդ բանակով նա գնացել է Ուտիք։ Իսկ գյուղերում մնացող ժողովուրդը երդվել է՝ չոր հաց անգամ չտալ արքայական զորքին»։

— Այդ բոլորը ես գիտեմ, փողերդ իզուր ես վատնել․ — ասաց իշխանը։ Ապա հաղորդելով նրան մի քանի կարևոր նորություններ, հարցրեց։ — Ի՞նչ իմացար դու բանակի շարժման մասին, արդյոք ապստամբները մինչև ո՞ւր պիտի դիմավորեն թագավորին կամ գարդմանացիք որտե՞ղ պիտի միանան ուտիացիներին։

— Այդ մասին ոչինչ չիմացա, չնայելով, որ հենց այդ նպատակով երկու ժամ էլ գինետանն անցրի։ Միայն թե այդտեղ պատահեցի մի դասալիք զինվորի, որ փախել էր Տավուշի ձորից։ Նա պատմում էր, թե Ամրամի մի քանի խմբերը շրջում են Կուրի եղեգնուտներում և նպատակ ունին նետահար անել արքային, հենց գետի վրայից անցնելու ժամանակ, որովհետև Ամրամը վախենում է եգերացիներից և չի կամենում ազատ դաշտի վրա ճակատել նրանց դեմ։

— Այդ նրանց չի հաջողիլ, — նկատեց իշխանը հանգստությամբ, — թագավորի թիկնապահները վանանդացիք են․ նրանց վահանափակը կայծակն անգամ չի թափանցել, ուր մնաց ուտիացիների նետերը։

— Բայց եթե ափխազաց զորքերը հասնեն, — ասում էր դասալիքը,-այն ժամանակ Ամրամը համարձակ կճակատե թագավորի դեմ։

— Ի՞նչ, ափխազաց զորքե՞րը, — կարծես լսածին չհավատալով հարցրեց իշխանը։

— Այո՛, ափխազաց զորքերը։ Ցլիկ-Ամրամը խոստացել է Գուրգենին Ուտիքը հանձնել նրան, եթե վերջինս կօգնե իրան այս ապստամբության գործում։

— Որտեղի՞ց գիտեր դասալիքը Ամրամի այդ գաղտնիքը։

— Նա մի քանի օր շարունակ Ամրամի հետամուտների հետ միասին շրջել է եղեգնուտներում։ Նրան ուտիացիք խոստումներ են արել, թե Ամրամ իշխանը նրան էլ իրանց հետ կտանե Ափխազիա, ուր ինքը՝ Ցլիկը պիտի տեղափոխվի՝ Ուտիքը Գուրգենին հանձնելուց և նրա փոխարեն Ափխազիայում ուրիշ երկիր ստանալուց հետ։ Հենց այդ խոստումն էլ պատճառ է դարձել, որ այդ զորականը հեռացել է նրանից։ Պատվական հայ էր այդ դասալիքը։ «Եթե Ամրամը պիտի հեռանա Ափխազիա, մենք ինչո՞ւ նրա պատճառով կռվենք մեր թագավորի դեմ», — ասում էր նա ինձ։

Իշխանի դեմքը մռայլվեց։ Թիկնապահի հաղորդածը երկյուղ ազդեց նրա սրտին։ Մինչև այդ՝ նա պարուրում էր իրան այն հուսով, թե գուցե արքայի մեծ զորքով երևալն ստիպե Ամրամին հետ քաշվել յուր ամրոցը, և պատերազմը տեղի չունենա։ Բայց այժմ, երբ իմացավ, թե ափխազաց Գուրգենն էլ խառն է գործի մեջ, չափազանց տխրեց։ Ամրամը օտարի այդ աջակցության վրա վստահանալով կարող էր մեծ վնաս հասցնել երկրին։

Իշխանին մնում էր մի նվազ հույս, այն է՝ ապավինել յուր կորովին և պերճախոսությանը՝ ապստամբի սիրտը կակղացնելու համար։ Դրանից զատ նա չգիտեր ուրիշ մի ելք, որով կարելի լիներ չարիքի առաջն առնել։

— Տե՛ր իմ, ափխազաց այդ հին գայլը մեզ շատ վնասներ հասցրավ, ե՞րբ պիտի կարողանանք պատժել նրան, — հարցրեց Եզնիկն իշխանին։

— Երբ որ աստված կամենա, — անուշադիր եղանակով պատասխանեց իշխանը և սկսավ ձիու ընթացքն արագացնել։

— Բայց մենք ո՞ւր ենք գնում,-հարցրեց թիկնապահը՝ իշխանին հետևելով։

— Մենք այսօր ևեթ պիտի աշխատենք հասնել Ամրամի բանակը, մեր կորցրած ամեն մի ժամը կարող է մի նոր վտանգ ծնել մեզ համար։

— Կերթանք առանց հանգստանալու։ Բայց ձիաների ուժը չի բավիլ այդքան ճանապարհը մի օրում կտրելու։

— Ինչո՞ւ, քանի՞ փարսախ է այստեղից մինչև Տավուշ։

— Հարյուրից ավելի։ Մենք հազիվ կարող ենք երեկոյան Սագամի ձորն անցնել։

— Իսկ առավո՞տը։

— Այո՛, լուսածագին կմտնենք Տավուշ։

— Այդ էլ բավական է․ շտապենք, — ասաց իշխանը և մտրակը շարժեց։ Սևուկն սկսավ սուրալ հողմի պես․ թիկնապահը հետևում էր նրան։

Երեկոյան դեմ մեր ճանապարհորդները գտնվում էին Սագամի ձորում։ Գետափին հանգստացող մի քանի գյուղացիներ տեղեկություն տվին նրանց, որ Դավիթ ու Գրիգոր իշխանների բանակը չվել էր այդտեղից հենց միևնույն օրը, և թե Ամրամի զորքերը գտնվում են այդ միջոցին Աղստև և Կուր գետերի խառնուրդի մոտ։

— Ցանկալի էր իմանալ, թե ինչո՞ւ Ամրամը հեռացել է այդքան յուր ամրոցից, — հարցրեց Եզնիկն իշխանին, երբ նրանք գետն անցնելով՝ դեմ դրին դեպի դաշտավայրը։

— Այդ նշան է, որ ափխազցիները մոտենում են նրան։ Ահա գարդմանացիք էլ այստեղից են չվել։ Կնշանակե նրանք միացնում են բանակները։

— Ուրեմն թագավորի գալստյան մասին լո՞ւր ունին առած։

— Անշո՛ւշտ, ապա թե ոչ, ինչո՞ւ այդքան զորքերը միասին կխմբեին, չէ՞ որ մի քանի օրվա մեջ բոլոր շրջակաների պաշարը կարող էին նրանք սպառել։

— Տե՛ր, ինձ թվում է, թե մենք պատերազմին պիտի մասնակցենք և ոչ թե հաշտությանը, այնպես չէ՞, — հարցրեց Եզնիկը մի առանձին անհանգստությամբ։

— Այդ աստծուն է հայտնի, տեսնենք, թե առավոտը ի՛նչ օր կծագե մեզ համար, — պատասխանեց իշխանը, ըստ երևույթին անփույթ եղանակով, բայց նա իսկապես տանջվում էր տխուր մտածմունքներից։ Մի ծանր նախազգացում ճնշում էր յուր սիրտը, և կարծես այդ ճնշումից ազատվելու համար էր, որ նա շարունակ արագացնում էր ձիու ընթացքը։

Իշխանն ու թիկնապահը անցուցեն այդ գիշեր Սևորդյաց ձորի գյուղերից մինում։ Այդտեղ իմացան, որ Ցլիկ-Ամրամը յուր և իրան հետ եղող ապստամբ իշխանների ընտանիքներն ամրացրել է Տավուշ բերդում, իսկ ինքը առաջացել է դեպի Աղստև, որպեսզի թագավորին հանդիպե ամրոցից հեռու։ Այդ նրա համար էր, որ նախ՝ պատերազմի արհավիրներով չահաբեկե ամրոցաբնակ տիկնանց, և երկրորդ՝ որ ինքն ավելի ազատ լինի յուր գործառնությանց մեջ․ այսինքն՝ եթե պարտություն կրելու լիներ, կարող էր քաշվել լեռները, մինչև որ նորից կկարգավորեր յուր բանակը, իսկ եթե թագավորը որոշեր պաշարել յուր բերդը, այն ժամանակ նա կհարձակվեր ետևից և այդպիսով կազատեր բերդը պաշարումից։

Այդ բոլոր ծրագիրները հայտնի դարձան Մարզպետունուն, հենց որ նա Ամրամի Տավուշից հեռանալն իմացավ։

— Ուրեմն մենք գործ չունինք նրա ամրոցում, — ասաց իշխանը թիկնապահին․ — առավոտն արդեն պիտի հասնինք Աղստև։

— Դեռ արևը չծագած կարող ենք Հասանի ջուրն անցնել, — պատասխանեց թիկնապահը։

Նրանք պառկեցին մի քանի ժամ հանգիստ առնելու համար։

Հետևյալ առավոտ, հազիվ արևը հորիզոնից մի ասպարեզ բարձրացած, իշխանն ու յուր թիկնապահը Աղստևի հովիտը հասան։

Դաշնակից ապստամբների վրանները բռնած էին հովտի բոլոր տարածությունը՝ սկսած Աղստևի գետաբերանից մինչև մոտակա լեռան ստորոտը։ Հովտի արեգընդդեմ մասի վրա զարկած էին ուտիացոց ու սևորդյաց վրանները։ Նրանցից մի ասպարեզ հեռու գտնվում էին գարդմանացիք ու աղվանք։ Նրանց բոլորի վրաններն էլ շարված էին կանոնավոր ուղղությամբ և ներկայացնում էին մի քանի ընդարձակ քառակուսիներ, որոնց յուրաքանչյուրի մեջտեղում գտնվում էր զորավարի կամ իշխանի վրանը։ Բայց բանակի ոչ մի կողմից պատնեշ չկար դրված․ այդ նշան էր, որ զորքը նպատակ չուներ այդտեղ երկար մնալու։

Նոր էին հասել և դաշնակից ափխազցիները, որոնք և խառն ու անկանոն կերպով խփել էին իրանց վրանները դեպի Կուրը ձգվող դաշտավայրի վրա։

Ապստամբների այս ահագին պատրաստությունը տեսնելով՝ Մարզպետունի իշխանը դառնությամբ բացականչեց․

— Ինչպե՜ս լավ համախմբվում են՝ իրանք իրանց կործանելու համար։

— Չէիր սպասում այսպիսի կազմության, տեր իմ, այնպես չէ՞, — հարցրեց Եզնիկը ժպտալով։

— Բնա՛վ։ Թշվառականները միայն հարազատի դեմ են լավ զինվում․․․ կամ երբ հարկավոր է լինում սեփական երկիրը ոտնակոխ անել․․․

— Բանակատեղը պիտի մտնենք, այնպես չէ՞, — հարցրեց թիկնապահը։

Իշխանը չպատասխանեց։ Նա ձիու սանձը քաշած և հաստաբուն մի ծառի ստվերում կանգնած՝ դիտում էր բանակը, նրա տարածությունը, նոր զարկվող վրանների շուրջը տիրող շարժումը, մի խումբ հեծելազորի վարժությունները և հովտի մի կողմը հավաքված զորքերի մկնդախաղը։ Երկար դիտելուց հետ, նա դարձավ թիկնապահին․

— Տեսնո՞ւմ ես այն ընդարձակ վրանափակը, որի մեջտեղը զարկած է իշխանական վրանը։

— Ա՞յն, որի վրա ծածանվում է երկգունյան դրոշակ։

— Այո՛․ Ամրամ սեպուհինն է այն, գնա անցիր ուղղակի բանակի միջով․․․

— Ավելի լավ չէ՞ հովտի եզերից մոտենալ։

— Ո՛չ, սևորդիները վայրենի մարդիկ են․ կարող են մինչև անգամ նետահարել։ Անցի՛ր բանակի միջով, բայց սրարշավ և առանց աջ ու ձախ նայելու, մոտեցի՛ր իշխանի վրանին, ներս մտիր․․․ ճանաչո՞ւմ ես դու իշխանին։

— Ինչպե՞ս չէ․ շատ անգամ եմ տեսել։

— Հա՛, նե՛րս մտիր և հայտնիր իմ կողմից, որ եկել եմ և կամենում եմ տեսնվել յուր հետ։ Ասա՛, որ կարևոր գործի մասին է խոսելիքս։

— Կհրամայե՞ս հայտնել իրան պատճառը, եթե հարցնելու լինի։

— Ո՛չ․ պատճառների մասին խոսելը քո գործը չէ․ գնա՛, մի՛ ուշանար։

— Իսկույն, տե՛ր իմ։ — Այս ասելով Եզնիկը մտրակեց յուր ձին և սրարշավ դեպի բանակն ուղղվեցավ։

Իշխանի ակնարկած վրանափակը մի ընդարձակ քառակուսի էր, բաղկացած չորս տասնյակ վրաններից, որոնցից յուրաքանչյուր տասնյակը զարկած էր մյուսի հանդեպ երկշար ուղղությամբ։ Դրանց մեջտեղում գտնվում էր սեպուհի ընդարձակ վրանը, որի վրա ծածանում էր զորավարական դրոշը։ Վրանի ճակատը զարդարված էր իշխանական զինանշանով, իսկ ներսը պատած կարմիր պաստառներով։ Վրանը վերամբառնող երրյակ սյուների վրա, որոնք զարդարված էին պղնձե փայլուն օղակներով, կախված էին գեղեցիկ զենքեր, այն է՝ արծաթապատ սրեր և վաղակավորներ, դրվագազարդ վահաններ ու ասպարներ, նետալից կապարճներ, արծաթազարդ աղեղներ, իսկ վրանի մի անկյունում հենված էին կարճաբուն մկունդներ ու գեղարդներ։

Իշխանական վրանի առաջ կանգնած էին զրահազգեստ պահապաններ, երկաթե գլխանոցներով, երկար նիզակներ ու ասպարներ ձեռքներին։ Իսկ վրանի մեջ անցուդարձ էր անում Ցլիկ-Ամրամը, միայնակ և մտախոհ։

Սա մի բարձրահասակ և հաղթանդամ տղամարդ էր, ամուր կազմվածքով և խոշոր ու ազդեցիկ դեմքով։ Նրա լայն ճակատը, որ ծածկված էր կնճիռներով, սուր և թափանցող աչքերը, որոնց հովանավորում էին թավամազ և գրեթե միավորյալ հոնքեր, մեծ և արծռունգն քիթը, որ իշխում էր կարծես երկար ու թավ ընչացքին, և հարուստ, գորշախառն մորուքը, որ ծածկում էր պղնձե լանջապանակի կեսը, տալիս էին նրան լուրջ և մինչև անգամ ահարկու կերպարանք։ Նա ամբողջապես զրահազգեստ էր։ Հագած ուներ պողպատից հյուսած վերտ, կրծքին՝ փայլուն լանջապանակ, կռներին՝ բազպաններ, ոտքերին՝ սռնապաններ, իսկ ազդրին՝ ծանր, արծաթապատ սուր։ Պողպատե սաղավարտը, որի վրա փայլում էր պղնձե արծվաձև գարդմանակ և որը զարդարված էր սև, թավամազ ցցունքով, դրված էր փոքրիկ սեղանակի վրա։

Հանկարծ սեպուհը լսեց մի վիճաբանության շշուկ, որ տեղի էր ունենում յուր վրանի առաջ։

— Ո՞վ է այդտեղ, — գոչեց նա ներսից հզոր ձայնով։

— Մի ոստանցի զինվոր, որ կամենում է ներկայանալ քեզ, տե՛ր, բայց չի կամենում վաղակավորն ու վահանը ձգել, — պատասխանեց պահապանը, մոտենալով վրանի մուտքին։

— Ո՞վ է այդ համառը, թողե՛ք որ գա, — հրամայեց սեպուհը։

Եկողը Եզնիկն էր։ Նա յուր երկարաբուն նիզակը հանձնեց պահապանին և ներս մտնելով վրանը, խորը գլուխ տվավ իշխանին։

— Ո՞վ ես դու, — հարցրեց Ամրամը խրոխտ ձայնով։

— Մարզպետունյաց Գևորգ մեծ իշխանի թիկնապահը, — պատասխանեց Եզնիկը։

— Դու չգիտե՞ս, որ իրավունք չունիս սրով ու վահանով իշխանի վրանը մտնելու։

— Երբե՛ք հեռացրած չեմ ինձանից այս զենքերը, տեր իմ։

— Ուրեմն երբեք էլ բանբերի պաշտոն չե՞ս կատարած։

— Առաջին անգամն եմ կատարում և երկրորդ անգամ չպիտի կատարեմ, քանի որ հարկավոր է դրա համար զինաթափ լինել, — պատասխանեց Եզնիկը փոքր-ինչ այլայլված։

Սեպուհը ժպտաց։

— Ի՞նչ ունիս ինձ հայտնելու, — հարցրեց նա։

— Իշխանը հրամայեց ինձ՝ ասել, որ եկել է ձեր բանակը կարևոր գործի համար և կամենում է խոսակցել տեր սեպուհի հետ։

— Գևորգ իշխանն այստե՞ղ, մեր բանակո՞ւմն է։

— Այստեղ, բանակից դուրս սպասում է քո պատասխանին։

— Գնա՛, ասա՛, թող շնորհ բերե, — պատվիրեց իսկույն սեպուհը և ապա կանչելով պահապանին՝ հրամայեց, որ հայտնե յուր թիկնապահներին՝ ընդառաջել իշխանին։

Իսկույն մի խումբ զրահավորներ, պատրաստ ձիանը աշտանակելով՝ դիմավորեցին իշխան Մարզպետունուն բանակից դուրս և առաջնորդեցին նրան սեպուհի վրանը։

— Ամեն մարդու կսպասեի տեսնել իմ վրանում, բայց Մարզպետունյաց իշխանին, թագավորի զինակցին ու հավատարմին, երբե՛ք․․․-ասաց սեպուհը ջերմագին ողջունելով իշխանին և հրամեցնելով նրան մի փոքրիկ եռոտանի աթոռ։

— Բարեբախտաբար ես միշտ այնտեղ եմ, ուր ինձ չեն սպասում, — ժպտալով պատասխանեց իշխանը։

— Բարեբախտաբա՞ր, ի՞նչ կնշանակե այդ։

— Կնշանակե, թե երբեք չար գործի համար չեմ այցելում մեր բարեկամներին։

— Բարեկամներին, այո՛, բայց դու թշնամու վրանումն ես։

— Ո՛չ, Մարզպետունին հայ թշնամի չունի․ Նա այդպիսի թշնամի չի ճանաչում։

— Իսկ թագավորի թշնամիները քո թշնամիները չե՞ն։

— Դու մի օր թագավորի բարեկամն էիր և դարձյալ բարեկամ կլինիս․․․

— Բարեկա՞մ․․․ դժոխքը տանե նրան․․․ իմ սատանային հաշտության ձեռք կպարզեմ, բայց նրան՝ երբեք, — ուժգին բացականչությամբ ընդհատեց սեպուհն իշխանին։

Մարզպետունին լռեց և մի տեսակ տարակուսական հայացքով սկսավ դիտել սեպուհի դեմքը, որ այլայլվել էր հանկարծական հուզմունքից։

— Եթե գիտենայի, թե պիտի վրդովեմ քեզ․․․ այսքան երկար ճանապարհ չէի կտրիլ․․․ — մեղմ ու հանդարտ ձայնով նկատեց իշխանը։

— Թագավորը հազիվ մի ավուր ճանապարհով հեռի է մեզանից, — խոսել սկսավ սեպուհը՝ նույնպես մեղմությամբ, — վաղը գուցե մենք ճակատենք միմյանց դեմ․ եթե դու մեզ հաշտեցնելու համար ես եկել, ցավում եմ, որ ապարդյուն աշխատանք ես հանձն առել։

— Ոստանում ոչ ոք չէր հավատում, թե սեպուհ Ամրամը կարող է ապստամբել յուր թագավորից․․․

— Ես չեմ ապստամբել իմ թագավորից, — ընդհատեց սեպուհն իշխանին․-հիշում ես, թե ինչպե՛ս անձնվիրաբար էի ծառայում նրան։ Քանի՛-քանի՛ անգամ յուր ապստամբ կողմնակալների դեմ պատերազմեցի, քանի՛ վտանգավոր կռիվների մեջ յուր անձը պաշտպանեցի, ի՛նչ հերոսությամբ Շամշուլտեի վրա յուր դրոշակը պարզեցի, ո՞ր մեկը հիշեմ․․․

— Եվ նա քեզ պարտապան չմնաց, իշխան կարգեց ամբողջ Ուտիքի և Սևորդյաց աշխարհի վրա․ հյուսիսային զորքի հրամանատարությունը հանձնեց քեզ․․․ Դու չպետք է օգուտ քաղեիր քո ձեռքում ունեցած իշխանությունից ու պատրաստի զորքերից և, ապստամբության դրոշակ բանալով՝ սուրդ ուղղեիր քո բարերարի և թագավորի դեմ։

— Երբե՛ք իմ թագավորի, մի՛ ասիր այդ, այլ իմ անձնական թշնամու․․․

— Անձնական թշնամի՞․․․ մի՞թե թագավորը կարող է անձնական թշնամի լինել յուր պաշտոնակալին, — նկատեց իշխանը՝ իբրև թե սեպուհի խոսքերը չհասկանալով։

— Իշխա՛ն, եթե դու ոչինչ չգիտես այն ամենից, ինչ որ իմ մեջ թշնամություն է գրգռել դեպի թագավորը, ապա շատացիր այնքանով՝ ինչ որ ես քեզ ասացի, ավելին խոսել չեմ կարող։

— Ես չեմ կամենում, որ շատ բաներ պատմես ինձ։ Գիտեմ, թե առհասարակ ի՛նչ պատճառներ են դրդում մեր իշխաններին թշնամանալ թագավորին կամ ապստամբիլ նրա դեմ․․․

— Գիտես, այնպես չէ՞, — ընդհատեց հանկարծ սեպուհը, — փառամոլություն, շահասիրություն, ընչաքաղցություն, ի՛նչ ես կարծում, դրանցից մեկը չէ՞, որ դրդել է ինձ թշնամանալ իմ թագավորին․․․

— Չգիտեմ, և ասացի, թե չեմ էլ կամենում իմանալ, բայց կամենում եմ, որ դու ապստամբության դրոշակն ամփոփես և թագավորիդ դեմ հանած սուրը յուր պատյանը դարձնես։

— Այդ սպառնալի՞ք է քո կողմից, իշխա՛ն։

— Ո՛չ, այլ լոկ խնդիր, աղաչանք․․․

— Զարմանում եմ․ Մարզպետունյաց տերը խնդրում, աղաչում է սեպուհ Ամրամին․․․ Այդպիսի խոնարհություն չեն ունեցել, կարծեմ, Մարզպետունի նախարարները․․․ Արդյոք մի խորհրդավոր գաղտնիք չկա՞ թաքնված այդ խնդրարկության մեջ․

— Լսի՛ր, Ամրամ սեպուհ․ Մարզպետունի նախարարները հպարտ էին ավելի, քան քո նախահայրերը, բայց նրանց ժառանգը գերադասում է հայրենասիրությունը, մի՞թե այդ մի արատ է նրա համար։

— Բնա՛վ․ երա՛նի նրան, ով կարող է անձնվիրաբար ծառայել հայրենիքին։

— Եվ, ահա՛, հենց այդ հայրենիքի շահն է, որ իմ հպարտ ճակատը խոնարհեցնում է քո առաջ։ Կարո՞ղ ես արհամարհել այս խոնարհությունը կամ անարգ գաղտնիքներ որոնել նրա մեջ։

— Ո՛չ։

— Ուրեմն լսի՛ր ինձ․ կակղացրու սրտիդ կարծրությունը և արգելիր այն կոտորածը, որ տեղի պիտի ունենա մի կամ երկու օրից հետո։

— Չեմ կարող։

— Ուրեմն հայոց հազարավոր մայրերը որդիներ են ծնել ցավոք ու հեծությամբ, մեծացրել են նրանց բազմամյա տանջանքներով, որ դուք իշխաններդ մի օրվա ընթացքում զոհեք այդ բոլորին ձեր անձնական կրքերի՞ն։

— Իսկ երբ նրանց տանում եք հագարացոց դեմ, երբ նրանց մաշում է մահմեդականի սուրը, ինչո՞ւ այն ժամանակ էլ չեք հիշում հայ մայրերի ցավն ու հեծությունը։

— Հայրենիքի թշնամու դեմ կռվելը, նրա ազատության համար մեռնիլը սրբազան պարտք է, այդ պարտքից ոչ ոք չպիտի փախչի, բայց եղբայրասպանությունը մի ոճիր է, աստծուց և մարդկանցից անիծված։

Ամրամը, որ խոսելու ժամանակ բարձրացել էր տեղից, նստեց նորեն եռոտանու վրա և լուռ ու մտախոհ սկսավ դիտել վրանի անկյունին հենած գեղարդները։ Ապա մի վայրկենից հետ ձեռքը դեպի ծնոտը տարավ և յուր հարուստ, նրբահեր մորուքը շոյելով՝ մեղմ ձայնով ասաց․

— Տե՛ր Մարզպետունի, շահավոր խոսելն ավելի հեշտ է, քան շահավոր գործելը։ Ես չէի ցանկանալ չարագործի անուն վաստակել, բայց հանգամանքները չարագործ շինեցին ինձ։ Այսուհետև ես չպիտի մտածեմ, թե ի՛նչ է ասում աշխարհն ինձ համար, ես միայն մի մարդու պիտի հաշիվ տամ․ դա իմ ներքին մարդը, իմ խիղճն է․․․

— Այդ խիղճը թույլ չի տալ քեզ, որ եղբարցդ կյանքը վտանգի ենթարկես։

— Մի՛ ընդհատիր, իմ խ՛իղճը ավելի ընտանի է ինձ։ Բայց այդ չէ խնդիրը, եթե ես, մինչև, անգամ, իմ արդար ցասումը ճնշեմ, իմ խիղճը բռնաբարեմ, դարձյալ չեմ կարող քո խնդիրը կատարել, որովհետև միայն ես չեմ, որ թագավորի դեմ եմ կանգնած, ինձ հետ են նաև Գարդմանա և Ափխազիո իշխանները իրանց դաշնակիցներով։ Անշուշտ դու տեսար այս հովտի վրա զարկած բազմաթիվ վրանները, այստեղ խմբված են այն իշխանները, որոնք հին հաշիվներ ունին թագավորի հետ վերջացնելու։ Եթե ես ամփոփեմ ուտիացոց դրոշը, միևնույն է, ինձ չեն հետևիլ ո՛չ սևորդները, ո՛չ գարդմանացիք, ո՛չ աղվանք, ո՛չ տայոց իշխանը, ո՛չ ափխազաց արքայորդին։ — Բե՞ր իշխանը․․․ Նա՞ էլ այստեղ է։

— Այո՛, նա էլ այստեղ է․․․ հայոց թագավորի տոհմական թշնամին։

— Որի հետ միացել ես դո՛ւ։

— Այո՛, և երդվել եմ, ինչպես նրան, նույնպես և մյուս դաշնակիցներին, կռվել հետերնին միասին, մինչև իմ վերջին շունչը։

— Եվ եթե հաշտվե՞ս։

— Այն ժամանակ այդ բոլորի սուրը կդարձնեմ միայն իմ անձի դեմ։ Այս է մեր պայմանը։

— Հիշածների մեջ, սիրելի Ամրամ, միայն Ափխազիո երիտասարդ իշխանն է, որ դժգոհ կմնա հաշտությունից, որովհետև նա եկել է կոտորելու և ավերելու նպատակով։ Ինքդ ասացիր, որ նա արքայի տոհմական թշնամին է, և բնական է, որ չկամենա ձեռնունայն վերադառնալ յուր հոր մոտ։ Բայց մյուս իշխաններն ընդդեմ չեն լինիլ, եթե դու հաշտվես և արգելես առաջիկա կոտորածը։

— Իսկ Սևադա իշխա՞նը, նրա երկու որդինե՞րը, կատաղի գարդմանացի՞ք, որոնք եկել են իրանց կույր իշխանների վրեժը լուծելու թագավորից․․․

— Սևադա իշխանը ներեց թագավորին։

— Ի՞նչ, Սևադան ներե՞ց,-տեղից վեր թռչելով բացականչևց Ամրամը։

— Այո՛, ես նրա մոտ էի․ նա ներեց և հետ կկանչե յուր զորքերը, եթե դու էլ վեհանձնաբար վայր դնես քո սուրը։

Բարկության հուրը ցոլաց Ամրամի աչքերում, նրա դեմքը այլայլվեցավ, և շունչը կարծես թե բռնվեցավ, ինչպես հնոցի մեջ խեղդվող բոցի ծուխը։

Նա մի քանի քայլ առաջ գնաց, նորեն հետ դարձավ և, ապա կանգ առնելով իշխանի առաջ, հարցրեց կրկին․

— Եվ այդպե՛ս, նա ուրեմն ներե՞ց․․․ և զորքերը հետ կկանչե, եթե ես հաշտվե՛մ․․․

— Այո՛, նա բոլորովին ներեց, նա հարգեց իմ խնդիրը, նա ապացուցեց, որ սիրում է հայրենիքը։

Ամրամը ձգեց յուր ձեռը, բռնեց իշխանի թևից և կամացուկ ձայնով ասաց․

— Այստեղ մեզ կարող են լսել, արի իմ առանձնարանը։

Այս ասելով, նա առաջ անցավ և ներքին վարագույրը բանալով՝ մտավ վրանի երկրորդ բաժանմունքը։ Իշխանը հետևեց նրան։

— Այդ Սևադան, այդ հպարտ գարդմանացին, որ երդվել էր պատժել յուր դահճին, ի՞նչ բարիքների հուսով է հաշտվում թագավորի հետ, — դարձավ Ամրամը Մարզպետունուն։

— Յուր անձի համար և ոչ մի։ Նա խնայում է յուր հայրենակիցների արյունը։

— Իսկ նա պատմե՞ց քեզ, թե ինչո՛ւ համար եմ սուր վերցրել ես։

— Պատմեց, ես բոլորը գիտեմ։

— Պատմեց, և դու բոլորը գիտե՞ս․․․ — զայրույթից կարծես խեղդվելով հարցրեց Ամրամը։

— Այո՛, բայց մի՛ վրդովվիր։

— Չվրդովվե՞մ, այդ ի՞մ ցանկությունից է կախված, կարո՞ղ ես հրամայել առյուծին, որ նա չմռնչե, երբ դարանակալ սուրը ցցվում է յուր կողերի մեջ․․․

— Համբերությունը ամենազորավոր զենքն է․․․

— Ի՞նչ համբերություն՛ից խոսելու ժամանակ է, Մարզպետունի՛ իշխան։ Ասում ես, որ Սևադան ներել է նրան, ինչո՞ւ, ինչո՞ւ ուրեմն այդ ծերուկը դժոխք վառեց իմ սրտում, ինչո՞ւ իմ հոգու խաղաղությունը վրդովեց, ինչո՞ւ իմ կյանքը թունավորեց․․․ եթե այսօր պիտի ներեր։

— Երբ մարդու հոգին կուրանում է վրեժխնդրության կրքերից․․․

— Էլ ո՛չ մի խոսք, Մարզպետունի՛ իշխան։ Սևադան թող ներե, նրա որդիքը թո՛ղ ներեն, բոլոր աշխարհը ներե, Ամրամ սեպուհը չի՛ ներիլ․․․ հաշտությո՞ւն․․․ Աշոտ-Երկաթի հե՞տ, երբե՛ք․․․ Եթե կարողանամ՝ նույնիսկ դժոխքի հետ կմիանամ այդ անարժան թագավորին գահավեժ կործանելու համար․․․ Եթե դու կարողանայիր մտնել իմ հոգեկան աշխարհը և տեսնել, թե տանջանքների ի՛նչ հրդեհ է վառվում այնտեղ, կսոսկայիր, կսարսափեիր․․․

— Եվ ահա՛ հենց այդ ժամանակն է, որ հերոսը և մեծ հայրենասերը կարողանում է ապացուցանել, թե յուր մայրը հասարակ ծնունդ չէ պարգևել աշխարհին։

— Ամենից հասարակ և ամենից սինլքորը կարող է հանդուրժել այս անպատվությանը, մեծ հոգին, ընդհակառակը, չի կարող տանել նրան։

— Սևադան փոքրիկ մարդ չէ․ Աշոտը կուրացրել է նրա երկու աչքերը, կուրացրել է և նրա որդուն, և սակայն նա մոռանում է այսօր այդ անփոխարինելի զրկանքը և ներում է անխիղճ փեսային միայն հայրենիքի սիրույն համար։

— Աշոտը նրա աչքերն է կուրացրել, բայց իմ՝ սիրտը։ Կույր աչքը կարող է ներել, բայց կույր սիրտը չի ներիլ․․․ չի կարող ներել։

— Բայց․․․․

— Տե՛ր Մարզպետունի, այն մարդը, «որ գիտ», թե թագավորն ի՛նչ անարգանք է հասցրել իմ անվանը և սակայն խորհուրդ է տալիս ինձ հաշտվել նրա հետ, նա իմ թշնամին է։ Եթե դու իմ վրանում չլինեիր, ես կմենամարտեի քեզ հետ․․․

— Ուրեմն, ես իմ գործը վերջացրի․․․ — ասաց Մարզպետունին իշխանը և տեղից վեր կենալով՝ ողջունեց Ամրամին և վրդովված դուրս գնաց վրանից։

Հազիվ իշխանը ներքին մուտքից հեռացել էր մի քանի քայլ, սեպուհը բարձրացրեց վարագույրը և ձայն տվավ նրան․

— Տե՛ր Մարզպետունի։

Իշխանը հետ դարձավ և հարցրեց․

— Դու ինձ ուրիշ ասելիք ունի՞ս։

— Ես դեռ ոչինչ չեմ ասել քեզ, — պատասխանեց Ամրամը։

Իշխանն ինքն իրան ուրախացավ։ Նրա սրտում նոր հույս ծագեց։ «Միգուցե նա զղջաց յուր սառն ընդունելության համար, միգուցե նա կամենում է «հարգել իմ խնդիրը․․․», վայրկենապես անցան այս մտքերը Մարզպետունու գլխով, և նա հոժարությամբ հետ դարձավ և նորեն ներքին վրանը մտնելով՝ հարցրեց․

— Ուրիշ ի՞նչ ունիս ինձ ասելու։

— Նստի՛ր այստեղ մի վայրկյան, — ասաց սեպուհը՝ ցույց տալով իշխանին յուր մահճակալը։

Իշխանը նստեց։

— Տե՛ր Մարզպետունի, եթե դու եկել ես ինձ մոտ իբրև պատգամավոր, ապա ուրեմն պետք է լրիվ պատասխան տանես նրան, ով որ ուղարկել է քեզ, — ասաց սեպուհը։

— Ոչ ոք ինձ չէ ուղարկել։ Թագավորը, ինչպես գիտես, նոր է վերադառնում եգերացոց աշխարհից, իսկ Ուտիքում եղած ժամանակ ես նրան չեմ տեսել․․․

— Ես կարծում էի, թե գուցե թագուհին․․․

— Եվ ո՛չ թագուհին, և ո՛չ կաթողիկոսը․․․ ես ինքս տեսա, թե ի՞նչ ավեր է սպառնում մեր աշխարհին։ Ամեն կողմ անցա, ամեն ինչ դիտեցի․ և վերջը որոշեցի գալ և խնդրել ձեզ երկուսիդ՝ քեզ և Սևադային՝ խնայել և խղճալ ձեր բազմաչարչար հայրենիքին․․․։ Սևադա իշխանը, շնորհակալ եմ, լսեց ինձ, մոռացավ յուր վիշտը, յուր վրեժխնդրությունը․․․ Դու էլ, ես հավատացած եմ․․․

— Ո՛չ, տեր Մարզպետունի, մի՛ հավատար, — ընդհատեց հանկարծ սեպուհը․ — մի՛ հավատար, թե ես կարող եմ քեզ լսել, թե քո խոսքերը կարող են իմ սիրտը շարժել, թե Ամրամ սեպուհը կարող է հայրենիքի համար մտածել․․․

— Ինչո՞ւ ուրեմն հետ դարձրիր ինձ․ ես այդ համոզմունքով արդեն հեռանում էի քեզանից։

— Հետ դարձրի, որ իմ սիրտը բանամ քո առաջ, ցույց տամ քեզ նրա ժահահոտ վերքերը, որպեսզի թագավորիդ հանդիպած ժամանակ պատմես նրան, թե Ամրամը ինչո՞ւ կործանման սուրը մերկացրեց։

— Նա քեզ չի արդարացնել։

— Մի՞թե ես սպասում եմ, որ նա ինձ արդարացնի․․․

— Ինչո՞ւ ուրեմն հայտնեմ նրան, թե ի՛նչ պատճառով կործանման սուրը մերկացրիր։

— Որպեսզի, եթե աստված ինձ հաջողե, և ես քո թագավորի զորությունը ջախջախեմ, երկիրն ավերեմ․ քաղաքները հրդեհեմ և նրա գահն ու թագը ապականության մոխրով ծածկեմ, նա իմանա, թե որ անարգանաց վրեժը լուծեց Ամրամը իրանից․․․

— Այդ նա կիմանա․․․ Անշուշտ կիմանա, բայց դու էլ իմացիր, որ այդպիսի անխիղճ գործերի համար բոլոր աշխարհը պիտի քեզ անիծե։

— Այդ անեծքները չեն տանջիլ իմ հոգին ավելի, քան, որքան տանջվում է նա այժմ ապիրատ թագավորի ինձ հասցրած անարգանքի պատճառով․․․ Նույնիսկ օրհնություններն անկարող են բուժել այն վերքերը, որոնք լափում, սպառում են այժմ իմ գոյությունը․․․

— Բայց եթե կարողանայիր մի վայրկյան սառը ուղեղով դատել, եթե երիտասարդական անփորձ եռանդը տեղի տար խոհեմության և իմաստության․․․ եթե վրեժխնդրության փոխարեն վառվեր քո սիրտը հայրենիքի սիրով․․․ այն ժամանակ հավատացած եմ, չէիր կամենալ մի կնոջ պատճառով հայրենյաց դավաճանի անունը վաստակել։

Սեպուհը մոտեցավ իշխանին, յուր հրավառ հայացքն ուղղեց նրա աչքերին և ներքին հուզմունքից դողացող ձայնով ասաց․

— Մի կնոջ պատճառո՞վ, ասացիր․․․ Օ՛հ, ինչպե՜ս կկամենայի, որ մենք մի անծանոթ դաշտի վրա լինեինք, և ես այդ խոսքը լսեի քեզանից այնտեղ և ոչ թե իմ վրանում․․․ Հավատա՛ ինձ, Մարզպետունի՛ իշխան, որքան էլ դու հզոր, որքան էլ քաջամարտիկ, բայց ես իմ սրով կպատառեի քո կուրծքը, եթե նա մինչև անգամ ծածկված լիներ պողպատե լանջապանով․․․ Դու կարողանում ես ասել մի կին՝ այն արարածին, որ իմ տան թագուհին, իմ սրտի աստվածուհին էր մինչև այսօր․․․

— Ների՛ր ինձ, սիրելի Ամրամ, ես չէի կամենում քեզ վիրավորել, ոչ էլ «մի կին» ասելով՝ ուզում էի Ասպրամ իշխանուհուն նվաստացնել․․․

— Լռի՛ր, աղաչում եմ քեզ․ մի՛ հիշիր նրա անունը, գոնե մի՛ հիշիր իմ առաջ, մի՛ խոսիր նվաստության մասին, ես կարող եմ խելագարվել․․․- — ընդհատեց իշխանին Ամրամը, ներքին հուզմունքից բոլորովին այլայլվելով։

— Ես պետք է կրկին և կրկին անգամ ներողություն խնդրեմ քո վրանը մտնելուս համար, — մեղմ ձայնով ասաց Մարզպետունին։

Սեպուհը չպատասխանեց։ Նա վրդովված սկսավ անցուդարձ անել վրանում և ձեռքը մերթ ընդ մերթ դեպի ճակատը տանելով՝ շփել նրան, աշխատելով կարծես յուր ուղեղը ծանրաբեռնող մտածությունները ցրել։

Անցան մի քանի վայրկյաններ։ Լուռ էին երկուսն էլ։ Վրանի մեջ լսվում էր միայն սեպուհի խուլ քայլատրոփը։

Իշխանն աչքերը Ամրամի վրա հառած, հետևում էր նրա քայլերին և միևնույն ժամանակ մտածում, թե ինչպե՞ս անե, որ յուր այցելությունն ապարդյուն չանցնե։ Նա պարզ տեսնում էր, որ յուր խոսքերն ազդեցություն չեն անում սեպուհի վրա․ բայց և այնպես չէր հուսահատվում։ Նրան ծանր էր գալիս մանավանդ այն, որ համառ Սևադային համոզելուց հետո ձեռնունայն պիտի հեռանար Ցլիկ-Ամրամից։ Նա չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, թե խելք ու սիրտ ունեցող տղամարդը կարող է ընդհանուր հայրենիքի շահը զոհել յուր անձնական չնչին հաճույքին, յուր վրեժխնդրությանը։ Այս պատճառով էլ նա սպասում էր, որ Ամրամի զայրույթն իջնե, և ինքը նորից սկսե խոսել նրա հետ։

Վերջապես սեպուհը նստեց յուր մահճակալի ծայրին և կարծես վրդովմունքից հոգնած, լուռ և անթարթ աչքով սկսավ նայել վրանի մուտքին։

— Ամրամ սեպուհ, ի՞նչ անուն կտայիր դու այն մարդուն, որ մի քանի վայրկյան տաքանալու համար հրդեհեր յուր տունը, — հարցրեց հանկարծ իշխանը, չսպասելով սեպուհի խոսելուն։

— Խելագար կանվանեի․․․ — պատասխանեց վերջինս՝ առանց աչքերը վրանի մուտքից հեռացնելու։

— Ես կարծում եմ՝ մեզանից ամեն մեկի իսկական տունը և հարազատ ապաստանարանը ապահով հայրենիքն է։ Եթե մենք մեր անձնական, մեր անցողական հաճույքի համար վտանգում ենք նրա խաղաղությունը, նմանում ենք այն մարդուն, որ յուր մարմինը տաքացնելու համար վառում է յուր տունը, չմտածելով, թե երբ այդ կրակը հանգչի, երբ հարկի սյուները մոխիր դառնան, ինքը պիտի մնա անտուն, անպատսպարան, միշտ հալածական դառնաշունչ հողմերից կամ թե արևի կիվիչ ճառագայթներից․․․

— Այդ այդպես է, — պատասխանեց սեպուհը՝ իշխանին դառնալով․ — բայց կա այնպիսի սառնամանիք, որ երբ պաշարում է մարդուն, այն ժամանակ սեփական տունը հրդեհելն անհրաժեշտ է դառնում։ Մենք ամեն բանից առաջ մարդ ենք, մսից և արյունից կազմված։ Բե՛ր խրեմ այս սուրը կողերիդ մեջ, և տե՛ս, թե մահվան տագնապը կպաշարե՞ քեզ թե ոչ։

— Կպաշարե։ Բայց հենց այդ տագնապի մեջ հոգիս ուրախությամբ կբաժանվի իմ մարմնից, երբ մտածեմ, թե մեռնում եմ հայրենիքի համար։

— Իսկ երբ դաշույնը ցցվի հոգվո՞ւյդ մեջ․ երբ հոգին ինքը տանջանքների մատնվի՞․․․

— Եթե դու սիրտ և զգացում ունիս, եթե քո երակներում ազնվական արյուն է հոսում, անկարելի է, որ քո հոգին ավելի չխոցոտվի այն ժամանակ, երբ տեսնես, թե քո ձեռքով անարգանք է հասել հայրենիքին, թափվել է եղբարցդ արյունը, վտանգվել է պետական գահը, և քո բաց արած ճանապարհով մտել է թշնամին, որ ավերում է հայրենի երկիրը․․․

— Գիտե՞ս ի՛նչ կա, տեր Մարզպետունի։

— Ասա՛, լսում եմ։

— Դու հունաց դպրության ծանոթ ես ինձանից ավելի։ Ասում են, որ թագավորի հետ Բյուզանդիոն գնացած ժամանակ կայսեր արքունիքում զարմացել էին քո հունագիտության վրա։ Ճշմարի՞տ է այս, թե ոչ։

— Ճշմարիտ է․ բայց դու ինչո՞ւ համար ես իմ հունագիտությունը հիշում։

— Ինչո՞ւ համար, ասեմ։ Դու հո կարդացե՞լ ես Հոմերոսը։

— Ինչպե՞ս չէ․ նրա հանգերգություններից շատը բերան գիտեմ։

— Ուրեմն և գիտես, թե ինչո՛ւ Տրովադան կործանվեցավ, և ինչո՛ւ նրա պարիսպների տակ բազմաթիվ հույն զորավարներ իրանց բյուրավոր զորքերով ջարդվեցան։

— Գիտեմ, մի կնոջ, մի Հեղինեի անհավատարմության պատճառով։

— Ո՛չ, սխալվում ես, մի դավաճան Պարիսի պատճառով։

— Ես այդպես չեմ հասկանում Հոմերոսը։

— Իսկ հին հույներն այդպես էին հասկանում։ «Հեղինեն մի կին է, ասում էին նրանք, իսկ կինը ոչ այլ ինչ է, եթե ոչ նույն ինքն թուլությունը, որին առաքինությունն ու մոլությունը միատեսակ են գրավում։ Ազնիվ տղամարդի պարտավորությունն է ոչ թե օգուտ քաղել կնոջ թուլությունից, այլ խնամել նրան և պաշտպանել, մանավանդ եթե նա կարոտ է պաշտպանության» Պարիսը հակառակը գործեց, նա դավաճանեց յուր հյուրընկալ Մենելավոսին, հրապուրեց նրա կնոջը՝ Աստղիկ դիցուհուց ստացած կիթառի նվագներով, և փախցրեց նրան Տրովադա։ Այս պատճառով ահա հունաց քաջերը ոտի կանգնեցան, բյուրավոր զորքերով դիմեցին Պոնտոս, տասը տարի շարունակ պաշարեցհն Պրիամոսի ոստանը, առան նրան և հիմնահատակ արին, որպեսզի դրանով լուծեն վրեժն այն անպատվության, որ դավաճան Պարիսը հասցրել էր հույն թագավորի ընտանիքին՝ հյուրասիրության սուրբ օրենքը պղծելով։ Մեզանից երկու հազար տարի առաջ մարդիկ ընտանիքի պատիվն անարգող հրեշներից այդ ձևով էին իրանց վրեժը լուծում և երկու հազար տարուց հետո դարձյալ նույն ձևով պիտի լուծեն։ Ի՞նչ կարծիք ունիս դու այս մասին։

— Ես մի Հեղինեի պատճառով նույնիսկ տասը հույնի արյուն չէի թափիլ, ո՛ւր մնաց թե բյուրավոր հույների, զորապետների, թագավորների․․․

— Հա՞․․․ Ուրեմն դու մեծ մարդ ես․․․ Բայց Հունաստանը քեզ պես չմտածեց։ Նա ասաց, «Եթե այսօր Պարիսին թողնենք անպատիժ, վաղն էլ Հեկտորը կգա․․․ ուրեմն լավ է, որ անդրանիկ հարվածն իջեցնենք անդրանիկ հանցավորի գլխին․․․»

— Եվ դու ուրեմն արդարացնում ես բյուրավոր մարդկանց կոտորածը մի մարդու պատճառո՞վ։

— Պատվի պատճառով․․․

— Եվ դու նույնը կարող ես անե՞լ։

— Նույնը պիտի անեմ, պարտավոր եմ անել։

— Եվ հանգիստ սրտով կնայես կռվի այն դաշտին, ուր եգերացի նիզակները կպատառոտեն հայ կտրիճների կուրծքը, ուր փայլուն սրերը կկիսեն նրանց գլուխները, ուր հայ զորքը յուր դրոշակի պատիվը փրկելու համար կկռվե աննահանջ և կկոտորվի անընդհատ․․․ Իսկ թափվող արյունը, թավալող դիակները, մեռնողների անեծքը, վիրավորների հառաչանքը չե՞ն կտրտիլ քո սիրտը, մանավանդ երբ մտածես, թե այդ բոլորը լինում է մի կնոջ համար․․․

— Լսի՛ր, տե՛ր Մարզպետունի։ Դու խոսում ես ինչպես մի աբեղա, բայց ես զինվորական եմ․․․

— Ամրամ սեպուհ, դու մոռանում ես քեզ, — հանկարծ տեղից վեր թռչելով բացականչեց իշխանը, — դու պարտավոր ես զանազանել հայրենասերն աբեղայից։

— Ներողություն, տեր Մարզպետունի, ես աբեղա բառը գործ դրի խաղաղասերի մտքով․ Ամրամն անծանոթ չէ Մարզպետունյաց ժառանգի քաջարիության։

Իշխանն ըստ երևույթին հանգստացավ և նորեն նստեց մահճակալի վրա։

— Ասացիր, որ պատերազմի արհավիրները պիտի կեղեքեն իմ սիրտը, եթե մտածեմ, թե այդ բոլորը լինում է մի կնոջ պատճառով․․․ — խոսել սկսավ նորեն Ամրամը, — այդպես է, իշխան, պիտի կեղեքեն, եթե հայրենասիրության մի կայծ գոնե մնացել է իմ սրտի մեջ․․․ Բայց եթե վերջին կայծն էլ մարա՞ծ է արդեն, եթե իմ սիրտը բաբախում է միայն վրեժխնդրությա՞ն համար․․․

— Դու ուրեմն արժանի չես քաջի և զինվորի անուն կրելու, — վրդովված նկատեց Մարզպետունին։

— Ես չեմ նեղանում այդ խոսքից։ Ես պարտավոր եմ հարգել տեր Մարզպետունու աստիճանն ու տարիքը․․․ Բայց պիտի դառնամ նորեն Հոմերոսին։ Աքիլլեսը ո՛չ միայն քաջ, այլև դյուցազն էր, այնպես չէ՞, իշխա՛ն։

— Այո՛։

— Հունաց հերոսների մեջ ո՞րն էր նրան հավասար։

— Ո՛չ ոք։

— Նա միակն էր, այնպես չէ՞։

— Այո՛։

— Եվ սակայն նա երկար ժամանակ յուր նավի մեջ անգործ նստած, հանգիստ սրտով նայում էր Հեկտորի հաղթանակներին, տեսնում էր, թե ինչպե՜ս տրոյացիք ջարդում էին յուր հայրենակիցներին, հրդեհում էին հունաց նավերը, անպատվում էին նրանց դիակները, տեսնում էր, թե ինչպե՜ս գոռոզ հելլենացիք կծկվել էին ծովեզրի վրա, և տրովական սուրը հաղթանակում էր ամեն տեղ։ Նա գիտեր, որ լոկ յուր՝ դաշտում երևալը նոր շունչ ու հոգի կտար հույներին, վերջ կդներ նրանց կոտորածին, բայց նա տեղից չէր շարժվում, դորապետների աղաչանքը չէր լսում, կռվի դաշտը չէր իջնում․․․ Ի՞նչ էր պատճառը․ ինչո՞ւ յուր եղբարց կոտորածը չէր հուզում նրան։

Իշխանը լուռ էր։

— Պատճառը դարձյալ նույնպիսի մի նախատինք․․․ — հարեց Ամրամը, — Ագամեմնոն արքան, հունաց դաշնակցության գլխապետը, խլել էր Աքիլլեսից Բրիսեիսե սիրուհին, որ նրան իբր մրցանակ էր տրված տրոյական ավարից։

Աքիլլեսը չկարողացավ տանել այդ նախատինքը, նա յուր սուրը պատյանի մեջ դրավ․․․ նա հետ կեցավ պատերազմից, և մի Բրիսեիսեի պատճառով հազարավոր հույներ կոտորվեցան։ Այժմ դու կամենում ես, որ Ամրամ սեպուհը ավելի մեծ և ավելի քաջ լինի, քան Թետիսի որդին, դյուցազն Աքիլլե՞սը։

— Չէի՞ր կամենալ նրանից ավելի մեծ և ավելի քաջ հռչակվել։

— Կկամենայի․․․

— Ուրեմն մոռացի՛ր քեզ հասած նախատինքը ի սեր հայրենիքի, և դու ավելի մեծ կլինես, քան Աքիլլեսը։

— Ինձ ընդհատում ես․ կկամենայի, բայց չեմ կարող, բնությունն ինքն է քարացնում մարդու սիրտն այսպիսի դեպքում․․․ Ես հանցավոր չեմ։

— Ուրեմն ի՞նչ ես որոշել անելու։

— Պատերազմել․ ուրիշ միջոց ես չգիտեմ անարժան արքային պատժելու համար։ Աշոտ-Երկաթը կենդանի չպիտի վերադառնա յուր Ոստանը։ Ես որոշել եմ այդպես, և այդպես պիտի լինի։

— Չե՞ս վախենում, որ դու լինիս առաջին զոհը։

— Այդ միևնույն է․ կամ ես, կամ նա․ մեզանից մինը պիտի մեռնի, երկուսը միասին աստուծո լույսը չպիտի վայելեն։

— Իսկ երբ դու միայնակ մնաս, կարծում ես, թե ուրախությա՞մբ պիտի վայելես այդ լույսը։

— Ոչ, ինձ համար այլևս ուրախություն չկա․ իմ ուրախությունը դառնացավ, իմ շուրջն այժմ դժոխքն է թագավորում․․․ Երբեք, տեր Մարզպետունի, երբեք չէի ցանկանալ, որ նույնիսկ իմ թշնամին տանջվեր այն ցավերով, որով այժմ Ամրամ սեպուհն է տանջվում։ Դա ցավերից ամենաանտանելին է․ դա աստուծո անեծքը, դա հավիտենականի պատիժն է․․․ Դու ինձ ճանաչում ես․ ինձ ճանաչում են բոլոր հայերը։ Ամենքն էլ ինձ Ցլիկ-Ամրամ են կոչում, բայց ո՛չ իմ չարության կամ անգթության, այլ իմ ուժի և քաջության համար։ Դու եղել ես ինձ հետ պատերազմներում, գիտես, թե որքան աներկյուղ էի ես, որքա՜ն ահարկու և կործանիչ՝ իմ թշնամիների համար։ Բայց հայ ժողովրդի, իմ եղբայրակիցների հետ կենակցելիս, ո՞վ է եղել ավելի հեզ, ավելի բարի, ավելի սիրող և անձնվեր, քան Ցլիկ-Ամրամը։ Տեսե՞լ ես իմ մեջ մի ամենափոքր չարություն դեպի իմ ազգակիցը, դեպի ամեն մի մարդ, որ հայ անունն էր կրում․․․ Հարկավ ոչ։ Բայց այժմ ես դարձել եմ մի վայրագ գազան, սրտիս մեջ վառվում է չարության դժոխքը․․․ էլ չեմ զանազանում, թե ո՛րն է հայը և ո՛րն է օտարը, իմ աչքերը պտրում են միայն մի մարդու, դա Աշոտ-Երկաթն է․ հոգիս ձգտում է միայն մի գործի, դա վրեժխնդրությունն է․․․ անողոք, մահաշունչ վրեժխնդրությունը․․․ Եվ ամեն մի պատճառ, որ ուշացնում է այդ վրեժխնդրության ժամը, ես կամենում եմ սրով ու հրով վանել․․․ Եվ այժմ դու ինձ հաշտությո՞ւն ես առաջարկում, դու ինձ խնդրում ես ներե՞լ նրան․․․ Ներել այնպես, ինչպես որ ներեց Սևադա՞ն․․․ և զարմանում ես, որ յուր տեսությունից, յուր զույգ աչքերից զրկված մարդը մոռանում է ատելությունը և ներում չարագործին, իսկ ես չե՛մ ներում․․․ Ո՜հ, ի՞նչ անեմ, ինչպե՞ս հասկացնեմ քեզ, թե որքա՜ն տարբեր է իմ վիշտը Աևադայի վշտից․․․ հանեցե՛ք և իմ զույգ աչքերը, առեք ինձանից իմ իշխանությունը, իմ հարստությունը, իմ կալվածքները, բոլոր անձնական բարիքները, բայց վերադարձրեք ինձ ա՛յն, ինչ որ Աշոտը խլեց ինձանից, վերադարձրեք ինձ իմ պատիվը, իմ Ասպրամը․․․ Կարո՞ղ եք այդ անել․․․ Ո՜հ, որքա՜ն ծանր, որքա՜ն անտանելի է այս․․․

Ամրամը, որ խոսելու միջոցին բարձրացել էր տեղից, նորեն ընկավ մահճակալի վրա, հուզմունքից դադրած և գլուխը ձեռքերի մեջ բռնելով՝ սկսավ ծանր շունչ քաշել։

Լռություն տիրեց վրանում։ Չէր խոսում և Մարզպետունին, նա էլ խորասուզվել էր մտածմունքների մեջ։

Անցան մի քանի վայրկյաններ։ Հանկարծ ձիաների խրխնջյուն լսվեցավ վրաններից դուրս, և մի պահապան ներս մտնելով՝ հայտնեց, որ Բեր իշխանը գալիս է սեպուհին այցելելու։

Երկու խոսակիցները միաժամանակ բարձրացրին գլուխները։ Երբ պահապանը դուրս գնաց, Մարզպետունին վեր կացավ տեղից և, ձեռքը դեպի Ամրամը պարզելով՝ հուսահատ ձայնով ասաց․

— Մնաս բարյավ, բարեկամ, երևի հաճելի չէր աստծուն՝ խնայել այս անգամ մեր ժողովրդին, այդ պատճառով նա քո սիրտը կարծրացրեց։ Բայց դեպի քեզ ունեցած իմ պարտքը ես կատարեցի, իմ խիղճն այլևս չի տանջիլ ինձ։

Մնում է այժմ կատարել դեպի ազգն ու թագավորն ունեցած իմ պարտքը, և ես կերթամ այն կատարելու։

— Երթաս բարով։ Այս վայրկյանից մենք հակառակորդներ ենք։ Ես չեմ նեղանալ, որ դու պաշտպանես քո թագավորին, այլ կհարգեմ քեզ մինչև անգամ ա՛յն վայրկյանին, երբ դու նրան պաշտպանելու համար՝ քո սուրը կմխես իմ կրծքի մեջ․․․ Բայց կցանկանայի, որ Մարզպետունյաց ազնվարյուն ժառանգը պաշտպան լիներ ավելի ազնվասիրտ թագավորի․․․

— Ի՞նչ արած, Աշոտ Երկաթն է այժմ գահի վրա, իսկ ես գահի խոնարհ ծառան եմ։ Մնաս բարյավ։

Այս ասելով, Գևորգ իշխանը սեղմեց Ամրամի աջը և տխուր սրտով դուրս գնաց վրանից։

Ամրամը ճանապարհ դրավ նրան մինչև մյուս վրանի մուտքը։ Այդտեղ Մարզպետունին պատահեց ափխազաց արքայազն Բեր իշխանին։ Սա մի նրբակազմ, բարձրահասակ և գեղեցիկ երիտասարդ էր և հենց նոր ձիուց իջնելով՝ պատրաստվում էր մտնել վրանը։

Իշխանը հառեց յուր աչքերը երիտասարդի վրա․ մի ծանր հայացքով չափեց սրան ոտից մինչև գլուխ և առանց ողջունելու անցավ։

«Գեշի հոտ են առել թշվառականները և հավաքվել ինչպես անգղներ․․․ Սպասեցեք, կտեսնվենք մի օր ձեզ հետ»․․․ շշնջաց ինքն իրան Գևորգ իշխանը և դառը ժպիտը բերանին, աշտանակեց յուր նժույգը և հեռացավ։

Եզնիկը հետևեց նրան։