Jump to content

Դավիթ-բեկ/Առաջին/ԺԲ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դավիթ-բեկ
 ԺԱ
ԺԳ 
ԺԲ

Երբ մելիք Դավիթը աշխատում էր Սյուրիի աջակցությունը որսալ, նրան իր նոր նենգավորությունների գործիք դարձնել, այդ ժամանակ մելիք Ֆրանգյուլը տխուր, հուսահատական դրության մեջ դուրս եկավ խանի վրանից։ Նա գնացել էր խանի մոտ խնդրելու, որ Գենվազի և Բարգյուշատի մելիքությունը իրան հանձնե, բայց մերժում ստացավ, թեև խոստանում էր յուրաքանչյուր տարի վճարել խանին հինգ հազար թուման փող, երեք հազար թաղար ցորյան, երկու հազար թաղար գարի, և ամեն տարի երկու հատ գեղեցիկ հայ աղջիկներ հարեմի համար։

Դուրս գալով խանի վրայից, նա․ մոլորվածի նման, չգիտեր դեպի ո’ր կողմը գնալ։ Գնա՞լ իր իջևանը, ուր ամոթալի դեմքով պիտի հանդիպեր մելիք Դավիթին, — այդ մեռնելու չափ անտանելի էր նրան։ Նա իր շահերը բաժանեց մելիք Դավիթից, թողեց նրան և սկսեց առանձին գործել, վստահացած լինելով, թե հաջողություն կգտնե և միայնակ Գենվազը ու Բարգյուշատը իր ձեռքը կգցե։ Իսկ այժմ նրա բոլոր հույսերը իզուր անցան։ Նա այնքան չէր ցավում, որ զրկվում է երկու հարուստ գավառների իշխանությունից, որքան ամաչում էր հանդիպել մելիք Դավիթին և լսել նրա այսօրինակ հեգնական խոսքերը․ — բարեկամ, «շունը շան թաթը չի կոխի», դու ուզում էիր հալվան մինակ ուտել և ընկերիդ չտալ, դրա համար էլ աստված քեզ պատժեց։ Իհարկե, եթե մելիք Ֆրանգյուլին հայտնի լիներ իր ընկերոջ գտած նախատական ընդունելությունը Սյուրիի մոտ, նա այնքան չէր տանջվի և բոլորովին հուսակտուր չէր լինի։ Նա կմտածեր եթե ոչ այսօր, գուցե վաղը, մյուս օրը դարձյալ կարող էր հասնել իր նպատակին։ Բայց նա հավատացած էր, որ որքան էլ թշնամական լինեին աղջկա հարաբերությունները հոր հետ, դարձյալ Սյուրին իր հոր կողմը կբռներ։ Այժմ ի՞նչ անել, ո՞ւր գնալ։ Նա մնացել էր մոլորված։ Հպարտությունը խեղդում էր նրան։ Մտածում էր գնալ, ձի նստել և գիշերով հեռանալ, առանց մելիք Դավիթի կամ մի այլ մարդու հետ տեսնվելու։ Գոնե այսպիսով ազատ կմնար ամոթից և նախատինքից։ Բայց ո՞ւր գնալ, — այդ հարցը դարձյալ դժվարության մեջ էր դնում նրան։ Գնալ իր տունը։ Բայց ի՞նչ երեսով նայել իր կնոջ, իր որդիների վրա, որոնք մեծ անհամբերությամբ սպասում են նրա վերադարձին, սպասում են դիմավորել նրան նոր փառքով, Գենվազի և Բարգյուշատի մելիքությունը ստացած։ Ի՞նչ պատասխան տալ իր տանուտերներին, որոնց առաջմանե գրած էր, թե նա արդեն ստացել է այդ երկու գավառների իշխանությունը և մելիք Դավիթը կորցրել էր իր նշանակությունը։

Մի հզոր պաշտպան, մի զորեղ ձեռք պետք է, որ նրան դուրս բերեր իր անել դրությունից։ Ո՞ւմը դիմել, ո՞ւմ օգնությունը խնդրել։ Խանից նա մերժվեցավ։ Այժմ ո՞վ կարող էր ազդել, ներգործել խանի վրա։ Ո՞վ կարող էր միջնորդ և բարեխոս լինել նրա և խանի մեջ։ Նա մտաբերեց ցեղի իմամին, մի մարդու, որին բոլորը պաշտում էին, թե՜ խանը և թե՜ նրա մահմեդական ժողովուրդը։ Եվ առանց իրան հաշիվ տալու, նա սկսեց անգիտակցաբար իր անվճռական քայլերը ուղղել դեպի նրա վրանը։ Նա միայնակ էր, իր հետ ուներ ծառաներից մեկը միայն։ Իմամի վրանը գտնվում էր բավական հեռու, Չալաբիանների չադրների մոտ։ Պետք էր անցնել մի քանի բլուրներ, մի քանի ձորեր։ Մելիք Ֆրանգյուլը ցանկանում էր, որ այդ ճանապարհը ավելի ևս երկար լիներ, մինչև աշխարհիս ծայրը, որ գնար, գնար և չհասներ։ Մի՞թե ակամա էր գնում նա, թե ցանկանում էր` ճանապարհի երկարության ընթացքում ավելի լավ խորհել, ավելի լավ քննադատել այն ձեռնարկությունը, որին դիմում էր․․․ Առայժմ դատարկ հույսը նրան ավելի էր մխիթարում, քան կատարված իրողությունը, որ թանկ գնով պիտի ստանար․․․ Գիշերային խավարը ծածկում էր նրան ուշացած հովիվների տեսությունից, որ անցնում էին լեռների միջով։ Ի՛նչ լավ կլիներ, որ միշտ գիշեր լիներ և նրան ոչ ոք չտեսներ։ Նա նմանում էր մի գողի, որ մթություն է սիրում։ Նա նմանում էր մի եղեռնագործի, որ փախչում է մարդկային հասարակությունից, անապատների խլության մեջ հանգստացնելու խղճի խայթը․․․

Կես ճանապարհի վրա նա կանգ առեց։ Մի քանի րոպե մնաց մեխված գետնի հետ։ Չգիտեր հետ դառնալ, թե առաջ գնալ։ Նրա սիրտը բաբախում էր և գլխի մեջ կատարվում էր խառն մտածությունների մի ամբողջ պատերազմ։ Վճռեց հետ դառնալ։ Բայց այժմ ոչ այն ճանապարհով, որով եկել էր, կարծես, ճանապարհի տարբերությունը կարող էր հանգստացնել նրան։ Հանկարծ հիշեց նա խանի խոսքը, որի հիման վրա մերժեց նրան Գենվազի և Բարգյուշատի մելիքությունը․ «Թորոս իշխանի հետ ունեցած մեր այժմյան բարեկամական հարաբերությունները թույլ չեն տալիս ինձ այդ երկու գավառների կառավարությունը հանձնել մի այնպիսի մարդու, որին իշխանը իրան թշնամի է համարում»։ Ուրեմն նա չկամեցավ վիրավորել իշխանի անձնասիրությունը, չկամեցավ նրա քրոջ որդու (Ստեփաննոսի) երկրները հանձնել մի մարդու, որը Թորոսի ընտանիքի հետ տոհմային թշնամություն ուներ։ Այդ հիմար պարսիկը, մտածում էր մելիքը, եթե խելք ունենար, պետք է օգուտ քաղեր այդ հանգամանքից, պետք է բռնությամբ գրաված երկրների կառավարությունը հանձներ հենց իրան, որովհետև նրանց նախկին տիրոջ թշնամին էր ինքը։ Դրանով ավելի ապահովացրած կլիներ խանը իր իշխանությունը այդ երկրների վրա։ Մյուս կողմից, մելիքին տանջում էր մի այլ միտք․ Թորոսը այնքան հպարտ էր, իհարկե, չէր ցանկանա փողով գրավել խանին և կրկին ձեռք բերել այդ երկրների իշխանությունը իր քրոջ որդու` Ստեփաննոսի համար, որին այսօր գերությունից ազատեց, որը այդ երկրների օրինավոր տերը և ժառանգն էր։ Նա կպատրաստվեր զենքի ուժով գրավված երկրները հետ խլել նույնպես զենքով։ — Այդ բոլորը նա հայտնեց խանին, հայտնեց, որ այդ երկրների կառավարությունը իրան հանձնելը միակ երաշխավորությունն է խանի իշխանությունը նրանց վրա հաստատ պահելու համար։ Բայց «հիմար» պարսիկը չհասկացավ․ նա ավելի գերադասեց իր կեղծ բարեկամությունը Թորոսի հետ, քան մելիք Ֆրանգյուլի հավատարիմ ծառայությունը։

Բայց ինչպե՞ս կարող էր մելիք Ֆրանգյուլը այդ բոլոր անարգանքը տանել։ Ինքը թշնամի էր Թորոսի հետ, իր հայրը թշնամի էր նրա հոր հետ, իր պապը թշնամի էր նրա պապի հետ։ Այդ երկու ընտանիքների մեջ ատելությունը անցել էր սերունդից սերունդ և կնքված էր բազմաթիվ զոհերի արյունով։ Այժմ նույն մարդը դուրս էր գալիս իր առջև որպես մի հզոր ախոյան։ Պետք էր ընկճվե՞լ նրա առջև։ Այդ անկարելի էր։ Պետք էր ջարդուփշուր անել նրա դիտավորությունները։ Թեև մելիքին չհաջողվեցավ Ստեփաննոսին խեղդել տալ բանտի մեջ, թեև նրան չհաջողվեցավ հայ գերիներին մաշել տալ բանտի մեջ, — բայց նա պետք է հաջողեցնե Գենվազի և Բարգյուշատի մելիքը լինել, թեև այդ իշխանությունը գնվելու լիներ այն բանով, որ աշխարհի մեջ ամենաթանկագինը և ամենասուրբն է նրա համար․․․ Այդ մտքով նա կրկին հետ դարձավ և շարունակեց իր ճանապարհը դեպի իմամի վրանը։

Մի քանի րոպե առաջ նա գտնվում էր տատանման մեջ։ Իսկ այժմ նախանձը, ատելությունը, կույր փառասիրությունը եռ էին տալիս նրա սրտում։ Մի քանի րոպե առաջ նրան տանջում էր միայն ամոթի և հպարտության զգացմունքը, իսկ այժմ նրան բորբոքում էր վրեժխնդրության կիրքը։ Պետք էր պատժել Թորոսին, այնուհետև նրա բոլոր թշնամիները կորագլուխ կլինեին նրա առջև։

Ճանապարհին նա ստեղծեց մի ամբողջ պատմություն, որի առիթով պիտի ներկայանաի իմամին։ Նրա ուղեղը, որ մինչև այժմ բոլորովին մռայլված էր, նրա մտածությունները, որ մինչև այժմ խառնաշփոթ դրության մեջ էին, հանկարծ որոշ կերպարանք ստացան։ Նա այժմ այնքան արագ էր գնում, որ ծառան հազիվ կարողանում էր հետևել նրան։ Քառորդ ժամից հետո նա հասավ իմամի վրանին։

Իմամի վրանը իր պարզությամբ չէր զանազանվում հասարակ հովիվների չադրներից։ Այստեղ չկային ոչ նուրբ, մետաքսեղեն կերպասներ և ոչ թանկագին շալեր։ Աստուծո մարդը, կրոնի զորավիգը իրան հեռու էր պահում աշխարհի փառքից և կյանքի շքեղությունից, եթե ոչ ներքուստ, գոնե արտաքուստ։ Նա նստած էր հասարակ թաղիքի վրա և նրա մոտ դրած էին մի քանի գրքեր։ Մի կողմում կուչ էր եկած դերվիշը և պատմում էր զանազան բժշկական հրաշալիքներ։ Վրանում ուրիշ ոչ ոք չկար․ մի մորուքավոր սպասավոր միայն կանգնած էր այնտեղ և երբեմն նորոգում էր իմամի չիբուխը, վառում էր, առաջ ինքն էր ծխում, հետո տալիս էր նրան։ Դերվիշը խոսում էր Լոկմանի[1] վրա, ասում էր, երբ նա ծերացավ, հազար ինն հարյուր վաթսուն տարեկան դարձավ, այդ ժամանակ պատրաստեց «կենդանության կաթիլները», և իր աշակերտներին` Ալասթուին ու Աֆլաթունին[2] հանձնելով, պատվիրեց նրանց, երբ ինքը կմեռնի, այն հեղուկից երեք կաթիլ կաթեցնեն իր բերանը, և ինքը իսկույն կկենդանանա։ Երբ նա մեռավ, Աֆլաթունը վեր առեց հեղուկը, որ իր վարպետի պատվերի համեմատ երեք կաթիլ կաթեցնե նրա բերանը։ Դեռ առաջին կաթիլն էր կաթեցրել, այդ միջոցին սատանան աներևույթ կերպով անցավ նրա մոտից, թևքով զարկեց սրվակին և հեղուկը թափեց։ Լոկմանի մարմնի մի մասը միայն կենդանացավ․ ոտքերից մինչև պորտը, մյուս մասը` մեջքից մինչև գլուխը մնաց մեռած։ Այդ դրության մեջ ապրեց նա մինչև երկու հազար տարի։ Ոտքերը կենդանի էին, ման էին գալիս, բայց գլուխը, թևքերը, մեջքը սկսեց հետզհետե լուծվել, փտել և հող դառնալ։ Նրա աշակերտների բոլոր ջանքը չկարողացավ կենդանացնել նրա մարմնի մեռած մասը, որովհետև Լոկմանը «կենդանության կաթիլների» գաղտնիքը իր մոտ էր պահել։ — Բայց սատանան ի՞նչ թշնամություն ուներ Լոկմանի հետ, — հարցրեց իմամը։

— Սատանան ո՞ւմ հետ թշնամի չէ, — պատասխանեց դերվիշը,-այդ էլ բավական էր, որ Լոկմանը իր բժշկական դարմաններով պատերազմում էր մահվան դեմ և ամեն օր հարյուրավոր հիվանդների կյանք և առողջություն էր պարգևում։ Իսկ կյանքը հակառակ է սատանային․ նա մահվան և գերեզմանի իշխանն է։

Նրանց խոսակցությունը ընդհատեց սպասավորը, հայտնելով, թե մելիք Ֆրանգյուլը խնդրում է ներկայանալ։ Իմամը մի քանի վայրկյան մտածության մեջ ընկավ, թե ինչպես ընդունե այդ «գավուրին», հետո հրամայեց վրանի մի կողմում տարածել մի կապերտի կտոր, որ նա գա, նստե նրա վրա, որպեսզի մյուս օթոցները չպղծե։ Իսկ այդ կապերտի կտորը կարելի էր հետո կամ այրել, կամ դեն գցել։

Մելիք Ֆրանգյուլը ներս մտավ, խոնարհությամբ գլուխ տվեց և կանգնեց ոտքի վրա։ Իմամը խնդրեց նրան նստել։ Մելիքը գիտենալով մահմեդական հոգևորականների սովորությունը, գնաց, նստեց կապերտի կտորի վրա։

Իմամը թողեց մելիքին առանց ուշադրության, որպես թե նա չկար և շարունակեց իր խոսակցությունը դերվիշի հետ Լոկմանի և սատանայի մասին։ Հետո նա անցավ այն մաջունին, որ պիտի պատրաստեր դերվիշը նրա ծերությունը հետ դարձնելու և նրան մանկական ուժ և թարմություն պարգևելու համար։

Մելիք Ֆրանգյուլը այն աստիճան անհանգիստ էր, կարծես, փշերի վրա էր նստած։ Իմամի արհամարհանքը, նրա սառն ընդունելությունը սաստիկ վիրավորեց նրան։ Նա ավելի բարվոք կհամարեր, որ գետինը պատռվեր և իրան կուլ տար, քան այնպես անպատիվ կերպով նստած լիներ պարսիկ կրոնավորի սպասում, որ ավելի բավականություն էր գտնում խոսելով մի զզվելի դերվիշի հետ, քան հայ ժողովրդի մի նշանավոր ներկայացուցչի հետ։ Նա անհամբերությամբ սպասում էր, որ իր վրա ուշադրություն դարձնեն, կամ գոնե հարցնեն, թե ինչո՞ւ համար էր եկել։ Նա մի քանի անգամ հազաց, մի քանի անգամ նստած տեղում այս և այն կողմը շուռ եկավ, դարձյալ նրա վրա ոչ ոք ուշադրություն չդարձրեց։ Այդ անախորժ դրությունը սպանում էր նրան, մանավանդ որ նկատում էր, երբ իմամին չիբուխ էին մատուցանում, նա դերվիշի հետ փոփոխակի կերպով ծխում էր, բայց իրան ամենևին համեցեք չէին անում, որովհետև նրա անմաքուր շրթունքը կարող էր պղծել չիբուխը։

— Ո՜վ ուղղափառների սուրբերից ամենասուրբը, մեկ խնդիրք ունեմ, — ասաց վերջապես մելիքը բացագանչական եղանակով։

Քրիստոնյա մելիքի այս եղանակով դիմելը պարսից կրոնավորին, բավական հաճոյական երևացավ նրան, և ընդհատելով իր խոսակցությունը դերվիշի հետ, հարցրեց․

— Ի՞նչ եք հրամայում։

— Քանի գիշեր է, — պատասխանեց մելիքը, — ինձ անհանգստացնում է մի երազ, հենց որ պառկում եմ, միշտ միևնույն երազն եմ տեսնում։ Այդ երազի մեկնությունը ոչ ոք կարող է տալ ինձ, բացի ուղղափառների սուրբից, որի մոտ պահված են բոլոր գիտությունները, բոլորը երևելի և աներևույթ էակների գաղտնիքները։ Եթե ձեր սրբությունը կբարեհաճի, ես կպատմեմ իմ երազը։

Իմամը թույլ տվեց նրան պատմել, համեստությամբ հայտնելով, թե ինքը գիտության անսահման օվկիանոսից մի քանի կաթիլի միայն արժանացած է, բայց աստուծո և մարգարեի օգնությամբ կաշխատե նրան բավականացուցիչ բացատրություններ տալ։

Մելիքը շարունակեց․

— Ինձ երևում էր, թե գտնվում եմ մի դրախտի[3] մեջ, որ զարդարած էր մշտականաչ ծառերով։ Որքան նայում էի, վերջ և սահման չուներ այդ դրախտը։ Որպես ծառերը, որպես ծաղիկները, այնպես էլ մարդիկը այնտեղ վայելում էին հավիտենական մանկություն։ Ծերությունը, մահը և այն բոլոր չարիքները, որ ապականում են մարդու կյանքը, այնտեղ գոյություն չունեին։ Այնտեղ թագավորում էր անթառամ, անվերջ կյանք միայն։ Տղամարդիկը նստած էին տերևախիտ արմավենիների հովանու տակ, գոհարներով զարդարած օթոցների վրա, և թիկն էին տված մախմուռե բարձերին։ Ամեն մի տղամարդի շուրջը պատել էին յոթանասունից ավելի դառահաս աղջիկներ հրաշալի գեղեցկությամբ։ Նրանք հագուստի փոխարեն պատած էին սպիտակ ամպի նման թեթև և թափանցիկ մի նյութով։ Այդ նազելի արարածները ուրիշ հոգ չունեին, բացի գգվելուց և փայփայելուց այն տղամարդին, որին պատկանում էին։ Նրանցից ոմանք, կպած նրա կուրծքին, սանրում էին նրա երկայն ծամերը և մազերը շարում էին մարգարիտներով․ ոմանք աչքերին սուրմա էին քաշում, կամ հոնքերը նախշում էին սևադեղով․ մի խումբ երգում էր, մյուսը ածում էր ոսկյա քնարների վրա։ Ծառերի ոստերից թռչունները ձայնակցում էին հրաշալի երաժշտությանը։ Այդ թռչունները այնքան գեղեցիկ էին, որոնց նմանը ես երբեք տեսած չէի․ նրանց փետուրների վրա շողշողում էին ծիածանի բոլոր վառ գույները։ Նրանք լեզու ունեին, խոսում էին և հասկանում էին մարդու մտքերը։ Այնտեղ բոլոր արարածները խոսում էին։ Տեսնում ես, սիրուն այծյամը, ոսկյա եղջյուրներով, մոտենում է քեզ և շնորհալի կերպով գլուխ տալով, ասում է` «սալամ ալեյքում» (խաղաղություն քեզ)։ Լեզու ունեին մինչև անգամ ծառերը և խոսում էին ավելի քաղցր, ավելի ճարտար, քան թե հրեշտակները։ Հարկավոր չէր ձեռքը մեկնել և քաղել նրանց պտուղները, բավական էր ցանկանալ միայն, և ահա բարձր արմավենին խոնարհեցնում է իր ճյուղերը և դու քաղում ես, ինչ պտուղ որ կամենում ես․ ուզում ես նարինջ — նա կտա քեզ, ուզում ես թուզ — նա կտա քեզ, ուզում ես անանաս — նա կտա քեզ։ Մարդիկը կերակրվում էին գլխավորապես համեղ և անուշահոտ պտուղներով, որոնց տեսակներին թիվ և չափ չկար։ Նրանք խմում էին կաթ և մեղր, որ բխում էին հստակ աղբյուրներից, և միլիոնավոր վտակներով վազում էին ծաղիկների միջից, ընդունելով նրանց անուշահոտությունը։ Բոլորը ինչ որ ուտում էր, ինչ որ խմում էր մարդ, լուծվում էր նրա մեջ, գոլորշիանում էր, և վարդաջրի քարեբույր կաթիլների նման, անզգալի կերպով շոգիանում էր նրա մարմնից։ Այլ կերպ արտադրություն չկար։ Ապականությունը հեռու էր այնտեղից։ Անարատ սրբություն, անվերջ երանություն, անսահման զվարճություն, — այդ էր թագավորում այնտեղ։ Մարդկանց սիրտը լի էր բավականություններով, և հոգին ուրախ զվարճություններով։ Միշտ, անընդհատ կերպով վայելում էին նրանք իրանց շուրջը պատած անսպառ բարությունները, բայց ոչ հագենում էին և ոչ ձանձրանում։ Ամեն մի առարկա նոր ուրախություն, նոր բերկրություն էր բաշխում նրանց։ Միօրինականություն չկար։ Միևնույն առարկան ամեն մի րոպե, ամեն մի վայրկյան առանձին կերպարանքով էր ներկայանում նրանց, և ամեն անգամ իր հետ բերում էր նոր հրապուրանք, նոր հրաշալիք։ Գեղեցիկ, մշտադալար աղջիկները պահպանում էին իրանց հավերժական կուսությունը, որպես նրանց շրջապատող քնքուշ վարդերը, որոնք ոչ թառամում էին և ոչ փոխում իրանց գույնը։ Ժամանակը չէր հնացնում նրանց, այլ օրըստօրե մանկացնում էր, բաշխելով նոր թարմություն և նոր չքնաղություն։ Նրանք բոլորը ծառայում էին տղամարդերին։ Տղամարդերից ամեն մեկը կարող էր ունենալ նրանցից, որքան և կամենար։ Գիշեր կամ խավար չկար այնտեղ։ Մանիշակագույն պարզ երկնքից արեգակը մշտապես թափում էր իր լուսափայլ ճառագայթները։ Ամբողջ տարին տիրում էր կանաչ գարուն, և անձրևի փոխարեն հոտավետ ցողը զովացնում էր ճոխ բուսականությունը։ Մարդիկ այնտեղ հոգ կամ վաստակ չունեին․ հրաշագործ բնությունը, ինքնահորդոր կերպով, ինքն էր արտադրում ամենը, ինչ որ պետք էր մարդուն։ Ամեն կողմից, հրեշտակների հոգու հետ, շնչում էր գոհություն, սեր և խաղաղություն։ Ամեն կողմից լսելի էր լինում օրհնություն և փառաբանություն արարչին, որ պատրաստել էր այդ բոլորը։ Այնտեղ չարություն, նախանձ, ատելություն չկար։ Այնտեղ գայլը գառի հետ միասին էին ապրում։ Եվ ի՞նչ առիթ ունեին կռվելու․ ամեն ինչ առատ էր, ամեն տեղ տիրում էր անսահման լիություն։ Պետք, կարիք կոչված բաները այնտեղ չկային։ Ինչ որ ցանկանում էր մարդ — աչքի առջևը պատրաստ էր։ Պետք էր կամենալ միայն, իսկ կատարածը չէր հապաղում։

Մելիք Ֆրանգյուլը իր պատանեկության հասակում, գերի ընկած լինելով Պարսկաստանում, երիտասարդությունը անցուցել էր Սպահան քաղաքի մեջ։ Այնտեղ մահմեդականություն ընդունելով, ծանոթացավ պարսից գրականության և լեզվի հետ։ Այդ հանգամանքները իմամին հայտնի չլինելով, նա բոլորովին զարմացավ․ տեսնելով մի հայ, որ այնպես գեղեցիկ լեզվով նկարագրում էր իր երազը։ Նա չկարողացավ համբերել, ընդհատեց նրա պատմությունը, ասելով․

— Երանություն եմ տալիս քեզ, ով երջանիկ մարդ, որ դուք բախտ եք ունեցել տեսնել Մուհամմեդի դրախտը, որ նա պատրաստել է իսլամի արդարների համար։ Դա մի հրաշալի նշան է, որով մարգարեն կոչում է ձեզ իր գիրկը, մասնակից անելու այն բոլոր բարություններին, որ ուղղափառներըմիայն իրավունք ունեն վայելելու։

— Ես բոլորը չպատմեցի ձեզ, տեր, — պատասխանեց մելիքը տխուր ձայնով, — լսեցեք, թե նրանից հետո ինչ տեսա։

Նա շարունակեց․ — Երբ ես հիացած, խորին հոգեզմայլության մեջ նայում էի այն անհուն վայելչություններին, հանկարծ ոգիներից մեկը մոտեցավ ինձ, ասաց․ «Ով մարդ, այստեղ անմաքուրների տեղը չէ, հեռացեք շուտքվ, այստեղ ապրում են սուրբերը միայն»։ Երբ ես փոքր-ինչ հապաղեցա կատարելու նրա հրամանը, նա բռնեց իմ մորուքից, և հողաթափի հատի նման ձգեց օդի մեջ։ Նրա բազկի թափը այնքան սաստիկ էր, որ ես երկար մղվում էի օդի մեջ, թողնելով իմ ներքև լայնատարած ծովեր, ահագին լեռներ և ընդարձակ դաշտեր։ Վերջապես ես ցա ընկա մի անապատի մեջ, որ ծածկված էի վայրենի փշերով և ծակոտող տատասկներով։ Ոչինչ այնքան սիրտ ճնշող և տխուր չէր կարող լինել, որպես այդ ավազոտ անապատը։ Դեպի որ կողմը նայում էր, կյանքի նշույլ չկար։ Ամեն տեղ տիրում էր մեռելային ամայություն։ Միայն սև ագռավները երբեմն խումբերով անցնում էին վերևից և իրանց դառն կռնչյունով աղմկում էին օդի մահահրավեր լռությունը։ Նրանց ձայնը, կարծես, անեծքի հառաչանքներ լիներ, որ թափվում էր երկնքից, որպես բոթաբեր աղաղակ։ Իմ սիրտը կտրատվում էր անհամբերությունից, շտապում էի անցնել, հեռանալ այդ անապատից։ Բայց նա վերջ և սահման չուներ։ Շուտով սկսեց ինձ պաշարել երկյուղը։ Դեպի ո՞ր կողմը գնամ, ի՞նչ անեմ, մտածում էի ես։ Կեսօրվա ժամն էր։ Արեգակը երկնքից կրակ էր թափում։ Գետինը, որի վրա կանաչ բուսականության ոչ մի հետք չկար, տաքացած էր, ինչպես շիկացած երկաթ։ Ամբողջ տարածությունը, կարծես, դարերով ջուր չէր տեսած, և պապակվում էր ծարավից։ Այնտեղ տեսնում էի ես կմախքի նման նիհար մարդիկ, որ թափառում էին անապատի մեջ։ Կարծես, արյուն կոչված բանը չկար այդ ողորմելի արարածների մեջ։ Կիսամերկ, պատառոտած հագուստով, բոբիկ ոտներով թափառում էին նրանք տատասկների մեջ։ Մարմնացած չքավորությունը, իր բոլոր սոսկալի տառապանքներով, միայն կարող էր նրանց նման լինել։ Մի հավիտենական անեծքով դատապարտված, այդ խեղճ մարդիկը, բահի և արորի փոխարեն, իրանց ճանկերով փորում էին կորդացած երկիրը, ցանում էին նրան և ջրում էին իրանց արտասուքով։ Երկինքը անձրև չէր տալիս և ոչ երկիրը բխեցնում էր աղբյուրներ։ Հողը մերժում էր նրանց ցանքը և իր արգանդի մեջ խեղդում էր ծլած սերմերը։ Իսկ այդ թշվառները դատապարտված էին գործելու, միշտ, անդադար գործելու, թեև առանց վաստակի, առանց արդյունքի։ Աշխատության ծանրության մեջ նրանք կատարելապես անասնացել էին․ մարդկային շնորհք չէր երևում նրանց մոտ։ Նրանց արևակեզ զավակները, մրջիմի նման, սփռված էին անապատի մեջ, բույսերի արմատներ էին հանում երկրից և նրանով էին հագեցնում իրանց քաղցը։ Ոչինչ չէր կարող այնքան ողորմելի, այնքան անբախտ լինել, որպես այդ մերկ մանկտին, որոնց մոխրագույն դեմքերի վրա ամեևին կյանքի նշույլ չկար։ Ավելի թշվառ էր կնիկների դրությունը։ Այդ ստրուկները մի րոպե հանգստություն չունեին։ Աշխատության մեջ նրանք այն աստիճան կոշտացել, կոպտացել և վայրենացած էին, որ կորցրել էին բոլորը, ինչ որ կանացի է, ինչ որ քնքուշ ու գեղեցիկ է։ Մանկահասակը չէր որոշվում պառավներից, բոլորը մաշվել, թառամել էին վաղահաս ծերության մեջ։ Հագուստ չունեին նրանք, իրանց մերկությունը ծածկել էին գազանների մորթիներով։ Կարծես, մի աներևույթ ձեռք անգթաբար ճնշում էր, հալածում էր, տրորում էր այդ խղճալի հասարակությունը։ Բայց որքա՛ն մեծ եղավ իմ սարսափը, երբ նույն թշվառ կնիկների թվում գտա իմ կնոջը և նույն անբախտ մանուկների մեջ տեսա իմ զավակներին։ «Այստեղ ի՞նչ եք շինում», — հարցրի ես։ — «Մեզ այստեղ բերեցին»․․․ — պատասխանեցին նրանք արտասուքը աչքերում և ընկան իմ գիրկը։ Ես չկարողացա երկար հարցուփորձ անել նրանցից, որովհետև իսկույն հայտնվեցավ մի մարդ գազանային դեմքով և մտրակի հարվածներով քշեց նրանց դեպի անապատը, ասելով․ «գործեցե՜ք, անպիտաններ»․․․ Ես պատրաստվում էի հարձակվել նրա վրա, բռնել, կտոր-կտոր անել, որ իմ աչքի առջև այնպես բարբարոսաբար տանջում էր իմ զավակներին, — բայց հանկարծ զգացի իմ մեջքի վրա մտրակի մի սաստիկ զարկ և լսեցի նրա սպառնալի հրամանը․ «Դե՜ դուք էլ․․․» — և նա ձեռքով ցույց տվեց անապատը։ Ես զարթեցա, բայց ինձ թվում է, որ հենց այս րոպեիս զգում եմ մեջքիս վրա նույն մտրակի դառն ցավը և դարձյալ լսում եմ նրա սպառնական խոսքերը․․․

Մելիքը վերջացրեց․ մի քանի վայրկյան վրանի մեջ տիրեց խորին լռություն, որը ընդհատվեցավ իմամի վարդապետական բացատրությունով․

— Այդ անապատը ներկայացնում է այն կայարանը, ուր պիտի տարվին «գավուրների» զավակները մահից հետո։ Այդ դեռ «ջհաննամի» (գեհենի) նախագավիթն է, եթե դուք մի փոքր առաջ գնայիք, պիտի տեսնեիք «մազե կամուրջը» և նրա տակից հոսող հրեղեն գետը, որ թափվում է դժոխքի մեջ և այնտեղ ձևացնում է մի լայնատարած ծով։ Հրեղեն ալիքների մեջ դուք կգտնեիք «գավուրների» ամբողջ հասարակությունը և գուցե կճանաչեիք ձեր ազգակիցներից շատերին, որոնք մարգարեի սուրբ հավատը թողնելով, հետևեցին մոլորությունների, և ժառանգեցին աստուծո բարկության հետ նրա հավիտենական տանջանքը։ Բայց աստված չէ կամենում, որ դուք մոլորյալների ճանապարհով գնաք, և այդ երազը մի նշան է, որով նա հրավիրում է ձեզ դեպի ուղիղ ճանապարհը, որ տանում է դեպի արդարների հավիտենական երանությունը, որին արժանացաք աչքով տեսնել ձեր երազի սկզբում։

— Ես մի մեղավոր մարդ եմ․․․ — պատասխանեց մելիքը ցավալի ձայնով, — ես զգում եմ իմ բոլոր մեղքերը․․․

— Մեր օրենքով, — ասաց իմամը լուրջ կերպով — եթե «գավուրներից» մեկը կընդունե մուսուլմանների կրոնը, ոչ թե նրանից, այլև նրա զավակներից մինչև յոթ սերունդ մեղք չի պահանջվի։ Նրանք կվայելեն ամենապատվական տեղը Մուհամմեդի դրախտի մեջ։

Մելիքի դեմքի վրա վազեց ուրախության նման մի բան, և մոտենալով իմամին, ձեռքը մեկնեց, բռնեց նրա ձյունի նման սպիտակ հագուստի փեշից, և համբուրելով ասաց․

— Ձեզանից է կախված իմ փրկությունը, տեր, մի թողեք ողորմելույս կորչիլ։

— Ձեր փրկությունը խիստ դյուրին է, — պատասխանեց իմամը նույնպես ուրախանալով, — առայժմ բավական է միայն, որ դուք կարդաք «վկայության հանգանակը»[4] և ընդունեք իսլամը, իսկ վաղը մենք կկատարենք թլփատության խորհուրդը։

— Ես պատրաստ եմ։

Իմամը սկսեց նրան բառ առ բառ թելադրել «վկայության հանգանակի» արաբական խոսքերը և մելիքը դպրոցական աշակերտի նման կրկնում էր։ Երբ վերջացավ, իմամը գրկեց նրան, և համբուրելով ասաց․

— Այժմ դուք իմ աչքի լույսը և իմ եղբայրն եք և կարող եք նստել իմ մոտ, իմ օթոցի վրա։

Պիղծ «գավուրը» մի քանի արաբական բառեր արտասանելով, դարձավ մաքուր, անարատ մուսուլման։ Այժմ իմամը ոչ միայն տալիս էր նրան իր չիբուխից ծխել, այլ պահեց իր մոտ, միասին ընթրիք վայելեցին, և գիշերը մնաց իմամի վրանում, պառկելով նրա հանդերձարանից բերված մաքուր անկողնի մեջ, որին ոչ մի «գավուրի» ձեռք չէր դիպել։ Այդ բոլոր գործողությունների ժամանակ դերվիշը լուռ էր և մի առանձին արհամարհանքով նայում էր հայ մելիքի վրա, դժվարանալով հավատալ նրա անկեղծությանը։ Մելիքին ճանաչում էր նա․ տեսել էր նրան Պարսկաստանի մի հեռավոր քաղաքում․․․ և գիտեր նրա բոլոր գաղտնիքները․․․

Տողատակեր

[խմբագրել]
  1. Լոկման պարսից և արաբական ավանդությունների մեջ համարվում է բժշկության առաջին հեղինակը։
  2. Ալասթու Արիստոտելն է, իսկ Աֆլաթուն՝ Պշատոնը։
  3. Դրախտ և պարտեզ միևնույն նշանակությունն ունեն թե մեր և թե պարսից լեզվի մեջ։
  4. Քալմեի շահադաթ։