Jump to content

Դավիթ-բեկ/Առաջին/ԺԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դավիթ-բեկ
 ԺԲ
ԺԴ 
ԺԳ

Առավոտյան Չալաբիանների ամբողջ ցեղի մեջ լուր տարածվեցավ, թե մելիք Ֆրանգյուլը ընդունել է մահմեդականություն․ բոլորը հետաքրքրվում էին, բոլորը ուրախանում էին, որ հայերից մի այդպիսի նշանավոր մարդ մտավ իսլամի գիրկը, և հավատացած էին, որ շատերը կհետևեն նրա օրինակին։ Այդ միջոցին Սյուրին դեռ նոր էր զարթնել, և փաթաթված մետաքսյա նուրբ սփածանելիքի մեջ, նստած էր իր վրանում, գորգի վրա։ Նա պատահած անցքից տեղեկություն չուներ։ Աղախինը բերել էր նրա մոտ փոքրիկ երեխային, որի հետ խաղում էր գթոտ մայրը։ Ֆաթիման — այդպես էր երեխայի անունը — այս առավոտ սովորել էր մի նոր հանաք իր աղախնից․ երբ աղլուխը շարժում էին նրա առջև, նա բավական ծաղրական երես շինելով, արտասանում էր․ «Աո՛ւ․․ աո՛ւ․․․»։ Այդ բավական զվարճացնում էր դժբախտ մորը։

Այդ միջոցին տխուր, բազմահոգ դեմքով մտավ Սյուրիի վրանը ներքինապետ Ահմեդը։ Նրա սովորությունները այն աստիճան ծանոթ էին տիկնոջը, որ տեսնելով նրան վատ տրամադրության մեջ, իսկույն հարցրեց։

— Ի՞նչ է պատահել։

— Շատ վատ բան, — պատասխանեց ծերունին և սկսեց պատմել բոլորը, ինչ որ լսել էր մելիքի մասին։

Ժողովրդի ֆանտազիան արդեն տվել էր անցքին բոլորովին գերբնական կերպարանք։ Պատմում էին, թե մելիքը հրեշտակների թևքերի վրա տարվել էր մինչև հինգերորդ երկինքը․ այնտեղ խոսակցություն էր ունեցել Մուհամմեդի և Ալիի հետ․ հետո ցույց էին տվել նրան դրախտը ու դժոխքը, ասել էին` դրանցից որը կամենում ես ընտրի՜ր։ Մելիքը ընտրել էր դրախտը։ Ցած գալով երկնքից, նա անմիջապես գնացել էր իմամի մոտ։ Իմամը նրա երեսի վրա լույսի ճաճանչներ էր տեսել, և նրա առջևը ընկնելով, երկրպագություն էր տվել։ Հետո նրան նստացրել էր իր տեղը, և ինքը նստել էր նրանից ցած, ասելով, թե «ինձ պետք է քեզ սպասավորություն անել, դու ավելի սուրբ ես, քան թե ես»։ Հետո իմամը հրամայել էր, որ ընթրիք տան, բայց ընթրիքը ուշացրել էին։ Այդ ժամանակ մելիքը «սալավաթ»[1] էր քաշել երեսին, և նույն վայրկյանում երկնքից ցած էր իջել մի սեղան լի ամեն տեսակ անուշահամ կերակուրներով և այլն։

— Այդ բոլորը հին հեքիաթներ են, — ծերունի ներքինապետի խոսքը կտրեց Սյուրին, — դու այն ասա՜, մելիքը այժմ որտե՞ղ է։

— Նա գտնվում է իմամի մոտ, — պատասխանեց ծերունին խռովյալ ձայնով․ — այսօր պիտի կատարվի նրա թլփատության խորհուրդը, և խանը ինքը հանձն է առել քիրվայի (կնքահայրի) պաշտոնը։

— Կնշանակե, մելիքի մահմեդականություն ընդունելը շատ մոտ է խանի սրտին։

— Տարակույս չկա, այդ անհավատները ոչինչ բանով այնքան չեն ուրախանում, որքան ուրախանում են, երբ տեսնում են, որ մի մարդ ընդունում է իրանց կրոնը։

Տիկինն ընկավ դառն մտածությունների մեջ։ Նրա քնքուշ, կրոնական ջերմեռանդությամբ լի սրտի վրա խիստ ծանր տպավորություն գործեց ներքինապետի պատմությունը։ Նա աղլուխը տարավ աչքերին և խուլ կերպով սկսեց հեկեկալ։ Աղլուխը տեսնելով, փոքրիկ Ֆաթիման կրկնեց իր սովորական երգը․ «Աո՛ւ․․․ աո՛ւ․․․»։ Այս անգամ փոքրիկ աղջկա թոթովմունքը մի առանձին ուրախություն չպատճառեց մորը․ նա հրամայեց աղախնին դուրս տանել երեխային։

— Ի՞նչ ես կարծում, Ահմեդ, — հարցրեց նա, երբ փոքր-ինչ հանգստացավ իր վրդովմունքից, — այդ ո՞ր սատանան մոլորեցրեց մելիքին, ի՞նչ նպատակ կարող էր ունենալ նա իր վարմունքի մեջ։

— Նպատակը շատ պարզ է, տիկին, — պատասխանեց ծերունին հանդարտությամբ․ — մելիքը դիմել էր խանին և խնդրել նրանից Գենվազի ու Բարգյուշատի կառավարությունը։ Խանը մերժել էր։ Այժմ պետք էր մելիքին մի լավ միջնորդ, որ խանի վրա ազդե և իր նպատակը կատարել տա։ Նա գտավ իմամին։ Բայց այդ մոլեռանդ կրոնավորին գրավելու համար պետք էր նրան մի բանով կաշառել․ և ոչինչ կաշառք այնքան թանկագին չէր կարող լինել նրա համար, որպես մահմեդականություն ընդունելը։ — Բայց ես լսել եմ մի ուրիշ բան ևս։

— Ի՞նչ բան, — հարցրեց անհամբերությամբ տիկինը։

— Ասում են` մելիքը խոստացել է իմամին կնության տալ իր աղջիկը։

— Նա նույնն է անում, ինչ որ արեց իմ ուրացող հայրը․․․-խոսեց տիկինը դառնությամբ․ — ախար նրա աղջիկը շատ փոքր է, դեռ ութ տարեկան է։

— Քի՞չ է պատահում, որ դրանից ավելի փոքր հասակով աղջիկները առնվում են մահմեդականների հարեմխանաներում։ Ձեզ հայտնի է, տիկին, որ այդ անհավատները մի առանձին բարեպաշտություն են համարում իրանց տունը լցնել բազմաթիվ կնիկներով։ Զարմանալին այն չէ, որ աղջիկը փոքր է, զարմանալին այն է, որ նրա հայրը տալիս է մի փտած, մաշված ծերուկի, որ իր բոլոր հույսը դրել է մի խաբեբա դերվիշի «մաջունների» վրա, որ նրանով վերադարձնե իր մանկությունը։

Տիկինը դարձյալ ընկավ մտածությունների մեջ։ Հանգամանքները շատ վատ փոփոխություն ստացան։ Եթե գործը կախված լիներ խանից միայն, գուցե նա կարող կլիներ ամեն կերպ դարձնել։ Բայց այժմ գործի մեջ խառնվեցավ մի հզոր անձն — իմամը, որին ամբողջ ցեղը պաշտում էր, որից ինքը խանը դողում էր։ Ի՞նչ կարելի էր անել նրա հետ։ Նա ինչ որ խնդրելու լիներ խանից, վերջինս չէր կարող չկատարել․ հակառակ դեպքում, մի խոսքով ամբողջ ցեղը կապստամբացներ նրա դեմ։ Մահմեդականները ավելի կաշկանդված էին կրոնի և նախապաշարմունքների կապանքներով, քան մարմնավոր բռնապետի շղթաներով։ Այս պատճառով կրոնի ներկայացուցչի խոսքը համեմատաբար ավելի մեծ ազդեցություն ուներ նրանց վրա։ Դրա համար խանը ստիպված էր միշտ բարեկամություն պահպանել իմամի հետ և կատարել նրա ամենափոքր քմահաճություններն անգամ։

— Դու հաստատ գիտե՞ս, — հարցրեց տիկինը, — որ խանը խոստացել է Գենվազի և Բարգյուշատի կառավարությունը մելիքին հանձնել։

— Գիտեմ, — պատասխանեց ներքինապետը, — շատ էլ ցանկանար չէր կարող չհանձնել, քանի որ մեջտեղում կա իմամի նման մի միջնորդ։ Ասում են, այսօր մելիքի թլփատության խորհուրդը կատարվելուց հետո, խանը կհագցնե նրան իր նոր պաշտոնի խալաթը։

Հուսահատության թախիծը տիրեց տկնոջ սրտին։ Նա ոտնակոխ արեց իր հոր փառասիրությունը Գենվազի և Բարգյուշատի իշխանությունը ձեռք բերելու մեջ, գլխավորապես այն մտքով, որ այդ երկու գավառները մնային իր սիրելի Ստեփաննոսին, որ նրանց օրինավոր տերն էր։ Նա ցանկանում էր տեսնել այդ պատանի իշխանազնին կրկին տիրացած Շահումյանների թողած ժառանգությանը, որ նույնիսկ հայերի դավաճանությամբ հափշտակվեցավ բռնակալի ձեռքով։ Նա ցանկանում էր, որ բարի, ազնվամիտ Ստեփաննոսի հովանավորության տակ պատսպարվեին հազարավոր թշվառներ, որ մաշվում, այրվում, խորովվում էին տիրող անգթությունից։ Բայց այդ բոլոր ցանկությունները ոչնչացան։ Այժմ ավելի, քան թե առաջ, դժվար էր իրագործել նրանց։ Տիկնոջ կարծիքով, ավելի հեշտ էր մահմեդական բռնապետի ձեռքից կորզել այդ երկրները, քան թե մի ուրացող հայից, որ մահմեդականի ձեռքում գործիք դառնալով, պիտի աշխատեր ամեն տեսակ ցած, անազնիվ և նենգավոր հնարներ գործ դնել մահմեդականի իշխանությունը հայ երկրների վրա պահպանելու համար։ Այդ հանգամանքները ի նկատի առնելով, տիկինը մելիք Ֆրանգյուլի ուրացությունը ավելի վտանգավոր էր համարում, քան թե իր հորը, մանավանդ որ նա խոստացել էր իր աղջիկը իմամին կնության տալ։

— Այդ առաջին անգամը չէ, տիկին, որ նա ընդունում է մահմեդականությունը, — ասաց ներքինապետը ընդհատելով Սյուրիի լուռ մտածությունները․ — մելիք Ֆրանգյուլը իր մանկության հասակում գերի ընկավ և տարվեցավ Պարսկաստանի Սպահան քաղաքը։ Այնտեղ Սպահանի արքայազուններից մեկը որդեգրեց նրան, և մի իմաստուն մոլլայի հանձնելով, կրթեց արաբական և պարսկական լեզուների դպրության մեջ։ Հետո իր աղջիկը նրան կնության տալով, նշանակեց նրան Սպահանի հայոց թաղի (Նոր Ջուղայի) բեգլեր — բեյի։ Այնուհետև նա Սպահանի նահանգում հայոց Քազազ և Քամարա գավառների կառավարիչը դարձավ։ Այդ բոլոր պաշտոնների մեջ տանջելով, կողոպտելով ժողովրդին, մեծ հարստություն դիզեց։ Սպահանի հայերը այն ժամանակ առևտրական ընդարձակ հարաբերություններ ունենալով Հնդկաստանի հետ, իրանց կաշառքներով առատ վարձատրում էին նրան։ Բայց չարագործը հանգիստ չմնաց։ Նա դավաճանեց մինչև անգամ այն պետությանը, որի շնորհիվ այնքան բարձր աստիճանի էր հասել։ Գաղտնի կերպով միանալով Լոռի և Բախտիարի կոչված վայրենի ցեղերի գլխավորների հետ, նա պատրաստեց մի սարսափելի ապստամբություն պարսից կառավարության դեմ։ Նրա նպատակն էր հիշյալ վայրենիների աջակցությամբ Սպահանի նահանգի հայաբնակ գավառները անկախ դարձնել պարսից պետությունից, որ ինքը կարողանա ժառանգաբար իշխել։ Բայց ապստամբությունը զսպվեցավ և նա փախավ, գնաց Հնդկաստան։ Երկար ժամանակ անհայտության մեջ մնալով, վերջապես վերադարձավ իր հայրենիքը և կրկին ընդունեց քրիստոնեությունը։ Այստեղ, իհարկե, ոչ ոք չէր կարող գիտենալ, թե ինչ էր կատարել նա հեռավոր արևելքում, և ընդունեցին նրան որպես մի մարդ, որին բախտը հաջողացրել էր վերադառնալ գերությունից։ Եվ նա ինքը իր անցյալի մասին պահում էր խորին ծածկամտություն։

— Իսկ դու ո՞րտեղից գիտես այդ բոլորը, — հարցրեց տիկինը զարմանալով հետաքրքիր պատմության վրա։

— Ինձ հաղորդեց մի դերվիշ, որ բնակվում է իմամի մոտ, նա ինքը սպահանցի է, և ականատես է եղել բոլոր անցքերին։ Նա շատ լավ մարդ է, և ինչպես երևում է, մելիքի այժմյան վարմունքը նրան ևս տհաճություն է պատճառել։

— Ես նրա մասին լսել եմ, ասում են` լավ բժիշկ է։

— Նա ամեն բան գիտե, ինչ ասես, որ նա չգիտենա։

— Բայց մի փոքր խաբեբա է։

— Ես էլ առաջ այդ կարծիքն ունեի նրա մասին, տիկին, մանավանդ երբ տեսնում էի, որ անդադար գոհարներ է պահանջում իմամից նրա համար «մաջուն» շինելու, և մտածում էի, որ այդ թանկագին իրեղենները առավելապես իր գրպանի համար է։ Բայց նա պարզ խոստովանեցավ ինձ, թե «բժշկությունը պարսիկների մեջ պետք է ծածկված լինի գերբնական քողով, և այդ ավելի ներգործում է նրանց երևակայության վրա։ Հասարակ բանին նրանք նշանակություն չեն տալիս։ Եթե ես ասեի իմամին, թե քո դարմանները պիտի պատրաստեմ այս և այն խոտից կամ արմատից, նա ոչնչի տեղ կընդուներ, բայց ալմաստը, մարգարիտը, յաղութը և այլն, կարող են ազդելի իմամի սնահավատության վրա։ — Առհասարակ, ավելացրեց ներքինապետը, — ես այդ մարդու մեջ գտնում եմ մի խորհրդավոր գաղտնիք, որը նա ամենայն զգուշությամբ թաքցնում է։

— Դերվիշները միշտ այդպես են լինում, — պատասխանեց տիկինը անուշադիր կերպով և կրկին ընկավ մտածությունների մեջ։ — Իսկ ես դերվիշի պատմությունից կամենում եմ մի օգուտ քաղել, դուք ի՞նչ խորհուրդ կտաք, տիկին։

— Ի՞նչ օգուտ կարելի է քաղել։

— Ես կամենում եմ գնալ խանի և իմամի մոտ, հայտնել նրանց մելիքի անցյալը, — հայտնել, թե ինչ էր արել նա Սպահանի կողմերում, հայտնել նրա դավաճանությունները պարսից կառավարության դեմ, հայտնել, որ նա մի վատ խաբեբա է, թե նա այդ երկրորդ անգամն է, որ ընդունում է մահմեդականություն, դարձյալ խաբելու մտքով։ Երբ խանը և իմամը կգիտենան այդ բոլորը, նրան ոչ թե Գենվազի ու Բարգյուշատի գավառները կհանձնեն, այլ գուցե խեղդել կտան։

— Բոլորովին հարկավոր չէ այդ անել, — պատասխանեց տիկինը հրամայական եղանակով, — դու կամենում ես մատնություններին մատնություններով պատասխանել։ Ես մելիքի Սպահանի վարմունքի մեջ մի վատ բան չեմ տեսնում։ Մանուկ հասակում, գերի ընկնելով պարսիկների ձեռքը, նրան ընդունել են տվել մահմեդականությունը, նա ինչո՞վ է մեղավոր։ Իսկ թե նա, միանալով լոռիների և բախտիարների հետ, կամեցել է այնտեղ հայկական ազատ գավառներ ստեղծել, և այդ մտքով ապստամբություն է հարուցել պարսիկների դեմ, — այդ նպատակը ամեն համակրության արժանի է։ Ո՞վ է իմանում, գուցե նրա այժմյան վարմունքի մեջ ևս մի այսպիսի նպատակ թաքնված լինի։ Ես, իրավն ասեմ քեզ, Ահմեդ, սկզբում սաստիկ վրդովվեցա, երբ լսեցի մելիքի մահմեդականությունը ընդունելը․ բայց դերվիշի պատմությունը այժմ փոքր-ինչ հանգստացնում է ինձ։ Ես չեմ կարծում, որ այս տեսակ մարդիկ, որոնք երբեմն մտածել և գործել են հայ ժողովրդի ազատության համար, կարող են չար մարդիկ լինել։ Նրանք չար են երևում նրա համար միայն, որ նպատակին հասնելու մտքով գործ դրված միջոցների մեջ ընտրություն չեն կատարում։ Ամեն միջոց նրանց համար սուրբ է, երբ հասցնում է նպատակին։

— Այսուամենայնիվ, — պատասխանեց ծերունին, — եթե մելիքի դիտավորությունները բոլորովին արդար ևս համարելու լինենք (որի մեջ ես կասկածում եմ), դարձյալ Ստեփաննոսը կզրկվի Գենվազից։ Մելիքը ինքը տեր կդառնա, իսկ նա ոչինչ չի ստանա, բոլորը կկորցնե։

— Այժմ դժվար է նախագուշակել, թե վերջը ինչ կլինի․․․

— Ես այդ դեպքում կարող եմ ինձ կատարյալ մարգարե համարել, — պատասխանեց պարզ ծերունին բարկացած ձայնով․ — դուք, տիկին, չափազանց բարեմտությամբ եք դատում, ուր հարկավոր էր փոքր-ինչ կասկածանքով վերաբերվել դեպի կատարվող իրողությունը։ Ես մասամբ համաձայն կլինեի ձեզ հետ, եթե մելիքը իր փառասիրությունը գոհացնելու համար իր ութ տարեկան աղջիկը խոստացած չլիներ փտած իմամին կնության տալ։ Մի մարդ, որ ծախում է իր աղջիկը, նա կծախե և իր հայրենիքը և իր ազգը։ Ուրիշ օրինակներ որոնել պետք չէ, բավական է, որ դուք հիշեք ձեր հոր վարմունքը։

Տիկնոջ և ներքինապետի խոսակցությունը ընդհատեց մի խառնաձայն աղմուկ, որ լսելի եղավ հեռվից։ Հարեմխանայի բոլոր կնիկները, աղախինները դուրս թափվեցան իրանց չադրներից, մոտեցան սարայ-փերդային, և գլուխները բարձրացնելով, սկսեցին նայել։

— Այդ ի՞նչ աղմուկ է, — հարցրեց տիկինը անհանգիստ կերպով։

— Երևի անցնում է թափորը, — պատասխանեց ծերունին ներքին խռովությամբ․ — դուք չե՞ք կամենա նայել նրա վրա։

— Ես այդ զզվելի հանդեսը տեսնել չեմ ուզում․․․ — ասաց տիկինը և երեսը շուռ տվեց։

Ծերունին, նկատելով նրա արտասուքը, հեռացավ, և թողեց նրան միայնակ հաշտվելու իր սրտի ցավերի հետ։

Հեռվից տեսնվում էր ահագին բազմություն, որ իմամի չադրների կողմից դիմում էր դեպի խանի չադրները։ Ամբոխը ոտքով էր գնում, միայն մի մարդ փառավոր կերպով նստած էր գեղեցիկ զարդարած նժույգի վրա, և բազմության առաջ ընկած, ամեն կողմից երևում էր։ Նա հագած ուներ թանկագին, ծիրանագույն վերարկու, նախշած ոսկե թելերով, որ փողփողում էր արեգակի ճառագայթների տակ։ Դա նոր մահմեդականություն ընդունած մելիք Ֆրանգյուլն էր, որ այժմ կոչվում էր Ալի բեկ։ Նա աջ ձեռքով բռնած ուներ մի մերկացրած սուր, որ դրել էր ուսի վրա։ Նոր կրոնի հետ նա ժառանգել էր նոր իրավունք` սուր կրելու, որի գործածությունը Մուհամմեդը միացրել է իր ավանդած սրբազան պաշտամունքների հետ։ Նրա առջևից գնում էին մի խումբ չավուշներ, որ երգում էին կրոնական երգեր։ Նրանցից մեկը տանում էր մի կանաչ դրոշակ, որի վրա նկարված էր շիաների խալիֆայի աջը։ Թափորը դանդաղ էր ընթանում։ Ամեն քայլում ամբոխը կանգնեցնում էր նոր ուղղափառին, ոմանք համբուրում էին նրա ձեռքը, ոմանք նրա հագուստի փեշերը։ Կնիկները իրանց հիվանդ երեխաներին դնում էին այն ճանապարհի վրա, որ կողմից պիտի անցներ նա։ Շատերը անց էին կենում նրա ձիու փորի տակով։

Այդ բոլորը կատարվում էր հոգևոր շնորհքներ ընդունելու ակնկալությամբ։ Ամբողջ բազմության մեջ տիրում էր մի տեսակ խորին, ջերմեռանդական զգացմունք, որ հասցնում էր սնահավատությունը կրոնական վայրենի հափշտակության։ Ճանապարհի վրա մի քանի տեղ մատաղներ կտրեցին, մի քանի տեղ կանգնեցին մաղթանքներ կատարելու համար։ Կնիկները ծածկում էին ճանապարհը կանաչ ոստերով․ թափորը անցնում էր այդ կանաչապատ սփռոցի վրայով։

Խանի վրանը այսօր սովորականից ավելի զարդարած էր․ նրա գանձարանից դուրս էին բերել ամենաընտիր արծաթեղեն անոթները։ Այստեղ պիտի խմեին «ուրախության շերբեթը»։ Գեղեցկադեմ մանկլավիկները և սպասավորների մի ահագին խումբ, շքեղ կերպով հագնված, սպասում էին պատվելի հյուրին։ Վրանում նստած էին խանը և իմամը միայն։ Երբ թափորը մոտեցավ, նրանք երկուսն էլ դուրս եկան, կանգնեցին վրանի մուտքի մոտ ընդունելու նորընծա մահմեդականին։ Խանը իր ձեռքով բռնեց և ցած իջեցրեց նրան ձիուց։ Խուռն բազմությունը շրջապատեց վրանի չորս կողմը։ Իմամը կարդաց մի կարճ աղոթք, հետո մտան վրանը։ Այնտեղ ընդունվեցան ցեղի նշանավոր անձինքներից շատերը ուրախակից լինելու այն մեծ հանդիսին։

Այնօր Չալաբիանլիների ամբողջ ցեղը անցրեց ուրախությունով։ Բայց մի մարդ, որ նրանց մեջ չէր գտնվում, դա էր Տաթևի մելիք Դավիթը։ Նա առավոտյան հենց որ լսեց մելիք Ֆրանգյուլի վարմունքը, իսկույն հասկացավ, թե ինչ խաղ խաղաց այդ մարդը իր գլխին, և սիրտը լի դառնությամբ, առանց ոչ ոքի հետ տեսնվելու, նստեց իր ձին և գնաց դեպի Տաթև, համոզված լինելով, որ այնուհետև Գենվազի ու Բարգյուշատի վրա մտածելը հիմարություն կլիներ իր կողմից․․․

Տողատակեր

[խմբագրել]
  1. Սալավաթը մահմեդականների մոտ փոխարինվում է այն արարողությանը, որ քրիստոնյաները կատարում են երեսը խաչակնքելով։