Դավիթ-բեկ/Առաջին/ԺԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
ԺԳ Դավիթ-բեկ

Րաֆֆի

Երկրորդ գիրք - Ա
[115]
ժԴ

Նույն ավուր գիշերային պահուն ծերունի ներքինապետը դարձյալ վրդովված կերպով մտավ Սյուրիի վրանը։ Նա պատմեց, որ խանից սաստիկ հանդիմանություն ստացավ, թե ինչու նա պահում է իր մոտ մի քրիստոնյա պատանի, նրան տեղ է տվել իր վրանում,

[116]
նրա հետ միասին ուտում է, խմում է, քանի որ այդ հակառակ է մահմեդականների սովորություններին, և մանավանդ անվայել է մի ներքինապետի, որ անդադար կանանոցի հետ հարաբերություն ունի։

— Ես չեմ հասկանում, այստեղ ի՞նչ մի անվայել բան կա, — հարցրեց Սյուրին, կտրելով ծերունու խոսքը։

— Անվայելն այն է, որ քրիստոնյան իմ վրանում ապրելով, կարող էր պղծել ինձ, իսկ ես նրանից պղծված լինելով, կարող էի մյուս մահմեդականներին պղծել, — պատասխանեց ծերունին, ինքն էլ ծիծաղելով իր խոսքերի վրա։

Խոսակցությունը այն տաթևացի պատանու մասին էր, որ խանի վրանի առջև կատարված եղերական ողջակեզի ժամանակ, դուրս պրծավ բոցերի միջից, ուր նրա ծնողները, ձեռքները դեպի երկինք բարձրացրած, «գթությո՛ւն» աղաղակելով, այրվում էին։ Ծերունի ներքինապետը վեր առեց իր մոտ շնչասպառ, կիսախանձ պատանուն և այն օրից դարմանում էր նրա մարմնի այրված տեղերը։ Արտաքին վերքերի բժշկության արհեստը խիստ սովորական լինելով պարսիկների մոտ, ներքինապետը բավական հմուտ էր նրա մեջ։ Այս պատճառով պատանու առողջանալը շատ չուշացավ։ Բայց ծերունին հավատացնում էր, որ նա դեռ շատ տկար է, և դեռ երկար ժամանակ պետք է պառկած մնա անկողնի մեջ, որովհետև նրանից պահանջում էին, որ պատանուն մահմեդականացնե։ Նա օրըստօրե հետաձգում էր նրանց պահանջը, զանազան պատճառներ բերելով։ Բայց մելիք Ֆրանգյուլի մահմեդականություն ընդունելու օրը, երբ պարսիկների մոլեռանդությունը ավելի գրգռված էր, այլևս ծերունուն հանգստություն չէին տալիս, մինչև անգամ խանից սաստիկ հանդիմանություն ստացավ։

— Պետք է նրան այստեղից հեռացնել, — ասաց տիկինը տխուր ձայնով։

— Ես էլ այսպես եմ մտածում, — պատասխանեց ծերունին, — և այդ մասին բոլոր պատրաստությունները տեսնված են։ Բայց մի բան ինձ սաստիկ դժվարություն է պատճառում։

— Ի՞նչ բան։

Ծերունին պատմեց, թե պատանին բավական վայելչահասակ և գեղեցկադեմ է, թե նրան տեսնողները անդադար կրկնում էին, որ այդ պատանին շատ հարմարություններ ունի խանի մանկլավիկների կարգը մտնելու և խանին սպասավորություն անելու, քան գյուղումը գութան վարելու։ Այդ տեղեկությունները մինչև անգամ
[117]
հասցրել են խանի ականջին։ Նա մի անգամ հրամայեց, թե կամենում է տեսնել պատանուն, բայց ծերունին նրան խաբեց, ասելով, թե նա հիվանդ է, տեղիցը շարժվել չէ կարողանում։

— Այժմ ես մտածում եմ, — առաջ տարավ ծերունին, — եթե պատանուն փախցնելու լինեմ մեր կողմերը, կամ ուղարկելու լինեմ նրան Տաթև, անպատճառ կգտնեն նրան և ետ կբերեն, որովհետև այդ բոլոր տեղերը խանի ձեռքը կհասնի։ Հարկավոր է նրան մի այնպիսի երկիր ուղարկել, որ խանի իշխանությունից դուրս լինի։

— Ուղարկեցեք Էջմիածին, այնտեղ օսմանցիներ են տիրում, — պատասխանեց տիկինը։

— Այնտեղ նույնպես հարմար չէ, մի գազանի ձեռքից ազատելով, մյուս գազանների ձեռքը պիտի գցեմ։ Պետք է մի քրիստոնյա տերության մեջ ուղարկել և Վրաստանից ավելի հարմարը չկա։

— Այդ լավ եք մտածել, բայց այնտեղ ո՞ւմ մոտ կուղարկեք։ Նա այնքան մանուկ է, որ չէ կարելի առանց խնամակալի մի անծանոթ երկիր ուղարկել։

— Ես բոլոր պատրաստությունները կարգադրել եմ, տիկին, ծերունի Ահմեդը այնքան հիմար չէ, որ այդ բաները չհասկանա։

Եվ նա սկսեց պատմել իր կարգադրությունները, ասաց` երկու հավատարիմ մարդիկ գիշերով կտանեն պատանուն, կհասցնեն Վրաստանի Մցխեթ քաղաքը։ Այնտեղ ծերունի Ահմեդը ունի մի լավ բարեկամ` հայազգի Օրբելյան իշխանին։ Պատանուն կհանձնեն նրան իր նամակի հետ, որի մեջ գրած է նրա հետ պատահած անցքերը, և խնդրում է առնել այդ անբախտ որբին իր խնամակալության ներքո։ Ծերունին հույս ունի, որ իշխանը ամենայն ուրախությամբ կկատարե իր խնդիրքը, որովհետև անցյալ տարի, երբ նա գործով եկավ խանի մոտ, ծերունին նրան մեծ ծառայություններ արեց, և իշխանը ասաց նրան․ «Երանի՛ թե, մի գործ պատահեր, ես կարողանայի քո պարտավորությունից դուրս գալ»։

— Բայց ի՞նչ կպատասխանես դու, երբ պատանու անհայտանալուց հետո, քեզանից կհարցնեն` ո՞ւր է նա։

— Ես մի քանի օր գաղտնի կպահեմ նրա փախուստը, մինչև նա կանցնե Վրաստանի հողի վրա, հետո պարզ կերպով կհայտնեմ, թե փախել է, բայց ես ինքս էլ չգիտեմ, ուր է գնացել։

— Այդ բոլորը շատ լավ է խորհված, — ասաց տիկինը ուրախությամբ, — բայց ե՞րբ մտադիր ես ճանապարհ դնել։

— Հենց այս գիշեր․ նա այժմ այնքան առողջ է, որ կարող է մի քանի օր ձիու վրա ճանապարհորդել։
[118]
— Ուրեմն ժամանակ կորցնել պետք չէ, — ասաց տիկինը շտապեցնելով, — բայց ես կցանկանայի այդ պատանուն տեսնել նախ քան նրա այստեղից հեռանալը։

Որովհետև կանանոցը բերել նրան անկարելի էր, վճռեցին, կես-գիշերին, երբ բոլորը քնած կլինեն, տիկինը գնա ծերունու վրանը և այնտեղ տեսնե պատանուն։

Գիշերը սաստիկ մութ էր։ Ամպամած երկնքից մի աստղ անգամ չէր երևում։ Անտառի ծառերը շարժվում էին մեղմ քամուց, տարածելով իրանց շուրջը մի խորհրդավոր, կախարդական սասափյուն։ Հովիվների վրաններից հեռու, մի ձորի մեջ գիշերային լռությունը ընդհատվում էր խուլ հեկեկանքով․ մի պատանի, գլուխը դրած փոքրիկ բլրակի վրա, լաց էր լինում։ Արտասուքը հեղեղի նման թափվելով նրա աչքերից, թրջում էր հողը, որից կազմված էր այդ բլրակը։ Այստեղ թաղված էին դիակները այն թշվառների, որ բռնության, հարստահարության երեսից հալածված, իրանց անձները այրեցին խանի դատարանի առջև։ Ինքնակամ մահով նրանք բողոքեցին տիրող անարդարության, անգթության դեմ․ իրանք մեռան, բայց անարդարությունը մնաց․․․

Պատանին լաց էր լինում, և կարծես, նրա ալեկոծված կուրծքից դուրս էին թռչում այս հառաչանքները․ «Թո՜ղ վկա լինի հայրենիքի այդ սուրբ հողը, որ ծածկում է ձեր մարմինները, թող վկա լինեն այդ անտառի ծառերը, որ տարածում են իրանց հովանին ձեր գերեզմանի վրա, թող վկա լինեն հայոց լեռները և նրանց մեջ բնակվող բոլոր չար ու բարի ոգիները, որոնք ականատես եղան ձեր տառապանքին, վերջապես թող վկա լինի այդ անգութ երկինքը, որ տեսավ ձեզ կրակի բոցերի մեջ, որ հոտոտեց ձեր այրվող մարմիններից բարձրացած ճենճերային ծուխը և դարձյալ սառնսիրտ մնաց դեպի անմեղ զոհերի տանջանքը․․․ — ես երդվում եմ, երդվում եմ հայ շինականի խրճիթի օջախով, որ հանգած է բռնակալի ձեռքով, երդվում եմ հայ կնոջ և հայ աղջկա պատվով, որ բռնաբարված է մահմեդականի կրքերով, երդվում եմ հայ երկրագործի արորով և քրտինքով, որոնց վաստակը հարստահարվում է, երդվում եմ հայրենիքի սուրբ հիշատակով, որ օտարի լծի տակ ճնշվում է, — վերջապես երդվում եմ այդ գերեզմանով, որ ամփոփում է ձեր անմեղ մարմինները, ես պիտի վրեժխնդիր լինեմ․․․ պիտի վրեժխնդիր լինեմ չարության, անարդարության և բռնության դեմ։ Այս րոպեից հանդիսավոր ուխտ եմ դնում կռվել և մինչև մահ կռվել հայրենիքի ազատության համար։ Այն օրը ձեր ոսկերքը կհանգստանան
[119]
այդ մթին գերեզմանի մեջ, երբ ազատության շունչը խաղաղ, կենսաբեր ոգվով կփչե նրա վրայով․․․»։

Այդ խոսքերից և ոչ մեկը չարտասանեց պատանին։ Միայն նրա սիրտը անգիտակցաբար լցված էր այդ զգացմունքներով։ Հոր և մոր, ազգականների և բարեկամների հոգիները նույն գերեզմանի խորքից ներշնչում էին նրա մեջ այդ մտածությունները։ Նա այնքան մանուկ չէր, որ զգացած չլիներ բռնակալ ձեռքի դառն հարվածները։ Նրա մարմնի վերքերը դեռ ոչ բոլորովին բուժված էին, իսկ սիրտը լի էր վրեժխնդրության դառնությամբ։

Նա վերջին անգամ համբուրեց գերեզմանը և վեր բարձրացավ։

— Մնաս բարյավ, սիրելի մայր, — մնաս բարյավ, սիրելի հայր, — մնացեք բարյավ, սիրելի բարեկամներ, — ասաց նա և հեռացավ։

Ներքինապետի վրանում Սյուրին վաղուց սպասում էր պատանուն։ Ծերունի Ահմեդը շատ անհանգիստ էր նրա բացակայության համար։ Այնքան օրեր պատանին ապրում էր նրա վրանում, խիստ սակավ անգամ էր պատահել, որ նա մի ուրիշ տեղ գնացած լիներ։ Այժմ ո՞ւր պիտի գնացած լիներ։ Ոչ ոք չգիտեր։ Ներքինապետի ծառաներից ոչ մեկը չէր տեսել նրան վրանից դուրս գալու ժամանակ։

Վրանի վարագույրները իջեցրած էին։ Տիկինը միայնակ նստած էր այնտեղ, իսկ ծերունի ներքինապետը կանգնած էր նրա սպասում։ Երկուսի մեջ ևս տիրում էր մի տեսակ լարված լռություն․ երկուսն էր անհանգիստ էին այն մտքով, թե ի՞նչ եղավ պատանին։ Հեռու, անտառի մեջ թե ձիաները, թե մարդիկը պատրաստ էին, որ նրան պիտի տանեին։ Գիշերը անցնում էր․ պետք էր շուտով ճանապարհ ընկնել, որ մինչև լուսանալը կարողանային բավական հեռացած լինել խանի կացած տեղի սահմաններից։

— Ի՞նչ եղավ, — հարցրեց տիկինը անհամբերությամբ․ — ես կասկածում եմ, որ նրա հետ մի վտանգ պատահած լինի։

— Այստեղ ամեն բան կարող է պատահել, տիկին, — պատասխանեց ծերունին շվարած կերպով․ — այստեղ ծիտն էլ իր բույնի մեջ ապահով չէ։

Լսելի եղավ շատ հաչելու ձայնը։ Ծերունին դուրս գնաց։ Մի քանի վայրկյանից հետո նա վերադարձավ ուրախ դեմքով, իր հետ բերելով պատանուն։ Բայց վերջինիս գունաթափ դեմքը չէր ցույց տալիս որևիցե ուրախություն․ խորին տխրությունը նկարված էր նրա խոշոր, սևորակ աչքերի մեջ։ Տիկինը տեսնելով գեղեցիկ, վայելչահասակ
[120]
պատանուն, բոլորովին զմայլեցավ․ նրա քնքուշ, սիրող սիրտը լցվեցավ այն քաղցր զգացմունքով, որ տիրում է հարազատ քրոջ սրտին, երբ նա առաջին անգամ տեսնում է կարոտած եղբորը, երկար տարիների անջատումից հետո։ — «Ո՛րքան սիրուն է, որքա՛ն մեծացել է իմ եղբայրը», — ասում է նա և փաթաթվում է նրա պարանոցին։

Զգացմունքի այդ տեսակ արտահայտություններ տեղի չունեցան։ Պատանին տիկնոջ ոչ եղբայրն էր և ոչ ազգականը, այլ մի որդ, հայրն ու մայրը կորցրած տղա, որ ինքն էլ մի բախտով ազատված էր նույն կրակի բոցերից, որ այրեցին նրա ծնողներին։ Պատանու այդ վիճակը ազդում էր տիկնոջ մեջ ցավակցություն, մաքուր սիրո հետ խառնված։

— Ինչպե՞ս է անունը, — հարցրեց նա, դառնալով դեպի ներքինապետը։

— Դավիթ, ձեր ծառա, — պատասխանեց ծերունին։

— Դավի’թ, — բացագանչեց տիկինը խորին տհաճությամբ, կարծես ափսոսելով, որ մի այդպիսի գեղեցիկ, անարատ պատանին կրում է իր չարագործ հոր անունը։

Բայց մանկահասակ Դավիթը մնացել էր բոլորովին զարմացած, ամոթխածությունից չգիտեր ինչ անել, երբ նկատում էր` մի նազելի, շքեղ կերպով հագնված կին նրա վրա ուշադրություն էր դարձնում։ Այդ կինը, անտարակույս, խանի հարեմներից մեկը պետք է լիներ։ Բայց մի՞թե պարսիկ կնոջ մեջ կարող էին լինել այն աստիճան քնքուշ զգացմունքներ դեպի մի անբախտ հայ պատանի։ — Այդպես էր մտածում նա, երբ ծերունի ներքինապետը ասաց նրան, թե տիկինը քրիստոնյա է, և հայտնեց նրան ում աղջիկը լինելը։

Կարծես, մի սուր ցցեցին պատանու սրտի մեջ․ նա լսեց այն մարդու անունը, որ իր հոր, իր մոր, իր ազգականների դահիճն էր, իսկ այդ նազելի կինը — նրա աղջիկը։ Տիկնոջ բոլոր արժանավորությունները, որ այնքան հարգելի էին երևում նրա աչքում, իսկույն կորցրին իրանց նշանակությունը։ Պատանին այժմ նայում էր նրա վրա, որպես մի թշնամու վրա, որին պատրաստ էր պատառոտել։ Նա երեսը շուռ տվեց և կամենում էր դուրս գալ վրանից։

— Հասկանո՛ւմ եմ քո արդար վրդովմունքը, ազնիվ պատանի, — ասաց տիկինը, նրա ձեռքից բռնելով․ — բայց անբախտ աղջիկը ինչո՞վ է հանցավոր, որ քավե չարագործ հոր մեղքը․․․ Ես հավատում եմ աստուծո արդարությանը, և հույս ունեմ, որ այդ
[121]
բոլոր չարիքներին հատուցում կլինի․ նեղյալները կվայելեն ազատություն, իսկ նեղիչները սոսկալի դատապարտություն․․․

— Ո՞ր աշխարհում, — հարցրեց պատանին, դեռ ոչ բոլորովին հանգստացած լինելով իր վրդովմունքից։

— Այս աշխարհում, — պատասխանեց տիկինը մարգարեուհու եղանակով․ — դառնության բաժակը մինչև բերանը լցված է․․․ մի կաթիլ ևս, — ահա նա կթափվի․․․

— Հավատում եմ ձեր գուշակությանը, տիկին, — պատասխանեց պատանին ոգևորությամբ, և բռնելով նրա աջը, սեղմեց իր շրթունքի վրա։ — Դուք կրկնում եք միևնույն խոսքերը, որ մի քանի րոպե առաջ ես լսեցի իմ անբախտ ծնողների գերեզմանից։ Այնտեղից մի ձայն նույնպես ասում էր, թե «դառնության բաժակը լցված է»․․․ Ես լսեցի կոչող ձայնը և ուխտեցի մինչև մահ կռվել անարդարության դեմ։

Եվ իրավ, պատանուն այնպես էր թվում, որ այդ խոսքերը նա առաջին անգամ չէր լսում․ թե նա լսեց այն ժամանակ, երբ ինքը հոգեկան դառն խռովության մեջ, ընկած ծնողների հողադամբարանի վրա, տխուր և ցավալի կերպով արտասուք էր թափում։ Այժմ նույնը լսում էր բարեսիրտ կնոջ բերանից։

Ծերունի ներքինապետը ակնարկեց, թե պատանին ուշանում է, թե ժամանակ է ուղևորվելու։ Բայց տիկինը բոլորովին հափշտակված էր նրա խոսքերով․ «Ես ուխտեցի մինչև մահ կռվել անարդարության դեմ․․․»։ Ի՞նչն էր ներշնչել այդ վրեժխնդրական զգացմունքը նրա մանուկ սրտի մեջ, ծնողների ցավալի մա՞հը, թե ընդհանուր ժողովրդի անբախտ դրությո՞ւնը։ Այդ միտքը սաստիկ հետաքրքրում էր վշտալի տիկնոջը։ Նա ցանկանում էր խոսել, երկար խոսել վաղահաս ցավերով տանջված այդ պատանու հետ, ցանկանում էր շոշափել նրա կոտրած սրտի բոլոր թաքնված վերքերը, բայց ներքինապետը դարձյալ շտապեցրեց, թե ժամանակը անցնում է, թե պետք է շուտով ճանապարհ դնել նրան։

— Քո ուխտը` կռվել անարդարության դեմ, — ասաց տիկինը բռնելով պատանու ձեռքը, — պետք է լինի ամեն մի հայ մարդու ուխտը, որ մտածում է հայրենիքի փրկության համար։ Դու, գուցե քո ծնողների ցավալի վախճանից դրդված, ուխտեցիր վրեժխնդիր լինել բռնության դեմ, — բայց մտածի՜ր, որ ամբողջ հայ ժողովուրդը այրվում է, խորովվում է, ոչնչանում է նույն բոցերի մեջ, որ լափեցին քո անբախտ ծնողներին, նույն բոցերի մեջ, որոնց միջից դու մի բարի բախտով դուրս պրծար։ Նույն բոցերը թողեցին
[122]
քո մարմնի վրա բռնության ձեռքի անջնջելի դրոշմը, ամեն անգամ, երբ կնայես նրա վրա, հիշի՜ր, որ դա քո ուխտադրության կնիքն է, հիշի՜ր, որ դու չարաչար կմեղանչես աստուծո և քո ծնողաց հոգիների առջև, եթե չկատարես այն սուրբ խոստմունքը, որ ուխտեցիր նրանց գերեզմանի վրա։

Պատանին լռությամբ լսում էր տիկնոջ խրատները, որպես մի ուխտավոր, որ խորին ջերմեռանդությամբ լսում էր քրմուհու պատգամները։ Տիկինը հայտնեց, թե զանազան տխուր հանգամանքներ ստիպում են առժամանակ հեռացնել նրան հայրենի երկրից, և ծերունի ներքինապետի հետ խորհելով, վճռվեցավ նրան ուղարկել Վրաստան։ Պատանին հանձնարարական նամակներ կտանե ի հետ և այնտեղ թե խնամակալություն և թե պաշտպանություն կգտնե մի հայազգի իշխանից, որը բարձր պաշտոն է վարում վրաց թագավորի մոտ։ Տիկինը խոստովանում է միշտ և ամեն ժամանակ օգնել պատանուն, որը համարձակ կարող է դիմել իրան, եթե որևիցե բանի մեջ պետք կունենա։

— Առայժմ, — վերջացրեց նա իր խոսքը, — ես իմ օրհնության հետ կարող եմ տալ քեզ այս փոքրիկ քսակը, որը գուցե հարկավոր կլինի քեզ քո պանդխտության մեջ։

— Ինձ բավական է ձեր օրհնությունը միայն, — պատասխանեց պատանին, հրաժարվելով ընդունել քսակը․ — իմ ծերունի հայրը հոգացել է բոլորը, ինչ որ պետք է իմ ճանապարհորդության համար։

Վերջին խոսքերով նա ակնարկում էր ծերունի ներքինապետի վրա, որին իր հայր էր կոչում, որի երախտիքը իր կյանքի պահպանության համար երբեք մոռանալ կարող չէր։ Բայց տիկինը դարձյալ ստիպեց նրան ընդունել քսակը, որը չմերժեց նա, համբուրելով իր բարերարի աջը։

Վրանի մեջ զբաղված լինելով, թե տիկինը և թե ներքինապետը չէին նկատել, որ դրսում եղանակը բոլորովին փոխվել էր։ Երկինքը պատած էր սև ամպերով և սաստիկ քամին, որ ալեկոծում էր անտառի ծառերը, սպառնում էր սոսկալի փոթորիկ։ Անտառը որոտում էր ծառերի միմյանց զարկվելուց, լեռները թնդում էին, իսկ կայծակը երբեմն փայլատակում էր գիշերային մթության մեջ։ Կարծես, աշխարհի վերջը հասել էր և տիեզերքը լցված էր ահռելի արհավիրքով։ Անձրև դեռ չկար, միայն երբեմն խոշոր կաթիլներ, քամու սաստիկ հոսանքի հետ թռչելով, գնդակի նման զարկում էին մարդու երեսին։ Տիկինը, նկատելով եղանակի
[123]
խստությունը, խորհուրդ տվեց ներքինապետին հետաձգել պատանու փախուստը։ Ծերունին համաձայնվեցավ նրա հետ։

— Այդ գիշեր ամենահարմար ժամանակն է, — պատասխանեց պատանին մի առանձին վստահությամբ, — ես սիրում եմ այսպիսի եղանակը։ Չեմ կարող մնալ, պիտի գնամ։

— Դու դեռ բավական տկար ես, — ասաց տիկինը կարեկցությամբ, — փոթորիկի ժամանակ այդ լեռների վրա շատ ցուրտ է լինում, կարող ես մրսել, կարող ես կրկին հիվանդանալ։

— Կարող է ուրիշ վտանգներ ևս պատահել, — ավելացրեց ծերունին, — եթե անձրևը սաստկանալու լինի, ձորձրի մեջ հեղեղներ կբարձրանան։

Պատանին հաստատ մնալով իր որոշման վրա, պնդեց, թե ոչինչ չէ կարող արգելել նրա ուղևորությունը, թե նա ցանկանում է մի րոպե առաջ դուրս գալ, հեռանալ այն մթնոլորտից, որի օդը նրան խեղդում է, ուր ամեն ինչ նրա սրտում ցավ և կսկիծ է հարուցանում։

Սյուրին հասկացավ պատանու սրտի վշտերը, հասկացավ, թե ինչն է դուրս քշում նրան այդ երկրից, վճռեց չհակառակել նրա ցանկությանը և ամեն ինչ թողնել աստուծո կամքին։

— Ձիաները, մարդիկը, ո՞րտեղ են, — հարցրեց նա ներքինապետից։

— Անտառում պահված են, — պատասխանեց ծերունին։

— Պատրաստվեցեք պատանուն ճանապարհ դնել, Ահմեդ, ինչ որ աստված կամեցել է, այն կլինի, — ասաց տիկինը խորին հավատքով, -գուցե այդ փոթորկը աստված հարուց հենց նրա համար, որ պարսիկները քաշվեն իրանց վրաններում, ճանապարհների վրա ոչ ոք չմնա, ուր պատանու փախուստը աննկատելի լինի։

Ծերունի ներքինապետը մտավ վրանի գաղտնարանը, որ բաժանված էր վարագույրով, այնտեղից դուրս բերեց մի զույգ ատրճանակ և մի թուր․ վերջինը նա իր ձեռքով կապեց պատանու մեջքից, և գոտևորելով նորընծա ասպետին իր նոր կոչման մեջ, ասաց․

— Ես բացի այդ թուրից ուրիշ թանկագին բան չունեմ քեզ ընծայելու համար, Դավիթ, — դա Սյունյաց աշխարհի մի հզոր թագավորի թուրն է, որ ես դուրս եմ բերել խանի գանձարանից։ Այդ թուրը, որ մի ժամանակ հայ թագավորի հզոր ձեռքում պաշտպանում էր մեր հայրենիքը, թող այսուհետև հիշեցնե քեզ նրա
[124]
ցավալի անկումը, թող այսուհետև ոգևորե քեզ նրա վերականգնման համար գործել։ Դու պետք է բարձրացնես մեր հայրենիքի փառքը նրա կործանման փոշիներից և վերստին պետք է կյանք և ազատություն պարգևես մեր թշվառ աշխարհին։ Ես այդ խոսքերը իմ գլխից չեմ խոսում, այլ աստված ինքը հայտնեց ինձ մի տեսիլքի մեջ։ Եվ ես հավատում եմ քո ճակատագրին, դու էլ պիտի հավատաս քո կոչմանը․․․

Լսելով այդ խոսքերը, պատանին կարծում էր թե իր վրա ծիծաղում են, և ծերունին պատրաստ էր պատմել նրան իր տեսած երազի մանրամասնությունները, բայց տիկինը զգուշացրեց նրան, որ լռե։

— Այդ հասակում տղայի հետ այդպիսի բաների վրա չեն խոսում, — ասաց նա արաբերեն լեզվով․ — երբ ժամանակը կգա, նա ինքը կհասկանա բոլորը․․․

— Այժմ բարի ճանապարհ եմ մաղթում քեզ, — ասաց տիկինը պատանու ճակատը համբուրելով, — կրկնում եմ, որտեղ որ լինես, ամեն մի պետքի, ամեն մի վտանգի ժամանակ կարող ես վստահությամբ դիմել ինձ, ես պատրաստ եմ ամեն մի հանգամանքում օգնել քեզ։

Պատանին խորին շնորհակալությամբ հանբուրեց տիկնոջ աջը և մի քանի կաթիլ արտասուք գլորվեցան նրա ձեռքի վրա։ Նա մնաք բարյավ ասաց և իսկույն դուրս եկավ վրանից, գիշերային մթության մեջ ծածկելու իր դառն արտասուքը։ Ծերունի ներքինապետը հետևեց նրան։

Տիկինը մնաց վրանում միայնակ, տխուր և սաստիկ սրտաշարժ դրության մեջ։ Կարծես նրա հարազատ եղբայրը դեպի օտարություն էր գնում, կարծես, նրանից մի ամենասիրելի բան պակսում էր։ Նա լուռ հափշտակության մեջ ծունր դրեց վրանի հատակի վրա և նրա վշտերով լի աչքերը դարձան դեպի արդարադատ երկինքը։ Ի՞նչ բանի համար էր աղոթում նա — այդ միայն աստված գիտե։ Բայց ջերմ արտասուքը առատությամբ թրջում էր նրա գունաթափ դեմքը, և երկար նույն դրության մեջ մրմնջում էր նա, մինչև կայծակի վերջին փայլը լուսավորեց վրանի մթին շրջակայքը, և հեռացող պատանու քայլերի ձայնը ծածկվեցավ որոտման սաստիկ դղրդոցի տակ։

Փոթորիկը ավելի սոսկալի կերպարանք ստացավ․․․

Առաջին գրքի վերջը