Jump to content

Դեպի Ստամբոլ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 235 ]

ԴԵՊԻ ՍՏԱՄԲՈԼ

1


ճեղքում է ջուրը ճղփոցով
(«Բուկովինա» նավը։
Վերևում— երկինքը։
Դեմը ծով։
5 Վերևում—ներքևում—խոնավ է։

Ոնց որ դեղին կատու՝
Բաթումը մեր ափից
Թարթում է աչքերը։
Չափում է աչքերով հեռուն։
10 Պատրաստ է ցատկելու.
Ու՞ր։
— Մինչև ջրերը էն ափի,
Մինչև Ստամբոլ։։

Կծկվել է պիրկ, իր ափին,
15 Լարել է մկաններն ամեն,
Որպեսզի թափը չխաբի
Վճռական ժամին։

Ճեղքում է ջուրը «Բուկովի՛նան»։
Հեռանում է Բաթումը։

[ 236 ]

20 Սուզվում է ջրերում քիչ—քիչ:
Դիմացից բարձրանում է հիմա հինը—
Կորչում է Բաթումն աչքից։

Դեռ նոր ենք հեռացել մեր ափից—
Եվ ուրիշ է արդեն հիմա շուրջս.
25 Մոտենում է ահա— մի օսլայած կապիկ,
Եվ ահա՝ իր զրույցը.—

— Գիտե՞ք որ Տրո՛ցկին իր զորքով
Գնում է Մոսկվայի վրա։
Լռում է հայացքիս ներքո։
30 Խոժոռած՝ նայում ենք իրար։
— Դուք ճի՞շտ եք ասում,
        — Իհա՛րկե։
Վկա է ձեր հոգին անմահ։
Հասկանու՛մ եմ։
35 Հանում եմ գլխարկս։—
Մտնում ենք—
       «Արտասահման»

2


Ճեղքում է ծովը ճղփոցով
«Բուկովի՛նա» նավը։
40 Վերևում— երկինք է։
Դեմը ծով։
Վերևում—ներքևում—խոնավ է։

Շուրջս հնչում են օտար բառեր։
Շուրջս ջրերը,
45 Մարդիկ,
Իրերը

[ 237 ]

Խռիվ`
Լռել են.
Ելել է հինը ու կյանք առել։

50 Այս ի՞նչ է.
Նայում եմ շուրջս—
Խլրտում են սինյոր ու մուսյո:
Որն ուրախ,
Որը զուսպ,
55 Որը լուրջ է—
Ու բոլորն էլ գոհ են էդպիսով։

Բոլորը զվարթ են,
Բոլորը գոհ։
Եվ միայն մի մարդ է,
60 Որ քաշվել կանգնել է մի կողմ։

Կանգնել է, մենակ, նա մի կողմ
Ու աչքերը հեռուն, ծովին`
Մտածում է, թերևս, որ շուտով
Դժվար թե լինի... Մոսկովում։

65 Դժվար թե դառնա էնտեղից,
Ուր տանում է իրեն «Բուկովի՛նան»։
Դժվար թե ափերում էն դեղին
Նա գտնի իր թողած տղին
Եվ գգվի նրան նրա կինը։

70 Նրա դեմքը սառն է, ոնց որ քար։
Անտարբեր է դեմքը։
Թեպետ—
Սառել է դեմքին թրքական —
Մի ինքնակամ ժպիտ։

[ 238 ]

75 Ու ֆեսը՝ երեկ արդուկած,
Ու մորուքը ներկած, ու ակնոցը—
Ինձ մի քիչ անծանոթ են թեկուզ—
Բայց գիտե՛մ ես այդ թուրք ընկերոջը։

Եվ գիտեմ, որ նա
80 Հիմա—
Արխադաշ Սուբխու ճամփով,
Արխադաշ Սուբխու նման —
        Գնում է Ստամբոլ։

3


Ճեղքում է ծովը ճղփոցով
85 «Բուկովի՛նա» նավը։
Վերևում— երկինքն է։
Դեմը ծով։
Վերևում—ներքևում—խոնավ է։
Ներքևում ջրերը պարող
90 Լեղի են երևի, ոնց որ մաղձը։

Դեմս երկու պարոն
Զրուցում են քաղցր։

— Դուք տեսա՞ք սավետներ...
Եվ դրանք—
        95 Ուզում են աշխարհին տիրեն....
— Է՞ռ—Կա՜—Պե՜․․․
         Ե՜ր-
    րորդ Ի՜ն—տե՜ր—նա՜—ցիո՜—նա՜լ...
— Օ, ոչի՛նչ.
100 Թող քիչ համբերե՜ն...

[ 239 ]

— Շրջում է արդեն Չեմբերլինը․
էսօր չէ էգուց — կերգեն...
Կպարե՜ն Մոսկվան ու Բեռլինը․․․
Ու լիզում է շրթունքը իր գեր։

105 Ժպտում է,
Ճարպը կապտած
Հոսում է,
Հասնում է մինչև հոնքը։
Եվ ասում է.
       110 Մասնավոր կապիտալ,—
Ահա ա՛յս է կյանքի սկզբունքը։

Ես լարված լսում եմ զրույցը
Եվ հանկարծ տեսնում եմ —
Քիչ հեռուն
115 Կանգնած է —
       Վաղուց գուցե —
Ու լսում է ընկերը էն թուրք։

Նայում է աչքերիս նա լուռ,
ժպտում է․
120 Ժպտացող աչքերում
Ես տեսնում եմ — Ստամբոլի հեռուն,
Ու կռիվ,
Ու պայքար,
Ու ռումբ։
125 Օ, մենք —
Հասկանում ենք իրար։
Ավելի՛ն․—
Իրար գիտենք։

[ 240 ]

Եվ գիտենք՝ աշխարհի վրա
130 Դեռ երկա՜ր պայքարենք պիտի։

Նայում է մի պահ նա միայն —
Բայց էդ պահը մեր մեջ — ոնց որ դարը։
Հասկանում ենք, անխոս, մենք իրար
Ավելի,
135 Քան եթե բառեր։

Հասկանում ենք, որ դեռ նո՜ր պիտի գան
Օրերը, որոնց դեմ անհամբե՛ր ենք,
Որ դեռ դեմն են կռիվ ու պայքար
Ու դեռ դեմն է մեր մեծ Հոկտեմբերը․․․

140 Թող նրանք մտնեն ռեստորան,
Ուր աղմուկ է, ժխոր ու քրքիջ է։—
Մենք գիտենք՝
Մեզ այնտեղ սպասում են նրանք,
Որ ամբողջ աշխարհի վրա
145 Թե նրան, թե ինձ — արնակի՛ց են․․․