Դեպի մեծ անտառը
Արտաքին տեսք
Դեպի մեծ անտառը
Կը քալեինք կողք-կողքի, առանց խոսելու, երկու քենոտ պզտիկներու նման։
Ճամբան հետզհետե կ’երկարեր։ Դեպի մեծ անտառը տանող ճամբան․․․
Բայց հակառակ որ երկար ժամանակե ի վեր կը քալեինք, դեռ չէին երևեր հսկա կաղնիները։
Քալելով հանդերձ, ըսի իրեն, քիչ մը հեգնոտ և դիմաց նայելով.
― Ո՞ւր կ’ուզեիր ըլլալ այս պահուն. ահա իրիկնամուտ է արդեն։
Ան ալ, առանց նայելու ինծի, և միշտ քալելով, ըսավ մեղմաձայն․
― Ամենեն բարձր լեռան մը կատարը, բացի քեզմե՝ ամե՛ն ուրիշ բան տեսնելու համար...
Ու կանգ առավ հանկարծ, իր թևերով փարեցավ վզիս և համբուրեց՝ այնքա՛ն տարօրինակ որ կարծես թե ա՛ն պիտի մեռներ։
Այդ երեկո ա՛լ չկրցանք հասնիլ մինչև մեծ անտառը...