Դեպի քավարան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ուշացել է կյանքս Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Դեպի քավարան)

Վարդան Հակոբյան

Առուն անխոս է
ԴԵՊԻ ՔԱՎԱՐԱՆ


Գիշերվա լեռը ինչ-որ մոմի շուրջ պտտվում, ահա,
ոլորաններով, կածան առ կածան,
ելնում է
դեպի անհունն ու փակվում ամեն հայացքից։
Մթան փեշերին պսպղում է մեղմ, ինքնաթափ եղած
արծաթն աստղերի,
որոնց այդպես էլ ինչ որ ասպետի՝ հարյուր-հազարից,
դեռ չի հաջողվել
վար բերել՝ սիրած աղջկա համար։
Երկինքը մեկ-մեկ
քմծիծաղում է։
Երազված ճամփին ոտքս չի զգում եւ ոչ մի քերծվածք։
Ես շատ եմ սիրում։ Ես խորն եմ սիրում։ Սիրում եմ անչափ։
Նաեւ՝ անսահման։ Նաեւ՝ խենթ-շռայլ։ Նաեւ - չես սիրում։
ՈՒ տխուր եմ շատ։
Մոմի լույսն ի վեր հոգիս ելնում է դեպի քավարան։
Մեկնում եմ ձեռքս։ Եվ Աստված այնտեղ վառում է մի մոմ,
Դու մի հանգցրու։ Դու մի հանգցրու։ Աստված կսիրես,
                                    դու մի հանգցրու։