Jump to content

Դեռ թռչում է աղավնին` ձիթենու ճյուղը կտցին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԴԵՌ ԹՌՉՈՒՄ Է ԱՂԱՎՆԻՆ՝ ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂԸ ԿՏՑԻՆ...

Ժողովրդի ճակատագիրն, ասում են, ի վերուստ ծաղկված է լինում նրա ազնվազարմ զավակների ճակատին։ Եվ զավակներն իրենց ապրած կյանքի ամեն վայրկյանով սրբագործում են մայր ժողովրդի սերն ու հավատը, որի ճանապարհորդն ու ուխտավորն են իրենք։ Սա պատմության ու ժամանակների ճշմարտությունն է, որ կասկածի ենթակա չէ եւ առարկություն չի ընդունում։ Իսկ մարդը՝ հիշողություն է, որ բարձրանում է հայրենի հողի վրա։ Կորցրեցիր հիշողությունդ՝ կորցնում ես նաեւ հողը։ Հիշողությունդ գործուն է, ուրեմն՝ չի կորչի հողդ, եթե անգամ քեզանից խլած լինեն։ Այսպես էր երեկ։ Այսպես է այսօր։ Այդպես կլինի վաղը։ Ահա, թղթին եմ հանձնում բառերս եւ իմ մեջ անլուռ է երջանկահիշատակ մի հայի՝ Գուրգեն Յանիկյանի խոսքերը, որ խնամքով մեջբերվել են Զորի Բալայանի «Կյանք մահից հետո» գրքի առաջաբանում. «Մարդը մարդ է մնում Աստծո տված այնպիսի պարգեւի շնորհիվ, ինչպիսին հիշողությունն է, որը պետք է գործուն լինի։ Եթե ես լռեմ, Աստված չի ների ինձ»։

Եվ չլռեց հայի ոգին, որին սպանելը անհնարին է։ Յանիկյանի մեջ կորսված երկրի ու հողի ձայնը վերագտավ իրեն՝ աշխարհի խուլ ականջի տակ հնչեցնելով արդարության ճշմարիտ խորհուրդը։ Իր մանկության հայրենիքը կորցրած ութսունամյա այրը ձեռքերը սրբագործում է՝ իրեն հանգիստ չտվող արդար վրեժի մեջ, մեկ անգամ եւս հավաստելով, որ հայ մարդը աշխարհի որ ծայրում էլ լինի, առաջին հերթին զինվորն է իր ազգային արժանապատվության, նրա արյան ու հայացքի բաղադրությունից հնարավոր չէ հանել Մասիսի սպիտակափառ գագաթը։ Եվ ահա թե ինչու՝ մեղավոր հայ չի լինում.

Եթե անգամ մեղքի մեջ հայտնվի, այնուամենայնիվ,
Անմեղ ու մաքուր, հրեշտակ է հայը։
Եվ Արարատի շուրջ հսկում է անդուլ
Ընթացքն աղավնու,
Որի կտուցին ձիթենու շյուղ կա՝
Ամբողջ աշխարհի մարդկության համար։

Ամեն քայլ ու ամեն գործ արժեվորվում է յուրովի։ Զորի Բալայանի «Կյանք մահից հետո» գրքի հիմնական արժեքը նրա դասի ու խորհրդի մեջ է, անլռելի այն ճշմարտության մեջ, որը պիտի ականջի օղ դառնա ամեն մի հայորդու համար։ Եվ Ջոն Կիրակոսյանի սխրական կյանքի մասին պատմող այս հերոսապատման առաջաբանում ամենեւին էլ պատահական չէ, որ Զորի Բալայանը անդրադարձել է Գուրգեն Յանիկյանին։ Ոչ էլ Ջոն Կիրակոսյանին հղված նամակն է դրա պատճառը։ Ակունքն այդ հարցի ավելի խորն է. այստեղ խոսում է առաջին հերթին (լայն ու կոնկրետ առումով) ազգային նվիրվածությունը։ Սա այն ասպարեզն է, ուր մտնում են շատերը։ Բայց ուրիշ է՝ ասպարեզ գալ, ուրիշ՝ ասպարեզ բացել։ Ջոն Կիրակոսյանը խորհրդային իշխանության փակ ու դժնդակ ժամանակների մեջ էր փաստորեն ազգային նվիրական գործերի ու հերոսության ասպարեզ բացում։ Ու այն հանգամանքը, որ Գուրգեն Յանիկյան հայը նպատակահարմար է գտել հայոց խնդրով դիմել ոչ թե կառավարությանը, այլ ժողովրդի նվիրյալ Ջոն Կիրակոսյանին, ինքնըստինքյան տալիս է բոլոր հարցերի պատասխանը։ Սա կյանքի հիմքը կազմող հավատ է՝ եթե կարելի է այսպես ասել։

Խոստովանենք, Զորի Բալայանը ազգի ապագայի մեծ հավատավորներից է։ Հիշում եմ, արցախյան ազատագրական շարժման սկզբնական շրջանում Արցախի գրադարաններում փակի տակ էին դրվել մեր երեւելի պատմիչների ու գրողների գործերը՝ Րաֆֆի, Լեո, Բոգդան Ջանյան, Բագրատ Ուլուբաբյան, Զորի Բալայան։ Այսօր ցավով եմ վերապրում, թե մենք ինչպես էինք ամենուրեք փնտրում Ջոն Կիրակոսյանի պատմական ուսումնասիրություններն ու, չգտնելով, դիմում էինք Երեւանի մեր ընկերներին։ Սեւակը գիրն ու թուրը միշտ իրար կողքի էր դնում։ Մեծերը, դարձյալ Սեւակին հիշենք, աշխարհ են գալիս միշտ ժամանակին եւ ժամանակից առաջ են ընկնում, «դրա համար էլ չեն ներում նրանց»։ Այդպիսին էր եւ Ջոն Կիրակոսյանը։ Այդպիսին է եւ «Կյանք մահից հետո» գրքի հեղինակ Զորի Բալայանը, անկրկնելի մի անհատականություն, որի կատարած աշխատանքը, հիրավի, անգնահատելի է։ Նա ամենահաս ու հարահաս է՝ իր բնույթ ու բնավորությամբ, իր անզուսպ ու անդադար գործունեությամբ։ Հայ ժողովրդի ոգու լավագույն գծերն ու ավանդներն իր մեջ մարմնավորող այդ մարդն, ուղղակի զարմանում ես, թե ինչպես է կարողանում հասցնել մշտապես լինել այնտեղ, հայոց աշխարհի այն ծագ ու ծայրում, ուր իր կարիքն զգացվում է։ Ուր վճռվում է կամ պիտի վճռվի հայոց դատը։ Իսկ ո՞ւր չեն սպասում նրան, ո՞ւր չեն սպասում նրա հոդվածներին, ճշմարտապատում ժողովածուներին։ Կա մի հատկանիշ եւս, որով Զորի Բալայանը, առանձնանալով ժամանակի համապատկերում, կանգնում է ժողովրդի եզակի նվիրյալների շարքում։ Ո՞րն է դա։ Անսահման սերը իր հերոսների նկատմամբ։ Համո Սահյանը, խոսելով մեր դարի խոշոր դեմքերից մեկի մասին, ասել է՝ ինձ հիացնում է նրա պաշտամունքի հասնող սերն իր իսկ գրական հերոսների նկատմամբ։ Զորի Բալայանն այստեղ էլ գերազանցում է ինքն իերն։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նրա հերոսներն անխտիր իր իսկ երկրի մարդիկ են, իր քույրերն ու եղբայրները։ Եվ «Կյանք մահից հետո» ժողովածուն մեծապես շահել է հենց այն սիրուց, որ հեղինակը տածում է ականավոր պատմաբան, արեւելագետ, անզուգական հայագետ, պետական-քաղաքական գործիչ Ջոն Կիրակոսյանի հանդեպ, մի ուրույն դեմք, որ, չնայած բարձր պաշտոններ էր վարում խորհրդային երկրի տարբեր համակարգերում, այնուամենայնիվ, բոլոր պարագաներում էլ անվերապահորեն մնաց առաջին հերթին իր ժողովրդի ու ազգի դատապաշտպանն ու նվիրյալը։ Նա, անշուշտ, իրավունք ուներ ասելու. «Մենք այնպիսի ժամանակ ենք ապրում, որ արժեք է ներկայացնում միայն պայքարող մարդը», կամ այսպես. «Ժամանակ սպանելը ինքնասպանություն է։ Հանցավոր է հապաղումը, եթե մեծ ուղի է սպասում քեզ»։ Արցախյան համազգային շարժումն ու մերօրյա Ավարայրը մեզ նոր դասեր են տալիս։ Դրանցից մեկը (եւ՝ կարեւորագույներից) չհապաղելն է, պահի ճշգրիտ գնահատումը, որն էլ, ի վերջո, հանգեցնում է չդադարող ժրաջանության ու աշխատասիրության, այնքան, որ աշխատելը դառնում է հայրենիքին ծառայել, չաշխատելը՝ թշնամու ջաղացին ջուր լցնել։ Եվ գիտնականն անգամ մահճում ցած չէր դնում գրիչը։

Իր քայլերով Ջոն Կիրակոսյանը առաջ էր մղում մայր ժողովրդի նվիրական իղձը՝ լինելով ազգային մաքառման ու պայքարի անդուլ ճանապարհորդ։ Պատմաբանը, խորապես ուսումնասիրելով իրադարձությունների ընթացքն ու հավաստի աղբյուրները, հայ երիտասարդության հայացքն ուղղում է պանթուրքիզմի փայփայած` էկլեկտիկ գաղափարախոսության վրա, ըստ որի` թուրքերը պիտի նվաճեն Թուրքիայից մինչեւ Սիբիր ընկած տարածքը, ստեղծեն «պանթուրքական ամբողջություն»։ Հայաստանն է, որ փակում է նրանց ճանապարհը։ Ավելի կոնկրետ, Ջոն Կիրակոսյանը երիտասարդությունից պահանջում է՝ խորն ուսումնասիրել եւ սերտել պատմության դասը՝ հանուն ապագայի։ Իսկ դա ենթադրում է՝ լեզուների իմացություն, ամուր կամքի դրսեւորում ու պայքարի տենչ ու ձգտում, անմնացորդ նվիրվածություն ազգային գաղափարներին ու նախնիների ավանդներին։ Միաժամանակ, «Կոմունիստ» պատմաբանը «մեծ դասի» մեջ է առնում ու հայոց դատի «պաշտպան» կարգում նաեւ հեղափոխության առաջնորդին, կարեւորելով ու փոշուց մաքրելով նրա ընդգծումը. «Հայկական հողերը միայն հայերին են պատկանում»։ Այսինքն, Կիրակոսյանը առաջիններից մեկն էր, որ պատմության դրոշ էր ճանաչում միայն եւ միայն ճշմարտությունը՝ չընկրկելով անգամ ժամանակի բռնադատումներից։

Ջոն Կիրակոսյանին Բալայանը ներկայացնում է նաեւ որպես արվեստի մարդու՝ օժտված մի հատկանիշով, որն առկա է յուրաքանչյուր հայ գործչի մեջ՝ անկախ նրա զբաղմունքից ու մասնագիտական տաղանդից։ Եվ բացառություն չէր կարող լինել Ջոն Կիրակոսյանը։ Պատմաբանը Զորիի գրքում ներկայացվում է այնքան համոզչական գույներով ու ամբողջական նկարագրով, որ չես կարող չսիրել, ափսոսանքի ու գորովանքի զգացումներով չպարուրվել, «Կյանքը, կասեր նա, արվեստ է, իսկ արվեստը, ամենից առաջ, լավի զգացումն է»։ Ու պատահական չէ, որ «քաղաքական ու պետական գործիչ» Ջոն Կիրակոսյանը Հայաստանի նախարարների խորհրդի մոսկովյան ներկայացուցչության շենքի մոտ առաջին հերթին տեսնում է հոգեւոր արժեքի ճամփան, որտեղով «դասախոսությունների են շտապել Պուշկինը, Տոլստոյը», ապա հիշում՝ ճեմարանում սովորել են Տերյանը, Նալբանդյանը...

Զորի Բալայանի «Կյանք մահից հետո» գրքի առանձնահատկությունները հեղինակի սուր դիտողականությունն է, երեւույթի բազմակողմանիորեն դիտել-քննելը, որը, որպես կանոն, մշտապես պայմանավորվում է նյութի խորը իմացության վրա։ Եթե իսկություն է, որ գրողն ապրում է իր բոլոր հերոսների մեջ, ապա, տվյալ դեպքում, սխալ չի լինի միտքը բանաձեւել եւ այսպես. հերոսները ապրում են գրողի մեջ։ Ու դա այդպես է. հերոսին ծնում է ժամանակը։ Ազգի աստղն իրենց ճակատին կրող զավակները՝ պայքարի մեջ հասունացած մի պահի մեջ, առաջ են մղում եւ նվաճվելիք գծի վրա հայտնվում են առաջինը. մենակ են նրանք այդ պահին եւ, ցավոք, այդպես ընկած են լինում՝ առաջին գնդակները կրծքների վրա, երբ վրա են հասնում ընկերները։ Աստված Զորի Բալայանին ստեղծել է այդպես։ Այսօր համոզված եմ, եթե նա իր վերնազգեստները հանի ու թափ տա, հարյուր հազարավոր գնդակներ կթափվեն նրանցից։ Դա երկու բառով կարելի է բնութագրել այսպես՝ անխոցելիություն։ Այդպես անխոցելի են արցախամարտի մեր հերոսները։ Երեկ անխոցելի էին Անդրանիկը, Նժդեհը, Չարենցը, Լորկան։ Այս մտքին է հանգում եւ ինքը՝ նորին մեծություն ժամանակը, միայն թե, դժբախտաբար, մեծերի վրա նշան բռնելուց հետո։ Ջոն Կիրակոսյան Մեծը եւս մտնում է այս դասակի մեջ։ Նա այն եզակի դեպքերից էր, որոնք իրենց կյանքի գործն էին համարում հայ ժողովրդի «արցախյան դատը»։ Խորհրդային դժնդակ ժամանակներն անգամ չէին կարողանում լռեցնել նրա արդար բողոքն ու պահանջատիրական ձայնը։ Ահա թե ինչու շարժման առաջին օրերին մենք «ճրագով էինք փնտրում» պատմաբանի այդ «թեման» արծարծող գործերը։

Հիրավի, Ջոն Կիրակոսյանի կյանքը շարունակվում է եւ նրա մահից հետո։ Այդ է վկայում Զորի Բալայանի գրած հետաքրքիր ու ինքնատիպ այս գիրքը, որի հայերեն եւ ռուսերեն մասերն ամփոփված են «մի կեղեւի տակ», մի ամբողջության մեջ։ Իսկ դա իր հերթին խորհրդանշում է, որ ուժը (սա եւս Ջոն Կիրակոսյանի պատմական դասերից է) միասնության մեջ է ու շահերը համեմատող պայքարում։ Ցավոք, ժամանակից շուտ մեզ հրաժեշտ տվեց Ջոն Կիրակոսյանը, արժանավոր հայը, որի մեր կողքին լինելը, մանավանդ՝ արցախյան գոյապայքարի օրերում, պատկերացնում եմ, թե որքան ուժ ու ավիշ կտար մեզ։ Բայց սփոփանքն ու մխիթարանքն այն է, որ նրա «հիշատակող գիրը» մեր մեջ է եւ պատմաբանի բազուկների ջերմությունն ու հայացքի խրոխտությունն ամփոփոխ դրոշը, գետնին չի մնում, պահվում է բարձր։ «Երբ դրոշակակիրը ընկնում է մարտում,- Զորի Բալայանը հիշեցնում է Ջոն Կիրակոսյանի պատգամը,- ապա դրոշը գետնին չի ընկնում, դրոշը հասցնում են վերցնել հետեւից եկողները»։

Լինում են ժամանակներ, երբ հացը նույնպես զենքի ուժ է առնում։ Առավել եւս՝ հոգեւոր հացը։ Այժմ, հարաբերական հաջողության մեր պայմաններում, իրենով ոչ միայն գրական-հասարակական, միջժողովրդական ու միջպետական հարաբերություններում յուրովի ակտիվություն դրսեւորող, մերանող ու ավշարող Զորի Բալայանի գիրքը հավաստում է, որ, հիրավի, «գնդակն ու տառը նույն արճճից են ձուլվում»։

Իսկ ձիթենու ճյուղը կտցած աղավնին դեռ թռիչքի մեջ է։