Jump to content

Ուրախ հայերեն, այսինքն՝ լույս զվարթ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՈՒՐԱԽ ՀԱՅԵՐԵՆ, ԱՅՍԻՆՔՆ՝ ԼՈՒՅՍ ԶՎԱՐԹ...

Գուրգեն Գաբրիելյանի «Ուրախ հայերենի» հիմքում ավանդական լուսերգություն կա, որ գալիս է հայ քերթության ամենավաղնջական ժամանակներից, զվարթ լուսերգություն, որը, իմացաբար ու նպատակով, ցավի մշուշները ետ է վանում ու որոշակի տրամադրություն հաղորդում դարերի ընթացքում, դժբախտաբար, ավելի շատ թախծի մրմունջներ ներառած մայրենի լեզվին։ Եվ հենց գրքի անվանումը խոսում է բանաստեղծական այն աստվածատուր վարպետության մասին, որով հեղինակը խորություն է հաղորդում պատկերին ներքին հակադրությունների համակարգի ճշգրիտ կիրառումով։ Խոստովանենք, դժվարին ու գրեթե անհնարին առաքելություն է ստանձնել մանկագիրը, բայց չէ՞ որ դա էլ նրա երգի ազգային բնավորության ընդհանրացնող հատկանիշներից մեկն է - այդպե՞ս չէ վարվել «Հորովել», «Այբուբենը երգերի մեջ» եւ բազում-բազում ուրիշ ստեղծագործությունների պարագայում միշտ էլ ընթերցողին մատուցելով իր հոգեւոր-գեղարվեստական խիզախումի պտուղները։ Բանաստեղծի մանկագրությունը ասես սկսվում է այնտեղից, ուր Մաշտոցն առաջին դպրատունը բացեց հայոց աշխարհում, ահա թե ինչու գրողի յուրաքանչյուր գործ ամարասուն ծաղկի խորհուրդներ է բերում, իսկ հայրենի ուսուցումը, ոսկեղենիկ այբուբենի ավանդումը Գուրգեն Գաբրիելյանի գեղարվեստի հենքն են կազմում։ Մուշեղ Իշխանն ասում է, որ «Հայոց լեզուն տունն է հայուն»։ Գ. Գաբրիելյանը տունն այդ կերտում ու վերակերտում է լեզվի յուրաքանչյուր հնչյուն ու քերականական օրենք, կանոն ու կարգ ներկայացնելով որպես հայկական առանձնահատուկ գծեր, ստեղծում ամբողջական ու խիստ անհատականացված կերպար։ Բանաստեղծական գյուտերն ու լեզվական անակնկալները քեզ ուղեկցում են պատկերից պատկեր, ոճի բազմազանության մեջ պահելով շունչ ու ոգի, բովանդակելով ձեւի միանգամայն նոր արտահայտություններ.

Տուն... որ շարեցինք
Շարահյուսությամբ...
Ձեւավորեցինք
Ձեւաբանությամբ...

Գաբրիելյանի պոեզիայի ամենաբնորոշ գծերից է պատումի բովանդակությունից ու խոսքի նպատակամետությունից թելադրվող պարզագույն տրամադրությունը, որը եւ հետաքրքիր է դարձնում բանաստեղծության թե ճարտարապետությունը՝ յուրօրինակ զարդաքանդակներով, թե գաղափարն ու խորհուրդը, թե զգացմունքների աշխարհը, թե պատկերային ամբողջ համակարգը։ Նրա տողերի մեջ մշտապես առկա է դինամիկ մի շարժում, որը եւ անընդհատ ընթացքի մեջ է պահում գործողությունը, ավշավորում բառը, նրան պարգեւում կենսունակություն ու լիարյուն կյանք։ Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Գաբրիելյանի բանաստեղծությունը առավելապես բարձրանում է ժողովրդական բանահյուսության կենարար արմատների վրա։ Եվ յուրաքանչյուր բառ, կոդավորվելով մանկագրի կողմից, դառնում է առասպելներով, առեղծվածներով, հերոսական ասքերով հարուստ հայոց աշխարհի աստվածային գեղեցկության ու սիրո ամփոփարան։ Ամենասովորական երեւույթն անգամ, վերաիմաստավորվելով Գաբրիելյանի տողերում, իրենով սկզբնավորում է ըմբռնումի եւ աշխարհընկալման ուրույն կերպ, մանկական երեւակայությունն ու շարժման փիլիսոփայական վերարտադրությունը հարստացնում մեր «ճկուն ու բարբարոս» լեզվի անսպառ բաղադրատարրերով, պարզում արտաբերվող հնչյունների եւ ազգային հոգեւոր գծերի ներդաշնակությունը։

Այգին խումբ է
Ծառերի,
Բառը խումբ չէ
Տառերի։

«Ուրախ հայերենի» առաջաբանում մեր ժամանակի խոշորագույն լեզվաբան, ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանը բարձր է գնահատում մանկագրի նոր ժողովածուն գիտական ու գեղարվեստական առումներով։ Ահավասիկ. «Գ. Գաբրիելյանի գիրքը ամենից առաջ ուսուցողական նշանակություն ունի։ Նրանում ներկայացված շատ ու շատ բանաստեղծություններում ճշգրիտ կամ համարյա ճշգրիտ ներկայացվում է լեզվական տվյալ իրականությունը գեղեցիկ արվեստի ընձեռած հնարավորություններով, մանկան ու պատանու համար հաճելի, գրավիչ աշխուժությամբ... Գիտելիքի ճշգրտության հետ միասին, Գ. Գաբրիելյանը մանկավարժական, մեթոդական ճիշտ մոտեցումներով սովորողների ուշադրությունն է հրավիրում տերմինների վրա...»։ Գաբրիելյանի գտնված մտքերով, հանգ ու վանկերով, խաղ ու սրամտություններով, հիրավի, զվարթանում է հոգիդ, զվարթանում են գիրն ու լույսը, իսկ թախիծը ծնում է լույս՝ գիշերվա պես մայրանալով։ Ու մեկը մեկին հաջորդում են մարգարտահատիկ բառ ու տողեր.

Մի զույգ պստիկ «ո՞վ», «ի՞նչ» հարց,
Բայց մի ամբողջ բառաշխարհ.
Եվ անցավոր, եւ անանց,
Եվ գանձ, եւ թանկ, եւ նշխար...

Մեր դպրոցականների համար, անշուշտ, դասագրքային օժանդակ ձեռնարկի դեր կարող է տանել «Ուրախ հայերենը», ուր Գաբրիելյանի վարպետ գրչով ներառվել են մեսրոպյան հայերենի հնչյունաբանությունը, ուղղագրությունը, ուղղախոսությունը, բառագիտությունը, ձեւաբանությունը, շարահյուսությունը... մի խոսքով, բոլոր այն հարցերն ու խնդիրները, որոնցով «արեւի տակ զրնգում է հազարագանձ հայոց լեզուն»։

Գուրգեն Գաբրիելյանի այս ժողովածուն հիմն է հայոց լեզվին։ Եվ, օգտվելով պատեհ առիթից, նշենք, որ մանկագրի ստեղծած հարուստ գրականությունն, ընդհանրապես, կարիք ունի գիտական ճշմարիտ վերլուծությունների եւ գնահատման։ Հանդիսանալով մեր մեծերի ստեղծագործական ավանդույթների լավագույն շարունակողներից մեկը մանկագրության մեջ` Գուրգեն Գաբրիելյանը ստեղծել է ուրույն ու անկրկնելի մի աշխարհ, որին հաղորդակցվելը հարստացնում է հոգեպես, ավելին, կրթում-դաստիարակում-կոփում է մանկանը։ Բազմաշնորհ բանաստեղծը մեր միջնադարյան «ճորտերի» օրինակով, ինչպես Չարենցը կասեր, իր արվեստում (երգ, երաժշտություն, գեղանկարչություն եւ այլն) մշտապես ներկայանում է որպես համադրական սկզբունքների անվերապահ նվիրյալ՝ դրանց կիրառելիության հնարավորությունը հասցնելով անսահմանության։

Գուրգեն Գաբրիելյանի ստեղծագործությունը, անշուշտ, մեր ժողովրդի հոգեւոր մշակույթի հետաքրքիր էջերից է։