Jump to content

Դիոս և էշեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դիոս և էշեր

Մի օր էշերի՝ ամբողջ քարավան
Ղեպի Օլիմպոս ճանապարհ ընկան,
Եվ ստորոտից դիցական լերին
Այսպես զռալով ձայն արձակեցին.
— Ո՜վ ամպրոպային արքա շանթառաք,
Մենք իսպառ եղանք խաղք ու խայտառակ,
Այդ ի՞նչ պատիժ էր դու մեզ տրվեցիր,
Որ «էշ» անունով մեզ մկրտեցիր:
Բավական չէ՞, որ մենք ամբողջ օրը
Կրում ենք մարդկանց աղբն ու փըսորը,
Եվ մեր մեջքերը մշտական բեռնից
Ազատ չեն երբեք անբուժ վերքերից:
Բայց վերքն ու բեռը, փալանն ահագին,
Շատ վիշտ չեն բերում մեր դառն վիճակին.
Անտանելի է ա՜յն ցավը սաստիկ,
Երբ «էշ» անունն են տալիս մեզ մարդիկ:
Այդ նախատական անարգ անունից
Մեր բեկված սիրտը խոցվում է խորքից,
Եվ մեր ականջներ, միշտ այդ լսելով,
Երկար ու երկար ձգվում են փութով:
Տուր մեզ նոր անուն, ինչ էլ որ լինի,
Շուն, գայլ կամ աղվես, ձի, խոզ կամ ջորի,
Միայն «էշ» անունից դու մեզ ազատիր,
Մեր աղերսանքին, ո՜վ տեր, ունկն դի՜ր:
Դիցական սարի գլխից ամպամած
Հզոր Դիոսի ձայնը որոտաց.
— Ո՞ր երկրից եք, կամ ո՞րտեղացի:
Պատասխանեցին. — «Տե՜ր, ……….ցի՚:
Խնդաց Դիոսը, խինդն աստվածածին
Շարժեց Օլիմպի ամբողջ գագաթը:
— Գնացե՜ք, — ասաց, — անվան փոխարեն
Լա՜վ է, որ փոխեք ձեր վատ խասիաթը:
Անվան պատճառով չէ, որ դուք եղաք
Մարդկանց աչքումը խաղք ու խայտառակ,
Այլ բարք ու վարքի անզուսպ կոպտություն
Խլեց ձեզանից պատիվ, բարություն: