Jump to content

Դոն Ժուան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դոն Ժուան
թարգմ.՝ Մուրացան

ԴՈՆ-ԺՈւԱՆ
(ՊՈւՇԿԻՆԻՑ)
Leporello
О statua gentilissima
Del gran Commedatore
Al, Padroni!
Don glovanni
ՏԵՍԱՐԱՆ Ա.
Գիշեր, Մադրիդի մոտ մի գերեզմանատուն
ԴՈՆ-ժՈւԱՆ ԵՎ ԼԵՊՈՐԵԼԼՈ


ԴՈՆ-ԺՈւԱՆ— Սպասենք այստեղ գիշերվան։
Օ՜ վերջապես հասանք մենք Մադրիդի դռներին:
Կթռչեմ շուտով ծանոթ փողոցներով,
Բեղերս ծածկած թիկնոցով, հոնքերս գլխարկով,
Ի՞նչ ես կարծում, ինձ կճանաչե՞ն։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Այո, Դոն-Ժուանին ճանաչել դժվար է
Այնպիսի մեկին, որպիսին նա է,
Բյուրավորները կան։
ԴՈՆ-ԺՈւԱՆ— Ծաղրում ես, ինչ է,
-Ո՞վ պիտի ճանաչե.
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Առաջին պահնորդը, գնչուն,
Արբած նվագածուն,
Կամ թե քեզ նման գլխարկ ու վերարկուով
Եվ սուրը կռան տակ՝ մի լպիրշ ասպետ։
ԴՈՆ-ԺՈւԱՆ— է՜հ ի՜նչ փույթ. թող հենց ճանաչեն
Միայն թե չհանդիպեր ինքը, թագավորը։
Թեպետ Մադրիդում
Ոչ ոքից չեմ վախում։

ԼԵՊՈՐԵԼԼՈ- Իսկ վաղը թագավորին կհայտնեն,
Թե Դոն Ժուանը աքսորից
Դարձել է Մադրիդ, ինքնակամ։
Այն ժամանակ գիտեք
Ինչ կանե նա ձեզ։
ԴՈՆ-ԺՈԻԱՆ— Հետ կդարձնե
Հարկավ, գլուխս չեն կտրիլ.
Ես պետական հանցավոր չեմ,
Նա ինձ հեռացրեց, միայն ինձ սիրելուց,
Որպեսզի սպանյալի ընտանիքը
Հանգիստ թողնե ինձ։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— է՜հ, լա՜վ, տեղդ հանգիստ նստեիր...
ԴՈՆ-ԺՈԻԱՆ— Խոնարհ ծառա եմ
Քիչ էր մնում, որ այնտեղ
Ձանձրույթից մեռնեի.
Ինչ երկիր է այն,
Իսկ երկինքը— կարծես ծխապատ.
Հապա կանա՜յք... Այո, իմ տխմար Լեպորելլո,
Անդալուզիո վերջին գեղջկուհին
Չեմ փոխիլ ես այնտեղի
Առաջին գեղեցկուհիների հետ։
Հավատա ինձ, նրանք սկզբում
Դյուր եկան ինձ իրենց կապույտ աչերով,
Սպիտակությամբ, համեստությամբ.
Եվ մանավանդ, որ նոր էին ինձ համար։
Բայց փառք աստուծո, շուտով հասկացա,
Եվ տեսա, որ նրանց հետ ճանաչվիլն էլ մեղք է.
Նրանց մեջ կյանք չկա, ճիշտ մոմե տիկնիկներ են.
Իսկ մերոնք... Բայց լսի՛ր.
Այդ տեղը ծանոթ է մեզ,
Դու ճանաչեցիր։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Ինչպես չէի ճանաչիլ. Անտոնյան մենաստանն է
Հիշում եմ, շատ անգամ ենք եկել այստեղ։
Այս անտառակում ես ձիաներն էի պահում.
Անիծյալ պաշտոն է, պիտի խոստովան եմ…
Այստեղ դուք ավելի հաճոյական ժամեր

Էիք անցցնում, քան թե ես. հավատացե՛ք։
ԴՈՆ-ԺՈԻԱՆ— (մտախոհ) Խեղճ Ինեսա.
Նա այլևս չկա.
Իսկ նրան ինչպես
Սիրում էի ես։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Ինեսին՝ սևաչյային… Օ՜, հիշում եմ.
Երեք ամիս հետամուտ եղանք նրան,
Վերջը զորով. օգնեց սատանան։
ԴՈՆ-ԺՈԻԱՆ— Հուլիսին… գիշերը:
Տարօրինակ մի հաճույք էի գտնում ես
նրա տխուր նայվածքի մեջ,
Նրա մեռած շրթունքների վրա…
Տարօրինակ բան էր դա։
Դու, կարծեմ, նրան գեղեցիկ չէիր հաշվում.
Եվ իրավ իսկական գեղեցկություն
Շատ չկար նրա մեջ,
Աչքերը… միայն աչքերը…
Մեկ էլ նայվածքը…
Այդպիսի նայվածքի
էլ չպատահեցի.
Իսկ նրա ձայնը նվազ էր և թույլ
Ինչպես մի հիվանդի։
Իսկ ամուսինը, անպիտան և խիստ,
Այդ ես ուշ իմացա,
Խե՜ղճ իմ Ինեսա…
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Ինչ կա որ. նրանից հետո
Ուրիշները կային։
ԴՈՆ-ԺՈԻԱՆ— Այո՛։
ԼԵՊՈՐԵԱՈ— Բայց ապրենք, էլի ուրիշները կլինեն։
ԴՈՆ-ԺՈԻԱՆ— Այդ էլ ճիշտ է։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Այժմ Մադրիդում
Ո՞ր ուհուն պիտի պտրենք։
ԴՈ- ԺՈԻԱՆ— 0՜, Լաուրային,
Այժմ ես ուղիղ
Նրա մոտ կվազեմ։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Լավ։

ԴՈՆ-ԺՈԻԱՆ- Ուղիղ նրա դուռը կբախեմ.
Բայց թե մեկը լինի նրա մոտ,
Կխնդրեմ պատուհանից դուրս ցատկել։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Իհա՛րկե, բայց մենք լավ ենք զվարճանում:
Մեռյալները մեզ երկար չեն անհանգստացնում,
Այս ով է գալիս մեզ մոտ։
(ներս է մտնում մի աբեղա):
ԱԲԵՂԱ— Իսկույն նա կգա.
Ովքե՞ր եք այստեղ.
Դոն—Աննայի մարդի՞կն եք։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Ո՛չ, մենք մեզ համար պարոններ ենք
Եվ այստեղ զբոսնում ենք։
ԴՈՆ-ԺՈԻԱՆ— Իսկ դուք ո՞ւմն եք սպասում։
ԱԲԵՂԱ— Իսկույն պիտի գա Դոնա Աննան
Յուր ամուսնու գերեզմանը այցելելու։
ԴՈՆ-ԺՈԻԱՆ— Ինչպե՞ս, Դոնա Աննա դը Սոյլվա՞ն,
Ամուսինը այն կոմանդորի,
Որ սպանվեց չգիտեմ ումից…
ԱԲԵՂԱ— Անառակ, անամոթ և անաստված Դոն Ժուանից։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Օհո, ահա թե ինչ. Դոն Ժուանի համբավը
Հասել է մինչև անգամ այս խաղաղ մենաստանը,
ճգնավորները նրա համար գովեստներ են երգում։
ԱԲԵՂԱ— Դուք, գուցե, ճանաչում եք նրան։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Մենք, բնա՛վ. բայց այժմ որոե՞ղ է։
ԱԲԵՂԱ— Նա այստեղ չէ. աքսորված է հեռու։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Եվ փառք աստուծո.
Որքան հեռու, այնքան լավ.
Երանի թե բոլոր այն անառակներին
Մի պարկի մեջ հավաքած ծովը նետեին։
ԴՈՆ-ԺՈԻԱՆ— Ի՞նչ, ի՞նչ ես ասում։
ԼԵՊՈՐԵԼԼՈ- Լռեցեք, դիտմամբ եմ անում։
ԴՈՆ-ԺՈԻԱՆ- Ուրեմն կոմանդորին այստեղ են թաղել:
ԱԲԵՂԱ— Այո, այստեղ. և կինը նրան արձան է կանգնեցրել.
Ամեն օր նա գալիս է այստեղ
Ամուսնու հոգվո հանգստյան համար
Աղոթելու և լալու։

ԴՈՆ-ԺՈՒԱՆ— Ի՞նչ տարօրինակ այրի է դա.
Ւզուր չէր ուրեմն հանգուցյալը խանդոտ.
Նա Դոնա Աննային փակած էր պահում,
Մեզանից ոչ ոք նրան չէր տեսնում։
Եվ տգեղ չէ նա։
ԱԲԵՂԱ- Մենք ճգնավորներս, կանանց գեղեցկությամբ
Չի պիտի հրապուրվենք.
Բայց ստելն հանցանք է. նույնիսկ բարեպաշտ մարդը
Չի կարող նրա հրաշալի գեղեցկությունը չխոստովանել։
ԴՈՆ-ԺՈՒԱՆ— Ես կցանկանայի մի փոքր խոսել նրա հետ։
ԱԲԵՂԱ- Օ՜,Դոնա Աննան երբեք չէ խոսում մարդկանց հետ:
ԴՈՆ-ԺՈՒԱՆ— Ւսկ ձեզ հետ, հայրի՛կ.
ԱԲԵՂԱ- Ւնձ հետ ուրիշ բան է. ես աբեղա եմ։
Բայց ահա նա։
(Դոնա-Աննան մտնում է):
ԴՈՆՆԱ ԱՆՆԱ— Հայրի՛կ, բացե'ք.
ԱԲԵՂԱ- Ւսկո՛ւյն, տիրուհի՛, ես ձեզ էի սպասում։
(Դոնա-Աննան գնում է աբեղայի ետևից)
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Հա՛, ինչպե՜սն է,
ԴՈՆ-ԺՈՒԱՆ- Յուր այրիական սև քողի տակ
Ես նրան բնավ չտեսա։
Հազիվ միայն նեղլիկ գարշապարը նշմարեցի։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Այդ էլ բավական է ձեզ.
Ձեր երևակայությունը մի րոպեում
Կնկարե ձեզ մնացորդը.
Նա ձեզ համար նկարչից
Շատ ավելի ճարպիկ է.
Եվ ձեզ համար միևնույն է
Թե որտեղից կսկսի։
Հոնքերից, թե ոտքերից։
ԴՈՆ-ԺՈՒԱՆ— Լսիր, Լեպորելլո.
Ես նրա հետ պիտի ծանոթանամ։
ԴՈՆ-ԺՈՒԱՆ— Այսուամենայնիվ, մութը կոխեց,
Քանի դեռ լուսինը չէ ծագել
Եվ խավարը վերջնալուսի չէ փոխել,
Մտնենք Մադրիդ։

ԼԵՊՈՐԵԼԼՈ— Սպանական գրանդը, աստված իմ,
Գողի նման սպասում է գիշերվան
Եվ վախենում է լույսից։
Անիծվի այսպիսի կյանքը,
Արդյոք երկար պիտի քաշ գամ նրա հետ.
Օ՜հ, ոչ, այլևս ուժ չունիմ․


ՏԵՍԱՐԱՆ Բ

Մի սենյակ: Ընթրիք Լաուրայի տանը:



1 - ին ՀՅՈՒՐ— Երդվում եմ, Լաուրա․
Երբեք դու այսպիսի կատարելությամբ չես խաղացել.
Ինչպես ճիշտ էիր ըմբռնել քու դերը։
ԵՐԿՐՈՐԴԸ֊ — Ինչպես լավ զարգացրիր նրան, ի՜նչ ուժով*
ԵՐՐՈՐԴԸ— Եվ ի՜նչ արվեստով։
ԼԱՈՒՐԱ—Այո՛, ամեն մի շարժումս ու խոսքս
Ինձ հաջողում էր այսօր.
Ես ինքս ինձ ազատորեն
Ոգևորության էի տվել.
Խոսքերը այնպես էին բխում,
Որ կարծես թե նրանց ստեղծում էր սիրտը
Եվ ոչ թե թույլ հիշողությունը։
1-ին ՀՅՈՒՐ— Ճշմարիտ է, հենց այժմ էլ աչքերդ փայլում են
Եվ թուշերդ վառվռում.
Հիացումը քեզանից չի անցնում,
Լաուրա, մի՛ թույլ տուր, որ նա սառչի անօգուտ,
Երգիր Լաուրա, երգիր մեզ մի բան։
ԼԱՈՒՐԱ— Տվեք ինձ կիթառը, (երգում է):
ԲՈԼՈՐԸ— Կեցցե, կեցեե. հրաշալի, աննման։
ԱՌԱՋԻՆԸ— Շնորհակալ ենք, ով կախարդուհի,
Դու դյությում ես մեր սրտերը.
Կյանքի հրապույրներից միայն սիրույն
է զիջանում երաժշտությունը.
Բայց սերը ինքն էլ մի մեղեդի է…

Նայի՛ր, նույնիսկ Կարլոսը, քո տխուր հյուրը, զգացվել էր
ԵՐԿՐՈՐԴԸ— Ինչ հնչյուններ են, որքան հոգի կա նրանց մեջ․
Բայց խոսքերն ո՜ւմն են, Լաուրա։
ԼԱՈԻՐԱ- Դոն-Ժուանինը։
ԴՈՆ ԿԱՐԼՈՍ— Ի՞նչ, Դոն ժուան։
ԼԱՈԻՐԱ— Նրանց շարադրել է մի օր
Իմ հավատարիմ բարեկամը,
Իմ թեթևամիտ սիրահարը։
ԴՈՆ ԿԱՐԼՈՍ— Քո Դոն Ժուանը անաստված է և գարշելի։
Իսկ դու, հիմարին մեկը։
ԼԱՈԻՐԱ— Դու խելագարվել ես․
Ես հո իսկույն կհրամայեմ ծառաներիս մորթել քեզ,
Թեկուզ դու սպանիական գրանդ լինես։
ԴՈՆ ԿԱՐԼՈՍ— (վեր կենալով) Կանչի՛ր ուրեմն նրանց։
ԱՌԱՋԻՆԸ— Լաուրա, դադարի'ր,
Դոն Կարլոս, մի՛ բարկանար, նա մոռացել է․․․
ԼԱՈԻՐԱ— Ի՜նչ, որ Դոն Ժուանը մենամարտի մեջ
Ազնվաբար սպանել է դրա եղբորը,
ճշմարիտ է, ափսոս, որ դրան չէ սպանել։
ԴՈՆ ԿԱՐԼՈՍ— Ես հիմար եմ, որ բարկանում եմ։
ԼԱՈԻՐԱ— Հա՛, ինքդ խոստովանում ես,
Որ հիմար ես։ Ուրեմն հաշտվինք ։
ԴՈՆ ԿԱՐԼՈՍ— Հանցավոր եմ, Լաուրա,
Ներիր ինձ, բայց գիտես,
Այդ անունը սառնասրտությամբ
Լսել չեմ կարող ես․․․
ԼԱՈԻՐԱ— Միթե ես մեղավոր եմ, որ ամեն րոպե
Այդ անունը իմ լեզվի վրա էր
ՀՅՈՒՐ— Բայց իբր նշան, որ այլևս բարկացած չես,
Երգիր դարձյալ, Լաուրա։
ԼԱՈԻՐԱ— Այո', հրաժեշտի համար.
Ժամանակ է․ արդեն գիշեր է.
Բայց ի՞նչ երգեմ ես․
Հա՛, լսեցեք։ (Երգում է):
ԲՈԼՈՐԸ— Գեղեցի՜կ է. աննմա՜ն է։
ԼԱՈԻՐԱ— Դե՛, պարոննե՛ր, մնաք բարով։

ՀՅՈՒՐԵՐ— Մնաք բարով, Լաուրա։
(Դուրս են գնում. Լաուրան կանգնեցնում է
Դոն Կարլոսին):
ԼԱՈՒՐԱ- Դո՛ւ, կատաղի, մնացիր ինձ մոտ.
Դու ինձ դուր եկար,
Եվ երբ ինձ նախատեցիր ու ատամներդ կրճտելով սեղմեցիր:
Ինձ Դոն Ժուանը հիշեցրիր։
ԴՈՆ ԿԱՐԼՈՍ— Բախտավոր մա՜րդ։ Ուրեմն սիրո՞ւմ էիր նրան․
(Լաուրան հաստատական նշան է անում):
Շա՞տ։
ԼԱՈՒՐԱՆ— Շա՜տ։
ԴՈՆ ԿԱՐԼՈՍ— Եվ այժմ էլ սիրո՞ւմ ես։
ԼԱՈՒՐԱ— Այս րոպեին. ո՛չ, չեմ սիրում.
Երկուսին սիրել չեմ կարող.
Այժմ քեղ եմ սիրում։
ԴՈՆ ԿԱՐԼՈՍ— Ասա, Լաուրա, քանի՞ տարեկան ես։
ԼԱՈՒՐԱ— Տասն և ութ։
ԴՈՆ ԿԱՐԼՈՍ— Այդպես երիտասարդ… և կմնաս երիտասարդ
Դեռ էլի հինգ կամ վեց տարի.
Դեռ մի վեց տարի էլ շուրջդ կխմբվեն,
Քեզ կփաղաքշեն, կփայփայեն, կպարգևատրեն,
Եվ գիշերային ցայգերգերով կզվարճացնեն.
Քո պատճառով գիշերը միմյանց
Խաչկապուկներում կփողոտեն.
Բայց երբ ժամանակը կանցնի,
Երբ քո աչերը կհանգչեն,
Եվ արտևանունքներդ կկոցվելով կթխանան,
Եվ սպիտակ թելերը քո հյուսի մեջ կփայլեն,
Եվ քեզ պառավ կանվանեն,
Ի՞նչ կանես դու այն ժամանակ։
ԼԱՈՒՐԱ- Այն Ժամանակ… ինչո՞ւ դրա համար մտածեմ․
Ի՞նչ խոսակցություն է այդ.
Թե, դու միշտ այդպիսի մտքեր ես անում։
Ե՛կ, բա՛ց արա պատշգամը,
Ինչպես խաղաղ է երկինքը.

Ջերմ ու անշարժ է օդը...
Կիտրոնի ու դափնի հոտ է բուրում գիշերը.
Երկնքի թանձր ու մթին կապուտակի վրա
Փայլում է պայծառ լուսինը․
Եվ պահանորդները գոռում են ու գոչում.
Բայց հեռու հյուսիսում․ Փարիզում,
Գուցե երկինքը ամպերով է պատած,
Տեղում է ցուրտ անձրև և փչում քամին.
Բայց մեզ ինչ։ Լսիր, Կարլոս,
Ես պահանջում եմ, որ դու ժպտաս.
Հապա՛, քեզ տեսնեմ։
ԴՈՆ ԿԱՐԼՈՍ– Անուշիկ դև․ (դուռը ծեծում են):
ԴՈՆ ԺՈՒԱՆ– է՜յ, Լաուրա.
ԼԱՈՒՐԱ– Ո՞վ կա այդտեղ. ո՞ւմ ձայնն է այդ․
ԴՈՆ ԺՈԻԱՆ– Բաց արա։
ԼԱՈՒՐԱ– Միթե... աստված իմ...
(Բանում է դուռը մտնում է Դոն ժուանը):
ԴՈՆ ԺՈՒԱՆ– Ողջու՜յն։
ԼԱՈՒՐԱ– Դոն ժուան։
(Լաուրան ընկնում է նրա վզով):
ԴՈՆ ԿԱՐԼՈՍ– Ւնչպե՞ս. Դոն Ժուան։
ԴՈՆ ԺՈՒԱՆ– Լաուրա, սիրելի բարեկամ։ (Համբուրում է նրան):
Ո՞վ կա քեզ մոտ, Լաուրա։
ԴՈՆ ԿԱՐԼՈՍ–Ես, Դոն Կարլոս։
ԴՈՆ ԺՈՒԱՆ– Ահա անսպաս հանդիպումն․
Վաղը գլխովին խոնարհ ծառադ եմ։
ԴՈՆ ԿԱՐԼՈՍ— Ո՛չ, այժմ, այս վայրկենին:
ԼԱՈՒՐԱ— Դոն Կարլոս, դադար տվեք.
Դուք փողոցում չեք, իմ տանն եք․
Հաճեցեք դուրս կորչել։
ԴՈՆ ԿԱՐԼՈՍ— (Նրան չլսելով): Ես սպասում եմ, հա ի՞նչ ես
անում։
Դու հո սուր ունիս։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Եթե չես կարողանում համբերել, հրամեցիր.
(Մենամարտում են):

ԼԱՈԻՐԱ— Վա՜յ, վա՜յ… Ժուան։

(Ընկնում է անկողնի վրա):

ԴՈՆ ԺՈԻԱՆ— Վեր կաց, Լաուրա. վերջացավ։
ԼԱՈԻՐԱ— Սպանված է․ գեղեցիկ․ այն էլ իմ սենյակում.
Այժմ ի՞նչ անեմ, անկարգ, սատանա.
Ուր ձգեմ ես նրան։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Գուցե նա դեռ ողջ է․ (Տնտղում է նրան):
ԼԱՈԻՐԱ— Այո՛, ողջ է․ նայիր անիծյալ․
Դու ուղղակի սիրտն ես խրել․
Արյունը չէ հոսում եռանկյուն վերքից,
Արդեն անշնչացած է։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ինչ արած․ ինքն այդպես կամեցավ։
ԼԱՈԻՐԱ— Ա՜խ, Դոն Ժուան, իրավ ամոթ է․
Միշտ չարություն՝ և միշա մեզ չունիս…
Որտեղի՞ց ես գալիս, վաղո՞ւց ես այստեղ։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ես հենց նոր եկա․ այն էլ ծածուկ․
Ինձ հո դեռ չեն ներել։
ԼԱՈԻՐԱ— Եվ հիշեցիր իսկույն քո Լաուրային․
Ինչ որ լավ է, լավ է․
Բայց չէ՛, ես չեմ հավատում,
Դու պատահմամբ անցնում էիր այստեղից
Եվ տունը տեսար։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ո՛չ, իմ Լաուրա․ հարցրու Լեպորելլոյին.
Ես իջել եմ քաղաքից դուրս, մի անիծյալ պանդոկում․
Մադրիդ ես եկել եմ Լաուրային պտրելու․

(Համբուրում է նրան):

ԼԱՈԻՐԱ— Իմ բարեկամ… թող… մեռելի մոտ․
Ինչ անենք այժմ նրան։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Թող, առավոտը վաղ
Դուրս կբերեմ ես նրան իմ յափնջու տակ։
Եվ կդնեմ Խաչկապ փողոցի մեջ։
ԼԱՈԻՐԱ— Միայն թե նայիր, որ քեզ չտեսնեն․
Ինչպես լավ արիր, որ մի րոպեով ուշ երևացիր․
Քո բարեկամներն այստեղ ընթրում էին
Եվ հենց նոր դուրս կորան։
Եթե դու նրանց հանդիպեիր…

ԴՈն ԺՈԻԱՆ- Լաուրա, և վաղո՞ւց ես դու սիրում նրան։
ԼԱՈԻՐԱ- Ո՞ւմ. դու զառանցո՞ւմ ես։
ԴՈն ԺՈՒԱՆ— Սիրունիկ խաբեբա.
Հապա քանի՞ անգամ ես ինձ դավաճանել
Իմ բացակայության ժամանակ։
ԼԱՈԻՐԱ— Իսկ դո՞ւ, սրիկա։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ասա, է՜… ՉԷ', հետո կխոսենք։

ՏԵՍԱՐԱՆ Գ.



Կամանգուի արձանը



ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ամեն ինչ դեպի լավն է գնում.
Անսպաս Դոն Կարլոսին սպանելով,
Ես իբր խոնարհ ճգնավոր պահվել եմ այստեղ
Եվ տեսնում եմ ամեն օր իմ գեղանի այրիին.
Եվ նա, կարծում եմ, ուշադիր է դեպի ինձ։
Մինչև այսօր մենք միմյանցից քաշվում էինք,
Բայց այսօր ես կսկսեմ զրույց անել նրա հետ։
Ժամանակ է։ Ինչի՞ց սկսեմ։
«Կհամարձակիմ»… կամ ո'չ, «Տիրուհի»…
Վա, կասեմ այն, ինչ որ գլուխս կգա,
Առանց նախապատրաստության,
Ինչպես հանկարծախոսը շարադրում է սիրո երգը…
նրա գալու ժամանակն է։ Եվ կարծեմ
Առանց նրան ձանձրանում է կոմանդորը։
Որքան նա այստեղ հաղթանդամ է դուրս բերված.
Ի՜նչ ուսեր, ի՜նչ Հերակլես.
Բայց հանգուցյալը փոքրահասակ էր և նիհար.
Այստեղ թե ոտքի ծայրերի վրա էլ կանգնեցնես
Չի կարող նա ձեռքը մինչև յուր քիթը հասցնել։
Երբ մենք էսքկուրիայի ետևը հանդիպեցինք`
Նա ցցվեց իմ սրին, ինչպես մի ճպուռ գնդասեղին,
Եվ մեռավ։ Բայց նա հպարտ էր և համարձակ.
Եվ ուներ ազդեցիկ ոգի։

Բայց ահա Դոնա Աննան։
(Դոնա Աննան մտնում է):
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Նա դարձյալ այստեղ է։ Հայր իմ,
Ես խանգարեցի ձեր մտածությունները,
ներեցեք։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Ես պետք է ներողություն խնդրեմ ձեզանից,
տիրուհի.
Գուցե ես խանգարում եմ ձեր տխրության
Ազատ զեղումը։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ո՛չ, հայրիկ, իմ տխրությունը իմ մեջն է.
Ձեր ներկայությունը իմ աղոթքները,
Երկինք կբարձրանան խոնարհությամբ.
Ես խնդրում եմ, որ դուք էլ ձեր ձայնը
Միացնեք նրանց։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Ես, ես աղոթեմ ձեզ հետ, Դոնա Աննա,
Ես արժանի չեմ այդ վիճակման.
Ես շեմ հանդգնիլ իմ մեղավոր շրթունքներով
Ձեր սուրբ աղոթքները կրկնել.
Ես միայն հեռվից ակնածությամբ
Նայում եմ ձեզ վրա, երբ դուք հանդարտ խոնարհած,
Ձեր սևաթույր գանգուրները սփռում եք սպիտակ
Մարմարիոնի վրա։ Եվ ինձ թվում է, թե
Այս դամբարանը գաղտնի այցելել է մի հրեշտակ։
Իմ հուզված սրտում այդ ժամանակ
Ես աղոթք չեմ գտնում,
Այլ լուռ հիանում եմ և մտածում…
«Երանի նրան, որի ցուրտ մարմարիոնը
Ջերմանում է սրա երկնային շնչով,
Եվ ցողվում սրա սիրո արցունքով»։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ինչ տարօրինակ բանախոսություն է այս։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Տիրուհի ՜…
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ինձ… Դուք մոռացել եք։
ԴՈՆ ԺՈՒԱՆ- Ինչ, որ մի անարժան ճգնավոր եմ ես.
Որ իմ մեղավոր ձայնը չպետք է այստեղ
Այսպես բարձր հնչե։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ինձ թվաց… ես չհասկացա…

ԴՈՆ ԺՈԻԱՆ- Ա՜խ, տեսնում եմ. դուք բոլորը իմացաք:
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ի՞նչ իմացա ես։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Այդպես. ես աբեղա չեմ։
Ձեր ոտքերի ընկած ներողություն եմ հայցում։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ով աստված իմ. վեր կացեք, վեր կացեք,
Հապա դուք ո՞վ եք։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Մի տարաբախտ. անհույս կրքի մի զոհ։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ով աստված իմ. և այստե՞ղ,
Այս դամբանի՞ մոտ. հեռացե՛ք։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Մի վայրկյան, Դոնա֊Աննա, մի վայրկյան։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Եթե մեկը մտնե…
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Վանդակը փակված է. մի վայրկյան։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— էհ, ինչ, ի՞նչ եք պահանջում դուք։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Մահ, о, թողեք որ մեռնեմ,
Հենց այս վայրկենիս, ձեր ոտքերի մոտ.
Թողեք որ իմ խեղճ աճյունը ամփոփվի այստեղ,
Ոչ թե ձեր սիրելի աճյունի մոտ,
Այդտեղ չէ, մոտիկ չէ, հեռու մի որևէ տեղ,
Այնտեղ, դռների մոտ. նույնիսկ շեմքի առաջ,
Որպեսզի իմ շիրմի քարերին կարողանաք դիպչել
Ձեր թեթև ոտքով, կամ թե հագուստով՝
Երբ կգաք այս հպարտ շիրմի վրա
Ձեր գանգուրները խոնարհելու և լալու։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ձեր խելքը տեղը չէ։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Թե մեռնել ուզենալը, Դոնա Աննա,
Նշան է անխելքության։
Եթե ես անխելք լինեի, կցանկանայի
Կենդանի մնալ, ես հույս կունենայի
Քնքուշ սիրով շարժել ձեր սիրտը.
Եթե անխելք լինեի, ես գիշերները
Կսկսեի ձեր պատշամի մոտ անցընել
Եվ ձեր քունը ցայգերգելով խանգարել.
Եվ չէի թաքչիլ. այ՚լ ընդհակառակը,
Կաշխատեի ամեն տեղ ձեր ուշքը ինձ վրա դարձնել,
Եթե անխելք լինեի, ես լռության մեջ
Բնավ չէի տանջվիլ:

ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ուրեմն այդ դուք եք… լռում եք։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Դիպվածը, Դոնա֊Աննա,
Դիպվածը ինձ հրապուրեց,
Ապա թե ոչ, դուք երբեք
Չէիք իմանալ իմ տխուր գաղտնիքը։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Եվ վաղո՞ւց եք դուք սիրում ինձ։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Վաղուց թե ոչ, ինքս չգիտեմ.
Միայն թե հենց այն ժամանակից է, որ հասկանում եմ
Վայրկենական կյանքի արժեքը։
Միայն այն ժամանակից իմացա,
Թե ինչ կնշանակե երջանկություն բառը։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Հեռացե՛ք, դուք վտանգավոր մարդ եք։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Վտանգավո՞ր, ինչո՞վ։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ես վախենում եմ ձեզ լսել:
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Ես կլռեմ, միայն թե մի հեռացնեք նրան,
Որի համար ձեր միակ տեսքը մի բերկրություն է,
Ես հանդուգն հույսեր չեմ տածում։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Ես ոչինչ չեմ պահանջում,
բայց ես պարտավոր եմ ձեզ տեսնել,
Քանի որ վիճակված է ինձ ապրել։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Գնացեք, այստեղ այդպիսի ճառերի
Եվ հիմարությանց տեղը չէ.
Վաղը եկեք ինձ մոտ.
Եթե դուք կերդվեք այդպիսի հարգանք
Պահպանել դեպի ինձ, ես ձեզ կընդունեմ,
Բայց երեկոյան, մի քիչ ուշ։
Այն ժամանակից, որ այրիացա,
Ես էլ ոչ ոքին չեմ տեսնում։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Հրեշտակ, Դոնա Աննա,
Թող մխիթարե ձեզ աստված այնպես,
Ինչպես որ դուք մխիթարեցիք դժբախտ նահատակիս։
ԴՈՆԱ ԱՆՆԱ- Հեռացե՛ք։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Դարձյալ մի վայրկյան:
ԴՈՆԱ ԱՆՆԱ- Ո՛չ. պարզ է, ես դուրս պիտի գամ…
Մանավանդ որ աղոթել չեմ կարողանում.
Դուք ինձ հրապուրեցիք աշխարհային ճառերով,

Վաղո՜ւց, վաղո՜ւց իմ ականջը դադարել է
Այդ ճառերը լսելուց.
Վաղը ես ձեզ կընդունեմ։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Դեռ չեմ համարձակվում հավատալ.
Չեմ համարձակվում անձնատուր լինել իմ երջանկության.
Ես վաղը ձեզ պիտի տեսնեմ… ո՛չ այստեղ.
Եվ ո՛չ էլ ծածուկ…
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Այո վաղը, վաղը.
Ինչպե՞ս է ձեր անունը։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Դիեգո Դը֊Կայլվիդո։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Մնաք բարով Դոն Դիեգո:
(Դուրս է գնում):
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Լեպորելլո։
(Լեպորելլոն դուրս է գալիս):
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Ի՞նչ եք կամենում։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Սիրելի Լեպորելլո. ես երջանիկ եմ:
Վաղը երեկոյան մի քիչ ուշ.
Իմ Լեպորելլո. վաղը պատրաստվիր,
Ես երջանիկ եմ ինչպես մի մանուկ։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Դոնա Աննայի հետ դուք խոսեցիք,
Գուցե նա ձեզ մի երկու քաղցր խոսք ասաց,
Կամ թե դուք օրհնեցիք նրան։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ոչ, Լեպորելլո, նա ինձ ժամադրություն,
ժամադրություն է նշանակել։
ԼԵՊՈՐԵԼԼՈ- Ա՜խ, այրիներ, դուք բոլորեքյան այդպես եք։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ես երջանիկ եմ, պատրաստ եմ երգել
Եվ ուրախությամբ ողջ աշխարհը գրկել։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Իսկ կոմանդո՞րը, ի՞նչ կասե նա դրա համար։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Դու կարծում ես թե նա կնախանձի:
Անշուշտ ոչ. նա խելոք մարդ է,
Եվ, երևի, խաղաղել է այն օրից, որ մեռել է։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Ո՛չ. նայեցեք նրա արձանին։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ինչ կա որ։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Կարծես թե նա նայում է ձեզ վրա
Եվ զայրանում է։

ԴՈՆ ԺՈՒԱՆ- Գնա, ուրեմն, Լեպորելլո,
Խնդրիր նրան շնորհ բերել ինձ մոտ, վաղը։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Արձանին հրավիրենք, ինչո՞ւ։
ԴՈՆ ԺՈՒԱՆ-Անշուշտ ո՛չ նրա համար, որ հետը խոսակցենք,
Խնդրիր արձանին վաղը, ուշ երեկոյան
Գալ Դոնա Աննայի մոտ,
Եվ նրա դռանը կանգնել պահնորդ։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Քեֆներդ գալիս է, որ կատակ եք անում.
Եվ այն էլ ո՞ւմ հետ։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Դե, գնա՛։
ԼԵՊՈՐԵԱՈ— Բայց…
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Գնա՛։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Փառավոր և գեղեցիկ արձան,
Իմ տերը, Դոն Ժուանը, խոնարհաբար խնդրում է
Շնորհ բերել… Աստված վկա չեմ կարող,
Սարսափում եմ։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Երկչոտ։ Ա՜յ քեզ…
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Թույլ տվեք. իմ տերը, Դոն Ժուանը,
Խնդրում է ձեզ գալ վաղը,
Փոքր ինչ ուշ, ձեր ամուսնու տունը
Եվ կանգնել դռների մոտ…
(Արձանը գլխով է անում ի նշան համաձայնության):
Վա՜յ…
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ի՞նչ պատահեց։
ԼԵՊՈՐԵԼԼՈ- Վա՜յ, վա՜յ…վա՜յ… կմեռնեմ։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ի՞նչ պատահեց քեզ։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— (Գլխով անելով) Արձանը… վա՜յ…
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Դու գլո՞ւխ ես տալիս։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Ո՛չ, ես չեմ, այլ նա։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ինչ հիմարություններ ես դուրս տալիս։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Ինքներդ գնացեք։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Լավ, տես, դադարկագլուխ։
(Արձանին): Ես, կոմանդոր, խնդրում եմ քեզ
Գալ այրիիդ մոտ, ուր վաղը կլինեմ ես,
Եվ կանգնել պահապան դռների մոտ,
Ի՞նչ, կգա՞ս։

(Արձանը կրկին գլխով է անում):
Աստվա՜ծ իմ։
ԼԵՊՈՐԵԼԼՈ—Հա՛, ի՞նչ է, թե սկսում էի։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Հեռանա՜նք։
                                                       ՏԵՍԱՐԱՆ Դ.

Դոնա Աննայի սենյակը

Դոն Ժուան և Դոնա Աննա

ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ես ընդունեցի ձեզ, Դոն Դիեգո,
Միայն վախենում եմ, որ իմ վշտալի խոսակցությանը
Տխրեցնե ձեզ։ Ես մի թշվառ այրի եմ,
Եվ բոլոր ժամանակ հիշում եմ իմ կորուստը.
Ապրիլ ամսի նման` ժպտի հետ խառնում եմ արտասուքս,
Ինչո՜ւ լռում եք դուք։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Լուռ և խորը զմայլում եմ այն մտքով`
Որ այստեղ միասին իմ գեղեցիկ Դոնա Աննայի հետ—
Եվ չեմ այնտեղ, երջանիկ հանգուցյալի շիրմի մոտ—
Եվ տեսնում եմ ձեզ ոչ այլևս ծնկաչոք
Մարմարյա ամուսնու առաջ։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Դոն Դիեգո, այդպես նախանձոտ եք դուք։
Իմ ամուսինը դագաղի մե՜ջ էլ է տանջում ձեզ։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Ես չպետք է նախանձեմ,
Նրան դուք եք ընտրել։
ԴՈՆԱ ԱՆՆԱ—,Ո՛չ մայրս հրամայեց ինձ ձեռքս տալ Դոն
Այլվարին.
Մենք աղքատ էինք, Դոն Այլվարը` հարուստ։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Երջանիկ մարդ. նա աստվածուհու ոտքերի մոտ
Ունայն գանձեր բերավ։ Եվ ահա թե ինչու
Ատինական երանությունը ճաշակեց։
Եթե ես ձեզ առաջ ճանաչեի,
Որպիսի ոգևորությամբ իմ պաշտոնս,
Իմ հարստություններս ամենը, ամենը կտայի,

Միակ քաղցր հայացքիդ համար.
Ես ձեր սրբազան կամքի ստրուկը կլինեի,
Ձեր բոլոր քմահաճությունները կուսումնասիրեի,
Որպեսզի նրանց նախագուշակեի.
Որպեսզի ձեր կյանքը անընդհատ դյութականություն դարձնեի։
Ավա՜ղ, բախտը ինձ ուրիշ բան է վիճակել։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Դիեգո, դադարեցեք, ձեզ լսելով`
Ես հանցանք եմ գործում։ Ես չեմ կարող ձեզ սիրել։
Այրին պարտավոր է նույնիսկ դագաղին
Մնալ հավատարիմ։
Եթե դուք իմանայիք, թե Դոն Այլվարը
Ինչպես էր ինձ սիրում։
Օ՜, Դոն Այլվարը, անշուշտ, յուրմոտ չէր ընդունիլ
Սիրահարյալ տիկնոջ, երբ նա այրիանար.
Ամուսնական սիրույն նա հավատարիմ կմնար։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Դոնա Աննա, մի' տանջեք սիրտս`
Շարունակ հիշելով ձեր ամուսնուն.
Բավական է որքան ինձ պատմեցիք,
Թեկուզ, գուցե, պատժի էլ արժանի լինիմ։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ինչո՞ւ, Դուք հո սուրբ կապերով
Ոչ ոքի հետ կապված չեք
Այնպես չէ, ինձ սիրելով դուք արդար եք
Թե իմ և թե երկնքի առաջ։
ԴՈՆ ԺՈԻԱՆ—Ձեր առաջ, աստվա՜ծ իմ։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Մի՞թե դուք հանցավոր եք իմ առաջ.
Ինչո՞վ, ասացե'ք, դե'հ։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ո՛ չ, երբեք։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Դիեգո, այդ ինչ է.
Դուք իմ առաջ անարդար եք,
Ինչո՞վ, ասացեք։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ո'չ, բնա՛վ։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Դիեգո՛, այդ տարօրինակ է.
Ես ձեզ խնդրում եմ, ես պահանջում եմ։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ո՛չ, ո՛չ։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Հա', այդպե՞ս եք դուք իմ կամքին հնազանդ։

Բայց ինչ էիք ասում փոքր առաջ.
Թե դուք կուզեիք իմ ստրուկը լինել:
Ես կբարկանամ, Դիեգո, պատասխանեցեք:
ինչո՞վ եք դուք իմ առաջ հանցավոր։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Չեմ համարձակվում.
Դուք կսկսեք ինձ ատել։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ո'չ, ո՛չ, ես կանխավ ներում եմ ձեզ,
Բայց կամենում եմ իմանալ։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Մի՛ կամենաք սարսափելի
Ու մահառիթ գաղտնիքն իմանալ։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Սարսափելի... Դուք ինձ տանջում եք.
Ես սաստիկ հետաքննին եմ:
Ի՞նչ բան է. ինչպե՞ս կարող էիք ինձ թշնամանիլ:
Ես ձեզ չէի ճանաչում,
Ես թշնամիներ չունիմ և չեմ ունեցել.
Ամուսնուս սպանողն է միայն որ կա։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— (Ինքն իրեն) Բանը լուծվելու վրա է.
Ասացեք ինձ. թշվառ Դոն Ժուանը ծանոթ չէ՞ ձեզ:
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ո՛չ. ի ծնե չեմ տեսած նրան։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Դուք ձեր սրտում դեպի նրան
Թշնամություն չե՞ք տածում։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Պատվո պարտքի պատճառավ։
Բայց դուք իմ հարցից
Աշխատում եք ինձ հեռացնել.
Դոն Դիեգո, ես պահանջում եմ։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Իսկ թե դուք Դոն Ժուանին հանդիպեիք։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— ժամանակ չարագործի սիրտը
Ես դաշույն կխրեի։
ԴՈՆ ԺՈՒԱՆԴոնա Աննա ո՞ւր է քո դաշույնը,
Ահա իմ կուրծքը։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Դիեգո, ինչ եք ասում։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Ես Դիեգո չեմ, այլ Ժուան։
ԴՈՆԱ ԱՆՆԱ —Աստված իմ, ո՛չ, անկարելի է.
Չեմ հավատում։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Ես Դոն Ժուանն եմ։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ստո՛ւմ եք։

ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ես սպանեցի քո ամուսնուն և չեմ ափսոսում,
Դրա համար չեմ էլ զղջում։
ԴՈՆԱ ԱՆՆԱ—֊ Ինչ եմ լսում։ Ո՛չ, ո՛չ, անկարելի է։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ես Դոն ժուանն եմ և քեզ սիրում եմ։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— (Ընկնելով) Ո՞ւր եմ ես, ո՞ւր եմ. ես նվաղում
եմ…
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Երկի՜նք, ինչ պատահեց սրան.
Ինչ պատահեց քեզ, Դոնա Աննա,
Զարթիր, խելաբերվիր, քո Դիեգոն,
Քո ստրուկը, քո ոտքերի մոտ է։
(Ինքն իրեն)
Օհ, ինչպես նա գեղեցիկ է այս դիրքում,
Դեմքը հոգնած, հայացքը կիսաբաց,
Կուրծքը անհանգիստ, շրթունքը դալկահար…
(Համբուրում է նրան):
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Թող ինձ... (Թույլ) Դու իմ թշնամին ես,
Դու խլեցիր ինձանից ամենը, ամենը,
Ինչ որ կյանքումս…
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ով քնքուշ արարած, ես պատրաստ եմ
Իմ հարվածի համար ամեն կերպ տուժել.
Թո ոտքերի մոտ ընկած միայն հրամանիդ եմ սպասում,
Հրամայես կմեռնեմ, հրամայես՝ կապրեմ,
Միմիայն քեզ համար։
ԴՈՆԱ ԱՆՆԱ- Ուրեմն այդ Դոն Ժուանն է։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Նրան ձեր առաջ նկարագրել էին
Ինչպես մի չարագործ, մի հրեշ, այնպես չէ՜.
Օ՜, Դոնա Աննա, համբավը, գուցե, արդար է,
Հոգնած խղճի վրա շատ չարիքներ են ծանրանում.
Բայց այն օրից սկսած, որ ձեզ տեսա,
Բոլորը կերպարանափոխվեց.
Ինձ թվում է, թե ես նորից ծնվեցա.
Ձեզ սիրելով՝ սիրում եմ ես առաքինությունը,
Ես առաջին անգամ նրա առաջ
Խոնարհեցնում եմ դողացող ծնկներս:
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Օ՜, Դոն Ժուանը ճարտարախոս է,
Գիտեմ, լսել եմ, նա խորամանկ մարդ է.

Դուք, ասում են, անաստված անառակն եք,
Դուք կատարյալ դև եք,
Քանի՜ թշվառ կանանց եք կործանել…
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Մինչև այժմ նրանցից ոչ մեկին չեմ սիրել:
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Եվ ես հավատա՞մ, որ Դոն ժուանը
Սիրահարվել է առաջին անգամ.
Որ նա իմ մեջ նոր զոհ է որոնում։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Եթե ես ձեզ խաբել կամենայի,
Արդյոք կխոստովանեի, կարտասանեի
Այն անունը, որ դուք լսել չեք կարող,
Հապա ուր է այստեղ հեռատեսությունը,
Նենգամտությունը։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ո՞վ կարող է ձեզ հասկանալ,
Բայց դուք ինչպե՞ս կարողացաք այստեղ մտնել,
Ձեզ կարող էին ճանաչել
Եվ մահերնիդ անխուսափելի կլիներ։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Ինչ կնշանակե մահ.
Տեսակցության մի քաղցր ակնթարթի համար
Ես անտրտունջ իմ կյանքը կտամ։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Բայց այստեղից ինչպե՞ս պիտի դուրս գաք,
անզդո՜ւյշ։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— (Նրա ձեռքերը համբուրելով):
Եվ դուք խեղճ Ժուանի կյանքի համա՞ր եք հոգում.
Ուրեմն քո երկնային հոգվո մեջ, Դոնա Աննա,
Ատելություն չկա՞:
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ա՜խ, եթե ես կարողանայի ձեզ ատել…
Այսուամենայնիվ, մենք պիտի բաժանվինք։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Մեկ էլ ե՞րբ կտեսնվինք։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Չգիտեմ, երբևիցե։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Իսկ վա՞ղը։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Որտե՞ղ։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Այստե՛ղ։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Օ՜, Դոն Ժուան, ինչպես ես թույլ եմ սրտով։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Իբրև ներմանդ գրավական՝ մի խաղաղ համբույր…
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ժամանակն է, հեռացի՛ր։

ԴՈՆ ԺՈԻԱՆ— Մեկ սառը, խաղաղ…
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ինչպես համառն ես, առ, ահա։
(Դուռը բախում են):
Այն ո՞վ է բախում, օ, թաքնվիր Դոն Ժուան։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Մնաս բարով, ցտեսություն, իմ սիրելի բարեկամ:
(Դուրս է գնում և կրկին հետ է փախչում):
Վա՜յ։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ի՞նչ պատահեց... վա՜յ...
(Մտնում է կոմանդորի արձանը, Դոնա Աննան ընկնում է):
ԱՐՁԱՆ— Ես ձեր հրավերին եկա։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Աստված իմ, Դոնա Աննա։
ԱՐՁԱՆ— Թող դրան. ամեն բան վերջացած է.
Դողո՞ւմ ես դու, Դոն Ժուան։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Ես, ո՛չ. ես քեզ կանչեցի.
Եվ ուրախ եմ, որ տեսնում եմ։
ԱՐՁԱՆ— Տուր ձեռքդ.
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ահա… Օ, ինչպես ծանր է
Նրա քարեղեն աջի սեղմումը.
Թողիր ինձ. թող, թող ձեռքս,
Ես կորչում եմ, վերջացած է.
Օ, Դոնա Աննա…
(Գլորվում են):
(Վարագույր):

</poem>