Սևան
Սևան
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ
ԱԿՆԱՐԿ
Քիչ հայեր կգտնվեն, որոնք Սևան անունը լսած կամ նրա մասին մի բան կարդացած չլինին, ինչպես և քիչ հայրենասեր հայեր՝ որոնք այդ անունը լսելով, փափագած չլինին նրան աչքով տեսնել և նրա մատուռներում աղոթել։ Ինձ համար, գոնե, իբրև մի հայի, որ յուր հայրենյաց հինավուրց հիշատակարաններին այցելելն ու նրանց համբուրելը սրբազան պարտավորություն է համարում, Սևան տեսնելը և՛ ուրախություն, և՛ մխիթարություն էր։ Այս պատճառով օգուտ քաղելով այն դեպքից, որ ամառվա ամիսները Դիլիջանում եմ գտնվում, որ միայն 32 վերստով է հեռու Սևանից, որոշեցի Վարդավառի տոնին ուխտ գնալ Սևան։ Բացի Սևանի կղզին, վանքերն ու ճգնարանները տեսնելը, ինձ համար ցանկալի էր և՛ բուն հայաստանցի ուխտավորները տեսնել, որոնք գլխավորապես Վարդավառի, Աստվածածնի և Սուրբ Խաչի տոներին են հավաքվում այնտեղ, բերելով իրենց հետ ինչ որ ունին հնավանդ և հայկական։ Առավոտյան ժամը վեցն էր, երբ մենք Դիլիջանից դուրս եկանք կառքով և ուղղվեցանք դեպի Երևան տանող խճուղին։
Սա Շամլուղ կոչված գետակի ուղղությամբ սկսվելով անցնում է Մայմեխ կոչված լեռան ստորոտը ծածկող անտառների միջով և հետզհետե նույն լեռան լանջերի վրա բարձրանալով՝ հասնում է գրեթե մինչև նրա կատարը։
Հայաստանի բնության գեղեցկություններին փոքր ի շատե ծանոթանալու համար բավական է Դիլիջանից մինչև Սևան տանող ճանապարհը անցնել և նրան շրջապատող տեսարանները տեսնել։ Արևը դեռ նոր էր վառում Մայմեխի կատարը, երբ մենք անցնում էինք նրա ստորոտով։ Առավոտյան զեփյուռը, որ ցուրտ էր բերում մեզ սարի լանջերից, մեղմով շարժվում էր և անտառի ծառերը, որոնց խուլ շրշյունը Շամլուղի խոխոջի և թռչնիկների ճռվողյունի հետ խառնվելով, կազմում էր մի հաճոյական ներդաշնակություն, որ, սակայն, խանգարվում էր երբեմն մեր կառքի կոշտ դղրդյունով։
Ճանապարհը մի քանի կեռմաններով անցնելուց հետո սկսում է խիստ բարձրանալ. Շամլուղը էլ չի երևում, միայն քամին բերում է երբեմն նրա խոխոջի խուլ ձայնը։ Ստորոտի անտառները նույնպես շատ վար են մնացել, մենք տեսնում ենք այժմ նրանց կատարները, որոնց վրա արևը սփռել է արդեն յուր ճառագայթները։ Սակայն մեր ճանապարհը դեռ հով է, խճուղին թեպետ սարի լանջովն է անցնում, բայց այդ լանջերը ծածկող անտառները հովանավորում են մեզ։ Հանգիստ բարձրանում և այդ բարձրություններից դիտում ենք հանդիպակաց տեսարանները։
— Ահա Մեյդան լեռը, նրա անտառապատ լանջերը, նրա ծառազուրկ, բայց կանաչազարդ կատարը. ահա՛ և ուրիշ շատ լեռներ, որոնք գագաթների բարձրությամբ մինը մյուսին գերազանցելով, հորիզոնը դարձնում են վեհ և ահարկու։ Ահա հեռվից երևում են և՛ Սյունաց աշխարհի լեռները, իրենց կապուտակ և մշշապատ կատարներով։ Մեզ թվում է, թե արդեն հասակով հավասարվել ենք նրանց, որովհետև մոտ 15 վերստ բարձրացել ենք սարի լանջերով։
Բայց այստեղ արդեն անտառները նվազում են. նրանց փոխարինում են փոքրիկ, սիզավետ հովիտներ, զվարթ կանաչ խոտը ծածանում է այդ լեռնային մարգերում կանգնաչափ բարձրությամբ, նրանց գունավորում են բազմազան ծաղիկներ։ Ափսո՜ս, բացականչում ես դու, ինչո՜ւ այս գեղեցիկ մարմանդները այսպիսի բարձրության վրա է հանել բնությունը, միթե գեղջուկի հոտերը կամ նախիրն ու ձիանը կարող են օգտվել սրանցից։ Ասում ես ու անցնում, բայց ահա փոքր ինչ հեռու խոտը հարել ու փռել են գետնին ցամաքելու համար։ Ուրեմն այս բարձրության վրա մարդիկ են ապրում, և անշո՛ւշտ հայեր, մտածում ես դու։ Կառքը սլանում է առաջ, և ահա փոքրիկ խմբակներ, տղամարդիկ, կանայք, տղայք ու աղջկունք, ոմանք հարած խոտն են հավաքում, ոմանք սայլերի վրա բարձում… Հետաքրքրությամբ մոտենում ու դիտում ենք, բայց սրանք մալականներ են, Սեմյոնովկա գյուղի բնակիչներ։ Սեմյոնովկան, գիտեի, որ մեր առաջի իջևանն է։ Սյունյաց սարերի այդ բարձրության վրա՝ մի իջևան կարող էի երևակայել, բայց մալականների մի բազմամարդ գյուղ, երբեք։ Եվ ինչ հրաշալի հովիտներ ու մարգագետիններ են շրջապատում այդ գյուղացիներին այս գեղեցիկ բարձրության վրա, ի՜նչ շքեղ արոտներ, ի՜նչ հորդառատ աղբյուրներ, սա մի լեռնային դրախտ է։ Վարդավառի շաբաթ օրը, ուրեմն հուլիսի 27-ն էր, երբ մենք մտանք Սեմյոնովկա, և գյուղացիներից մի քանիսի դռանը դեռ մայիսյան վարդ էր փթթում։ Այդպիսի բնության մեջ, հարկավ, մարդիկն էլ ուրախ, զվարթ և կենդանությամբ լի պիտի լինեին, ինչպես որ իրոք երևացին մեզ։
Սեմյոնովկայից ճանապարհը սկսվում է փոքր ինչ ցածրանալ, բնության շքեղությունները նվազում են, մի քանի կանաչկոտ բլրակներ անցնելուց հետո պատահում ես Չիբուխլու հայ գյուղի ցանքսերին։
«Դեռ բավական պիտի վար իջնենք Գեղամա ծովակը տեսնելու համար», մտածում էի ես, բայց դեռ այս մտածման մեջ էի, երբ մի նոր շքեղ տեսարան գրավեց բոլորիս ուշադրությունը։ Հանկարծ առաջներս բացվեցավ մի բաց կապուտակ դաշտ, որին սկզբում հորիզոնը փակող առավոտյան մշուշ կարծեցի։ Բայց ընկերոջս՝ «ահա ծովը» բացականչությունը սթափեցրեց ինձ։ Եվ մի՞թե կարողանում է մարդ հավատալ, թե լեռների այսպիսի բարձրության վրա կարող է գտնվել այսքան ընդարձակ մի լիճ, որին, իրավամբ ծովակ անուն են տալիս։ Սա Հայաստանի բնության հրաշալիքներից մինն է։ Ուրեմն միայն Զվիցերիան չէ, որ պարծենում է յուր լեռնային բարձրավանդակների լճերով․ Գեղամա ծովակը գերազանցում է, մանավանդ որ յուր այս ընդարձակությամբ հանդերձ նա գտնվում է ծովի մակերևույթից մոտ 6400 ոտնաչափ բարձր տարածության վրա։
Ես առաջանում էի սրտատրոփ, մի ինչ որ քաղցր և գողտր զգացմունք մղում էր իմ սիրտը դեպի այս ծովակը։ Դա այն սին հետաքրքրությունը չէր, ինչ որ ես զգացել էի առաջին անգամ ծով տեսնելիս կամ նրա վրա նավարկելիս, ինձ թվում էր, թե Գեղամա ծովակի մեջ ինձ անծանոթ՝ բայց հուգվույս ընտանի շատ նորություններ կան, որոնց պիտի տեսնեի, թե անցյալ դարերի շատ անցքերի պատմություններ նրա աչքների մեջ պիտի կարդայի…
Բայց, իհարկե, դեռ շուտ չի պիտի հասնենք նրան. մոտ հինգ վերստ ճանապարհ պետք է գնանք ծովի նավամատույց ափին հասնելու համար։
Այդ ճանապարհն անցնում է հիշյալ Չիբուխլու հայաբնակ գյուղի միջով, որ գտնվում է կանաչազուրկ Մարալ-Դաղի (Այծեմնասար) ստորին լանջերից մեկի վրա։ Սեմյոնովկան տեսնելուց հետո, երբ մարդ անցնում է չոր ու ցամաք Չիբուխլուի միջով, ակամա հառաչում է։ Չգիտես, խղճալ այդ ժողովրդի վրա, թե՝ զայրանալ։ Մտածում ես ինքդ քեզ, մի քանի վերստ հեռավորության վրա դրախտ է ծաղկում։ Ի՞նչն է ստիպել այս մարդկանց այդ չոր ու ցամաք լեռնալանջին կպչելու, ո՞չ ապաքեն ճաշակի և մանավանդ մարդկային զգացմունքի պակասությունը։ Չէ՞ որ իրենք մալականներից առաջ էին ապրում այս երկրում, ինչո՞ւ նրանց տիրած հարուստ արոտներից, մարգերից ու մարմանդներից չեն կամեցել օգտվել։ Ամբողջ գյուղի մեջ մի խումբ ծառ չկա, մի պարտեզ չկա, մի հովանոց չկա, Աստծո տված փայտն էլ չունին, որ այրեն ու տավարի քակոր են այրում, որ իրենք ցան են անվանում, այդ պատճառով յուրաքանչյուր գյուղացու բակում դեզերով դարսված է այդ գարշահոտ ցանը, իսկ ծառախիտ անտառները միայն 5—7 վերստ հեռավորություն ունին իրենցից։ Սեմյոնովկան տեսնելուց հետո, երբ մտա Չիբուխչու, իսկույն առասպելական Ելիսյան բարեբեր ու լուսավոր դաշտերը և նրանց մոտ ծծմբահուր Ստյուլքսի ափերը և Աքերոնի խավար թագավորությունը հիշեցի… բայց, իհա'րկե, ես անցնելով այդ գյուղի միջից րոպեական տպավորության ներքո դատապարտում են չիբուխլուցիների ծուլությունն ու անտարբերությունը, գուցե նրանց ծերունիներր կպատմեն մեզ այնպիսի պատմություններ, որ մենք կարդարացնենք նրանց և, բացի այդ, կամաչենք, որ դեռ այդ պատմությունները չգիտենք…
Չիբուխլուից հեռանալով հետզհետե մոտենում ենք Գեղամա ծովակին։ Նա այժմ մոտիկից արևելյան պայծառ փիրուզագույնով է երևում. մակերևույթի վրա ընկած են բաց կապտագույն ժապավեններ, որոնք նրա հոսանքների գծերն են ներկայացնում։ Այդ գունավոր տարածության վրա ասես միլիոնավոր ադամանդներ են թրթռում ու փայլում, որովհտտև արևի ճառագայթները հոսանքի հանդիպակաց կողմից ընկնելով՝ յուրաքանչյուր ալիք ազատ ոսկեզօծում, յուրաքանաչյուր ծփանք զատ֊զատ վառում, փայլեցնում են…
Մի փոքր էլ առաջ։ Ահա վերջապես և Սևանի կղզին։ Հեռվից նա երևում է խիստ չոր ու ցամաք, կարծես արևի ճառագայթները խանձել ու մրրկել են նրան, տեսքը տխուր է, կանաչը չի մեղմում նրա կոշտ պատկերը, թվում է քեզ, թե խիստ անհյուրընկալ մի տեղ է նա։ Այնուամենայնիվ չես էլ հավատում, թե այն պատմական կղզյակը որին հասնելու համար սիրտդ այնքան տենչանոք տրոփել է, մոտիկից էլ նույն տպավորությունն անե քեզ վրա, ինչ որ հեռվից։ Բայց անհանգիստ ենք, թե երբ վերջապես կանգ կառնե կառքը ցանկալի ափին։ Թեպետ մենք ճանապարհավարձ վճարել էինք Սեմյոնովկայից մինչև Ելենովկա, որ ծովափի կայարանն է, և որտեղից նավակ նստելով պիտի գնայինք կղզին, բայց որովհետև այդ ճանապարհով ստիպված պիտի լինեինք մի քանի վերստ ավելի նավարկել, ըստ որում կղզին այդ կայարանից ավելի հեռու է, ուստի համաձայն կանխավ մեզ տված խորհրդին` մենք կանգ առանք ծովակի այն ափին, որ ավելի մոտ է կղզուն։ Ի դեպ. պետք է ասել, որ Սեմյոնովկա կայարանում բոլորովին ապօրեն կերպով են Սևան գնացողներից մինչև Ելենովկա կայարանը ճանապարհավարձ առնում, քանի որ հաստատ գիտեն, թե ուղևորը ճանապարհի կեսը միայն պետի գնա, այսինքն՝ մինչև կղզու հանդիպակաց ափը, որպեսզի խորհուրդը հենց իրենք են ուղևորին տալիս։
Կարծես այդ բավական չէ, մի քանի վերստ զառիթափ ճանապարհի համար երկու ձիու փոխարեն երեք ձի են լծում։ Իհա՛րկե ով որ ամոթխած է՝ տանուլ է տալիս, որովհետև հակառակ դեպքում անհաճո խոսքեր պիտի լսե։
Մեր կառավարը, որ Տոնական անունով մի հայ էր, շատ արգելքներ առաջ բերավ կառքը ըստ մեր ցանկության ծովափը իջեցնելու, չնայելով, որ բոլոր այդ արգելքները վերջը 20 կոպեկով ծախեց։
Կղզու հանդիպակաց ափն իջնելով, այստեղ պատահեցինք գյուղացի ուխտավորների մեծ բազմության, թե տղամարդկանց և թե՛ կանանց, որոնք իրենց տղաներով, աղջիկներով, նույնիսկ ծծկեր մանուկներով, կապկպած պաշարեղենով, մատաղացուներով և սայլերով կիզիչ արևի տակ, խճավազի վրա թափված՝ կղզուց նավակի էին սպասում։
Դրանք բոլորը մոտակա գյուղերից եկած ուխտավորներ էին։ Մեր հարցին, թե վաղո՞ւց են նավակի սպասում, պատասխանեցին, թե առավոտվանից։
— Հրացան չե՞ք արձակել,— հարցրինք մենք. որովհետև այդ է ափից նավակ խնդրելու նշանը։
— Ատրճանակ արձակեցինք մի քանի անգամ, բայց երևի ձայնը չհասավ,— պատասխանեց մինը:
— Չէ, նավակները Նոր Բայազետի կամ Մարալ-Դաղի կողմն են գնացել ուխտավոր բերելու,— ավելացրեց մի ուրիշը։
— Կամ սպասում են, որ շատերը հավաքվեն՝ որպեսզի բոլորին միանգամից տանեն,— նկատեց երրորդը։
Այսուամենայնիվ մեզանից մինն էլ յուր հրացանի ուժը փորձեց: — էհ, դրա ձայնը վանահորն էլ խուցից դուրս կբերի,— ծիծաղելով նկատեց գյուղացիներից մինը։ Եվ արդարև, քիչ ժամանակից հետո տեսանք, որ կղզու հանդիպակաց ափից մի նավակ շարժվեցավ դեպի մեր կողմը իսկույն ուխտավորները իրար վրա խառնվելով սկսան իրենց իրեղենները մեր կանգնած տեղերից տեղափոխել մի ուրիշ կողմը, ուր ջուրն ավելի խոր լինելով, նավակը հեշտությամբ պիտի մոտենար։ Մենք էլ հետևեցինք գյուղացիներին։
Նավակը հասավ։ Դա բավական ընդարձակ, առանց կայմի և առագաստի, հնաձև և դժվարաշարժ ղեկով մի մակույկ էր։ Մի քանի րոպեի մեջ ուխտավորները իրար հրելով մակույկի մեջ լցվեցան, նստարաններն ու հատակը բռնվեցին, և նավակը, որ հազիվ հիսուն հոգու տեղ ուներ, ութսունից ավելի ուխտավորներով ու նրանց իրեղեններով բռնվեցավ։ Մենք էլ, որ յոթ հոգի էինք, մի կերպով այս մարդակույտի մեջ տեղավորվեցանք։ Չորս զորեղ հայաստանցիներ սկսան թիակները շարժել, հինգերորդը ղեկը բռնեց, և նավակը խորը մտավ։
Ուխտավոր երիտասարդներից ոմանք տեղերնին հանգստացնելուց հետո, սկսան երգել։ Ուրիշները դեռ շարունակում էին նավակ մտնելու ժամանակ սկսած վեճերը, իսկ ավելի հասակավորները միջամտում և խրատում էին նրանց։ Նավակի մեջ կատարյալ իրարանցում և անիշխանություն էր տիրում։ Այնուամենայնիվ հաճելի էր այդ ժամանակավոր անիշխանության մեջ գտնվել և դիտել այդ խայտաբղետ ամբոխի ուրախությունն ու դժգոհությունը. դրանք նմանվում էին նավաբեկությունից փախած և ազատարար նավակին ապաստանած նավորդների որոնց միակ փափագը մի կերպով ափելնելն ու ազատիլն է լինում։ Չնայելով, որ ծովակը հանդարտ էր և միայն փոքրիկ ծփանքներն էին նավակը տատանում, այսուամենայնիվ մի քանի աղջկանց գլուխը սկսավ պտտիր մինը մինչև անգամ գլորվում էր հատակի վրա։ «Ջուր տվեք, ջուր տվեք», կանչեցին գյուղացիները։ Մինչև ես այն մտքումն էի, թե որտեղից ջուր գտնեն նավակի մեջ, մի քանիսը դեպի ծովակը ծռելով՝ բաժակով ջուր վերցրին այդտեղից և խմացրին երախայոց: Նոր հիշեցի, որ Գեղամա ծովակի ջուրը քաղցր է և խմելու պիտանի։ Ինքս էլ լցրի բաժակս այդ վճիտ ու քաղցրահամ ջրով և ախորժանոք խմեցի։
Սա էլ իմ ուխտերից մինն էր, որ կատարեցի։ Բայց ի՞նչ ուխտ. աշակերտական ժամանակի, անկեղծ զգացմունքների և սուրբ ոգևորության ուխտ… Երբ դեռ աշակերտ էինք, մեր վարժապետը Հայաստանի աշխարհագրության դասին ոգևորված պատմում էր Սյունյաց նահանգի այդ թագուհու-Գեղամա ծովակի հրապույրների մասին։ Այդ ժամանակ ահա ուխտեցինք մենք այցելել նրան և Սյունյաց հորդաբուխ աղբյուրների այդ բագմադարյան ավազանի ջրիցը վայելել։ Սա մի անմեղ, գուցե և տղայական ուխտ էր, բայց այդ ուխտը հիշելով և մեր գործերը դիտելով ես ամաչում եմ, չէ՞ որ այս ուխտի հետ միասին ուրիշ շատ ուխտեր էլ ունեինք մենք, ուխտեր անձնվիրության, անձնազոհության… բայց ո՞ւր մնացին դրանք, ո՞ւր ցրվեցան մեր ընկերները, ի՞նչ աստվածների են ծառայում այժմ, ի՞նչ իդեալներով են ոգևորվում… Չէ՞ որ պատասխանը հուսահատական է։
Վերջապես հասանք կդզին։ Հեռվից չոր ու ցամաք և փոքրիկ բլրակի չափ երևացող այդ թումբը կանաչազարդ և բավական ընդարձակ մի գեղավայր էր հինավուրց ուռենիներով և լաստիներով շրջապատված։ Կղզու դիրքը հարավ-արևմտյան կողմից ներկայացնում է բավական լայնադիր մի տափարակ, սիրուն կանաչներով ծածկված։ Այդ տափարակի վրա, ծովակից 10—20 քայլ հեռու, կարգով շինված են (ուխտավորների համարի երեսունի չափ սենյակներ` որոնք իրենց կես մասը դեպի հարավ, իսկ կեսը դեպի արևմուտ դիրքով ներկայացնում են կղզու ներսը փակող մի ուղիղ անկյուն և ծառայում են մի տեսակ պատվարի տեղ։ Ներս մտնելով այդ երկու շարքը միմյանց հետ կապող անկյունի դռնից, առջևդ բացվում է մի ընդարձակ և սիզավետ բակ, որի արևմտյան֊ հյուսիսային կողմը երկարանալով ձգվում է հեռու մինչև ծովափը, ուր նրան փակում են ուռենիների և բարդենիների մի քանի շարքեր։ Իսկ հարավ-արևելյանը կազմում է վանքի բուն բակը, որին հովանավորում են մի քանի հաստաբուն և ստվերախիտ ուռենիներ։ Այս մասի շարունակության վրա շինված են Սուրբ-Աստվածածնի եկեղեցին և միաբանության բազմաթիվ խուցերն ու այլ կացարանները. իսկ այս շինությունների հետևից անմիջապես բարձրանում է բուն կղզին ներկայացնող բլուրը, որի վրա կառուցված են Սևանի ուխտի անդրանիկ եկեղեցիները և մատուռները, որոնց մանրամասն նկարագրության կդառնանք, ուխտավորի առաջին պարտքերը կատարելուց ետ։
Մտնելով վանքի բակը և պատահելով այստեղ ուրիշ շատ ուխտավորների, որոնց մեծ մասը արդեն սենյակներ ունեին ստացած, իսկ շատերը փակված սենյակների մոտ կանգնած՝ նրանց բացելուն էին սպասում, որ գրավեն, մեր առաջին գործն այն եղավ, որ մեզ համար էլ մի կացարան որոնենք։ Հարկավ, եղածների մեջ լավագույնը և կահավորածը ընտրեցինք։ Եվ որովհետև մեր ընտրածի դուռը փակ էր, իսկ պատուհանները բաց, ուստի պատուհանների մեջ դարսեցինք մեր իրեղենները, փականքի բանալիին սպասելով։ Երևաց, որ ուխտավորների բոլոր սենյակների փակակալը նոր հայ մկրտված մի քուրդ էր, որ յուր իշխանության ուժը մեզ ցույց տալու համար վճռապես հայտնեց, թե այդ սենյակները մեզ չի կարող տալ, որովհետև ուրիշ հյուրերի համար է պահված։ Փակակալ քուրդի ինքնասիրությանը դիպել էր՝ որ առանց յուր բարեհաճությունն ստանալու, մենք ընտրություն էինք արել։ Եթե հետերնիս խոսողը տգետին մինը չլիներ, կարելի էր վիրավորվել որ «աթադան բաբադան» հայ ուխտավորներիս վրա իրավունքներ է ծախում երեկվա հայ դարձած քուրդը։ Ես դիմեցի դեպի միաբանության խուցերը, որպեսզի վանահորը տեսնեի կամ վարդապետներից մինին, որոնք, հարկավ, ավելի պատշաճավոր կարգադրություն կանեին, բայց որքան եղավ իմ զարմանքը, երբ կեսօրվայ ժամը մեկին բոլոր խցերը փակված և վարդապետները ներսում քնած գտա։ Երբ պատճառը հարցրի, ասացին, թե այդ գիշեր եկեղեցում «հսկումն» են կատարել և ցերեկվա ժամասացություններից հոգնած լինելով, պառկել են հանգստանալու: Այստեղից վերադառնալով տեսա, որ մեր ընտրած սենյակները իրոք վանքի կռվածաղիկն են եղել։ Մի նորեկ երևանցի պարոն, բանալին ձեռքին կանգնած, հայտարարում է, որ մեր ընտրած սենյակներից մինը էջմիածնի պրոկուրորի և մյուսը Երևանի գավառապետի համար է, որոնք ուր որ է կհասնեն այստեղ և թե ինքը եկել է նրանց կացարանը պատրաստելու։ Լավ գիտենալով, որ հայոց ուխտատեղիներում առաջնորեն տրված պատվերներ ընդունելու սովորություն չկա, այս հայտարարությունն էլ թողեցինք անուշադիր։
Վերջ ի վերջո երևաց Սողոմոն սարկավագը, Սևանի միաբանության կանցլերը, որ մեր իրավունքը հարգելով առավ բանաստեղծ երևանցու ձեռքից բանալին և հանձնեց մեզ։ Գրեթե սույն օրինակ դժվարություններով ու զանազան արգելքներ հարթելով ստացանք վանքից և մեզ հարկավոր եղած պղինձները, ամանները, փայտը և այլն, ամեն մեկ բանի համար ծառաներին տասը-քսան անգամ դես ու դեն վազեցնելով։ Շատ ուշ իմացանք, որ սխալվել ենք Վարդավառի տոնին ուխտ գալով Սևան, որովհետև այդպիսի մեծ տոներին ուխտավորների ահագին բազմություն խռնվելով վանքը և բոլորն էլ նմանօրինակ իրեղենների կարիք ունենալով, դժվար է լինում բոլորին էլ միօրինակ գոհացում տալ։ Մինչդեռ հասարակ օրերը Սևան այցելողը ամենայն տեսակ դյուրություն պատրաստ կգտնե սկսած մաքուր և կահավորյալ սենյակներից մինչև ամենամաքուր անկողինները։
Ինչևիցե. մինչև երեկո հազիվ կարգի բերելով մեր ժամանակավոր բնակարանը և կարևոր իրերը, դուրս եկանք Սևանի ընդհանուր դրությանը ծանոթանալու։
Արևն արդեն մայր էր մտել. վանքի բակը լցվել էր ուխտավորներով և դեռ հետզհետե դուրս էին թափվում նավակներից։ Բոլոր սենյակներն ու բակում խփված վրանները բռնված լինելով, շատերն էլ խումբ-խումբ շարվել էին կանաչ գետնի վրա։
Միաբանության անդամներից ոչ ոք չէր երևում. միայն Սողոմոն սարկավագն էր, որ աչալուրջ ուշադրությամբ պտրտում էր ուխտավորների մեջ, ոմանց մատաղացուներ էր վաճառում, ոմանց խնդիրն էր լսում, այլոց գանգատն ու դժգոհությունը, ում որ արժան էր համարում պատասխանում էր, ում որ չէ` լռում էր ու անցնում։ Երբեմն ժամերով նա հեռանում էր և հենց որ նորից երևում էր, դարձյալ ուխտավորները շրջապատում էին նրան, նորից խնդիր, գանգատ, դժգոհություն։ Սողոմոն սարկավագը երբեմն բարկանում, ձայնը բարձրացնում էր, մեկին կամ երկուսին արժանացնում էր յուր բարեհաճությանը, հրամայելով ծառաներին բերել խնդրած իրեղենը, մյուսներին մերժում կամ արհամարհում, և այս դարձվածները կրկնվում էին շարունակ։ Խեղճ մարդը շատ անգամ փախչում էր ուխտավորներից։
Չնայելով, որ այստեղ ամեն բանի համար մի առանձին պաշտոնյա կա կարգված, օրինակ, սենյակ պետք է խնդրել փակակալից, պղնձեղեն` խոհարարից, աման, աղ, հաց կամ մի ուրիշ բան` տնտեսից, փայտը` փայտապանից, և այլն, այսուամենայնիվ այս բոլոր բաները ձեռք բերելու համար վերջին խոսքը պատկանում է Սողոմոն սարկավագին։ Պետք է ուրեմն ենթադրել, թե նա տնտեսական մասի գլխավոր վերակացուն էր։ Բայց ըստ երևույթին նա դրանից զատ ուրիշ շատ արտոնություններ էլ ուներ, որոնց մասին հետո։
Երեկոյան ուխտավորները, զանազան խմբերի բաժանված, նավակատյաց ընթրիքի նստեցին։ Դրանցից շատերը թառ, սազ կամ հարմոն ածող ու երգողներ ունեին. ուրիշները առանց այլ գործիքների էին երգում։ Մի քանի ժամվա մեջ վանքի ընդարձակ բակը խնջույքի դահլիճ դարձավ, թմբուկ, երգ, պար, գոռում, գոչում բռնեցին ամեն կողմ։ Բայց շուտով էլ այս աղմուկն ու շփոթը կանոնավորվեցան։ Բոլոր ուխտավորները մի քանի մեծ խմբերի բաժանվելով և դրանց միջից երիտասարդ տղաներն ու աղջիկները զատվելով` սկսեցին ժողովրդական երգեր երգել ու պարել խմբովին։
Այնուամենայնիվ այս զվարճությունները մինչև կես գիշեր տևեցին։ Ինձ համար ուշադրության արժանի կետը և միևնույն ժամանակ մխիթարականը այն էր, որ այստեղ բոլոր երգերը զուտ հայերեն էին, մերթ գրական և մերթ ժողովրդական լեզուներով։ Երբեմն միայն խառնում էին թուրքերեն և այն էլ պարերգի ժամանակ։ Սևանի ուխտավորները գլխավորապես նոր-Բայազետի և ծովափի շրջակա գյուղերից էին։ Ուխտագնացության կարգերն ու սովորությունները սրանց մոտ էլ նույնն են, ինչ որ մեր կողմերում, այսինքն Արցախի և Սյունյաց նահանգներում։ Տղամարդկանց հագուստները նման են մեր կողմի գյուղացիների հագուստի, բայց կանանցը զանազան տեղերի կանանց հագուստների մի խառնուրդ է ներկայացնում. օրինակ՝ գլուխները կապած են թիֆլիսեցի կանանց պես. բերանները քթկալով ծածկած` ղարաբաղցի գեղջկուհիների նման, հագած ունին մի կարճ դերիա, որի տակից նուխեցի կանանց նման` մոտ երկու թիզ երկարությամբ` երևում է կարմիր ու լայն վարտիքը։ Դերիայի վրայից կապած ունին մալական կանանց գոգնոց և նրա վրայից էլ հագած ղազանցի թաթար կանանց գործածական մի բաճկոնակ։ Այսպիսով այդ հագուստը մի շատ տգեղ ձև է ստանում. առհասարակ այս ուխտավորների մեջ տղամարդիկ ավելի գեղեցիկ էին, քան թե կանայք։ Վերջիններս խիստ տգեղ կազմված ունին, մեջքները հաստ, փորները դեպի կուրծքը բարձրացած, դեմքերը տգեղ, բերանները մեծ, ձայները կոպիտ, շարժվածքները անշնորհք, և թե հայերեն խոսելը չլինի, տեսնողը ավելի ասորուհիների կը նմանեցնի նրանց, քան թե հայուհիների։
Վարդավառ առավոտը շատ վաղ զարթնելով, գնացի Սևանի եկեղեցիներն ու ճգնարանները գիտելու։ Բայց որովհետև ժամասացությունը վաղուց սկսված էր, ուստի նախ մտա եկեղեցի աղոթելու։ Փոքրիկ ժամատունը լիքն էր ուխտավորներով, այնպես որ հազիվ կանգնելու տեղ կարողացա գտնել։ Ժամասացները միայն վարդապետներն էին, թվով հինգ թե վեց, դրանց հետ էլ երկու սարկավագ և մի քանի տիրացուներ։ Կար և մի պատժված քահանա, որ ժամայացության չէր մասնակցում։ Ժամերգությունը այստեղ մի ինչ որ հին և մելոդիական տոն ունի, որ առավել ջերմեռանդություն է ներշնչում աղոթողի մեջ։ Ուստի, չնայելով որ նա այստեղ ավելի երկարատև է քան մեր եկեղեցիներում, այսուամենայնիվ մարդ սիրով է սպասում մինչև ավարտը։ Աղոթողները մեծ մասամբ կանայք ու աղջիկներ էին, որովհետև տղամարդիկ դրսում զբաղված էին մատաղ մոր թելով ու եփելով: Տարօրինակ ազդեցություն արավ ինձ վրա այն, որ ժամարար վարդապետը ավետարանը առաջին կարգում եղող մի քանի տղամարդկանց համբուրել տալուց հետո՝ երբ կանայք մոտեցան, երեսը շուռ տվավ և հեռացավ, այնպես որ վերջիններս ավետարանը համբուրել չկարողացան։ Տեղական խստակրոնական կարգ էր սա, թե սխալմունք, մոռացա այս մասին վերջը հարցնել։
Դուրս գալով եկեղեցուց, սկսեցի մանրամասն քննության առնել Սևանի անապատը։
Կղզու ընդհանուր պատկերը. սուրբ Հարության տաճարը, Ս. Կարապետի մատուռը. Ս. Առաքելոց եկեղեցին, նրա եպենյա դռները և արձանագրությունները, շինությունների ավերակները, միաբանության խուցերն ու այլ կացարանները. Ս. Աստվածածնի եկեղեցին, Ս. Սարգսի մատուռը. ուխտավորների սենյակները. Կղզու բուսականությունը. Սևանի անունը և նրա անապատական ուխտի համառոտ պատմությունը:
Ինչպես նախընթաց մասում հիշեցի, Կղզու դիրքը հարավարևմտյան կողմից ներկայացնում է մի ընդարձակ տափարակ, որի վրա, ծովափի կողմից, շինված են ուխտավորների համար երեսունի չափ սենյակներ։ Այդ սենյակների հանդեպ, ընդարձակ բակի մյուս կողմը, կառուցված է Ս. Աստվածածնի եկեղեցին. սրա կողքին է սուրբ Սարգսի ավերակ մատուռը, իսկ դրանց հետևում մի արանների բազմաթիվ խուցերն ու կացարանները։ Այդ կացարաններից անմիջապես հետո բարձրանում է բուն կղզին ներկայացնող լայնանիստ բլուրը, որ բավական բարձրությամբ ընդարձակություն ունի, և որի վրա կառուցված են սուրբ Հարության, սուրբ Կարապետի և Երկոտասան Առաքելոց եկեղեցիները։ Այժմ տեսնենք, թե երբ և ումից են կառուցված այս շինությունները և ի՜նչ պատմություններ ունին։ Որովհետև Գեղամա ծովակը գտնվում է Սյունյաց նահանգի Գեղարքունյաց գավառի մեջ, հետևապես նա ի հնուց անտի Սյունյաց նախարարական տան սեփականություն էր: Այդ ծովակի մեջ գտնվող կղզին, որ քրիստոնեական դարում Սևան անունը ստացավ, նվիրական էր նույնիսկ հայոց կռապաշտական ժամանակ։ Ըստ պատմչաց, այդ կղզու վրա կաոուցված էր Սյունյաց նախարարական տան պաշտպան կռոց նշանավոր մի մեհյան՝ շրջապատված ամուր պարիսպներով ու բուրգերով։ Ս. Գրիգոր Լուսավորիչը Տրդատ թագավորի հետ Սյունյաց երկիրը այցելած ժամանակ՝ մուտ գործեց և այս կղզին, և Սյունյաց այդ մեհյանը սրբագործելով կնքեց նրան սուրբ Հարության անունով։
Սևանի ամենահին շինությունը ահավասիկ այս եկեղեցին է, որ այժմ բոլորովին ավերակ է և գտնվում է ուղիղ հիշյալ բլրի գագաթին։ Ձևը քառակուսի է, երկարությունը 30, իսկ լայնությունը 25 քայլ։ Շինված է սև խանձաքարից կրի և խճի շաղախով, ըստ որում կղզու մեջ ավազ չկա։ Այս եկեղեցու ավերակներից իսկապես մնում են չորս կողմի պատերը 1—2 կանգուն բարձրությամբ։ Մնացյալ մասերը, ինչպես երևում է, գործ են ածել նոր կառուցած եկեղեցիների շինության վրա[1]։
Սուրբ Հարության տաճարի ավերակներից մի քսան քայլ հեռու գտնվում է մի փոքրիկ անսյուն, բայց գմբեթարդ եկեղեցի սուրբ Կարապետի անվամբ, որը, ըստ պատմչաց, կառուցել է դարձյալ Ս. Գրիգոր Լուսավորիչը։ Եկեղեցու ձևը ավելի հին է, քան Սևանում գտնված մյուս եկեղեցիները. շինությունը պարզ է և անպաճույճ, վրան ոչ մի զարդ և հիշատակարան չկա, պատերը և գմբեթը ճաքճքած և փախչելու վտանգի մեջ են։ Այս պատճառով ժամասացությունը շատ վաղուց դադարած է այստեղ։ Միայն մեծ տոներին բանում են դուռը, որպեսզի ուխտավորները տեսնեն կամ համբուրեն: Եկեղեցու բեմի վրա դեռ սեղան կա դրած մի հին և անարվեստ պատկերով և մի հնագույն խաչկալով, որի հիշատակարանը բարձր լինելու պատճառով կարդալ չկարողացա։ Պատերի վրա կախված են` նույնպես և բեմի առաջ դրված մի քանի տգեղ պատկերներ, որոնցից մի երկուսը, մինչև անգամ, ռուսերեն մակագրով։
Սուրբ Հարության ավերակ տաճարի և սուրբ Կարապետի մատուռի գրեթե մեջտեղում գտնվում է «Երկոտասան Առաքելոց« եկեղեցին, որը կառուցել է Աշոտ առաջինի դուստր և Սյունյաց Վասակ իշխանի ամուսին Մարիամ Տիկինը քրիստոսի 877 թվականին, որ ասել է 1014 տարի սրանից առաջ։ Չնայելսվ այս պատկառելի հասակին, եկեղեցու շինությունը բավական ամուր և հաստատուն է, միայն գմբեթի վրա աննշան ճեղքվածներ կան։ Երկարությունը 23 և լայնությունը 26 քայլ է: Շինությունը դարձյալ անսյուն, պարզ և անզարդ է, միայն դռան սյամերի և պարավորի վրա մի քանի աննշան քանդակներ կան։ Պատերի վրա նույնպես ոչ մի արձանագրություն կամ հիշատակարան չկա։
Այս եկեղեցու մեջ ամենանշանավոր հնությունները երկու եպենյա (աբանոսի) միակտուր և քանդակագործ դռներ են։ Դրանցից առաջինը արևմտյան դուռն է, որ շինված է 715 տարի սրանից առաջ, այսինքն` փրկչական 1175 թվականին և որի վրա քանդակված է հետևյալ արձանագրությունը, «Ի թվին ՈՒԵ (625) նորգվեցավ դուռն սուրբ եկեղեցվոյս հրամանավ իշխանաց իշխան Քրդին և ձեռամբ յՕհաննիսի հիվսանն, որ ընթեռնուք հիշեսջիքյ»։ Թե ո՞ր Քուրդ իշխանն է այս, հայտնի չէ, միայն նրա գերեզմանը կա այս եկեղեցու գավթի մեջ հետևյալ արձանագրությամբ։ «Այս է հանգիստ պարոն Քուրդա»։ Այս դռան քանդակները նման են հայոց վանքերում գտնված խաչքարերի քանդակներին և գլխավոր նկարը մի խաչ է զանազան մանր նկարներով պատած։ Երկրորդ դուռը, որ հարավայինն է, շինված է նույնպես աբանոսից 369 տարի սրանից առաջ, այսինքն` փրկչական 1522 թվականին։ Սա իսկապես գեղարվեստի գործ է սրա գլխավոր նկարները ներկայացնում են` Երկոտասան առաքյալները վերնատան մեջ, սուրբ Հոգվո գալուստը, չորս ավետարանիչները և ուրիշ բազմաթիվ գեղաքանդակ նկարներ, որոնց բոլորի մեջ այնքան նրբություն և այնքան գեղեցկություն կա, որ մարդ նայելուց չէ կշտանում։ Դռան ներքևի մասում քանդակված է մի հրաշալի շրջանկար այնքան նրբությամբ` որ կարծում ես, թե թղթի վրա է հանված և ո՛չ աբանոսի նման կարծրագույն փայտի, որը, ինչպես հայտնի է, ամենից դժվար է տեղի տալիս ամենասուրբ գործիքներին:
Այս դռան վրա ուռուցիկ տառերով քանդակված է հետևյալ արձանագրությունը ոտանավորի ձևով.
|
Որովհետև Սուրբ առաքելոց եկեղեցում տարին մի երկու անգամ, որոշ տոներին, պատարագ են մատուցանում, ուստի նրա բեմի վրա էլ սեղան կա դրված հնատարազ խաչկալով և մի քանի աղքատիկ զարդերով։ Սեղանի առջև կախված է մի հին վարագույր, որի թվականը 1156 է, նվիրված ոմն մահտեսի Իսրայելից։ Այդ վարագույրը միակտուր կտավ է, մեջտեղը նկարված է եկեղեցու կամարակապ, իսկ չորս կողմը զանազան կենդանիներ, թռչուններ ու գազաններ։ Եթե հիշյալ թվականը մի սխալմունք չէ, ապա ուրեմն այս վարագույրն էլ մի թանկագին հնություն է։
Եկեղեցու առաջ կա մի փայտաշեն գավիթ, դարձյալ Մելքոն ճգնավորի շինած, որի առաստաղը փլած ու թափված է։ Իսկ եկեղեցու ետևում սեղանի խորշին կպած կա մի քարուկրյա խուց, ցածրիկ դռնով, ուր ինչպես պատմում են, տասնհինգ տարի ճգնել է Սյունյաց հիշյալ Մարիամ Տիկինը։ Այս խուցի մեջ դարսված են շատ խաչքարեր, որոնց որտեղից բերած լինելը հայտնի չէ, խիստ գեղեցիկ քանդակներ ունին, բայց արձանագրությունները եղծված են` հնության պատճառով։
Այս եկեղեցիներից զատ, բլրի գագաթին կան բազմախուցեր և սենյակներ, որոնցից մի քանիսն արդեն փլած ու ավերակ են, մյուսները հողով ու քարով լցված։ Այս սենյակները նույնպես Մարիամ Տիկնոջ շինածներն են սրանց մեջ մի ժամանակ զետեղծվել է Սևանի առաջնորդարանը և վարժարանը։ Կա այստեղ և ձիթհանքի ավերակ։ Այս բոլորը ցույց են տալիս, թե մի ժամանակ բլրի գագաթին ավելի մեծ բնակություն է եղել, քան թե ստորոտում[3]։ Այս բլրի գագաթից իջնում ենք կանոնավոր կեռմաններով մինչև ստորոտը։ Այստեղ, բլրի ոտից հազիվ մի քանի քայլ հեռու, շինված են միաբանների բազմաթիվ խցերն ու այլ կացարանները, որոնց մեծ մասը կառուցված են դարձյալ Մարիամ Տիկնոջ ձեռքով` իններորդ դարու վերջում, որոնք և բավական ընդարձակ տեղ են գրավում։ Սրանք շինված են երկու կարգ և միանում են միմյանց հետ մի նեղ, երկար և խիստ մութ միջանցքով (կորրիդորով)։ Այս ընդհանուր միջանցքի մեջ մի նվազ լույս է մտնում նրա երկու ծայրում գտնվող հանդիպակաց դռներից, որոնցից մինը հանում է ծովափը, իսկ մյուսը դեպի բակի մի հեռավոր կողմը, ուր գտնվում են ուրիշ երկրորդական շինություններ, ինչպես, օրինակ` փայտատուն, մարագ, ախոռ, դարբնոց և այլն։ Հիշյալ միջանցքի երկու կողմից շինած կացարանների թիվը մոտ երեսուն է։ Մի կարգի սենյակներում ապրում են վանահայրը, վարդապետները և միաբանության ուրիշ անդամները: Այդ կարգի սենյակներից մեկում զետեղված է նաև եկեղեցու հանդերձարանը կամ ուրիշ բառերով ասածը Սևանի թանգարանը, և մյուսում գրատունը։ Իսկ հանդիպակաց կարգում գտնվում են միաբանության ընդարձակ սեղանատունը, խոհանոցը, մառանը, հացատունը և մի քանի ուրիշ սենյակներ, որոնք ծառայում են երբեմն ուխտավորների համար` եթե դրսի բոլոր սենյակները բռնված են լինում։ Ընդհանուր միջանցքի վրա բացված են նաև մի քանի ուրիշ երկրորդական միջանցքներ, որոնցից մի երկուսը տանում են դեպի զանազան ամբարանոցներ ու մառաններ, մինը դեպի կղզու բլուրը և մյուսը դեպի բակի մի ուրիշ կողմը։ Բոլոր այս խուցերը, կացարանները, ամբարներն ու միջանցքները ծածկված են մի ընդհանուր կտուրով և այդպիսով բոլորը միասին ներկայացնում են մի ծածկված ամբողջություն։ Այդ իսկ պատճառով մի կարգի խուցերը միայն ունին նեղ, փոքրիկ պատուհաններ, որոնք բացված են դեպի բլրակի կողմը, մնացյալ մյուս բոլոր սենյակները լույս ստանում են երդիկից։ Ինչ վերաբերում է միջանցքներին, նրանք այնքան մութ ու խավար ենք որ առաջին անգամ մեջը մտնողը հեշտությամբ կարող է մոլորվել։ Առհասարակ բոլոր այդ շինությունները հին լաբիրինթոսների տպավորություն են անում նոր մտնողի վրա, իսկ դրանց միջի օդը ծանր կերպով ճնշում է մարդու շնչառությունը։
Ընդհանրապես միաբանների խուցերը խիստ փոքրիկ, նեղ ու ցածլիկ են, այնպես որ քնելու մահճակալը դնելուց ետ` շարժվելու տեղ շատ քիչ է մնում։
Նույնիսկ վանահոր խուցը ոչնչով չէ տարբերվում մյուս միաբանների խցերից։ Յուրաքանչյուրը դրանցից ունի յուր առջև մի նախասենյակ, այնպես որ ընդհանուր միջանցքից նախ մտնում են այդ նախասենյակը, որ լույսը ստանում է երդիկից և ապա խուցը։ Այդ նախասենյակները մեծ մասամբ դատարկ են լինում, ըստ որում վարդապետի բոլոր գույքը, որ մի սնդուկ, մի քանի գործածական ամաններ ու գրքեր է լինում, գտնվում է յուր խուցի մեջ։
Ւնչպես միաբանները պատմում են, այժմ դեռ շատ շքեղ են ապրում, որովհետև սենյակները տախտակե հատակ ու առաստաղ ունին, իսկ քնելու համար մահճակալ։ Մինչդեռ մի երկու տասնյակ տարիներ առաջ ոչ միայն մահճակալ չունեին, այլև տախտակե հատակ, ուստի ստիպված էին խոնավ հողի վրա պառկելու։
Այս մենարանների շարքին, (բակի կողմից), կպած է Ս. Աստվածածնի եկեղեցին, որ միակ շեն ու բարեկարգ եկեղեցին է Սևանի անապատում և որի մեջ մշտական ժամասացություն է լինում։ Այս եկեղեցին նույնպես կառուցված է Մարիամ Տիկնոջ ձեռքով, դարձյալ իններորդ դարու վերջում։ Երկարությունը մոտ 25 և լայնությունը 18 քայլ է։ Շինությունը սագաշեն է և սրբատաշ քարերից, ոճը պարզ և անզարդ, արտաքուստ սև գույն ունի, որովհետև մյուս եկեղեցիների նման շինված է սև խանձաքարից, բայց ներքուստ մաքուր է և սպիտակ ներկած։ Եկեղեցու զարդերը աղքատ են, պատկերները տգեղ ու անարվեստ։ Աստվածածնի մի պատկերը միայն աչքի է ընկնում իր գեղեցկությամբ, որը այդ ուխտի հին կրոնավորների նկարածն է և որը վերջին ժամանակներն են գտել Ս. Առաքելոց եկեղեցու սեղանի մի խորշում։ Եկեղեցու առաջ գտնվում է փայտաշեն գավիթ և նրա վրա փայտաշեն զանգակատուն, որոնք, ինչպես երևում է, վերջին ժամանակների գործեր են[4]։
Սուրբ Աստվածածնի եկեղեցու մոտ կա և սուրբ Սարգսի անվամբ շինված մի մատուռի ավերակ, որի ետքի պատը կամարի մի որոշ մասի հետ կանգուն է, իսկ մնացյալը փլած: Սրա շինողի անունն ու շինության ժամանակը ստուգել չկարողացա, որովհետև կանգուն մասի վրա ոչ մի արձանագրոլթյուն չկար։
Այս բոլոր հիշածներս Սևանի ուխտի հին պատմական շինություններն են։ Նոր ժամանակի շինությունները միայն ուխտավորների երեսունի չափ սենյակներն են, որոնք, ինչպես արդեն հիշել եմ, գտնվում են այս հին շինությունների հանդեպ, բակի մյուս կողմը, ծովակի հարավային և արևմտյան ափերի վրա։ Այս սենյակները շինված են ներկա վանահոր առաջնորդության օրով զանազան բարերարների ձեռքով և մասամբ վանքի միջոցներով։ Շինությունը քար ու կրից է` կտուրը ծածկված է հողով։ Սենյակները բավական ընդարձակ են, բայց ցած առաստաղով ու փոքրիկ պատուհաններով։ Դրանցից մի քանիսը միայն տախտակե հատակ ու մաքուր աթոռներ, սեղաններ ու մահճակալներ ունին։ Մյուսները զուրկ են այդ առավելություններից։
Բոլոր կղզու վրա գտնված ծառերը մի քանի տասնյակ ուռենիներ, լաստենիներ և բարդիներ են: Դրանցից մի քանիսը գտնվում են վանքի բակում. մնացյալները երկար շարքով տնկված են ծովափի վրա հարավային և արևմտյան կողմից. Ուրիշ ծառեր չկան, ոչ պտղատու և ոչ անպտուղ, որովհետև կղզու վրա արմատ չեն բռնում։ Ինչպես պատմում են միաբանները, կղզու հողը կես արշինաչափ փորելուց ետ, տակը քարացած ավազ է դուրս գալիս։ Այդ է պատճառը, որ ավելի քնքուշ ծառերի արմատները սնունդ առնել չկարողանալով չորանում են։ Սակայն վերջին տարիներս իրենց փոքրիկ մի բանջարանոցի մեջ տնկել են խնձորենի և թթենի, որոնք և արմատ են բռնել։ Այդ ապացուցանում է, որ կղզին պտղաբեր հող պարունակող տեղեր էլ ունի։
Սևան անապատում գտնված եկեղեցիների և մենարանների համառոտ ստորադրությունը անելուց հետո, մնում է նրա անապատական կարգերի և արդի միաբանության վերաբերմամբ տեղեկություններ հաղորդել։ Բայց այդ անելուց առաջ կարևոր ենք համարում այդ անապատի հին անցյալի փոքր ի շատե հայտնի պատմությունից մի համառոտ քաղված անել։
Փոքր ի շատե հայտնի ասացինք նրա համար, որովհետև այդ անապատի անցյալից շատ քիշ բան է հայտնի։ Եթե վերջին տարիներում այդտեղի միաբանությունը կազմած ունեցել է յուր ուխտի պատմությունը, որ հավանական է, այնուամենայնիվ այդ պատմությունն ևս ուրիշ շատ թանկագին գրչագիրների հետ ոչնչացել է` այդ անապատի Հովհաննես անունով մի ապիրատ վանահոր ձեռքով, որի մանրամասնությունը կպատմենք յուր տեղում։
Մնում է, ուրեմն, մեր պատմագրությանը մեջ հայտնի մի քանի դեպքերը հիշատակել։
Ինչպես սկզբում հիշեցի, Սևանի անդրանիկ եկեղեցին եղել է Սյունյաց նախարարական տան մի մեհյան, որին և Գրիգոր Լուսավորիչը Տրդատ թագավորի հետ այցելելով սրբագործում և անվանում է սուրբ Հարություն։ Ապա շինելով դրա մոտ մի նոր մատուռ սուրբ Կարապետի անվամբ, հիմնում է այդտեղ և միաբանական ուխտ Քրիստոսի` 302 թվականին։ Իսկ բոլոր կղզին թագավորի խորհրդով անվանում է սա է վան, որը հետո կրճատվելով դառնում է Սավան կամ Սևան[5]: Այդպիսով, ուրեմն, Սևանի միաբանութան հիմնադրությունը Սուրբ Լուսավորչից սկսվելով տևում է մինչև մեր օրերը, որ ասել է մոտ 1600 տարի։
Թե ովքեր են եղել այդ ուխտի անդրանիկ առաջնորդները կամ նրանց հաջորդները' հայտնի չէ։ Միայն հավանական է, որ Սևանի ուխտը յուր հիմնադրության օրից սկսած բավական երկար ժամանակ ծաղկած դրության մեջ լինի եղած, ըստ որում մոտ 400 տարի խաղաղ դրություն է վայելել, և Հայաստանի մեջ փոթորկող պատերազմները ոչնչով չեն վնասել նրան։
Բայց 702 թվականին, ըստ վկայության Հովհաննես կաթողիկոսի, առաջին անգամ այդ կղզու վրա արշավում է Հազարացոց Մրվան ոստիկանը։ Սա Հայաստանի շատ բերդեր ու ամրոցներ առնելուց ու ավերելուց հետո իր սուրը դարձնում՚ է խաղաղանիստ Սևանի վրա։ Բռնավորի դիտավորությունը ոչ թե այդ հոգևոր միաբանությունը ոչնչացնել էր, այլ Սևանի ամրոցները առնելն ու քանդելը, որովհետև պատերազմական հալածանքների ժամանակ շրջակա գավառներից շատերը, ազատություն գտնելու հույսով, ապաստանում էին այդ կղզու ամրոցներին։ Մրվան ոստիկանը իր զորքերը Սևանի կղզին մտցնելով, առնում և հիմնովին քանդում է նրա ամրոցները, կողոպտում է եկեղեցիները, իսկ այդտեղ ապաստանածներին, աշխարհական թե հոգևորական գերի վարում յուր հետ[6]։ Այնուհետև թե ինչպես են միաբանները նորից հավաքվռւմ, բազմանում և միաբանական ուխտը կազմակերպում, մեր պատմագիրներից ոչ ոք ոչինչ չէ հիշում։ Բայց ինչպես Ստեփանոս 0րբելյանի հիշատակությունից երևում է, իններորդ դարու կիսում, ուրեմն յուր ավերումից 150 տարի հետո, այս անապատը դարձյալ բարգավաճ դրության մեջ էր։ Այդ ժամանակները Սևանի առաջնորդ հիշվում է Եղվարդցի հայտնի Մաշտոց վարդապետը, որը այնքան ծաղկեցրած է լինում յուր ուխտը թե սրբակյաց կրոնավորով և թե դպրությամբ, որ գրավում է ոչ միայն հասարակ ժողովրդական այլ և իշխանական տների ուշադրությունը։ Սրա ժամանակ էր, որ Աշոտ Առաջինի դուստր (և Սյունյաց Վասակ իշխանի ամուսին) Մարիամը` յուր ամուսնու մահվանից հետո` աշխարհից հրաժարվելով, բնակվում էր ճգնությամբ Սևանի լճի ափին գտնվող Ցամաքաբերդ գյուղի, Սյունյաց իշխանների կառուցած, կուսանաց վանքում։ Ահա այս իշխանուհին ի մոտո ծանոթանալով Սևանա անապատի ճգնազգևաց կրոնավորների սրբակյաց կյանքին և վանքի կարիքներին, և ըստ ամենայնի համակրելով Մաշտոց վարդապետի նպատակներին, որ էր միաբանների թիվը բազմացնել և դպրությունը ծաղկեցնել, հանձն առավ յուր ծախքով կառուցանել Սևանա կղզում կարևոր եղած շինությունները։ Եվ ահա, ինչպես տեսանք, կղզու բլրի գագաթին նա կանգնեցրեց Երկոտասան Առաքելոց եկեղեցին[7]: Նույն տեղում շինեց առաջնորդարանի և վարժարանի համար սենյակներ, ապա բլրի ստորոտում կանգնեցրեց ս. Աստվածածնի եկեղեցին, շինեց միաբանների համար բազմաթիվ բնակարաններ, զարդարեց եկեղեցիները ամեն տեսակ զարդերով ու սպասներով։
Մարիամ իշխանուհու կառուցած այս եկեղեցիների առթիվ Ստեփանոս Օրբելյանը հիշում է, որ իբր Մաշտոց վրդաապետը, հետևապես և Մարիամ իշխանուհին վերին ազդեցությամբ են առաջնորդվել այդ շինությունները կառուցանելու: Այս առթիվ գրում է հետևյալը.
«Քանզի Մաշտոց ետես անուրջս գալ առնա ինքն Երկոտասան Առաքելոց ի վերա ծովուն, և նշանակյալ զտեղի եկեղեցվույն, հրամայալ նմա կանգնել զեկեղեցի հանուն սուրբ Աստվածածնի և Երկոտասան Առաքելոց և սահմանել միայնակյացս» և այլն։ Նույնպիսի ազդեցությամբ էլ Մ արիամ իշխանուհին շարժվելով` գալիս և հաճություն է հայտնում Մաշտոց վարդապետին` այդ եկեղեցիները կառուցանելու, որպիսի խոստումը և կատարում է անթերի։
Որ Մաշտոցի ժամանակ խիստ ծաղկած էր Սևանի անապատը, և նույն ինքն Մաշտոց մեծ հեղինակություն ուներ, դրա մի ապացույցն էլ այն, որ Գևորգ Բ. Գառնեցի կաթողիկոսի մահվանից հետո հայոց հոգևորականությունն ու ժողովուրդը միաբան հավանությամբ կաթողիկոս ընտրեցին իրեն` Սևանի առաջնորդ Մաշտոցին 897 թվականին։
Սրա մասին Հովհաննես կաթողիկոսը, որ Մաշտոցից հետո ընտրվեցավ, հետևյալն է գրում. «Եվ զի ընդ այն ժամանակս փայլատակյալ պայծառանայր սուրբ այրն Աստծո, որ ի Սևան կղզվո, որ զփառացն Աստծո անզիջելի լուսո ճառագայթումն ինքն նկարեր, աստվածային ծավալմամբ և սրբափայլ կրոնյոք կենդանականոք և հոգիախաղաց զորությամբ ի տեսական անդ զը անտեսսն տեսաներ, սասկ այնօրիկ ամենեցուն աչք ի նա նաեին…»։
Դժբախտաբար այս առաքինի և շինարար Մաշտոցը միայն 7 ամիս կաթողիկոսություն արավ. նրա մեռնելուդ հետո աթոռը պայազատեց հիշյալ պատմաբան Հովհանսես Դրասխանակերտցին։
Մաշտոցից հետո Սևանի անապատը նույն ծաղկյալ դրության մեջ մնաց, վայելելով միշտ հայ ժողովրդի սերն ու նրա իշխանների հովանավորությունը:
Այսպես, օրինակ, հիշվում է, որ Աշոտ Բ. ուխտ գալով Սևան յուրայինների հետ և միաբանության նյութական անապահովությունը տեսնելով, նվիրում է վանքին իբրև մշտական ժառանգություն վեց գյուղեր, որոնք են՝ Վարսեր (այժմ Չըռ-չըռ), Ցամաքաբերդ, Գոմաձոր, Բերդին, Թառյա-թափ և Որսնկվակածին (այժմ Ծակքար Ղազախում) իրենց կալվածներով[8]։
Բացի այդ գյուղերը՝ նա նվիրում է վանքին նաև սուրբ Նշան անվանյալ հայտնի մասունքը, որը մինչև այժմ պահպանվում է Սևանում և որը, նույնիսկ այժմ, միաբանության համար ամենամեծ արդյունք բերող հարստությունն է[9]:
Սակայն Սևանի միաբանությունից միայն Մաշտոցը չէր, որ կաթողիկոս ընտրվեցավ։ ճիշտ հարյուր տարի հետո (992 թվականին), Խաչիկ կաթողիկոսի մահվանից հետո, կաթողիկոս ընտրվեցավ նաև նրա հաջորդներից մինը—Սարգիս Ա, որ Սևանցի կոչվեցավ։ Սա Գագիկ Ա. Բագրատունի թագավորի ժամանակակից էր և կաթողիկոսական իշխանությունը վարեց 27 տարի:
Սա ինքն էր, որ Անվո կաթողիկոսի մոտ Ս. Հռիփսիմյանց եկեղեցին շինեց, որովհետև կաթողիկոսական աթոռը այդ ժամանակ գտնվում էր Անիում։
Բագրատունյաց թագավորությունը վերջանալուց հետո, ինչպես Հայաստանի շատ բերդեր ու ամրոցներ, նույնպես և Սևանի կղզին ենթարկվում էր շատ անգամ հարձակումների կնշանակե Սևանը դեռ անուն ու համբավ ունեցող մի ուխտ և ամրոց էր։ Բայց, ինչպես երևում է, Գեղամա ծովակը ամեն անգամ էլ արգելք էր լինում թշնամիներին ազատ մուտք գործելու այդտեղ։
Այս հարձակումների վերաբերմամբ մի հիշատակագիր` առանց թվականը հիշելու, առաջ է բերում Սևանի ազատության մի նշանավոր դեպք, որը մենք նույնպես ավելորդ չենք համարում հիշել այստեղ։
Լեռնական լեզգիների մի հարձակման ժամանակ, Սևանի շրջակա գավառների բնակիչները փախչում և ապաստանում են այս կղզում։ Թշնամինները հնար չեն գտնում կղզուն մոտենալու։ Նրանք Հեռանում են։ Մի քանի օրից հետո երևում են երկու թուրք վաճառականներ, որոնք գալով կղզու վերակացուի մոտ խնդրում են նրան թույլ տալ, որ իրենց ունեցած ապրանքերը կնքած արկղներով տեղափոխեն կղզին, այդտեղ, իբրև ապահով ծածկարան, պահելու համար, մինչև որ երկրում տեղի ունեցող խռովությունները դադարեն։
Վերակացուն սկզբում ընդդիմանում է, բայց վերջը զիջանում է վաճառականների թախանձանքին։ Կղզին փոխադրվում են քառասունից ավելի մեծամեծ արկղներ և դարսվում կղզու սենյակներից մեկում։ Այդ օրը ուսանող աշակերտներից մեկը դասը չիմանալու համար պատժված լինելով` գնում է այդ արկղների մոտ, իբրև մի առանձին տեղ, դասը սովորելու. բայց ինչպես անհանգիստ երեխա, արկղներից մեկի կողպեքը սկսում է շարժել։ Հանկարծ միջից հետևյալ խոսքերն է լսում. «Ալի, վախըտ իս է չքմալը».— դուրս գալու ժամանա՞կն է։ Ւսկույն աշակերտը գալիս իմացնում է միաբաններին։ Վերջիններս գալով ստուգում են, որ արդարև արկղների մեջ երկերկու զինված զինվորներ են թաքցրած։ Վանականները կամենում են բոլորին էլ զինաթափ անելով հեռացնել կղզուց, բայց աշխարհական ժողովուրդը հակառակում է, ուստի նախ սպանում են երկու կեղծ վաճառականներին և ապա բոլոր արկղները բլրի վրա հանելով՝ թափում այնտեղից ծովի մեջ։ Ասում են, որ իբր խաղականի «Շնորհյա մեզ Տեր ի գիշերի» և այլն երգը այս դիպվածով են հորինել տեղի հոգևորականները և թե հենց այդ դիպվածին են վերաբերում Նրա մեջ հիշված հետևյալ խոսքերը. «Եվ զխորհուրդ զոր խորհիր` խափանե Տեր, զի Աստված ընդ մեզ է. և զբանն զոր խոսիք, մի մնասցե առ ձեզէ զի Աստված ընդ մեզ է»։ Այս երգը, ինչպես հայտնի է, մինչև այժմ էլ երդվում է մեր եկեղեցիներում։
Այս հալածանքների ժամանակ դարձյալ Սևանի ուխտը հայտնի մարդիկ ուներ։ Հիշվում է, օրինակ, 11-րդ դարում Սևանի առաջնորդ ճառագիր Սարգիս վարդապետը, որին, Գրիգոր Մագիստրոսի նման գիտնականը յուր նամակում հետևյալ խոսքերն է գրում. «Եվ կարոտիմք քեզ մերձենալ. մեզ օգնականություն այսպիսում իրողությանը. ապա թե աղոթովք օգնեսցես մեզ»։
Հիշվում է և մի առաջնորդ 13-րդ դարու սկզբում, դարձ֊յալ Սարգիս անունով, որ հրավիրված էր Զաքարիա Սպասալարից Լոռի քաղաքի ժողովը, Սսի ժողովի 8 կանոնները քըննելու համար։ Այնուհետև գրեթե ամբողջ երեք դար ոչ մի արժանավոր հիշատակություն չկա Սևանի մասին։ Հարկավ, այդ չէ նշանակում, թե այդտեղի միաբանությունը այլևս գոյություն չունե, այլ այն` որ գուցե միաբանության մեջ աչքի ընկնող մարդիկ այլևս չկային, կամ միաբանությունը իր անգործության պատճառով մատնված էր անհայտության։
16-րդ դարու վերջում հիշվում է դարձյալ Սարգիս անունով մի եպիսկոպոս այս անապատում առաջնորդ, որը զանազան նորոգություններ ու բարեկարգություններ է անում ոչ միայն Սևանում, այլև Վանա Լիմ և Կտուց անապատներում: Ըստ երևույթին պարսկական անկարգ տիրապետության շնորհիվ Սևանը այդ ժամանակ անկախ էր համարում իրեն հայոց կաթողիկոսի իրավասությունից, որովհետև էջմիածնի Կարապետ եպիսկոպոսը, փախչելով Մելիքսեդեք կաթողիկոսի երեսից, ապավինեց Սևան այդ Սարգսին, ուր և երկար ժամանակ մնալով՝ նրա տեղը վանքի առաջնորդ ընտրվեցավ։
Սա ևս իր կողմից զանազան բարեկարգություններ արավ Սևանում։
Կարապետ եպիսկոպոսին հաջորդում է Մխիթար եպիսկապոսը, որի ժամանակ (1654 թվին) նորոգում են Ս. Աստվածածնի եկեղեցին և միաբանության խուցերը Թիֆլիսեցի Չիթախյան եթեք եղբայրները, որոնց մասին հիշեցինք արդեն մեր ծանոթություններից մինում։
Մխիթար եպիսկոպոսի վանահայրության օրով լինում է, որ Վենետիկի Մխիթարյան ուխտի հիմնադիր Մխիթար Սեբաստացին երիտասարդ հասակում, և ինչպես ասում են, փակված աչքերով, գալիս է ուխտ Սևան, ուր և Ս. Աստվածածնի տաճարի հրաշքով բացվում են նրա աչքերը։ Այստեղ էլ երգում է նա։
«Մինչ կույր էի խնդրեցի զի ի Կուսեդ լույս տացի» և այլն յուր երգը։
Մխիթար վանահոր մահը հիշում են 1695 թվականին։ Սրան հաջորդում է Մարտիրոս եպիսկոպոս Չերքեզյան՝ Ծաղկաձորից, Ղազար կաթողիկոսին ժամանակակից։
Ինչպես արձանագրությունից երևում է, սրա օրով է ծածկվել Ս. Աստվածածնի եկեղեցու տանիքը սրբատաշ քարերով, որը կրկին քանդվել է երկրաշարժից 1820-ական թվականներին։
Մարտիրոս եպիսկոպոսին հաջորդում է Հովհաննես վարդապետը՝ Գեղարքուի գավառից։ Սրա օրոք պատահում է Սևանի ուխտի և այդ կղզուն ապավինած բազմաթիվ ժողովրդի մի հրաշալի ազատությունը, որի համառոտ պատմությունը ավելորդ չենք համարում դնել այստեղ։
1847 թվականին պարսից Նադր-Շահի թագավորի սպանվելուց հետո, նրա զորքերից բազմաթիվ խմբեր ցրվելով Հայաստանի զանազան կողմերը՝ սկսեցին այդ երկիրը ասպատակել։ Դրանցից մի խումբ էլ տասը հազար հոգուց բաղկացած և Ազատ-խան անունով մեկը իրեն գլուխ ունենալով Սյունյաց նահանգը արշավեց։
Այդ նահանգի և մանավանդ Գեղարքույաց գավառի բոլոր անապահով գյուղերի բնակիչները իրեն Մելիք Սարգիս-ջան, Ալլահվերդի Յուզբաշի գլխավորների հետ Սևանի կղզին գալով՝ ամրանում են այդտեղ։ Թշնամին բոլոր նահանգը ժողովրդից թափուր գտնելով՝ դիմում է Սևանի կողմը։ Նա հասնում է այդտեղ հունվարի 5-ին, այն է Քրիստոստ Ծննդյան ճրագալուցի երեկոյան, երբ բոլոր ժողովուրդը Սևանի եկեղեցիներում հավաքված ունկնդիր է լինում սրբազան պատարագին։
Եվ որովհետև ձմեռվան ցրտության պատճառով բոլոր ծովակը սառած է լինում, թշնամին տեսնելով, որ կղզու բնակիչներից ոմանք անարգել անցուրդարձ են անում սառույցի վրա, ինքն ևս յուր զորքերը առաջ է վարում սառույցի վրայով։
Կղզու բնակիչները այդ տեսնելով՝ սկսում են զարհուրել․ ուստի դիմելով Հովհաննես վարդապետին, որ այդ ժամանակ բլրի գագաթի վրա ս․ Առաքելոց եկեղեցում պատարագ էր մատուցանում, խնդրում են թույլ տալ իրենց կղզու հակառակ կողմից փախչելու։ Բայց պատարագիչ վանահայրը ձեռքն առնելով Կոթա Սուրբ նշանը, պատվիրում է ժողովրդին հանդարտել և հավատով դարձնել իրենց երեսը դեպի ս. պատարագը և աղոթել։ Ապա բոլորին շտապով հաղորդելով՝ պատրաստում է նրանց կռվի և մահվան։
Այդ Ժամանակ թշնամիները իրենց փողերը հնչեցնելով հասնում են ծովակի մեջ տեղը. կղզու մեջ իրարանցում է տիրում. զենք ունեցողները առաջ են վազում, կռվել գիտցողները խրախուսում են միմյանց, բայց կանանց ու երեխայոց ճիչն ու աղաղակը երկինքն է բարձրանում։
Սակայն հենց այդ միջոցին, երբ թշնամին պոռալով դեպի կղզին է դիմում, ծովակի սառույցը ահագին ճայթումով պատառվում է և բոլոր տարածությունը ծածկող զորքերը մի րոպեի մեջ խորասուզվում են ջրերի մեջ, ինչպես երբեմն Փարավոնը յուր զորքերով։
Ժողովուրդը այսպիսի հրաշքով ազատվելուց հետո ցրվում է՝ յուր տեղերը, հարկավ ջերմեռանդ հավատ տածելով միշտ դեպի այն սրբությունները, որոնք պահվում են Սևանի հինավուրց եկեղեցիներում։ Հովհաննես վարդապետի օրոք, Երևանի խանի հրամանով աքսորվեցավ այստեղ Ղազար կաթողիկոսը, որի փոխարեն, ինչպես հայտնի է, Այնթափցի Բյութար մականվանյալ Պետրոս եպիսկոպոսը օծվեցավ կաթողիկոս։
Հովհաննես վարդապետին Մինաս կաթողիկոսի հրամանով Սամվել վարդապետը հաջորդեց 1753 թվականին, որը դժբախտաբար մի քանի տարիներից հետո հրաժարվեցավ վանահայրությունից։
Դժբախտաբար ենք ասում նրա համար, որովհետև նրա հաջորդը Սիմեոն կաթողիկոսի հրամանով եղավ Հովհաննես անունով մի վարդապետ, որին Սևանի երախտավոր հիշատակագիրներից մեկը իրավամբ անվանում է «ցոփաբարո, արբշիռ և անփույթ ի շինությանց և ի բարեկարգությանց»։
Սրա օրոք Սիմեոն կաթողիկոսը կամենում է այցելել Սևանի անապատը։ Վանահայրը քաջ գիտենալով, որ Սիմեոն կաթողիկոսը գրասեր լինելով, պիտի հետաքրքրվի Սևանի գրատնով և պակասություն տեսած ժամանակ պիտի նախատե իրեն, ժողովում է գրատան մեջ գտնված բոլոր անկազմ, ցեցակեր և փոշոտված հնագույն գրչագրերը, տետրակները և հիշատակարանները և այդ բոլորը գիշերը թափում է ծովի մեջ, այնպես որ կաթողիկոսը գալով՝ հին ոչինչ չէ գտնում այդտեղ։ Անշուշտ այդ վանահոր այս բարբարոսությունն է պատճառ, որ Սևանի անցյալով հետաքրքրվող բանասերը հարկավոր դեպքում ստիպված է մեր պատմագիրների երկասիրությանը մեջ ցրված աննշան տեղեկությունները քրքրել, մի կողմը թողնենք դեռ Սևանի անցյալը։ Պետք է մտածել և այն՝ թե ո՞րքան ուրիշ թանկագին հին գրչագիրներ պիտի անհետացած լինին այդ թշվառականի ձեռքով, որովհետև Սևանը ի հնուց անտի հայտնի էր յուր գրատան հարստությամբ։
Այս Հովհաննես վարդապետից հետո հաջորդաբար վանահայրություն են անում Սևանում Աթանաս վարդապետ Մակվեցի, Ազարիա եպիսկոպոս Գանձասարու, Եղիազար եպիսկոպաս Գանձասարու և Գրիգոր վարդապետ Գանձակեցի, որոնք գրեթե ուշադրության արժանի ոչ մի գործ չեն կատարել այդ վանքի համար։ Վերջինս ութ տարի վանահայրություն անելուց հետո յուր մի քանի ուղեկիցներով հանդերձ Ցամաքաբերդ գյուղում գերի է ընկնում լեգզի ասպատակների ձեռքը, որոնք տանելով վաճառում են նրան Ղզլար քաղաքում։ Ազատվելով այդտեղ տեղացի հայերի ձեռքով՝ այնուհետև Գրիգոր վարդապետը սկսում է ժողովավարություն անել իր գերեկից եղբայրներին ազատելու նպատակով, որը և նրան հաջողվում է։ Բայց նույնիսկ այդ կողմերում մեռնելով՝ չէ կարողանում վերադառնալ Սևան։
Այս վանահոր մահը հիշվում է 1805 թվականին։
Այնուհետև մի քանի տարի Սևանը գրեթե մնում է անհոգության մատնված։ Շուտով վրա է հասնում և Դանիել ու Դավիթ կաթողիկոսների խռովությունը։ Այդ բոլոր ժամանակ ևս Սևանը մնում է անգլուխ, բացի այդ, պարսկական անկարգ իշխանության և հաճախ պատահող ասպատակությունների շնորհիվ Սևանի շրջակաները վաղուց դատարկված լինելով՝ ժողովրդից՝ վանքը հետզհետե աղքատանում և միաբանությունը մեծ կարոտության մեջ է ընկնում։ Ուստի անդամներից ոմանք հեռու տեղեր շրջագայելով և ժողովարարություն անելով, հազիվ են կարողանում միաբանության համար ապրուստ հայթայթել։
Վերջապես կաթողիկոսական խռովությունների դադարելուց հետո, Դանիել կաթողիկոսը Մարաղայից վերադառնալով Էջմիածին, ուշադրություն է դարձնում ի միջի այլոց նաև Սևանի միաբանության թշվառ վիճակի վրա. կարգում է այնտեղ վանահայր Գանձակի Ոսկանապատ գյուղացի Սարգիս վարդապետին, միևնույն ժամանակ կոնդակով իրավունք տալով նրան՝ վանքը բարեկարգելու համար Թիֆլիսում և նրա շրջականերում ժողովարարություն անելու։
Այս վանահայրն էլ իր կարողացածին չափ բարեխղճությամբ տասն ու մեկ տարի վանքը կառավարելուց հետո, հրաժարվում է իր պաշտոնից։ Եփրեմ կաթողիկոսի հրամանով նրան հաջորդում է Ղազախի Նաղաջուր գյուղից ոմն Հովհաննես վարդապետ, որ յուր ժամանակին (1830—1836) զանազան բարեկարգություններ է անում Սևանում և վերահաստատում է վանքի կալվածական իրավունքները։ Սրա ժամանակից սկսված արդեն վանքը հետզհետե շենանում է, մանավանդ, որ պարսկական բռնությունները վերջացած լինելով՝ վանքի կալվածներից և նրանց շրջականերից տարագիր եղած հայերը նորից իրենց տեղերն են վերադառնում և նախնական տասանորդներով և առատ նվերներով իրենց հինավուրց և նվիրական Սևանը հետզհետե կարոտությունից ազատում։
Թե նախկին վանահայրերի օրոք որքանի՞ էր հասնում միաբանության թիվը, հայտնի չէ, միայն հիշյալ Հովհաննես վարդապետի օրոք, ինչպես վկայում է Մանվել վարդապետ Կյումուշխանցին, (որ դրել է Սևանի միաբանության վերաբերյալ մի համառոտ հիշատագիր, որը և մենք աչքի առաջ ենք ունեցել ներկա «Ճանապարհորդական ակնարկը» գրելու ժամանակ), այդ թիվը հասնում էր մոտ քսան և հինգի, դրանցից 10 հոգին վարդապետներ ու աբեղաներ էին, իսկ մնացյալը սարկավագներ, տիրացուներ և եկեղեցու այլ սպասավորներ։
Այդ ժամանակից սկսած վանքի միաբանությունը առավել նվազել է, քան թե ավելացել, թեպետ վանքը, ընդհակառակը ավելի բարեկարգվել ու հարստացել է։
Այսպես, օրինակ, այժմյան վանահայր Կարապետ վարդապետի օրոք, որը հիշյալ Հովհաննես վարդապետից հետո՝ երկրորդ թե երրորդ վանահայրն է, վանքի միաբանությունը ընդամենը 15 թե 10 հոգուց է բաղկացած։
Ինչո՞ւ համար է Սևանի միաբանությունը հետզհետե նվազում, պատճառը շատ պարզ է, որովհետև նախկին կուսակրոնները մեռան, իսկ նրանց հավատն ու ջերմեռանդությունը չժառանգեց ոչ ոք։ Մյուս կողմից էլ ապահովության և անդորրության շնորհիվ աշխարհի հրապույրները բազմանալով՝ զգալ տվին մարդկանց, որ ավելի քաղցր է աշխարհին ծառայել և ներկայի բարիքը վայելել, քան հանդերձյալի հույսով Սևանի ավանդական և դժվարատար ճգնությունները զգենուլ…։ Սևանի անապատականների ճգնությունները․ եկեղեցական ժամանակագրությունը․ միաբանների պահեցողությունը․ կերակուրը. վանքի կալվածները, եկամուտը, միաբանների հագուստը, աքսորյալների ապրուստը:
Սևանի արդի միաբանության համար խոսելուց առաջ՝ նախ մի քանի խոսք նրա անապատական օրինաց և կարգերի մասին։
Ինչպես հայտնի է, անապատական կյանքի ծաղկած դարերում, Հայաստանի մեջ էլ կային շատ վանքեր ու միաբանություններ, որոնք նշանավոր էին իրենց խստաբեր ճգնություններով։ Կային միաբանություններ, որոնք տարվա ամենամեծ մասը աղոթքով ու պահքով էին անց կացնում և միաբանություններ, որոնք բոլոր տարին էին այդպես անում։ Մի քանի անապատներում հրաժարվում էին մսից և գինուց և միայն կանաչեղեններով ու կաթնեղեններով էին կերակրվում. ուրիշներում, ինչպես, օրինակ, Թանահատի վանքում կաթնեղենն էլ չէին գործածում, այլ բոլոր տարին կերակրվում էին բանջարեղենով։
Սևանի անապատը ճգնության ու պահեցողության կողմից այդքան մեծ խստություններ չուներ, բայց ինչ որ ուներ, նույնը և անվթար պահպանել է մինչև այսօր։
Այսպես, օրինակ՝ ժամասացությունը լինում է օրը չորս անգամ.
ա. Գիշերաւին ժամերգություն, որը սկսվում է առավոտյան 3 կամ 4 ժամին և տևում է երկու ժամ։
բ. ճաշու ժամերգություն, որ սկսվում է 9 կամ 10 ժամին և տևում է մի ժամ։
գ․ Երեկոյան ժամերգություն, որ սկսվում է ժամը 4-ին և տևում է մի ժամ։
դ․ Հանգստյան ժամերգություն, որ սկսվում է գիշերվա 9 կամ 10 ժամին և տևում է մոտ մի ժամ։
Գլխավոր տոներին «հսկումն» են կատարում, որ տևում է համարյա բոլոր գիշերը։
Ժամերգությունը կատարվում է այստեղ ըստ հին հայկական ժամակարգության, աոանց որևէ կրճատման, այնպես որ մեզ մոտ կատարված բոլոր օրվա ժամերգությունը՝ նրանց առավոտյան ժամերգության հազիվ կեսը կարող է կազմել։
Ժամասացության կարգը հետևյալն է․
Առավոտյան ժամերգության ժամանակ դեռ առաջ կարդում են երեք ամբողջ կանոն սաղմոս. ապա սկսում այն, ինչ որ մեզ մոտ առավոտներն են ասում․ հետո կցում են արևագալի ժամը, ինչ որ մեզ մոտ մեծ պասին են անում։
Ճաշու ժամից առաջ, որը մեզ մոտ առավոտյանի հետ են կցում, կարդում են մի կանոն սաղմոս. ապա սկսում ճաշու ժամը և կցում դրա հետ երեք «Տեր ողորմյաները», որը մեղ մոտ դարձյալ մեծ պասին են ասում։
Երեկոյան ժամից առաջ, եթե օրը պահոց է, կարդում են դարձյալ մի կանոն սաղմոս, ապա երեկոյան ժամն ասելու կցում նրա հետ «Խաղաղականի ժամը», որը մեզ մոտ դարձյալ մեծ պասին է ասվում։
Հանգստյան ժամը հայտնի «Եկեսցեն» է, որին օրվա մյուս ժամերգությունների նման, մասնակցում է բոլոր միաբանությունը վանահորից սկսած։
Հայկական հին ժամերգությունը այդպիսի խստությամբ պահպանվում էր առաջ նաև Լիմ ու Կտուց անապատներում (Վանա ծովի կղզիների վրա), ուր սահմանել էին այդ կարգը Սևանա միաբանությունից այդ կղզիներն այցելող կրոնավորները։ Բայց, ինչպես ասում են, տասը տարուց ավելի է, որ այդ անապատներում ևս հին ժամերգության ձևը փոխել, քաղաքներում ընդունված ժամերգությամբ են վարվում։
Ուրեմն Հայաստանյաց բոլոր եկեղեցիների միաբանությունների մեջ միայն Սևանն է, որ հին Հայկական ժամակարգությունը-իբրև սրբազան ավանդ-պահպանել է անվթար։
Հանգուցյալ Գեորգ և Մակար կաթողիկոսները, Սևանի անապատը այցելած ժամանակ, պատվիրել են վանահորն ու միաբանությանը՝ պահպանել այդ կարգը անխախտ, իբրև միակ օրինակ հայոց նախնական ժամակարգության։
Ինչպես բոլոր տոներին, նույնպես և ամեն կիրակի պատարագ են մատուցանում։ Պատարագիչ վարդապետը պատարագի նախընթաց օրը ծոմ է պահում և բոլոր գիշերը հսկումով է անց կացնում։ Այս կարգը, որ այստեղ ամենայն խստությամբ են պահպանում, իհա՛րկե, պահանջվում է նույնիսկ այժմ և մեր եկեղեցիների համար, բայց ո՞վ է նրա կատարողը։
Ըստ նախնավանդ սովորության, պատարագի մեջ հիշում են կաթողիկոսի և վանահոր անունները, վիճակային առաջնորդի անունը չեն հիշում, որովհետև Սևանի միաբանությունը դուրս է նրա իրավասությունից, և կախումն ունի ուղղակի սուրբ աթոռից։
Այստեղի միաբանությունը բացի հասարակ, շաբաթական և մեծ պասերը, պահում է տարվա մեջ նաև ուրիշ երկու մեծ պասեր. այսինքն, ութ շաբաթ պահում է Հոգեգալստից սկսած մինչև Վարդավառ, լուծելով միայն շաբաթ և կիրակի օրերը, ութ շաբաթ էլ Վարագա ս․ Խաչի տոնից սկսած մինչև Հիսնյակի պասը։ Այսպիսով տարվա մեջ պահում են երեք մեծ պասեր։
Միաբանության սովորական կերակուրը պասին՝ ձեթ, լոբի, սիսեռ, ոսպ, և կանաչեղեն է. իսկ ուտիքին՝ յուղ, կաթնեղեն, հավկիթ և բրնձի ու ձավարի ապուր։ Հարկավ, Գեղամա ծովակի անուշ ձկներից էլ վայելում են կամեցածներին չափ, և նրա կողակ ասված տեսակից աղում ու պահում են երկար ժամանակ։ Հասարակ կերպով մորթած միս չեն ուտում, բայց եթե միայն ուխտավորների արած մատաղից, որից ինչպես հայտնի է, վանքի բաժինը թիակներից մինն է լինում։
Սևանա վանքը մեծ կալվածներ չունի այժմ, թեպետ սկզբում հարուստ է եղել կալվածներով. նույնիսկ Բագրատունյաց հարստության ժամանակ նա արդեն վեց գյուղեր ուներ, ինչպես հիշեցի, բացի այդ բոլորից մնում են Ցամաքաբերդ և Գոմաձոր անուններով գյուղերը միայն, որոնցից առաջինը 25 և վերջինը 20 տուն հայ ժողովուրդ ունի, մի քանի դեսյատին վարելահողերով։
Բացի այս՝ Երևանում ունի տուն, կրպակներ և մի այգի, նոր Բայազետում երեք աչք ջրաղաց. Հրազդանի (Զանգի) վրա նույնպես մի ջրաղաց, արքունական խճուղու վրա մի քարվանսարա և Թիֆլիսում 2 թե 3 խանութ։
Վանքի եկամուտը կազմում են․ ա) Հիշյալ կալվածներից ստացած արմտիքը և փողը․
բ) Պտղի բաժինը, որ վարդապետները Ղազախի գավառը և Սևանի շրջականները շրջելով հավաքում են, ինչպես օրինակ՝ տավար, ոչխար, յուղ, ձեթ, պանիր և զանազան արմտիք։
գ) Սուրբ Նշան կոչված մասունքի խաչհամբույրը, որը գրեթե վանքի բոլոր եկամուտներից ավելին է լինում, մանավանդ երբ որևէ վարակիչ հիվանդության կամ երաշտի պատճառով շրջեցնում են գավառի մեջ։
գ) Վաճառված մատաղացուների և մոմերի օգուտը, նույնպես և ուխտավորների աջհամբույրը։
ե) Ծովակի մի անբնակ կղզու մոտից որոշ ժամանակ ձուկ բռնելու իրավունքը, որը կապալով տալիս էին, կարծեմ 200 ռուբլով։
Թե Սևանի վանքը տարեկան ի՞նչ եկամուտ ու ծախք ունի, չկարողացա իմանալ. միաբանության մոտ անձերից մինը ասում էր, որ, եկամտի գումարը հասնում է 3000 ռուբլու և ծախքը գրեթե նույնչափ։ Բայց ուխտավորներից ոմանք եկամտի գումարի 10,000-ի էին հասցնում, որը, մեր կարծիքով չափազանցություն է։
Վանքը տալիս է միաբաններին երկու տարին մի անգամ մի ձեռք շալեղեն (լազգու շալից) վրայի հագուստ և տարին մի անգամ 4 ձեռք շապիկ ու վարտիք։
Իբրև պատիժ, Սևան աքսորվածները վանքից ստանում են ձրի ապրուստ և բնակարան, եթե մինչև անգամ 10 կամ 20 տարի մնան այդտեղ, բայց հագուստը աքսորվածներն իրենք են հոգում իրենց համար։
Վանքի միաբանական կազմակերպությունը․ արժ. վանահայր Կարապետ վարդապետը. Գրիգոր և Իգնատիոս հայր սուրբերը. բարեկ. Խորեն աբեղան․ մի քանի խորհրդածություններ. Սողոմոն սարկավագը. վերջաբան:
Սևանա վանքի այժմյան միաբանությունը կազմում են՝ վանքի վանահայրը, որ է արաժնապատիվ Կարապետ վարդապետ (Բյուլբյուլյան), նախկին վանահայրը՝ Հարություն վարդապետ (Մարջանյան), Իգնատիոս վ. (Այվազյանց), Գրիգոր վ. Տեր Գրիգորյանց, Գալուստ վ. (Այվազյանց) և Խորեն, Գևորգ և Մամբրե աբեղաներ։
Բացի այս ութ վարդապետներից ու աբեղաներից՝ կան նաև երկու սարկավագ և վեց ուրարակիրներ ու տիրացուներ։ Այսպիսով բուն միաբանների թիվը հասնում է 16-ի։
Սրանցից զատ միաբանությունն ունի հացթուխ, խոհարար և չորս թե հինգ նավավարներ, որոնք ազատ ժամանակներին ուրիշ ծառայություններ են անում վանքի համար։
Կային այստեղ և մշտապես ապրող 2 խելագարներ, մինը մի պոլսեցի տիրացու և մյուսը ախալցխացի մի հայ, որ յուր մասին միշտ երրորդ դեմքով է խոսում։ Նույնպես և մի քահանա, որ աքսորված էր Սևան երեք տարով ապաշխարելու իր ոչ թե գործած, այլ գործելու մտածած հանցանքը[10]։
Այսպիսով Սևանի մեջ մշտապես ապրողների թիվը հասնում է 25-ի։
Արժանապատիվ վանահայրը շատ լավ տպավորություն արավ մեզ վրա։ Նա վերին աստիճանի քաղցր, հեզահամբույր ու բարեպաշտ մի անձնավորություն է։ Չնայելով, որ արդեն ծերունազարդ, բայց ժրությունը դեռ չի կորցրել։
Շարունակ այն հոգսի մեջ է, որ յուր վանքը այցելողներից ոչ ոք դժգոհ չմնա, չնայելով, որ ուխտավորների մոտ շատ չէ երևում[11]։ Խիստ նախանաձախնդիր է յուր ուխտի, մանավանդ կարգերի և օրենքների պաշտպանության։ Մոտ կես դար, այսինքն՝ 49 տարի է, ինչ գտնվում է Սևանում և 25 տարի է, որ վանահայրության օրոք բավական շինություններ ու նորոգություններ է արել թե՛ Սևանում և թե՛ նրա կալվածներում։ Այսպես, օրինակ՝ նա շինել է տվել ուխտավորների սենյակների մեծ մասը, ծածկել է տվել ս. Աստվածածնի եկեղեցու գլուխը երկաթով. տնկել Սևանի շրջակայքում բազմաթիվ ուռենիներ, շինել Նոր-Բայազետում և Հրազդանի վրա գտնվող հինգ թե վեց աչք ջրաղացները, ցորեն մաքրելու մեքենան, նույնպես նորոգել է Հրազդանի վրա մի հին ջրաղաց՝ վերածելով նրան նոր ձևի, բայց արժանապատիվ հոր ամենից հարգելի գործն այն է, որ նա կարգավորել է վանքի գրատունը՝ եղած գրչագրերն ու գրքերը հավաքելով մաքուր խուցի մեջ, ցուցակագրելով դարսելով նրանց հարմարավոր դարակներում[12]։
Մյուս վարդապետներից ծանոթացա Գրիգոր հայր-սուրբի հետ, որը վանքի լուսարարն ու ժամհարն է․ նա է միևնույն ժամանակ և վանքը հանդերձատան վերակացուն[13]։ Ինքը ազգով քուրդ է և հայ մկրտված. 45 տարի է, ինչ գտնվում է Սևանում։ Հին, բարեպաշտ հայ եկեղեցականի տիպար կարող է համարվել։ Աշխարհն այնքան քիչ է ճանաչում, որ փուդի ու վերստի վրա գաղափար չունի։ Հանդերձատուն մտած ժամանակից ընկերոջս ամուսինը նրա դուստրն էր կարծում, չնայելով որ երկուսն էլ միատեսակ երիտասարդներ էին։ Հայր սուրբը, երևի, այն հավատն ուներ, թե միայն հայրն ու աղջիկը կարող են ուրիշների ներկայությամբ ազատ շրջել ու խոսակցել և ոչ երկու ամուսիններ։
Ծերունի Իգնատիոս հայր-սուրբի հետ ծանոթացա նրանով, որ յուր խուցի առջևից անցնելու ժամանակ հրավիրեց ինձ ներս և խնդրեց կարդալու լատիներեն մի դեղատոմս և ասելու, թե ի՞նչ հիվանդության համար է նա գրված։ Ես, իհա՛րկե, առանց կարդալու պատասխանեցի թե՝ այն հիվանդության համար, որի մասին գանգատվել եք դուք բժշկին։
— Էհ, որդի, չեմ հիշում, թե ի՞նչ ցավի համար եմ գանգատվել, — պատասխանեց հայր-սուրբը,— բայց այժմ ոտքերս են ցավում, տեսեք, կարող եմ այս դեղերը գործածել։— Այս ասելով, նա ցույց տվավ ինձ մի քանի հատ թղթիկներ, որոնց միջի փոշին հնությունից արդեն քարացել էր։
— Դրանք հնացել են և օգնելու տեղ կարող են վնասել,— զգուշացրի հայր-սուրբին։
— Չէ, որդի, շատ չեն հնացել․ հապա տես, դեղատոմսի վրա թվական չկա,— հարցրեց նա։
Նայեցի և այդ թվականը 1879 հունիս ամիսն էր․ ուրեմն ճիշտ 12 տարվա դեղատոմս ու դեղեր էին, որ Իգնատիոս հայր-սուրբը զգուշությամբ պահելով յուր ճգնարանում, այդ օրը ուզում էր խարջել։ Խորհուրդ տվի նրան դեն ածել այդ փոշիները, բայց նա՝ «Ինչո՞ւ դեն ածեմ, որդի, կարող է հարկավորվել» ասելով, փաթաթեց նրանց զգուշությամբ և դրեց մի գրքի մեջ։ Ես ծիծաղելով դուրս գնացի հայր-սուրբի խուցից։
Երիտասարդ վարդապետներից ծանոթացա միայն բարեկրոն Խորեն աբեղայի հետ, որը եղածների մեջ ավելի գրականությամբ պարապողն էր երևում և մինչև անգամ մի փոքրիկ գրատուն էլ ուներ սարքած, իհա՛րկե նորագույն գրքերից։
Վանահորից հետո, Սևանա անապատի բոլոր միաբանության մեջ ամենից ավելի հեղինակություն ունեցող անձը Սողոմոն սարկավագն է։ Սա բնիկ թիֆլիսեցի է, Օքոյանց ազգանունով։ Տարիքը վաթսուն, կամ գուցե մի բան ավելի, կամ պակաս լինի. 45 թե 46 տարի է, ինչ գտնվում է Սևանում։ Թե ինչո՞ւ մինչև այժմ չի ցանկացել վարդապետ ձեռնադրվել, ինքը գիտե. մեր կարծիքով, գուցե նրա համար, որ ավելի ազատ լինի յուր գործունեության մեջ։
Այս սարկավագը վաղուց կարգված է Սինոդից վանահոր օգնական, և այդ պաշտոնին արժանի է ըստ ամենայնի։ Ինքը, չնայելով, որ բավական հասակավոր է, այնուամենայնիվ չափազանց ժիր և գործունյա մի մարդ է։ Թեպետ նրա հայտնի պաշտոնն է՝ հսկել վանքի կալվածների վրա և նրանց եկամուտը ժողովել, և երբեմնապես գնալ Թիֆլիս միաբանության համար հագուստ կամ այլ կարևոր պիտույքներ գնելու, բայց իսկապես նաև Սևանա վանքի գլխավոր կառավարիչն ու տերն է։
Միաբանության դժվար ձեռք բերելի եկամուտը, իհա՛րկե, վարդապետներն են հավաքում, ինչպես, օրինակ՝ ոչխար, ձեթ, պանիր, ցորեն և այլն դրանց համար խեղճ վարդապետները սարերն են բարձրանում, ձորերն են իջնում, դաշտերն ու գյուղերն են չափում։ Բայց այդ բոլորը վանքը մտնելուց հետո ենթարկվում են սարկավագի իշխանության։ Դրամական բոլոր գործերը նույնպես այս սարկավագի ձեռքովն են անցնում։ Ճշմարիտ է՝ այս բոլոր գործերում վանահորը մեկը պիտի օգնե, բայց այդ օգնողը իսկապես օգնական պիտի լինի և ոչ թե տեր։
Չի կարելի ուրանալ, որ Սողոմոն սարկավագը վերին աստիճանի ժիր ու գործունյա է, որ Սևանի միաբանության թե՛ ներքին և թե՛ արտաքին գործերի համար նա մի անհրաժեշտ անձնավորություն է։ Այսուամենայնիվ անհաճո է տեսնել, որ նա՝ սարկավագ լինելով հանդերձ՝ տիրում է բոլոր միաբանության վրա, որ նրա գործունեությունը չի ենթարկվում կանոնավոր հաշվի ու կոնտրոլի։
Այս ասելով, մենք, իհա՛րկե, չենք կամենում ստվեր ձգել սարկավագի գործունեության վրա․ մենք, ընդհակառակը, հավատում ենք, որ նա յուր միաբանությանը ծառայում է հավատարմությամբ. բայց ասում ենք, նրա համար, որովհետև հաշիվ ու կոնտրոլ եղած տեղը կասկածներ չեն ծնանիլ, միաբանության մեջ տրտունջ չի լինիլ և ուխտավոր հասարակությունը չի ասիլ, թե՝ «բոլոր վանքը Սողոմոնն է ուտում»։
Որքան հիմնավոր են այս խոսքերը, չգիտենք, բայց ուխտավորներից շատերը այդ խոսքերովն էին իրենց տրտունջը արտահայտում։
Մյուս կողմից էլ Սողոմոն սարկավագը միաբանության հետ, այսինքն՝ նրա խուցերում չէ ապրում, նրա հետ չէ և ճաշում, այլ առանձին և ավելի հարմարավոր սենյակում, մինչդեռ արժ․ վանահայրը շարունակ միաբանության հետ է։
Առհասարակ չպետք է թույլ տալ, որ միաբանության մեջ հավասարության օրենքը խախտվի։
Սևանի ուխտի նախկին հայրերից սահմանյալ оրինաց հոդվածներից մինը հետևյալն է.
«Ոչ ունել ումեք առանձին ստացված ինչ, և ոչ պահել ինչ ի սենեկի և ոչ ուտել բնավ արդեն։ Այլ ի հարկանել կոչնակի՝ ամենեցուն միաբան գնալ ի սեղան և հավասար բաժանել զկերակուրն մեծի և փոքրու և ընթեռնուլ զգիոս ի սեղանի.»։
Այս հոդվածը չի գործադրվում բարեշնորհ սարկավագի վերաբերմամբ, որի պատճառավ (գուցե և ուրիշ պատճառներով, որոնք հայտնի չեն ինձ) երիտասարդ աբեղաները լարված են նրա դեմ։
Բայց ինչ էլ որ լինի, անկարելի է ուրանալ Սողոսոն Սարկավագի կառավարելու վերաբերմամբ ունեցած մի քանի արժանավորությունները, որոնցից միաբանության մյուս անդամները զուրկ են։
Հանգամանքների անարդար բերմամբ Սևանի անունը հռչակվել է իբրև աքսորատեղի, որովհետև պատժված հոգևորականներին երբեմն այդտեղ են ուղարկում ապաշխարելու։
Այս բանը քիչ չէ նպաստում, որ Սևանը չտեսնողները նրան երևակայեն իբրև մի դժոխք։ Սակայն մինչև այժմ արած մեր նկարագրից ընթերցողը կարող է համոզվել, որ նա արժանի չէ այդ անունը կրելու։
Սևանը ունի առողջարար օդ, քաղցր և բարեհամ ջուր, սիրուն, դալար, գեղեցիկ դիրք և գրավիչ տեսարաններ։— Մի անգամ արդեն բարձրանալ նրա բլրի գագաթի վրա, նայել նրան շրջապատող ալեծածան ծովակին, դիտել այդ կապուտակ դաշտը պարփակող մերկ կատար լեռները և այն լուռ, վեհատեսիլ հորիզոնը, որ մենավոր այցելուի միտքն ու երևակայությունը հափշտակելով՝ տանում, հասցնում է մինչև անցած, գնացած դարերը, մերթ արտասուք քամում նրա աչքերից, մերթ վեհ և սուրբ զգացմունքներով ոգևորում… միայն այդ արժե հազար հրապույր։
Իսկ լուսնկա գիշերով՝ նավակի մեջ նստած՝ այդ գեղածուփ ծովակի ծփանց վրա զբոսնել, կղզու ժայդապատ ափերը քերելով՝ մանր ու լուսավոր ալիքների վրա սլանալ, և դրա հետ միասին ընկերակցող երգչի տխուր ու գողտրիկ մեղեդին լսեր… այս բոլորը ոչ թե զվարճություն, այլ կատարյալ հիացումն է։
Խորհուրդ ենք տալիս ամեն մի լավ հայի՝ այցելել անշուշտ Սևանը, հայության այդ թանկագին հիշատակարանը… նամանավանդ հայ վարժապետներին, որոնք արձակուրդի մի քանի շաբաթները զվարճությամբ կարող են անցնել այդտեղ։ Սևանում կարելի է և լավ օդ ծծել, և կազդուրվել և հանգիստ պարապել։ Այդպես է անում ամեն տարի Նոր-Բայազետի հայոց դպրոցի ուսուցիչ, բարեշնորհ սարկավագ Ս. Փիլոյանցը, որի հետ Սևանում ծանոթացա։ Նրա համար ասում էին, որ հայ անդաստանի այն համեստ մշակներից մինն է, որոնք գործում են առանց աղմուկ հանելու և որպիսիների թիվը— դժբախտաբար, շատ քիչ է մեզանում։ Դրանց նման համեստ և սակավապետ մարդկանց խորհուրդ եմ տալիս արձակուրդներին անցնել Սևանում մի քանի շաբաթ. դա առանց օգուտի չի անցնիլ։ Իսկ նրանք, որոնց ճաշակը զվարճության վերաբերմամբ խիստ է զարդացած, իմ խորհրդին չպետք է հետևեն, որովհետև իրենց փնտրածը չեն կարող գտնել Սևանում։
Սևանում միայն երկու օր մնացի. ուստի եթե ներկա «ակնարկ»-ի մեջ թեթև անճշտություններ սպրդած լինին, պետք է վերագրել նրան, որ այդ անապատը ավելի մանրամասնաբար հետազոտելու համար ժամանակ չունեցա։
Դիլիջան, 15 օգոստոսի։ Հոդվածներ
- ↑
Մեր կարծիքով, Ս. Հարության տաճարի այժմյան ավերակները չէին կարող Սյունյաց հին մեհյանի ավերակները լինել, որովհետև սրա սեղանի կիսաբոլոր խորշը և նրան կից ավանդատների տեղերը այն ոճով են շինված. ինչ ոճով որ քրիստոնեության ժամանակի մեր բոլոր եկեղեցիներն են: Հավանական է, որ Սյունյաց մեհյանը մի ուրիշ կողմ եղած լինի, ուր նա ավերակները անհետացել են։ Բայց թե արդարև սա հիշյալ մեհյանի մնացորդն է, ուրեմն շատ թանկագին և ուշադրության արժանի մի հնություն է։ Նույնիսկ այս ավերակները վաղուց թողված են եղել հողի տակ. բայց Մելքոն անունով մի ճգնավոր, որ շատ երախտիք ունի Սևանի վրա և որի մասին հարմար տեղը կխոսենք, միայնակ փորել և բաց է արել այս հիմքերը, մաքրել է միջի հողը և հինավուրց հիշատակարանը լույս աշխարհ է հանել
Ծանոթ, հոդված•
- ↑ Այս դռների մասին ասում են, որ իբր եվրոպացի ճանապարհորդներ միաբանությանը 3000 ռուբլի են առաջարկել գնելու համար, բայց նրանց բացե ի բաց մերժվել են: Ուրիշ կերպ էլ վարվել միաբանությունը, իհարկե, չէր կարող, Այդտեղի մեր վերջին վարդապետը ավելի լավ է հասկանում հայրենի հնությունների արժեքը, քան թե օրինակ «Մշակի» խմրագիր Պ. Արծրունին, որ մի ժամանակ քարոզում էր յուր թերթում վաճառել Երուսաղեմի մեջ Հայոց ունեցած ուխտատեղիները։ Զարմանալու էլ չէ, մի մարդ, որ բախտի անհաջող կատակով ընկել է հանկարծ հայ ժողովրդի մեջ և թերթ է հրատարակում այս լեզվով, որ ինքը չգիտե, այն ազգի համար, որին ինքը չի ճանաչում, հարկավ այդ ազգի սրբությունները ի վաճառ հանելուց զատ, ուրիշ ի՛նչ լավ խորհուրդ կարող էր տալ։
- ↑ Իսկապես պետք է ենթադրել, որ սկզբում բլրի ստորոտում ոչ միայն բնակություն չէ եղել, այլև նույնիսկ ստորոտի տափարակը ջրի տակ է եղել, բայց հետզհետե ծովակի ջուրը պակասելով բացվել է և այժմյան տափարակը։ Միաբաններից մինը պատմում Լր, թե յուր` կղզին մտնելու օրից սկսած մինչև այժմ 45 տարի է, ծովակի ջուրը պակասել է ափին տնկված ուռի ծառերից վար, այսինքն` մոտ երկու արշին:
Ծանոթ. հոդ.
- ↑ Ս. Աստվածածնի այս եկեղեցին, ինչպես արձանագրությունից երևում է, 1954 թվականին նորոգել են Թիֆլիսի Չիթախյան ազգից երեք եղբայրներ` Սուլխան, Զալ և Զոհրաբ անուններով։ Նրանք խոստացել են նաև տարեկան մի որոշ նվեր տալ վանքին, որպեսզի որոշ տոներին իրենց անվան և ազգատոհմի հիշատակություն լինի պատարագի մեջ և իրենց գերեզմանները օրհնվին, որոնք գտնվում են բակի մեջ։ Միաբանությունը յուր այդ պարտքը մինչև այսօր անխափան կատարում է։ Բայց նրանց ժառանգները իրենց
պապերից խոստացած նվերը չեն տալիս: Միայն վերջին ժամանակներս նրանց ժառանգ և հայտնի հարուստ Հովհաննես Չիթախյանր 200 ռուբլի է նվիրել վանքին, որով և Աստվածածնի եկեղեցու գլուխը ծածկել են երկաթով:
Ծանոթ. հոդ.
- ↑ Այս անունը, մեր կարծիքով, բռնազբոսիկ է։ Գուցե ճիշտն այն է, որ այդ կղզու բոլոր եկեղեցիները շինված լինելով սև խանձաքարից և ժողովուրդը, որ տեսասով է դատում և տեսածովը անուն տալիս, կղզու միջի վանքերը Սև տեսնելով՝ անունն էլ դրել է Սև վանք կամ Սև վան, որը և հետագայում կրճատվելով դարձել է Սևան։
Ծանոթ. հոդ.
- ↑ Սևանի կղզին, հին և միջին դարերի ժամանակ, անառիկ ամրոցներից մինն է եղել, որովհետև, բացի այն՝ որ չորս կողմից պատած է ջրով, այլև կղզու երեք կողմը անմատչելի է նավակների ու լաստերի համար, ըստ որում պատած է ուղղաբերձ ժայռերով։ Հարավ-արևմտյան կողմից միայն հարթություն ունի, այդտեղ էլ երևի պատվարներ ու բուրգեր են կառուցված եղել որովհետև դրանց հիմքերն ու քարացած շաղախը դեռ երևում են ծովափի մի քանի տեղերում:
Ծանոթ, հող.
- ↑ Երեսնական թվականների մի հիշատակագիր (Մանվել վարդապետ Կյումուշխանցի) գրում է` որ իբր Մարիամ իջխանուհու Ս. Առաքելոց եկեղեցին կառուցանելու ժամանակ, այն է 877 թվականին, կանգուն է եղել ս. Հարության տաճարը և հավանական է գտնում, որ նա կործանված չինի 995 թվականին եղած երկարատև երկրաշարժի ժամանակ, որի մասին հիշում է Ասողիկը, Մեր կարծիքով ս. Հարության տաճարը կործանված է եղել 877-ից, այսինքն ս. Առաքելոց տաճարը կաոուցանելուց առաջ, Ապա թե ոչ, ինչ հարկ կար մի այնպիսի րնդարձակ եկեղեցու կանգուն եղած ժամանակ` հենց նրա կողքին մի ուրիշը կառուցանել։ Բացի այդ, հայտնի երևում են ս. Առաքելոց եկեղեցու պատերի վրա հին ավերակներից վերցրած քարեր, որոնք, ըստ ամենայնի հավանականության, ս. Հարության տաճարի ավերակներից են վերցրել: Երրորդ և գլխավոր ապացույցն այն, որ U. Հարության տաճարի նման րնդարձակ եկեղեցու բազմաթիվ ավերակները ո՛չ մի տեղ շեն երևում, կշնանակն նրա բոլոր քարերը ս, Առաքելոց եկեղեցու վրա են գործդրել։ Եթե այժմյան մի կանղնաչափ մնացած պատերն էլ հողի տակ եղած չլինեին, գուցե նրանց քարերն ևս հանեին և սուրբ Հարության տաճարի հիմքը անհետանար: Ծանոթ. հոդ.
- ↑ Այդ բոլորից այժմ միայն Ցամաքաբերդ և Գոմաձոր անվամբ գյուղերն են մնացել Վանքի ձեռքում, մնացյալը Հափշտակել են։
- ↑ Այս մասունքը Գեղարքույաց գավառի Կոթ գյուղում որոշ ժամանակ լինելու պատճառով կոչվում է նաև Կոթա-Սուր-Խաչ։ Այդ խաչ: Շինված է հասարակ երկաթից, մոտ 8 վերշոկ երկայնությամբ: Չորս թևերի վրա և մեջտեղը ունի մի մի հատ հակինթ կամ զմրութ։ Ըստ ավանդության նրա մեջ ամփոփված է այն երկաթե տաշտի կտորը, որի մեջ Ս. Աստվածածինը լողացնում է եղել մանուկ Հիսուսին։ Այդ մասունքը բերված է Հայաստան Ս. Թադևոս Առաքյալի ձեռքով և դրանից շինված է երեք նույնանման խաչեր, որոնցից մեկը գտնվում է Գրիգորուպոլ քաղաքի հայոց եկեղեցում, որը տարել են իրենց հետ Անիի գաղթականները, երկրորդը գտնվում է հին Նախիջևանի մոտ Երնջակի Սուրբ Կարապետի վանքում, և այս երրորդը Սևանում։ Ծանոթ. հոդ).
- ↑ Այս քահանան Ծալկա գյուղի Տեր Դանիել Տեր Գրիգորյանն է, որին ս․ Արիստակես եպիսկոպոս Սեդրակյանը յուր՝ Թիֆլիսում առաջնորդ եղած ժամանակ՝ երեք տարով աքսորել է տվել Սևան այնպիսի մի չհաս պսակի համար, որը ոչ թե կատարել էր քահանան, այլ մտադիր է եղել կատարելու։ Քահանայի աքսորվելուց հետո միևնույն պսակը կատարվել է Ս. Սինոդի հրամանով, որովհետև վերջինս չհասություն չէ գտել դրա մեջ։
- ↑ Ցանկայի էր, որ արժ. հայրը ուշադրություն դարձներ նաև վանքի հետևյալ պակասությունների վրա, որոնց կարելի է ուղղել շատ քիչ ծախսով.
- ↑ Ա) որ միաբանական կացարանների րնդհանուր միջանցքի վրա կտուրից մի քանի երդիկներ բանալ տար, որպեսզի միջանցքի մեջ տիրող խավարը փարատվի, որը այցելուների վրա վատ ազդեցություն է գործում։
Բ) Բակի մի որոշ տեղում շինել տար 20—25 հատ օջախներ, որպեսզի ուխտավորները նրանց մեջ կրակ վառեին և ոչ թե վանքի բակում, ուր որ հասներ, որով բակի կանաչը փչացնում ու կեղտոտում են։
Գ) Որ ամենագլխավորն է, շինել տար բակի հեռավոր կողմերում 5—6 հատ արտաքնոց, որովհետև ամբողջ կղզու վրա մի հատ արտաքնոց չլինելով, հարյուրավոր ընտանիքներ ներս գալով այդտեղ մի օրվա մեջ այնպես են ապականում բոլոր ծովափը, բակի շրջակաները, ախոռի, մարաքի և այլ այսպիսի շինությունների ետևները, որ սարսափելի է լինում անցնել այդ կողմերը։ Սա այնպիսի մեծ պակասություն է, որ անկարելի է անուշադիր թողնել։
1 Այս գրատունը, որի բանալին արժ․ վանահայրը միշտ իր մոտն է պահում, պարունակության կողմից իսկապես, շատ աղքատ է։ Հազիվ մի երկու հարյուր գրչագիր ու տպագիր գրքեր ունի։ Գրչագրերը գլխավորապես Աստվածաշունչ, Ավետարան, Հայսմավուրք, և այլ այսպիսի գրքեր են, իսկ տպագիրները Վենետիկի միաբանության ամենահին տպագրությունները։ Ցանկալի է, որ միաբանությունը հոգար կարելույն չափ յուր գրատունը հարստացնելու, իսկ հայ հեղինակներն ու թարգմանիչները բարեհաճեին իրենց աշխատություններից մի մի հատ Սևանի հինավուրց վանքին նվիրելու, որպիսի Նվերը, մեր կարծիքով, արժանավորագույնն է։ - ↑ Այս հանդերձատունն էլ, որը, ինչպես առաջ հիշեցի, միևնույնն է թե վանքի թանգարանն է, աչքի ընկնելու ոչ մի հնություն չունի իր մեջ, բացի մի քանի խաչերից ու մասունքներից։ Կան այստեղ, արդարև, շատ շուրվաններ, արծաթե բուրասներ, սկիհներ, մեռոնի ափեր, աղավնի, սաղավարդներ և այլն, բայց բոլորն էլ նոր ժամանակի գործ և շատերն էլ յարմարկի ապրանք, ինչպես, օրինակ, սկիհները, որոնց շատերի շուրջը ռուսերեն է գրված։
Ծանոթ․ հոդ.