Դոն Կիխոտ/Գլուխ VIII
ՀՈՂՄԱՂԱՑՆԵՐԻ ԴԵՄ ՄՂԱԾ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԵՎ ԱՆԵՐԵՎԱԿԱՅԵԼԻ
ՄԱՐՏՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԵՎ ԱՅԼ ԱՆՑՔԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԱՐԺԱՆԻ
ԵՆ ՀԱՃԵԼԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ
Այստեղ դաշտի մեջ նրանք տեսան երեսուն թե քառասուն հողմաղաց։
Նկատելով դրանք, դոն Կիխոտն ասաց իր զինակրին.
— Բարի բախտը ավելի լավ է դասավորում մեր գործերը, քան մենք կարող էինք ցանկանալ։ Նայիր այն կողմ, Սանչո Պանսա, բարեկամ, տեսնում ես երեսուն, գուցե էլ ավելի ահեղ հսկաներին։ Իսկույն ես կմարտնչեմ նրանց դեմ և կկոտորեմ բոլորին, մինչև վերջինը։ Այս ավարը կդառնա մեր հարստության սկիզբը։ Որովհետև արդար և հաճո է աստծուն այն մարդը, որ սույն չար սերմը վերացնի աշխարհիս երեսից։
— Ի՞նչ հսկաներ են որ,— հարցրեց Սանչո Պանսան։
— Այն, որ քո առջևն են,— պատասխանեց դոն Կիխոտը։— Տեսնո՞ւմ ես, ի՜նչ ահագին ձեռքեր ունեն։ Ոմանց ձեռքերի երկարությունը գրեթե երկու մղոն է։
— Զգուշացեք, ձերդ ողորմածություն, այն, ինչ երևում է, իսկի էլ հսկաներ չեն, այլ հողմաղացներ, իսկ այն, ինչ դուք ձեռքերի տեղ եք դնում, թևեր են, որ պտույտ են գալիս քամուց և պտտացնում աղացքարերը։
— Իսկույն երևում է,— պատասխանեց դոն Կիխոտը,— որ արկածների գործում դու դեռ անփորձ ես։ Հսկանե՛ր են։ Եվ եթե դու վախենում ես, ապա
մի կողմ քաշվիր և աղոթք ասա, իսկ ես այդ միջոցին անհավասար և ահեղ մարտի կելնեմ նրանց դեմ։
Ու նա խթանեց Ռոսինանտի կողերը, առանց ուշ դարձնելու Սանչոյի ճիչերին, որը հավատացնում էր, թե նա ոչ թե հսկաների վրա է հարձակվելու, այլ՝ հողմաղացների։ Դոն Կիխոտը հաստատ համոզված լինելով, որ իր առջև հսկաներ են, ականջ չդրեց զինակրի ճիչերին։ Նա առաջ էր սլանում, բարձրաձայն բացականչելով.
— Միք փախչի, վատհոգի և ստոր արարածներ, որովհետև ձեզ վրա հարձակվողը մեն-մենակ ասպետ է։
Այդ միջոցին թեթև քամի բարձրացավ, և ահագին թևերն սկսեցին պտտվել։ Նկատելով այդ, դոն Կիխոտը շարունակեց.
— Եթե դուք ավելի շատ ձեռքեր ունենայիք, քան հսկա Բրիաբեյը և թափահարեիք, դարձյալ հատուցումից չէիք խուսափի։
Այս ասելով և հոգին իր տիրուհի Դուլսինեային պահ տալով, նա, վահանով պաշտպանված, նիզակը ճոճելով, բաց թողեց Ռոսինանտի գլուխը, հարձակվեց ամենամոտիկ հողմաղացի վրա և նիզակը խրեց նրա թևը։ Այդ րոպեին քամին թափով պտույտ տվեց թևը, և թևը, փշուր-փշուր անելով նիզակը, քաշեց իր հետևից և ձիուն, և ձիավորին, որոնք ամենաթշվառական վիճակում թռան բավականին հեռու։
Սանչոն, իր էշի ողջ արագությամբ, շտապեց տիրոջը օգնության և մոտենալով, համոզվեց, որ տերն ի վիճակի չէ տեղից շարժվելու՝ այնքան ուժզին էր նա գետին տապալվել Ռոսինանտի հետ։
— Ձերդ ողորմածություն,— բացականչեց Սանչոն,— չէի՞ ասում, որ դրանք հողմաղացներ են։ Ախր դա միայն այն մարդու համար չի պարզ, որի գլուխը ջրաղաց է։
— Լռիր, Սանչո բարեկամ,— պատասխանեց դոն Կիխոտը։— Ռազմական արհեստը, ավելի քան որևէ այլ բան, ենթակա է բախտի փոփոխականության։ Մանավանդ որ իրոք հենց այդպես է. այդ կախարդ Ֆրեստոնը, որ թռցրեց իմ առանձնասենյակն ու գրքերը, հսկաներին էլ հողմաղացներ դարձրեց, որպեսզի հաղթանակի փառքից ինձ զրկած լինի՝ այդ աստիճան զորեղ է նրա թշնամանքը դեպի ինձ։ Սակայն վաղ թե ուշ նրա չար կախարդանքը տեղի պիտի տա իմ թրին։
Սանչոն օգնեց իր տիրոջը վեր կենալ և նորից հեծնել Ռոսինանտին, որի առջևի ոտքերը գրեթե ջարդված էին։ Զրուցելով այդ արկածի շուրջ, նրանք առաջացան Պուետրո Լապիսեի ճամփով, որովհետև, դոն Կիխոտի ասելով, այստեղ նրանց սպասում էին բազմաթիվ ու զանազան արկածներ, քանի որ ճամփան շատ բանուկ է։ Մի բան միայն նրան վիշտ էր պատճառում՝ նիզակի կորուստը։
— Ես հավատում եմ այն ամենին, ինչ որ ձերդ ողորմածությունը պատմում է,— ասաց Սանչոն։— Միայն թե շիտակ նստեցեք, թե չէ կարծես բոլորովին կախ ընկած լինեք մի կողքի՝ երևի վայր ընկնելը ձեզ սաստիկ ցավ է պատճառել։
— Այո, դա ճիշտ է,— պատասխանեց դոն Կիխոտը,— և եթե ես չեմ գանգատվում ցավից, պատճառն այն է, որ թափառական ասպետներին վայել չէ գանգատվել վերքերից, թեկուզ նրանց աղիքները դուրս գալու լինեն։
— Դե որ այդպես է, ես ասելիք չունեմ,— պատասխանեց Սանչոն,— թեև ես ավելի գոհ կլինեի, եթե ձերդ ողորմածությունը գանգատվեր, երբ որ մի տեղը ցավելու լիներ։ Գալով ինձ, ես ամենաչնչին ցավից կճչամ, եթե միայն չգանգատվելու կանոնը չի վերաբերում նաև թափառական ասպետների զինակիրներին։
Դոն Կիխոտը չկարողացավ ծիծաղը պահել իր զինակրի պարզամտությունից և բացատրեց, որ նրան թույլ է տրվում տնքալ երբ և ինչպես կամենա, ունենալով պատճառ, թե առանց պատճառի, քանի որ ասպետական գրքերում նա մինչև հիմա հակառակ ցուցումների չի հանդիպել։
Սանչոն նկատեց, որ արդեն մի բան ուտելու ժամանակ է։ Դոն Կիխոտը պատասխանեց, թե ինքը առայժմ չի ուզում, բայց Սանչոն կարող է ուտել, երբ որ կամենա։ Տիրոջ թույլտվությունն առնելով, Սանչոն ավելի հարմար նստեց էշի վրա և, պայուսակից հանելով իր պատրաստած պաշարը, սկսեց ուտել, շարունակելով դանդաղ գնալ դոն Կիխոտի հետևից։ Մերթ ընդ մերթ նա այնպիսի հաճույքով էր բերանը դնում գինու տկին, որ նրան կնախանձեր Մալագայի ամեն մի միկիտանչի։ Այսպես համրաքայլ, տմբտմբալով և կում-կում գինի խմելով, նա իսպառ մոռացավ բոլոր խոստումները, որ տվել էր իրեն դոն Կիխոտը։ Նրան թվում էր, թե արկածներ որոնելը, անգամ վտանգավոր արկածներ, բնավ աշխատանք չէ, այլ զուտ հաճույք։
Վերջապես, երբ վրա հասավ գիշերը, մեր ճամփորդները պառկեցին ծառերի տակ, և դոն Կիխոտը, կոտրելով մի չորացած ճյուղ, կպցրեց դրան երկաթի ծայրը, որ պոկել էր կոտրված նիզակից։
Այդ ամբողջ գիշեր դոն Կիխոտը աչքը չփակեց, խորհելով իր սրտի տիկնոջ՝ Դուլսինեայի մասին, որպեսզի ոչ մի բանով տարբերված չլինի այն ասպետներից, որոնց մասին կարդացել էր վեպերում։ Քանի՜-քանի՜ գիշերներ են անքուն անցկացրել նրանք անտառներում և անապատներում, խորասուզված հուշերի մեջ իրենց տիկինների մասին։
Բոլորովին այլ կերպ անցկացրեց գիշերը Սանչոն։ Նրա փորը լիքն էր, այն էլ ոչ թե դատարկ ջրով, ուստի նա մեռածի պես քնեց մինչև առավոտ։ Եթե դոն Կիխոտը նրան քանիցս ձայն տված չլիներ, նա չէր զարթնի ոչ արևի ճառագայթներից, որ ընկել էին երեսին, ոչ էլ բազմաթիվ թռչունների ճռվողյունից, որ խնդությամբ ողջունում էին նոր օրվա ծագումը։
Իսկ վեր կենալով, նա նախ և առաջ բերանը տարավ տկին և, նկատելով, որ երեկվա պես կլորիկ չէ, վշտացավ, որովհետև նրան թվում էր, որ այդ պակասը չի հաջողվի շուտով լրացնել։
Դոն Կիխոտը չկամեցավ նախաճաշել, ինչպես մենք արդեն ասացինք, նա սնվում էր լոկ քաղցր հուշերով։
Նրանք առաջ ընթացան Պուետրո Լապիսի ճամփով և ժամը երեքին մոտ հասնում էին կիրճին։ Հեռվից կիրճը տեսնելուն պես դոն Կիխոտը ասաց.
— Այստեղ, եղբայր Սանչո Պանսա, մենք կարող ենք մեր ձեռքերը մինչև արմունկ կոխել արկած ասածիդ մեջ։ Սակայն նկատի ունեցիր՝ աշխարհիս ինչ չարաչար վտանգների մեջ էլ ընկնելու լինեմ, դու չպիտի թուր քաշես ինձ պաշտպանելու համար, բացառությամբ միայն, եթե տեսնելու լինես, որ վրաս հարձակվող թշնամին ամբոխ է, թշվառ խուժան։ Այդ դեպքում միայն դու կարող ես ինձ օգնության հասնել։ Իսկ եթե նրանք ասպետներ լինեն, ապա ասպետական օրենքներով ոչ մի դեպքում վայել չէ և ոչ էլ թույլատրելի, որ դու ինձ օգնես, քանի որ դու դեռ ասպետ չես կարգված։
— Կարող եք, պարոն, ապահով լինել,— պատասխանեց Սանչոն,— այդ հարցում ես կհնազանդեմ ձերդ ողորմածության, մանավանդ որ խաղաղ բնավորության տեր մարդ եմ և չեմ սիրում տուրուդմփոցի մեջ խցկվել։ Բայց խղճի մտոք ասած՝ եթե հարկ լինի կաշիս պաշտպանելու, այն ժամանակ ոչ մի ասպետական օրենքի դնչին մտիկ չեմ տա, որովհետև և աստվածային, և մարդկային օրենքները թույլ են տալիս պաշտպանվելու վիրավորողներից։
— Նույնն էլ ես եմ ասում,— պատասխանեց դոն Կիխոտը։— Հիշիր միայն, որ եթե կամենալու լինես ինձ պաշտպանել ասպետներից, դու պետք է սանձահարես քո բնական մոլեգնությունը։
— Խոստանում եմ,— ասաց Սանչոն,— կկատարեմ այդ պատվիրանը նույն սրբությամբ, ինչպես կիրակի օրն եմ պահում։
Այսպես խոսելով, նրանք ճամփին հանդիպեցին երկու վարդապետի, որ ուղտերի չափ բարձր ջորիներ էին հեծել։ Նրանք ճամփորդական ակնոցներ էին դրել և հովանոց բռնել։ Նրանց հետևից ընթանում էր մի կառք, շրջապատված չորս թե հինգ ձիավորներով։ Ինչպես հետագայում պարզվեց, կառքով ինչ-որ բիսկայեցի տիկին էր գնում Սևիլիա, ամուսնու մոտ։
Վարդապետները, թեև նույն ճամփով էին գնում, ինչ որ տիկինը, բայց նրա հետ ոչ մի կապ չունեին։ Դոն Կիխոտը նրանց տեսավ թե չէ, ասաց իր զինակրին.
— Եթե ես չեմ սխալվում, մեզ այնպիսի՜ նշանավոր արկած է սպասում, որպիսին դեռևս ոչ ոք չի տեսել, որովհետև սև կերպարանքները, որ երևում են, անկասկած, կախարդներ են, որոնք ինչ-որ իշխանուհի են փախցրել և տանում են կառքով։ Ես պիտի լարեմ բոլոր ուժերս, որպեսզի այս չար գործը խափանեմ։
— Դա հո հողմաղացներից վատ կլինի,— պատասխանեց Սանչոն։— Մի՞թե չեք տեսնում, պարոն, որ ձեր առջև վարդապետներ են, իսկ կառքով, երևի, ճամփորդներ են գնում։
— Ես արդեն ասացի քեզ, Սանչո,— պատասխանեց դոն Կիխոտը,— որ դու արկածներից բան չես հասկանում։ Իմ ասածը ճիշտ է, և դու իսկույն կհամոզվես։
Այս խոսքերով նա առաջ անցավ և կանգ առավ ճամփի մեջտեղում, որտեղից պիտի անցնեին վարդապետները, և երբ նրանք այնքան մոտեցան, որ կարող էին լսել իր խոսքերը, բարձրաձայն աղաղակեց.
— Օհ, դո՜ւք, դժոխքի սերունդ, իսկույն ևեթ ազատեցեք իշխանուհիներին, որոնց բռնի տանում եք կառքով, թե չէ պատրաստվեցեք շուտափույթ մահվան, որպես ձեր եղեռնագործության արժանի պատիժ։
Վարդապետները ջորիների նոխտաները քաշեցին և կանգ առան, զարմացած դոն Կիխոտի թե տեսքից, թե խոսքից, և այսպիսի պատասխան տվին.
— Պարոն ասպետ, մենք բնավ դժոխքի սերունդ չենք, այլ վարդապետներ։ Մենք ճամփորդում ենք մեր գործերով և բան չգիտենք այս կառքով իշխանուհիներ փախցնելու մասին։
— Դուք ինձ անուշ խոսքերով չեք խաբի։ Ես ձեզ լավ եմ ճանաչում, ստոր սրիկաներ,— առարկեց դոն Կիխոտը։
Եվ, առանց պատասխանի սպասելու, նա խթանեց Ռոսինանտին և ցած թեքելով նիզակը, այնպիսի կատաղի արիությամբ հարձակվեց առաջին վարդապետի վրա, որ եթե վերջինս ինքն իրեն ջորուց գետին չնետեր, ապա դոն Կիխոտը նրան անշուշտ վայր կգցեր թամբից և ծանր վերք կհասցներ, կամ էլ նույնիսկ կսպաներ։
Երկրորդ վարդապետը, տեսնելով, թե ինչպես են վարվում իր ուղեկցի հետ, կրունկները խրեց իր գեր ջորու կողերը և քամուց արագ սլացավ դեպի դաշտ։
Սանչո Պանսան, նկատելով, որ վարդապետը պառկած է գետնին, թեթև թռավ էշից և վազեվազ մոտենալով նրան, սկսեց հանել շորերը։ Այդ միջոցին մոտ եկան վարդապետներին հետևող երկու ծառաները և հարցրեցին Սանչոյից, թե ինչո՞ւ է հանում նրա շորերը։ Սանչոն պատասխանեց, որ ըստ օրինաց ավարն իրեն է պատկանում, որովհետև իր տեր դոն Կիխոտը հաղթել է մարտում։
Ծառաները, որ կատակ չէին հասկանում և գաղափար չունեին, թե ավարս որն է, մարտս որը, նկատելով, որ դոն Կիխոտը ծռվեց մի կողմ և սկսեց խոսել կառքում նստածների հետ, վրա տվին, Սանչոյին գլորեցին գետին, փետտեցին նրա մորուքը և այնպես ջարդեցին, որ խեղճի շունչը կտրվեց։
Իսկ ահ ու սարսափով բռնված վարդապետը, առանց մի վայրկյան կորցնելու, հեծավ ջորուն և, մեռելի պես գունատ, քշեց իր չորքոտանուն դաշտ, որտեղ պատկառելի հեռավորության վրա սպասում էր ուղեկիցը, տարակուսանքի
մեջ, թե ինչո՞վ է վերջանալու այս փորձանքը։ Ապա, առանց սպասելու այս պատմության վախճանին, նրանք երկուսով էլ առաջ սլացան։
Իսկ դոն Կիխոտը, ինչպես արդեն ասացինք, սկսեց զրուցել կառքում նստած տիկնոջ հետ։
— Ձեր գեղեցկությունը, տիրուհիդ իմ,— ասում էր նա,— ազատ է հիմա տրամադրել իր անձը, որպես կամենա, որովհետև ձեզ փախցնողների հանդգնությունը կաշկանդված է արդեն իմ բազկի զորությամբ։ Եվ, որպեսզի ձեզ վիշտ չպատճառի ձեր փրկչի անունը չիմանալը, ես կասեմ, որ իմ անունը դոն Կիխոտ Մանչացի է։ Ես թափառական ասպետ եմ, արկածախնդիր, գերված գեղանի և աննման Դուլսինեա Տոբոսցով։ Իբրև վարձ այն ծառայության համար, որ ես հիմա ձեզ մատուցեցի, ձեզնից միայն մեկ բան կխնդրեմ՝ գնացեք Տոբոսո և պատմեցեք նրան, թե ինչ եմ արել ձեզ ազատելու համար։
Կառքին ուղեկցող ծառաներից մեկը ուշի-ուշով լսում էր դոն Կիխոտին։ Տեսնելով, որ նա չի ուզում թողնի կառքն առաջ ընթանա և պահանջում է, որ իսկույն ետ դառնան Տոբոսո, մոտեցավ դոն Կիխոտին և բռնելով նրա նիզակը ասաց.
— Գնա բանիդ, ասպետ, թե չէ քեզ տեղնուտեղը շան սատակ կանեմ։
Դոն Կիխոտը մեծ արժանապատվությամբ պատասխանեց.
— Թշվառ արարած, եթե դու ասպետ լինեիր, ես կպատժեի քո հանդգնությունն ու լրբությունը։
— Ինչպես թե ես ասպետ չեմ։ Նետիր նիզակդ, հանիր թուրդ, ու ես քեզ ցույց կտամ, որ քո կատուն ջուրը կընկնի[1]։
— Դու իսկույն այդ կտեսնես,— պատասխանեց դոն Կիխոտը և, դեն շպրտելով նիզակը, թուրը քաշեց, ծածկվեց վահանով ու հարձակվեց հակառակորդի վրա՝ նրան սպանելու հաստատ մտադրությամբ։ Սա ուզեց իր ջորուց ցած իջնել, բայց դա նրան չհաջողվեց, և նա ժամանակ ունեցավ միայն թուրը պատյանից հանելու։ Նրա բախտից կառքը հենց կողքին էր կանգնած, որտեղից դուրս քաշեց մի բարձ, օգտագործելով այն վահանի փոխարեն։ Եվ ահա մեր հակառակորդները կանգնեցին դեմառդեմ, որպես երկու մահացու թշնամիներ։
Ներկաները կամեցան նրանց հաշտեցնել, բայց գործը գլուխ չեկավ, որովհետև դոն Կիխոտի հակառակորդը երդվում էր, որ եթե իրեն խանգարեն մարտն ավարտելու, ապա նա իր տիրուհուն էլ կսպանի, և բոլորին էլ, ովքեր միջամտելու լինեն։ Կառքում նստած տիկինը, ապշած ու ահաբեկված այդ տեսարանից, հրամայեց, որ կառապանը մի քիչ դենը քշի ու սկսեց հեռվից հետևել կատաղի մարտին։ Այդ վայրկյանին ծառան դոն Կիխոտի վահանի վրայից այնպիսի մի հարված հասցրեց նրա ուսին, որ եթե վահանը խանգարած չլիներ, մեր ասպետի ուսն անշուշտ մինչև գոտին կկտրվեր։
Դոն Կիխոտը, շշմած կատաղի հարվածից, բարձրաձայն գոչեց.
— Օ, Դուլսինեա, իմ հոգու հատոր, ծաղիկ գեղեցկության, հասեք օգնության ձեր ասպետին, որ ձեր մեծամեծ առաքինություններին արժանանալու համար ընկել է այս ահավոր վտանգի մեջ։
Այդ ասելը, թուրը քաշելը, վահանով ծածկվելը և հարձակվելը մեկ եղավ։ Դոն Կիխոտը վճռել էր ամեն ինչ վտանգել գործը մեկ հարվածով վերջացնելու համար։
Ծառան իր հակառակորդի ամեհի տեսքից կռահեց նրա ահասաստ մտադրությունը և երդվեց՝ ո՜չ նվազ քաջությամբ դիմադրել։ Բարձով լավ ծածկված՝ նա սպասում էր թշնամուն, տեղում կանգնած, անկարող լինելով իր ջորու գլուխը ծռել ոչ աջ, ոչ ձախ, որովհետև կենդանին ի վիճակի չէր քայլ անգամ անելու, այնքան էր հյուծված և անսովոր նմանօրինակ խաղերի։
Ուրեմն, ինչպես ասացինք, դոն Կիխոտը հարձակվեց հակառակորդի վրա, բարձրացնելով սուրը և պատրաստվելով նրան միջից երկու կես անել, իսկ նրա հակառակորդը սպասում էր, դեմ անելով բարձր և նույնպես թուրը քաշած. մինչդեռ հանդիսատեսները, ահից շնչարգել, սպասում էին, թե վերջապես երբ պիտի իջնեն օդում սպառնալիորեն կախված այս սրերը։
Առաջինը ջորեպանը հարվածեց, այն էլ այնպիսի ուժով ու կատաղությամբ, որ եթե թուրը նրա ձեռքում շուռ չգար, այդ մի հատիկ հարվածը վերջ կտար ոչ միայն նրանց դժնդակ մենամարտին, այլև մեր ասպետի բոլոր արկածներին։ Սակայն հետագա մեծ գործերի համար դոն Կիխոտին պահպանող բարի բախտը շուռ տվեց նրա հակառակորդի ձեռքում թուրն այնպես, որ հարվածը դիպավ մեր ասպետի ձախ ուսին և մեծ վնաս չհասցրեց։ Միայն թե այդ ուսից պոկվեցին բոլոր զրահները և կտրվեցին վահանի մի մասն ու ականջի կեսը։ Այդ բոլորը շռինդ ու շառաչով ընկան գետին, և մեր ասպետը մնաց շատ տխուր վիճակում։
Տեր աստվա՜ծ, կգտնվի այնպիսի մի մարդ, որ կարողանար արժանավոր կերպով նկարագրել այն կատաղությունը, որով լցվեց մեր Մանչացու սիրտը, երբ տեսավ, թե իրեն ինչ օրն են գցել։ Գալով ինձ, կասեմ միայն, որ դոն Կիխոտը նորից կիսականգնեց ասպանդակների վրա, երկու ձեռքով ավելի ուժգին սեղմեց թուրը և այնքան կատաղի հարվածեց հակառակորդի բարձին ու գլխին, որ խեղճին, չնայած որ լավ ծածկված էր, թվաց, թե մի ամբողջ սար է փլվել իր վրա։ Նրա քթից, բերանից ու ականջներից արյուն հոսեց, նա երերաց և անշուշտ վայր կընկներ, եթե չփաթաթվեր ջորու պարանոցին։ Չնայած դրան, նրա ոտքերը դուրս պրծան ասպանդակներից, ձեռքերը կախ ընկան, իսկ ջորին, վախեցած այս սարսափելի հարվածից, սլացավ դաշտ քացի-քացի տալով և վերջ ի վերջո նրան գցեց գետին։
Դոն Կիխոտը դիտում էր այս ամենը խորապես հանգիստ, իսկ երբ նրա հակառակորդը վայր ընկավ, նա ձիուց ցած թռավ, արագ վազեց նրա մոտ և, թրի ծայրը նրա երկու աչքերի մեջտեղը դնելով՝ հրամայեց, որ անձնատուր լինի, թե չէ գլուխը կկտրի։
Պարտված հակառակորդն այն աստիճան շշմած էր, որ չկարողացավ խոսք անգամ արտասանել, իսկ ցասումն այնպես էր կուրացրել դոն Կիխոտին, որ ջորեպանի բանը, անշուշտ, վատ կլիներ, եթե կառքի տիկինները, որոնք հևիհև հետևում էին մենամարտության ընթացքին, չմոտենային մեր ասպետին և թախանձագին չխնդրեին, որ, իբրև ողորմածություն, իրենց շնորհվի ծառայի կյանքը։
Ի պատասխան՝ դոն Կիխոտը ծանր ու արժանապատվությամբ լի ասաց.
— Իհարկե, գեղեցիկ տիկիններ, ես մեծ ուրախությամբ կկատարեմ ձեր խնդիրքը։ Բայց մեկ պայման կդնեմ՝ այս ասպետը պիտի խոստանա ինձ, ար կերթա Տոբոսո կոչվող գյուղը և կներկայանա աննման տիրուհի Դուլսինեային, որը կտնօրինի նրա բախտը, ինչպես կամենա։
Ահաբեկված ու վշտացած տիկինները, կարգին գլխի չընկնելով, թե ինչ է պահանջվում իրենցից, անգամ հարցուփորձ չանելով, թե ինչ ազգ ու տակից է այդ Դուլսինեան, խոստացան, որ իրենց զինակիրը ճշտությամբ կկատարի նրա հրամանը։
— Հավատ ընծայելով ձեր խոսքին,— ասաց դոն Կիխոտը,— ես նրան այլևս վնաս չեմ տա, թեև նա շատ և շատ արժանի է դրան։
Տողատակեր
[խմբագրել]- ↑ Այս արտահայտությունը հետևյալ խաղից է առաջ եկել։ Երկու կատուների պոչեր կապում են իրար և դնում են առվի մի ափին՝ մեկին, մյուս ափին՝ մյուսին։ Կատուները սկսում են իրար քաշել։ Որը կարողացավ մյուսին քաշել և հետևաբար ջուրը գցել, նա համարվում է հաղթող։