Jump to content

Դոն Կիխոտ/Գլուխ IX

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԼՈԻԽ IX
ԴՈՆ ԿԻԽՈՏԻ ԵՎ ՆՐԱ ԶԻՆԱԿԻՐ
ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱՅԻ ՍՐԱՄԻՏ ԶՐՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

Սանչո Պանսան, որ վարդապետների ծառաներից լավ ծեծ էր կերել, վերջապես տեսնելով, որ մարտն ավարտված է, և իր տերը կամենում է հեծնել Ռոսինանտին, վազ տվեց՝ ասպանդակը բռնի, բայց նախքան տերը ձի կհեծներ, չոքեց նրա առջև, բռնեց ձեռքը, համբուրեց ու ասաց.

— Հաճեցեք, ձերդ ողորմածություն, տեր իմ դոն Կիխոտ, ինձ կառավարիչ կարգել այն կղզու, որ դուք նվաճեցիք այս դաժան մարտում։ Ինչքան էլ նա մեծ լինի, զգում եմ ես, որ կկարողանամ կառավարել նույնքան լավ, որքան աշխարհիս բոլոր մյուս կղզիների վարչապետները։

Դոն Կիխոտը դրան պատասխանեց.

— Նկատի առ, եղբայր Սանչո, որ այս արկածը, ինչպես և սրա նման մյուսները, կղզի շահելու արկածներ չեն։ Ճամփաբաժիններոլմ կարող են քո գլուխը ջարդել, կամ ականջդ կտրել, բայց դու մեջտեղ բան չես շահի։ Համբերիր մի քիչ. մենք այնպիսի արկածներ էլ կունենանք, որ թույլ կտան ինձ ոչ միայն քեզ կառավարիչ կարգել, այլև ավելի բարձր պաշտոն տալ։

Սանչոն ջերմագին շնորհակալություն հայտնեց, մի անգամ էլ համբուրեց նրա ձեռքն ու օգնեց, որ նա հեծնի Ռոսինանտին, իսկ ինքը թռավ էշի վրա և գնաց տիրոջ ետևից։ Դոն Կիխոտը, կառքում նստած տիկիններին այլևս ոչ մի խոսք չասելով, անգամ հրաժեշտ չտալով, արագ քշեց ձին և մտավ մոտակա անտառը։

Սանչոն, տիրոջը հետևելով, լխկլխկում էր իր ողջ արագությամբ վազող էշի վրա։ Սակայն Ռոսինանտը այնքան արագ էր վազում, որ Սանչոն շուտով ետ մնաց և ստիպված ձայն տվեց տիրոջը, որ սպասի իրեն։

Դոն Կիխոտը, նրա ձայնն առնելով, քաշեց Ռոսինանտի սանձը, մինչև որ հոգնած զինակիրը հասավ իրեն ու ասաց.

— Թվում է ինձ, տեր իմ, որ մենք խելացի վարված կլինենք, եթե պատսպարվեինք որևէ եկեղեցում։ Չէ՞ որ այն մարդը, որի դեմ դուք նոր մարտնչեցիք, այնպիսի ողբալի վիճակում մնաց, որ զարմանալի չի լինի, եթե


այդ անցքի լուրը Սանտա Հերմանդադին[1] հասնի և այն ժամանակ մեզ կկալանավորեն, իսկ բանտ որ նստեցրին, աստված վկա, շատ քրտինք պիտի թափենք, որ այնտեղից դուրս գանք։

— Լռի՛ր,— ասաց դոն Կիխոտը։— Այդ որտե՞ղ ես դու տեսել կամ կարդացել, որ թափառական ասպետներին արյունահեղության համար դատի ենթարկեն։

— Արյունահեղության մասին ես բան չգիտեմ,— պատասխանեց Սանչոն,— և ես երբեք այդ գործով չեմ զբաղվել։ Գալով տուրուդմփոցին, գիտեմ, որ Սանտա Հերմանդադը դրանով շատ է հետաքրքրվում, մնացյալի մասին չեմ խոսում։

— Մի վշտանար, բարեկամս,— ասաց դոն Կիխոտը,— ես քեզ ոչ թե Հերմանդադի, նույնիսկ քաղդեացիների ձեռքից կազատեմ։ Բայց խղճի մտոք ասա ինձ՝ տեսե՞լ ես դու երբևիցե աշխարհիս երեսին ինձնից ավելի խիզախ ասպետ։ Կարդացե՞լ ես դու վեպերում, որ որևէ ասպետ ավելի արիություն ցուցաբերած լինի հարձակվելիս, ավելի համառություն՝ պաշտպանվելիս, ավելի մահաբեր լինի հարվածելիս և ավելի ճկուն՝ թամբից ցած գլորելիս։

— Ճիշտն ասած,— պատասխանեց Սանչոն,— կյանքումս ոչ մի վեպ չեմ կարդացել, որովհետև ես կարդալ-գրել չգիտեմ։ Բայց գրազ կգամ, որ ավելի արի տիրոջ, քան ձերդ ողորմածությունն է, ես կյանքումս չեմ ծառայել, և, տա աստված, որ այդ արիության համար մենք նեղը չընկնենք։ Սակայն խնդրում եմ, ձերդ ողորմածություն, հոգացեք ձեր մասին, ախր ձեր ականջից սաստիկ արյուն է գալիս։ Բարեբախտաբար, պայուսակիս մեջ վիրակապ ու սպիտակ սպեղանի կա։

Սանչոն պայուսակից հանեց վիրակապն ու սպեղանին։ Բայց երբ դոն կիխոտը նկատեց, թե ինչ դրության է հասել իր սաղավարտը, քիչ մնաց ուշաթափվեր։ Ձեռքը թրին դնելով և աչքերը հառելով երկինք, նա արտասանեց.

— Երդվում եմ, այսուհետև այնպիսի կյանք վարել, ինչպես մեծ մարկիզ Մանտուանացին, երբ նա երդվեց իր զարմիկ Բալդովինի մահվան վրեժը լուծել, այսինքն՝ սփռոցից հաց չճաշակել, չանել շատ ուրիշ բաներ, որ թեև ես հիմա մոռացել եմ, սակայն դնում եմ երդմանս մեջ, մինչև որ վրեժս չլուծեմ նրանից, ով նման վիրավորանք հասցրեց ինձ։

— Ձերդ ողորմածություն, տեր իմ, գրողը տանի այդ տեսակ երդումները,— վրա բերեց Սանչոն։— Նրանք վնաս են տալիս առողջությանը և անհանգստացնում խիղճը։ Թե չէ, ասացեք ապա՝ ի՞նչ կլինի, եթե, դիցուք, բազմաթիվ օրերի ընթացքում մեզ ոչ մի սաղավարտավոր մարդ չհանդիպի. ի՞նչ պիտի անենք մենք։ Մի՞թե դուք կատարելու եք ձեր երդումը, հակառակ բոլոր անհարմարություններին և անախորժություններին, այն է՝ շորերը հագիդ քնես, գյուղերում չգիշերես և քեզ հազար ու մի ուրիշ փորձությունների ենթարկես, որ հիշատակել է այդ խելքը թռցրած Մանտուանացին, ի՞նչ է, ձերդ ողորմածությունը կամենում է նրա երդումը վերականգնեցնե՞լ։ Այն էլ մտածեցեք, ձերդ ողորմածություն, որ բոլոր այս ճամփաներով գնում են ոչ թե զինված մարդիկ, այլ ջորեպաններ և կառապաններ, որոնք ոչ միայն սաղավարտ չեն կրում, այլև գուցե իրենց օրում չեն էլ լսել դրա մասին։

— Սխալվում ես,— առարկեց դոն Կիխոտը,— երկու ժամ չի քաշի, և մենք այս խաչաձևվող ուղիներում բազմաթիվ զինված մարդկանց կհանդիպենք։

— Էհ, լավ, թող ձեր ասածը լինի,— ասաց Սանչոն։— Միայն թե կղզի նվաճելու ժամը շուտ հասնի։

— Ես արդեն ասել եմ քեզ, Սանչո, որ կարիք չունես դրա համար անհանգիստ լինելու։ Կղզի չեղավ, որևէ թագավորություն հո կգտնվի՞, այն էլ քո չափսին, ոնց որ մատանին՝ մատիդ։ Սակայն այդ թողնենք, մենք դեռ ժամանակ կունենանք դրա մասին խոսելու, իսկ հիմա տեսնենք, թե քո պայուսակում ուտելու պաշար կա՞։ Կազդուրվենք և իսկույն գնանք որևէ դղյակ որոնելու, որ գիշերն անցկացնենք։

— Մոտս ընդամենը մի գլուխ սոխ, մի կտոր պանիր և մի քանի կտոր հաց կա,— պատասխանեց Սանչոն։— Սակայն այս ամենը ձերդ ողորմածության պես արի ասպետի համար անվայել ուտելիք է։

— Դու ամենևին բան չես հասկանում,— բացականչեց դոն Կիխոտը։— Իմացած եղիր, Սանչո, թափառական ասպետի առաքինությունն այն է, որ ամիսներով բան չուտի, իսկ եթե ուտելու էլ լինի, ապա ուտի ձեռքն ընկած բանը։ Դու կասկած չէիր ունենա, եթե այնքան վեպեր կարդացած լինեիր, որքան ես, և թեև ես շատ եմ կարդացել, բայց չեմ հիշում, որ ասպետը երբևիցե այլ կերպ ուտելիս լինի, քան բոլորովին պատահմամբ և միմիայն ճոխ խնջույքներում, որ սարքված են լինում նրա պատվին։ Մնացած օրերը ասպետները ծաղիկների բույրով հո չէի՞ն սնվում։ Իհարկե, պետք է ենթադրել, որ նրանք այնուամենայնիվ մի բան ուտում էին և բավարարում մնացյալ բնական պահանջները, քանի որ ի վերջո նրանք էլ մեզ նման մարդիկ են։ Իսկ որովհետև նրանք իրենց կյանքի մեծ մասը անտառներում և անապատներում են անցկացրել, ապա խոհարարներ չէին ունենում և, պետք է ենթադրել, որ նրանց սովորական սնունդը գեղջկական հասարակ սնունդ է եղել, հիմա ինձ առաջարկածիդ պես մի բան։ Ուստի, Սանչո բարեկամ, թող քեզ չվշտացնի այն, ինչ ուրախացնում է ինձ, մի աշխատիր նոր-նոր բաներ հնարել և թափառական ասպետներին ճամփից շեղել։

— Ներեցեք ինձ, ձերդ ողորմածություն,— ասաց Սանչոն,— ես ոչ գրել գիտեմ, ոչ էլ կարդալ, ինչպես մի անգամ արդեն ասել եմ, ուստի ասպետական պաշտոնի կանոններն էլ երբեք չեմ կարդացել։ Այսուհետև ես պայուսակիս մեջ ամեն տեսակ չոր պտուղների պաշար կպահեմ ձեզ համար, որովհետև ձերդ ողորմածությունն ասպետ է, իսկ ինձ համար,— քանի որ ասպետ չեմ,— որսի միս և ընդհանրապես ավելի էական բաներ։

— Իմ ասածը բոլորովին այն չէր, Սանչո,— առարկեց դոն Կիխոտը,— որ թափառական ասպետները պարտավոր են միայն չոր միրգ ուտել։ Ես միայն նկատեցի, որ նրանք սովորաբար դրանով են սնվել, մեկ էլ մի քանի տեսակ դաշտային բանջարներով, որ գիտեին գտնել դաշտերում։ Ես էլ դա լավ գիտեմ։

— Օգտակար բան է ճանաչել այդ բանջարները,— ասաց Սանչոն,— որովհետև, ինչպես ինձ թվում է, այդ գիտությունը մի օր մեզ պետք կգա։

Այստեղ նրանք պայուսակից հանեցին իրենց պաշարը և երկուսով, հաշտ ու խաղաղ, սկսեցին ուտել։ Սակայն գիշերվա օթևան գտնելու ցանկությունից դրդված՝ նրանք կարճեցին իրենց չոր ու ցամաք ճաշը, իսկույն նստեցին մեկն՝ իր երիվարը, մյուսն՝ իր էշը և քշեցին, հուսով, որ մինչև մութն ընկնի հասնեն բնակելի մի վայր։ Սակայն արևը մայր մտավ և նրա հետ անհետացավ ցանկացածին հասնելու հույսը, իսկ որովհետև նրանք այծ արածացնողների վրանների մոտ էին, ուստի որոշեցին հենց այստեղ էլ կանգ առնել։ Որքան Սանչոն վշտանում էր, որ գյուղ հասնել չկարողացան, այնքան դոն Կիխոտը, ընդհակառակը, ուրախ էր բաց երկնքի տակ գիշերը անցկացնելու մտքից, որովհետև ամեն անգամ, երբ այդպիսի բան էր պատահում, նա դա հաջողության նշան էր համարում, որը հաստատում էր իր ասպետական իրավունքները։

Տողատակեր

[խմբագրել]
  1. Սանտա Հերմանդադ կնշանակի՝ սուրբ միաբանություն, որ ուներ դատարաններ և գյուղական պահակներ՝ հանցագործներին դատելու և պատժելու համար։