Jump to content

Դոն Կիխոտ/Գլուխ XV

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԼՈՒԽ XV
ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱՅԻ
ԵՎ ՆՐԱ ՏԻՐՈՋ ԽԵԼԱՑԻ ԶՐՈՒՅՑԻ, ՆՆՋԵՑՅԱԼԻ, ԻՆՉՊԵՍ ԵՎ ԱՅԼ
ԱՐՏԱՍՈՎՈՐ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ

Վրա հասավ գիշերը, իսկ դոն Կիխոտն ու Սանչո Պանսան մնացել էին ճամփին, առանց օթևանի։ Բացի այդ, նրանց սկսել էր կեղեքել քաղցը, որովհետև պայուսակի հետ կորցրել էին իրենց պաշարը։ Եվ այստեղ, ի լրումն ամենի, նրանց պատահեց ամենաիսկական, բնավ ոչ մտացածին արկած։ Թեև գիշերը մութն էր, նրանք առաջ էին շարժվում, որովհետև, Սանչոյի կարծիքով, քանի որ սա բանուկ ճանապարհ է, ապա մի երկու մղոնից հետո պետք է որ իջևանատուն լիներ։

Եվ ահա երբ նրանք, երկուսով՝ սոված զինակիրն ու իր տերը, որ նույնպես դեմ չէր մի բան ուտելու, այսպես թափառում էին մթության մեջ, հանկարծ ճամփին բազմաթիվ կրակներ տեսան, որ ընդառաջ էին շարժվում և նման էին մոլորված աստղերի։ Նրանց տեսքից Սանչոն սարսափահար բռնեց ձիու սանձը, և երկուսն էլ կանգ առան, ուշի-ուշով մտիկ տալով, թե դա ինչ կարող է լինել։

Նրանք նկատեցին, որ կրակները իրենց կողմն են շարժվում և քանի մոտենում, այնքան մեծանում են։ Այդ տեսնելով, Սանչոն սկսեց դողդողալ, ինչպես սնդիկից թունավորված մարդ, ասենք, դոն Կիխոտի մազերն էլ բիզ-բիզ կանգնեցին։

— Անտարակույս, Սանչո, սա ամենամեծ և վտանգավոր արկածներից մեկն է, երբ ես պետք է ի հայտ բերեմ իմ ողջ ուժն ու արիությունը։

— Կորա՜,— բացականչեց Սանչոն։— Եթե սրանք էլ են տեսիլներ, ապա որտեղից կողեր գտնեմ, որ դիմանամ նոր քոթակին։

— Եթե նույնիսկ ամենաիսկական տեսիլներ էլ լինեն,— հայտարարեց դոն Կիխոտը,— դարձյալ ես թույլ չեմ տա, որ քո շորի մեկ թելին անգամ դիպչեն։ Եթե անցյալ անգամ նրանք քեզ փորձանքի մեջ գցեցին, ապա միմիայն այն պատճառով, որ ես չկարողացա ցանկապատից բակն անցնել։ Բայց հիմա մենք բաց դաշտում ենք, այստեղ թուր քաշելու տեղ կա։ Համենայն դեպս, Սանչո, մի վհատիր։ Դու հիմա գործով կտեսնես, թե ես ինչ արիության տեր եմ։

Ճանապարհից մի քիչ ծռվելով, նրանք նորից սկսեցին պրպտող հայացքով զննել, ճգնելով հասկանալ, թե ինչ կրակներ են շարժվում իրենց կողմը։

Շուտով նրանք նշմարեցին լայն վերարկուներ հագած բազմաթիվ կերպարանքներ։ Այս ահավոր տեսարանից Սանչոն սարսափեց։ Նրա ատամները զարկվում էին իրար, երբ նրանք ամեն ինչ տեսան։ Նրանց հայացքի առջև ներկայացան մոտ քսան հեծյալ ճերմակ, լայն վերարկուներով, որ գալիս էին ջահերը ձեռքներին, հուղարկավոր սայլի առջևից, որին հետևում էին ևս վեց նման հեծյալ, որոնց սգո հագուստները հասնում էին մինչև իրենց ջորիների սմբակները։ Որ դրանք ջորիներ էին և ոչ թե ձիեր, իսկույն երևում էր նրանց դանդաղ քայլքից։

Լայն վերարկուներով հեծյալները դանդաղ շարժվում էին առաջ, քթի տակ ինչ-որ մրմնջալով կամացուկ ու լալագին ձայնով։

Այսպիսի արտասովոր մի տեսարան, այսքան տարաժամ և այսպիսի ամայի մի վայրում, կարող էր խռովել ում ասես, ոչ միայն Սանչոյին։ Ավա՜ղ, ինչո՞ւ նույնը չպատահեց դոն Կիխոտին, որի երևակայությանը պատկերվեց մեկն այն արկածներից, որ նկարագրված են նրա սիրած վեպերում։

Նրան թվաց, թե հուղարկավորման սայլը սգո կառք է, որով տանում են ծանր վիրավորված կամ սպանված մի ասպետի և որ հենց ինքը, դոն Կիխոտը, պետք է նրա վրեժը լուծի։ Ուստի, առանց երկար խորհելու, նա ճոճեց իր նիզակը, ամրացավ թամբի վրա և վեհ ու կտրիճ տեսքով դուրս ելավ ճամփի մեջտեղը, որտեղից պիտի անցնեին լայն վերարկուներով հեծյալները։ Երբ նրանք բոլորովին մոտեցան, դոն Կիխոտը բարձրաձայն գոչեց.

— Կանգ առեք, ասպետներ, կամ ովքեր էլ լինեք և իսկույն ասացեք ինձ, թե ովքե՞ր եք դուք, ո՞ւր եք գնում, որտեղի՞ց եք գալիս և ո՞ւմ եք տանում սայլով։ Որովհետև, ըստ ամենայնի, երևում է, որ դուք ինչ-որ ոճրագործության մեղապարտներ եք կամ զոհեր։ Ուստի ես պետք է իմանամ, թե բանն ի՞նչ է, որպեսզի կամ պատժեմ ձեզ՝ ձեր արածի համար, կամ վրեժ լուծեմ ձեզ հասցրած վիրավորանքի համար։

— Մենք շտապում ենք,— ասաց լայն վերարկու հագածներից մեկը,— իսկ մինչև իջևանատուն դեռ հեռու է։ Ուստի մենք ժամանակ չունենք քեզ երկար ու բարակ բացատրություն տալու։

Եվ, խթանելով ջորուն, կամեցավ նրա կողքից անցնել։

Դոն Կիխոտը, այդպիսի պատասխանից սաստիկ վիրավորված, բռնեց ջորու նոխտան և ասաց.

— Կանգ առեք, համբակներ, և պատասխանեցեք իմ հարցերին։ Հակառակ դեպքում՝ ես ձեզ բոլորիդ մարտի եմ կանչում։

Ջորին վախկոտ էր և, երբ նրա նոխտան բռնեցին, նա այնպես խրտնեց, որ ծառս եղավ և վրան նստածին գետին գցեց։ Կողքից գնացող ծառան, տեսնելով, որ տերը վայր ընկավ, սկսեց հայհոյել դոն Կիխոտին։ Այդ ժամանակ առանց այն էլ կատաղած դոն Կիխոտը իսկույն նշան բռնեց իր նիզակով և հարձակվեց սև հագնված մարդկանցից մեկի վրա, որ սաստիկ ջարդ կրելով, գետին գլորվեց։ Ապա դոն Կիխոտը հարձակվեց մյուսների վրա և պետք էր տեսնել, թե ի՜նչ արագությամբ էր նրանց հախիցը գալիս։ Թվում էր, թե Ռոսինանտը թև էր առել, այնպես թեթև և հպարտ սուրում էր ետ ու առաջ։ Լայն վերարկուներով հեծյալները բոլորն էլ երկչոտ ու անզեն մարդիկ էին, ուստի մեկ ակնթարթում, առանց պայքարի, նրանք թողին ճամփան և փախան դաշտի զանազան կողմերը, վառ ջահերը ձեռքներին։ Նրանք նման էին դիմակահանդեսում ուրիշի շորեր հագած մարդկանց, որ զվարճանում են բարեկենդանի գիշերներին։ Իսկ սգվորների ոտքերին փաթաթվել էին իրենց լայնարձակ վերարկուների փեշերը, ուստի նրանք չէին կարող արագ շարժվել, մի բան, որ դոն Կիխոտին թույլ էր տալիս առանց դժվարության փառավորապես ջարդուբուրդ անել նրանց բոլորին և ստիպել, որ կամա-ակամա կռվի դաշտը իրեն զիջեն։ Եվ նրանց թվում էր, թե դա մարդ չէ, այլ սատանա, որ հանդես է եկել դժոխքից, որպեսզի սայլի վրա դրած դին գողանա։

Նայելով այս ամենին, Սանչոն միայն զարմանում էր իր տիրոջ խիզախությունից և խորհում.

— Երևի, իրոք, իմ տերը այնպես խիզախ ու զորեղ է, ինչպես որ ասում է։

Ջորուց վայր ընկածի մոտ, գետնին, մի վառ ջահ կար, որի լույսից դոն Կիխոտը նկատեց ընկածին։ Մոտենալով, նա իր նիզակի սուր ծայրը մոտեցրեց նրա դեմքին և հրամայեց, որ անձնատուր լինի, թե չէ կսպանի։ Սա պատասխանեց.

— Ես ավելի քան անձնատուր եմ եղել, որովհետև ոտքս ջարդված է և չեմ կարող տեղիցս շարժվել։ Աղաչում եմ, որ ձերդ ողորմածությունը չսպանի ինձ։

— Ո՞ր սատանան ձեզ այստեղ բերեց,— հարցրեց դոն Կիխոտը։

— Իմ չար բախտը, պարոն,— պատասխանեց պարտվածը։

— Ձեր բախտն առավել վատթար կլինի,— ասաց դոն Կիխոտը,— եթե դուք կարգին չպատասխանեք այն հարցերին, որ ես նոր տվի ձեզ։

— Սիրով կբավարարեմ ձերդ ողորմածությանը,— պատասխանեց գետնին ընկածը։— Թույլ տվեք զեկուցեմ ձերդ ողորմածությանը, որ մենք ուղևորվոլմ էինք Սեգովիա, ուղեկցելով սայլի վրա դրած մի ազնվականի դիակին, որ վախճանվել է Բաեսում։ Նա սկզբում այնտեղ է թաղված եղել, իսկ հիմա մենք նրա աճյունը փոխադրում ենք նրա ծննդավայրը՝ Սեգովիա, իր տոհմական դամբարանը։

— Ո՞վ է սպանել նրան,— հարցրեց դոն Կիխոտը։

— Ջերմը, որ նրան գերեզման տարավ։

Դոն Կիխոտը ձայն տվեց Սանչոյին։ Սակայն սա ստիպեց իրեն երկար սպասել, զբաղված լինելով մի ջորու բեռ քակելով։ Այդ ջորին գալիս էր այս բարի մարդկանց հետևից՝ բեռնված ամեն տեսակ ուտելեղենով։ Իր վերարկուն պարկ դարձնելով և մեջը դնելով այնքան բարիք, ինչքան կարողացավ վերցնել և մեջը տեղավորել, Սանչոն բեռը գցեց էշի վրա և միայն դրանից հետո գնաց տիրոջ մոտ։ Սա օգնեց վայր ընկածին դուրս գալու ջորու տակից և ապա, խեղճին փալանի վրա նստեցնելով, ջահը տվեց ձեռքը։ Հետո առաջարկեց նրան, որ գնա հասնի իր ուղեկիցներին և հայտնի նրանց, որ ինքը՝ դոն Կիխոտը, ներողություն է խնդրում ակամա հասցրած վիրավորանքների համար։

Սանչոն դրան ավելացրեց․

— Եթե այդ պարոնները ցանկանալու լինեն իմանալ, թե ով է այն քաջարին, որ այնքան ճարպիկ իրենց հախիցը եկավ, ասացեք նրանց, ձերդ ողորմածություն, որ հռչակավոր դոն Կիխոտ Մանչացին է, Վշտակերպ Ասպետ կոչեցյալը։

Երբ ջորին շարժվեց, դոն Կիխոտը հարցրեց Սանչոյից, թե ինչու հանկարծ նրա խելքին փչեց իրեն Վշտակերպ Ասպետ անվանել։

— Իսկույն բացատրեմ ձեզ,— պատասխանեց Սանչոն։— Ջահի լույսի տակ մի վայրկյան ձեզ տեսա թե չէ, այն ջահի, որ դժբախտը հիմա տանում է, իսկույն ինձ թվաց, որ ձեր տեսքը, ճիշտն ասած, այնքան թշվառ է, որքան առաջ երբեք չէի տեսել։ Երևի դա նրանից է, որ ձեզ սաստիկ հոգնեցրեց ճակատամարտը, գուցե և ատամների կորուստը։

— Պատճառը բնավ այդ չէ,— պատասխանեց դոն Կիխոտը,— այլ ամենից շուտ այն, որ իմաստունը, որին վիճակված է գրելու իմ սխրագործությունների պատմությունը, երևի հարմար է դատել, որ ես ինձ համար որևէ մականուն ընտրեմ, ինչպես անցած ժամանակների բոլոր ասպետները։ Մեկը կոչվելիս է եղել Բոցավառ Թրի Ասպետ, մյուսը՝ Միապոզ, սա՝ Կույսերի Ասպետ, նա՝ Փյունիկի կամ Արծվի ասպետ, կամ թե չէ Մահվան Ասպետ, և այդ անուններով նրանք հայտնի դարձան երկրագնդի վրա։ Այ, ես կարծում եմ, որ այդ իմաստունն է ներշնչել քեզ ինձ Վշտակերպ Ասպետ կոչելու։ Այսուհետև ես ընդունում եմ այդ անունը, որպեսզի ընդմիշտ մնա, առաջին իսկ հնարավորության դեպքում կհրամայեմ, որ վահանիս վրա մի վշտալից դեմք նկարեն։

— Կարիք չկա դրա վրա ժամանակ և փող ծախսելու,— ասաց Սանչոն։— Բավական է, որ դուք բաց անեք ձեր երեսը և ցույց տաք բոլոր ցանկացողներին, և ամեն մեկը, առանց վահանի վրա որևէ նկար տեսնելու, իսկույն ձեզ Վշտակերպ Ասպետ կկոչի, կարող եք վստահ լինել։ Հավատացնում եմ ձեզ, պարոն, առակն անխոտելի է, քաղցն ու ջարդված ատամները այնպես են պճնել ձեր դեմքը, որ կրկնում եմ, դուք կարող եք միանգամայն յոլա գնալ առանց վշտատեսիլ նկարի։

Երկու բլուր անցնելուց հետո նրանք շուտով հասան մի ընդարձակ հովիտ։ Սանչոն ցած բերեց իր էշի բեռը, ապա, մեկնվելով կանաչ խոտի վրա, ասպետն ու զինակիրը, ի հաստատումն կանոնի, թե լավագույն խոհարարը քաղցն է, իսկույն նախաճաշեցին, ճաշեցին և ընթրեցին, լցնելով իրենց ստամոքսը բազմաթիվ սառը խորտիկներով, որ պարոն տերտերները (հազվադեպ իրենց անձը մոռացող) տանում էին իրենց հետ՝ ջորու վրա դրած։

Սակայն այստեղ մի նոր ցավ դուրս եկավ, վատթարագույնը Սանչոյի աչքում, այսինքն՝ նրանք ոչ միայն գինի, այլ անգամ ջուր չունեին, որ կոկորդները թրջեին։ Այստեղ ծարավից պապակվող Սանչոն նկատելով, որ դաշտը ծածկված է կանալ, թարմ խոտով, դոն Կիխոտին դիմեց, իսկ թե ինչ ասաց, մենք կիմանանք հետևյալ գլխից։