Jump to content

Դոն Կիխոտ/Գլուխ XXXV

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԼՈՒԽ XXXV
ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է, ԹԵ ԻՆՉ ԾԱՅՐԱՀԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂ Է
ՀԱՍՆԵԼ ԵՎ ՀԱՍԱՎ ԴՈՆ ԿԻԽՈՏԻ ԱՆԼՈՒՐ ԱՐԻՈՒԹՅՈՒՆԸ
ԱՌՅՈՒԾՆԵՐԻ ԱՐԿԱԾՈՒՄ, ՈՐ ՀԱՆԳԵՑ ՆՐԱ ՀԱՄԱՐ ԲԱՐԵԲԱՍՏԻԿ
ՎԱԽՃԱՆԻ

Ճամփին երևաց մի սայլ, որը զարդարված էր մի քանի փոքրիկ դրոշակներով։

Երբ որ դրոշակազարդ սայլը մոտեցավ՝ բացի ջորիներից մեկի վրա նստած ջորեպանից և սայլի առաջնակողմում նստած մեկ հոգուց, ուրիշ մարդ չերևաց։

Դոն Կիխոտը սայլի առաջը կտրեց և ասաց.

— Այդ ո՞ւր եք գնում, եղբայրներ։ Սա ի՞նչ սայլ է, մեջը ի՞նչ եք տանում և այդ ի՞նչ դրոշակներ են։

Ջորեպանը պատասխանեց.

— Սայլը իմն է, վրան վանդակ է, որի մեջ ամեհի առյուծներ ենք տանում Օրանի գեներալից նվեր նորին մեծությանը։ Այս դրոշակներն էլ մեր տեր թագավորինն են, նշան, որ մենք արքունական գույք ենք փոխադրում։

— Առյուծները մեծ-մե՞ծ են,— հարցրեց դոն Կիխոտը։

— Այնքան մեծ,— պատասխանեց սայլի առջևում նստածը,— որ նրանցից մեծերը, նույնիսկ սրանց չափ մեծերը դեռ Աֆրիկայից Եվրոպա ուղարկված չեն եղել։ Ես առյուծների վերակացուն եմ, շատ-շատ եմ իմ օրում դրանցից բերել, բայց սրանց նմանը դեռ բերած չկամ։ Առյուծները շատ քաղցած են, ուստի, ձերդ ողորմածություն, բաց թողեք գնանք, շուտով այնպիսի տեղ հասնենք, որտեղ կարելի լինի կերակրել նրանց։

Դոն Կիխոտը, թեթև քմծիծաղով, պատասխանեց.

— Կորյուններ եք ասում, հա՞։ Ես այն մարդկանցից չեմ, որ առույծներից վախենամ։ Քանի որ դուք եք վերակացուն, ապա բարի եղեք իջնել սայլից, բաց արեք վանդակը, բաց թողեք գազաններին, և ես այս դաշտում ցույց կտամ, թե ով է դոն Կիխոտ Մանչացին։ Թող ճաքեն ու տրաքեն այդ առյուծներին ինձ դեմ ուղարկող կախարդները։

Սանչոն մոտ եկավ ու արցունքն աչքերին սկսեց աղաչել.

— Տեր իմ, ի սեր աստծո, ձեռք քաշեք այս առյուծներից, թե չէ նրանք մեզ բոլորիս կհոշոտեն։

Դոն Կիխոտը դիմեց վերակացուին.

— Դոն անբան, եթե իսկույն ևեթ վանդակը բաց չանեք, ես այս նիզակով ձեզ կգամեմ սայլին։

Ջորեպանը իջավ և արագ-արագ սկսեց արձակել ջորիներին, որ հեռու տանի։

— Ուշ դարձրեք, պարոն,— համոզում էր Սանչոն,— այստեղ ոչ մի կախարդանք չկա։ Ես դռնակի փեղկերի արանքից տեսա իսկական առյուծի ճիրանները։ Մի առյուծ, որ այդ տեսակ ճիրաններ ունի, սարի չափ մեծ կլինի։

— Երկյուղից քո աչքին կարող է երկրագնդի կեսի չափ մեծ էլ երևալ,— պատասխանեց դոն Կիխոտը։— Դե՛ն քաշվիր, Սանչո, թող ինձ մենակ, և եթե ես կործանվելու լինեմ, չմոռանաս մեր հին պայմանը՝ կերթաս Դուլսինեայի մոտ, իսկ մնացյալի մասին էչ չեմ խոսում։

Դոն Կիխոտը իջավ ձիուց, նիզակը դեն գցեց, բռնեց վահանը, թուրը քաշեց և դանդաղ քայլով՝ զարմանալի անվեհեր ու հոգեկան հաստատակամությամբ, դիմեց դեպի սայլը։

Վերակացուն տեսնելով, որ դոն Կիխոտը կազմ ու պատրաստ կանգնել է վանդակի դիմաց, բաց արեց դռնակի փեղկերը։

Ահավոր ու ահռելի առյուծը շուռ եկավ վանդակում մի կողքից մյուսը, թաթերը բաց արեց և ամբողջ մարմնով ձգվեց ու դանդաղ հորանջեց, հանեց լեզուն՝ երկու գազ երկարությամբ, լպստեց աչքերն ու մռութը։ Ապա գլուխը հանեց վանդակից և նայեց չորս դին՝ կրակի պես շողշողուն աչքերով։ Նրա տեսքն ու շարժումները ում ասես չէին սարսափեցնի, բայց դոն Կիխոտը ուշիուշով զննում էր նրան և փափագում, որ առյուծը շուտով դուրս ցատկի սայլից, հետը կռվի բռնվի, որովհետև մեր ասպետը հավատացած էր, որ ինքը նրան պատառ-պատառ կանի։ Ահա թե ինչ ծայրահեղ աստիճանի էր հասել նրա խելագարությունը։

Սակայն վեհանձն առյուծն ավելի քաղաքավարի էր, քան հանդուգն։ Նա ուշ չդարձրեց դոն Կիխոտի մանկամիտ կռվասիրության վրա, շուռ եկավ և ցույց տվեց մեր ասպետին իր գավակը, ապա հանգիստ ու անխռով դարձյալ մեկնվեց վանդակի մեջ։

Այդ որ տեսավ դոն Կիխոտը, վերակացուին հրամայեց, որ փայտով մի քանի հարված հասցնի առյուծին, որպեսզի նրան զայրացնի և դուրս բերի վանդակից։

— Ես այդ չեմ անի,— պատասխանեց վերակացուն,— ախր եթե ես նրան չարացնելու լինեմ, նա նախ և առաջ ինձ կհոշոտի։ Եղածն էլ, պարոն ասպետ, արդեն բավական է։ Քաջության իմաստով, սրանից լավ ապացույց հնարել իսկ չի լինի, ուստի պետք չէ փորձել բախտը երկու անգամ։ Դռան փեղկերը բաց են, առյուծը կարող է դուրս գալ, եթե կամենա, բայց քանի որ մինչև հիմա դուրս չեկավ, ապա՝ վերջ, մինչև երեկո այլևս դուրս չի գա։ Դուք, ձերդ ողորմածություն, լիովին ի հայտ բերեցիք ձեր սրտի արիությունը։

— Դա ճիշտ է,— պատասխանեց դոն Կիխոտը։— Կողպեցեք դռնակը, բարեկամս, և, ամենալավ ձևով կազմած մի վկայական տվեք ինձ այն ամենի մասին, որ դուք նոր տեսաք, այն է՝ թե ինչպես դուք բաց արիք դռնակը, ինչպես ես սպասեցի առյուծի դուրս գալուն, իսկ նա դուրս չեկավ, ինչպես ես շարունակեցի սպասել, իսկ նա դարձյալ դուրս չեկավ և, վերջապես, մեկնվեց վանդակում։ Ես իմ պարտքս կատարեցի։ Ուստի փակեցեք դռնակը, լծեցեք ջորիները և գնացեք բարով։

Ապա դոն Կիխոտը, ձեռքի նշաններով, մոտ կանչեց Սանչոյին.

— Երկու ոսկի տուր, Սանչո, մեկը՝ վերակացուին՝ մյուսը՝ ջորեպանին, իբրև պարգև, որովհետև ես եմ մեղավոր, որ նրանք ուշացան այստեղ։

Սանչոն տվեց երկու ոսկին, ջորեպանը լծեց ջորիները, վերակացուն համբուրեց դոն Կիխոտի ձեռքը, շնորհակալ եղավ նրա ցույց տված ողորմածության համար և խոստացավ այս սխրագործության մասին պատմել իրեն՝ թագավորին, հենց որ հասնի մայրաքաղաք։

— Իսկ եթե նորին մեծությունը պատահաբար հարցնելու լինի, թե ով է կատարել այդ քաջագործությունը,— ասաց դոն Կիխոտը,— ապա կպատասխանեք՝ Առյուծների Ասպետը, որովհետև ես այսուհետև կամենում եմ, որ մինչև օրս իմ կրած Վշտակերպ Ասպետ անունը փոխվի, փոխարինվի, ուղղվի և դառնա այս նոր մականունը։