Դոն Կիխոտ/Գլուխ XXXIV
ԱՐԿԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Երկար ու բարակ զրույցից հետո Անտառի ասպետն ասաց դոն Կիխոտին.
— Պարոն ասպետ, թող ձեզ հայտնի լինի, որ բախտի կամքով, ավելի լավ է ասել՝ իմ սեփական ընտրությամբ, ես սիրեցի աննման Կասիլդեա Վանդալիաեցուն։ Ես նրան աննման եմ անվանում, որովհետև ոչ ոք չի կարող նմանվել նրան հասակի բարձրությամբ, ծագման ազնվությամբ և գեղեցկությամբ։ Ահավասիկ այդ Կասիլդեան, բոլոր իմ ազնիվ մտադրություններին և պարկեշտ զգացմունքներին ի տրիտուր հատուցեց նրանով, որ նմանվեց Հերկուլեսի խորթ մորը, հրամայեց, որ ես հաղթահարեմ բազմաթիվ ու բազմազան դժվարություններ և, երբ որ ես հաղթող էի դուրս գալիս մեկ փորձությունից, նա հավատացնում էր, որ հետևյալը վերջինը կլինի և որ վերջապես նա կպսակի իմ հույսերը։ Սակայն իմ սխրագործությունների շղթան երկարում ու երկարում է, ես արդեն անկարող եմ դրանք համրելու և չգիտեմ, թե դրանցից ո՞րն է վերջինը լինելու և ո՞րը սկիզբ դնելու իմ համեստ ցանկությունների կատարմանը։ Ես ոտի տակ եմ տվել Իսպանիայի բոլոր գավառները և հարկադրել, որ այնտեղ շրջող բոլոր թափառական ասպետները ճանաչեն, որ գեղեցկությամբ Կասիլդեան գերազանցում է աշխարհիս բոլոր կանանց, իսկ ես աշխարհիս երեսին ամենախիզախ և սիրահարված ասպետն եմ։ Նրա հրամանով ես ոտքի տակ եմ տվել գրեթե ողջ Իսպանիան և հաղթել բազմաթիվ ասպետների, որոնք հանդգնել են հակաճառել ինձ։ Բայց ես առանձնապես հպարտանում ու պարծենում եմ, որ մենամարտի մեջ հաղթեցի հռչակավոր ասպետ դոն Կիխոտ Մանչացուն և ստիպեցի, որ իմ Կասիլդեային իր Դուլսինեայից ավելի չքնաղ ճանաչի։ Այդ մի հատիկ հաղթանակը աշխարհիս բոլոր ասպետների վրա տարած հաղթանակին է հավասար, քանի որ դոն Կիխոտը նրանց բոլորին ջարդել է և, հետևաբար, քանի որ ես նրան եմ հաղթել, ապա նրա փառքը, պատիվն ու մեծությունը փոխադրվում ու փոխանցվում են իմ անձին։
Դոն Կիխոտը զարմացած լսում էր Անտառի ասպետին, մեռնում էր միջամտելու և ասելու համար, որ նա ստում է և «ստում եք»-ը արդեն լեզվի ծայրին էր, բայց ճիգ գործադրեց, զսպեց իրեն, որպեսզի նա ինքը խոստովանի իր սուտը, ուստի հանգիստ պատասխանեց.
— Որ ձերդ ողորմածություն պարոն ասպետը հաղթել է Իսպանիայի և, եթե կամենաք, ամբողջ աշխարհի գրեթե բոլոր թափառական ասպետներին, ես չեմ առարկում, բայց ես կասկածում եմ, որ դուք դոն Կիխոտ Մանչացուն հաղթած լինեք։ Թերևս դուք որևէ ուրիշին հաղթած լինեք, որ նման է նրան, քի՞չ կա նրան նման մարդ, ի՜նչ է։
— Ինչպե՞ս թե չեմ հաղթել,— բացականչեց Անտառի ասպետը։— Երկինքը վկա, ես կռվել եմ դոն Կիխոտի հետ և հաղթել նրան, և նա խնդրել է, որ ես խնայեմ իրեն։ Ինքը՝ բարձրահասակ, նիհար դեմքով, վտիտ մարմնով, ճերմակախառն մազերով, արծվաքիթ, երկար ու ցած իջնող բեղերով մարդ է։ Նա մարտնչում է Վշտակերպ Ասպետ անվան տակ, մի գյուղացի էլ զինակիր ունի, Սանչո Պանսա անունով։ Նա խթանում ու քշում է Ռոսինանտ անունով նշանավոր մի ձի և վերջապես նրա սրտի հատորը՝ Դուլսինեա Տոբոսցին է, որ մի ժամանակ Ալդոնսա Լորենցո է կոչվելիս եղել։ Ես էլ եմ իմ տիրուհուն Կասիլդեա Վանդալիաեցի կոչում, բայց նրա իսկական անունը՝ Կասիլդա է, ծննդավայրը՝ Անդալուզիան։ Եթե բոլոր այս նշանները չեն համոզում ձեզ, որ ես ճիշտ եմ ասում, ահավասիկ իմ թուրը, որ անգամ թերահավատին կստիպի հավատ ընծայել։
— Հանգիստ կացեք, պարոն ասպետ,— ասաց դոն Կիխոտը։— Լսեցեք, թե ինչ եմ ասում։ Իմացած եղեք, որ դոն Կիխոտը, որի մասին դուք պատմում եք, աշխարհիս երեսին իմ ամենալավ բարեկամս է, և մենք այնքան սերտ բարեկամներ ենք, որ կարելի է ասել, որ ես ու նա մեկ անձ ենք։ Ձեր թված նշանները այնքան ճշգրիտ են և անսխալ, որ հարկադրում են ինձ հավատալ, որ դուք հենց նրան եք հաղթել։ Սակայն, մյուս կողմից, իմ աչքերն ու շոշափելիքը համոզում են ինձ, որ դա չէր կարող լինել, եթե միայն իմ բազմաթիվ թշնամի-կախարդները (ամենից շուտ նրանցից մեկը, որ շարունակ հալածում է ինձ) չի ընդունել նրա կերպարանքը, որպեսզի հնարավորություն տա ձեզ հաղթելու և դրանով նրան զրկելու փառքից, որ նա վաստակել ու ձեռք է բերել մեզ ծանոթ բովանդակ աշխարհում իր վսեմ գործերով։ Վերջապես ձեզ համոզելու համար, որ իմ ասածները զուտ ճշմարտություն են, ահավասիկ ձեր առջև ինքը դոն Կիխոտը, որը՝ զենքը ձեռքին կապացուցի ձեզ, ձիով կամ ոտքով, մարտի միջոցով կամ առհասարակ ինչպես ձեզ հաճելի կլինի։
Այս խոսքերով նա վեր թռավ տեղից և բռնեց թուրը, սպասելով, թե ինչպես կվարվի ասպետը, սակայն վերջինս, ոչ պակաս հանգիստ, պատասխանեց.
— Լավ վճարողը երբեք գրավից չի վախենա, պարոն դոն Կիխոտ։ Նա, որ մեկ անգամ կարողացել է հաղթել ձեզ կերպարանափոխված վիճակում, ունի իրավունք հույս տածելու, որ կհաղթի նաև ձեր իսկական կերպարանքի մեջ։ Սակայն վայել չէ, որ ասպետները կռվեն խավարում, գողերի և քստմնելի ավազակների պես, ուստի համբերենք մինչև լույս, և թող արևը վկա լինի մեր քաջագործություններին։ Մենք կմտնենք մարտի մեջ մի պայմանով, որ հաղթվածը ճանաչի հաղթողի կամքը և հնազանդի նրա հրամանին, եթե միայն վերջինս ասպետի համար ստորացուցիչ չլինի։
— Ես միանգամայն բավարարված եմ նման պայմանից,— ասաց դոն Կիխոտը։
Այս խոսքերից հետո նրանք գնացին իրենց զինակիրների մոտ և գտան նրանց խռմփալիս նույն դիրքով, ինչ դրության մեջ նրանց վրա էր հասել քունը։ Ասպետները նրանց արթնացրին և պատվիրեցին պատրաստել ձիերին, որովհետև լուսաբացին նրանց միջև պիտի տեղի ունենար անլուր, արյունոտ և վտանգավոր մարտ։ Այդ լուրից Սանչոն վախեցավ ու նվաղեց, որովհետև Անտառի ասպետի զինակիրը նրան այնքան էր դուրս տվել իր տիրոջ արիության մասին, որ Սանչոն դոն Կիխոտի կյանքը վտանգված տեսավ։ Այնուհանդերձ, զինակիրներրը, առանց բառ անգամ արտասանելու, գնացին իրենց երամակի մոտ, որովհետև էշն ու երեք ձին, իրար հոտոտելուց հետո, միասին էին արածում։
Ճանապարհին Անտառի ասպետի զինակիրն ասաց Սանչոյին.
— Պետք է իմանաս, եղբայր, որ մեզ մոտ, Անդալուզիայում, սովորություն կա, որ մենամարտի ժամանակ վկաները ձեռքերը ծալած, պարապ չեն մնում, մինչ կողմերը կռվում են իրար դեմ։ Ասելս այն է, որ դուք նկատի ունանք մեր տերերի մենամարտության միջոցին մենք էլ պետք է իրար ջարդուբուրդ անենք։
— Այդ սովորութունը, պարոն զինակիր,— պատասխանեց Սանչոն,— կարելի է պահպանել ու պաշտպանել կռվարարների շրջանում և վկաների մոտ, որոնց մասին դուք ակնարկեցիք, սակայն ոչ մի դեպքում չի կարելի կիրառել թափառական ասպետների զինակիրներին։ Գոնե իմ տերը նման սովորության մասին երբեք ինձ բան չի ասել, իսկ նա անգիր գիտի թափառական ասպետության կանոնադրությունը։ Բայց թող դա ճիշտ լինի և իրոք ճշգրիտ կանոն լինի, որ զինակիրները կռվեն իրենց տերերի մենամարտելու միջոցին։ Ես գերադասում եմ այդ կանոնը խախտել և խաղաղասեր զինակիրներից գանձվող տուգանքը վճարել։ Հավատացած եմ, որ այդ տուգանքը երկու գրվանքա մոմից շատ չի լինի։ Համ էլ ես թուր չունեմ և ծնածս օրից չեմ ունեցել։
— Այդ ցավին ես դարման կանեմ, հոգ չէ,— պատասխանեց Անտառի ասպետի զինակիրը։— Ես հետս երկու քաթանե պարկ եմ վերցրել։ Մեկը դուք կվերցնեք, մյուսը՝ ես, և մենք հավասար զենքով կկռվենք։
— Դա ուրիշ բան է,— պատասխանեց Սանչոն,— այդ տեսակ կռվում վիրավոր չի լինի, մենք միայն իրարից փոշի կհանենք։
— Դա այնքան էլ ճիշտ չէ,— առարկեց մյուսը,— որպեսզի քամին չտանի մեր պարկերը, մենք մեջը մի վեց հատ միանման քար կգցենք, ապա թե իրար կհարվածենք առանց վնասի և կորուստի։
— Այդ մեկը չեղա՜վ,— պատասխանեց Սանչոն։— Անգամ եթե բոժոժներ լցնելու լինեք մեջը, ես դարձյալ չեմ կռվի։ Կարիք չկա միջոցներ որոնել մեր կյանքը կարճելու սահմանված ժամկետից առաջ։ Երբ որ հասնենք՝ վայր կընկնենք ծառից։ Մեկ էլ ես այնքան ապերախտ չեմ, որ կռվեմ մի մարդու հետ, որի հետ կերել-խմել եմ։ Մանավանդ որ ինձ ոչ վիրավորել են, ոչ նեղացրել։
— Դրա դեմ էլ ճար կգտնվի,— ասաց մյուսը։— Կռիվն սկսելուց առաջ ես կմոտենամ ձերդ ողորմածությանը և մի երեք-չորս ապտակ կտամ, այնպես որ դուք վայր ընկնեք գետին, այն ժամանակ ձեր ցասումը կզարթնի, թեկուզ դուք արջամկից էլ քնկոտ լինեք։
— Այդ տեսակ ոտնձգության դեմ,— պատասխանեց Սանչոն,— ես պաշտպանվելու հնար կգտնեմ։ Մի լավ մահակ կվերցնեմ, նախքան ձերդ ողորմածությունը իմ զայրույթը արթնացնի, այնպիսի հարվածներ կհասցնեմ, որ ձեր ցասումը կքնի և թերևս այն աշխարհում կզարթնի։
Հազիվ էր լույսը բացվել և հնարավոր դարձրել տեսնել և զանազանել առարկաները, առաջին բանը, որ ներկայացավ Սանչո Պանսայի աչքերին, Անտառի ասպետի զինակրի քիթն էր։ Քիթն այնքան մեծ էր, որ ստվերը ծածկում էր իր տիրոջ գրեթե ողջ մարմինը։ Այդ արտասովոր մեծության քիթը բադրիջանի պես մանուշակագույն էր, ամբողջապես ծածկված գորտնուկներով։ Քթի մեծությունը, գույնը, ծռությունն ու գորտնուկները զինակրի դեմքը այնքան այլանդակ էին դարձնում, որ Սանչոն երեխայի պես սկսեց ձեռք ու ոտները թափահարել և վճռեց, որ ավելի շուտ կհամաձայնի երկու հարյուր ապտակ ստանալ, քան գրգռել այդ հրեշի զայրույթը և հետը կռիվ անել։
Դոն Կիխոտը, իր հերթին, նայեց հակառակորդին, բայց վերջինս սաղավարտը դրել ու երեսակալը իջեցրել էր, այնպես որ նրա դեմքը տեսնել չկարողացավ։ Նա միայն նկատեց, որ անծանոթը թիկնեղ էր և ոչ բարձրահասակ։
Դոն Կիխոտը ամեն ինչ զննեց, դիտեց և եզրակացրեց արտաքին նշաններից, որ այդ ասպետը ահագին ուժի տեր պիտի լինի։
— Մինչև մենք ձի հեծնենք,— ասաց դոն Կիխոտը,— դուք կարող եք ինձ ասել, իրո՞ք ես այն իսկ դոն Կիխոտն եմ, որին, ձեր ասելով, հաղթել եք։
— Դրան ես կպատասխանեմ,— պատասխանեց Անտառի ասպետը,— որ դուք նմանք եք հաղթված ասպետին, ինչպես մեկ ձուն՝ մյուսին։ Սակայն քանի որ դուք պնդում եք, թե ձեզ հալածում են կախարդները, ապա ես չեմ վստահում հաստատել, դո՞ւք եք արդյոք ծպտվել այն արտաքինի մեջ, թե՞ մեկ ուրիշը,
— Այդքանն էլ բավական է ձեր մոլորությունը հաստատելու համար,— ասաց դոն Կիխոտը։— Դուք իսկույն կհամոզվեք, որ իմ տիրուհու ու թրի օգնությամբ շատ ավելի կարճ ժամանակում ես կտեսնեմ ձեր երեսը, քան ձեզ պետք կգար սաղավարտի երեսկալը բարձրացնելու համար, և դուք կհամոզվեք, ձեր հաղթած դոն Կիխոտը չեմ, որի տեղ դուք ինձ ընդունում եք։
Սրանով վերջացավ նրանց խոսակցությունը։ Նրանք ձի հեծան։ Դոն Կիխոտը շուռ տվեց Ռոսինանտի գլուխը, որպեսզի հակառակորդի վրա հարձակվելու համար հեռվից թափ վերցնի։ Նույնն արեց նաև Անտառի ասպետը։
Սանչոն, տեսնելով, որ իր տերը ետ գնաց թափ առնելու համար, չկամեցավ երես առ երես մնալ մեծքթանու հետ։ Բավական է, որ նա քիթը խփի իր քթին, անցավ նրա մտքից, ու կռիվը վերջանա, որովհետև ինքը հարվածից կամ երկյուղից գետին կտապալվի։ Ուստի նա ընկավ իր տիրոջ հետևից, բռնելով Ռոսինանտի ասպանդակից և, երբ որ նրա հաշվով ետ դառնալու ժամանակը հասավ, ասաց.
— Ձերդ ողորմածություն, աղաչում եմ, նախքան թշնամու վրա հարձակվելը օգնեցեք բարձրանամ այս կաղնու ծառը, որտեղից ինձ համար ավելի հարմար կլինի դիտել ձերդ ողորմածության քաջարի մենամարտը այն ասպետի հետ։
— Ավելի ճիշտ կլիներ ասել, Սանչո,— պատասխանեց դոն Կիխոտը,— որ դու ուզում ես ծառը բարձրանալ, որ կատարյալ ապահովությամբ նայես ցլամարտին։
— Ճիշտն ասած,— պատասխանեց Սանչոն,— զինակրի հրեշավոր քիթը իմ սիրտն այնպիսի ահով է լցնում, որ ես սիրտ չեմ անում նրա հետ երես առ երես մնալ։
— Այո, նա այնպիսի քիթ ունի,— ասաց դոն Կիխոտը,— որ եթե ես դոն Կիխոտը չյլինեի, ինձ էլ կվախեցներ։ Ի՞նչ արած, եկ այստեղ, որ օգնեմ ծառը բարձրանաս։
Մինչդեռ դոն Կիխոտը, Սանչոյին բարձրացնելով ծառը, հապաղում էր, Անտառի ասպետը սահմանված տարածությունն անցավ և, կարծելով, թե դոն Կիխոտն էլ նույնը արած կլինի, առանց սպասելու, որ փող փչեն, կամ այլ ազդանշան տան, շուռ տվեց իր ձիու գլուխը, որ Ռոսինանտից ավելի արագընթաց ու լավը չէր և չափ տվեց, այսինքն՝ միջակ վազքով սլացավ թշնամու դեմ։ Սակայն տեսնելով, որ դոն Կիխոտն զբաղված է Սանչոյին ծառի վրա նստացնելով, նա սանձր քաշեց և կես ճանապարհին կանգ առավ։ Ձին նրանից շատ շնորհաւկալ մնաց, որովհետև ի վիճակի չէր այլևս առաջ շարժվելու։ Իսկ դոն Կիխոտին թվաց, թե թշնամին վրա տվեց, կատաղի խթանեց Ռոսինանտի վտիտ կողերը և, ձիու գլուխը տաքացնելով, չտեսնված արագությամբ արշավեց Անտառի ասպետի վրա, որ հա խթանում ու խթանում էր իր ձին, բայց չէր կարողանում մազաչափ շարժվել տեղից։ Այսպիսի նպաստավոր պայմաններում և հաջող վայրկյանին դոն Կիխոտը հարձակվեց իր թշնամու վրա, որի գլուխը ձիու պատճառով այնքան խառն էր, որ չկարողացավ, թե ժամանակ չունեցավ նիզակը կանոնավոր ձեռքում պահել։ Դոն Կիխոտը նրա շփոթմունքին ուշ չդարձնելով, առանց մի որևէ վտանգի իր համար, այնպիսի զորեղ հարված հասցրեց Անտառի ասպետին, որ վերջինս ետ-ետ սողաց ձիու գավակին ու այնպես տապալվեց գետին, որ դրանից հետո այլևս անկարող էր շարժել ձեռքն ու ոտքը, ասես սպանված լիներ։
Հենց որ Սանչոն տեսավ, թե դոն Կիխոտի հակառակորդը վայր ընկավ, իսկույն իջավ կաղնուց և վազեվազ գնաց տիրոջ մոտ։ Դոն Կիխոտն արդեն վայր էր թռել Ռոսինանտից և արձակում էր թշնամու սաղավարտը, որպեսզի իմանա՝ հո սպանված չէ՞, իսկ եթե կենդանի է՝ օգնի, որ անարգել շնչի։ Հանկարծ նա տեսավ․․․ Բայց ինչպես ասենք, թե ո՜ւմ տեսավ, որ ընթերցողին զարմանք ու զարզանդ չսաստենք։ Նա տեսավ բակալավր Սամսոն Կարրասկոյի դեմքը, կերպարանքը, տեսքը, պատկերն ու նմանությունը։ Տեսնելու պես նա բարձրաձայն գոչեց.
— Ապա վազիր, եկ այստեղ, Սանչո, սրան տես, ու դու չես հավատա քո աչքերին։ Շուտ արա, զավակս, տես թե մոգությունն ինչե՜ր կարող է անել և որքան հզոր են կախարդներն ու վհուկները։
Գետնատարած ասպետը կենդանության նշան չէր ցույց տալիս, ուստի Սանչոն ասաց դոն Կիխոտին.
— Իմ կարծիքով, տեր իմ, պետք է համենայն դեպս թուրը խփել ու խրել այս այլակերպվածի բերանը, որ իրր թե Սամսոն Կարրասկոն է։ Դուք, այդպիսով, թերևս, ոչնչացրած լինեք ձեր կախարդ թշնամիներից մեկին։
— Ճիշտ է,— համաձայնեց դոն Կիխոտը,— որքան քիչ թշնամի՝ այնքան լավ։
Նա թուրը քաշեց, որ Սանչոյի խորհուրդը կատարի։ Սակայն այդ վայրկյանին մոտ վազեց Անտառի աս՛պետի զինակիրը, արդեն առանց քթի, որն այնքան այլանդակում էր նրա դեմքը, ու բղավեց.
— Կա՛նգ առեք, ձերդ ողորմածություն, պարոն դոն Կիխոտ։ Ի՜նչ եք անում։ Ախր ձեր ոտքերի տակ ձեր բարեկամ Սամսոն Կարրասկոն է, ես էլ՝ նրա զինակիրը։
Սանչոն, տեսնելով նրա դեմքն առանց նախկին զարդի, հարցրեց.
— Բա քի՞թդ։
Նա պատասխանեց.
— Դրել եմ գրպանս։
Եվ ձեռքը աջ գրպանը տանելով, նա հանեց հաստ թղթից սարքված դնովի քիթը, իսկ Սանչոն աչքերը սևեռեց զինակրին և զարմացած բացականչեց.
— Մարիա՜մ աստվածածին, դու ինձ ողորմիր, սա իմ հարևան և խնամի Տոմե Սեսիալը չի՞։
— Բա չէ՜,— պատասխանեց դնովի քթից ազատված զինակիրը։— Ես հենց Տոմե Սեսիալն եմ, որ կամ, Սանչո Պանսայի բարեկամն ու խնամին և իսկույն պատմեմ, թե ինչ-ինչ արարքների, խորամանկությունների և դավերի երեսից ես եկա ընկա այստեղ։ Միայն թե աղաչեցեք, պաղատեցեք, որ ձեր տերը ձեռք չտա, չնեղացնի, չվիրավորի և չսպանի նրա ոտքերի տակ մեկնված Անտառի ասպետին, որովհետև, հավատացնում եմ ձեզ, նա ոչ այլ ոք է, քան թե ամբարտավան և անխոհեմ բակալավր Սամսոն Կարրասկոն, մեր համագյուղացին։
Մինչ այս, մինչ այն, Անտառի ասպետը ուշքի էր եկել, և դոն Կիխոտը, տհսնելով այդ, մերկ սրի ծայրր դնելով նրա դեմքին, ասաց.
— Դուք կմեռնեք, ասպետ, եթե ընդունելու չլինեք, որ աննման Դուլսինեա Տոբոսցին իր գեղեցկությամբ գերազանցում է Կասիլդեա Վանդալիաեցուն, բացի այդ, դուք պետք է խոստանաք, եթե միայն այս պարտությունից ու անկումից հետո կենդանի մնալու լինեք, որ կուղևորվեք Տոբոսո քաղաքը և կներկայանաք նրան իմ անունից, իսկ նա արդեն կտնօրինի ձեր բախտը, ինչպես կամենա։ Սակայն անգամ եթե նա ձեզ ազատություն պարգևելու լինի, այնուամենայնիվ դուք պետք է վերադառնաք ինձ մոտ և պատմեք ձեր հանդիպումի մասին։ Բոլոր այս պայմանները չեն խախտում թափառական ասպետականության օրենքները։
— Ընդունում եմ,— պատասխանեց տապալված ասպետը,— որ Դուլսինեա Տոբոսցու կեղտոտ ու պատռած կոշիկը ավելի արժե, քան Կասիլդիաեցու վատ սանրած, թեև մաքուր մորուքը, և խոսք եմ տալիս, որ կերթամ ձեր տիկնոջ մոտ և ետ կգամ ու մանրամասը հաշիվ կտամ, ինչպես դուք եք պահանջում։
— Բացի այդ, դուք պետք է ընդունեք և հավատաք,— շարունակեց դոն Կիխոտը,— որ ձեր հաղթած ասպետը դոն Կիխոտ Մանչացին չի եղել և չէր կարող լինել, չնայած որ ես նման եմ նրան, ինչպես ես եմ ընդունում ու հավատում, որ թեև դուք նմանվում եք բակալավր Սամսոն Կարրասկոյին, բայց էլի դուք նա չեք, այլ ինչ-որ ուրիշ մարդ։ Իմ թշնամիները ձեզ նրա տեսքն են տվել, որ ես իմ կատաղության թափը զսպեմ ու սանձահարեմ և իմ հաղթանակի պտուղները համեստ չափով վայելեմ։
— Այդ ամենը ես ընդունում եմ,— պատասխանեց գետնատարած ասպետը։— Իսկ հիմա թույլ տվեք՝ վեր կենամ։
Դոն Կիխոտն ու զինակիր Տոմե Սեսիալը օգնեցին, որ նա վեր կենա, իսկ Սանչոն աչք չէր կտրում վերջինից, շարունակ հարցուփորձ էր անում, և զինակրի պատասխանները նրան ակնբախ ապացույցներ էին տալիս, որ իր առջև իրոք Տոմե Սեսիալն էր։ Սակայն դոն Կիխոտի ասածը, թե կախարդները Անտառի ասպետին բակալավր Կարրասկո են այլակերպել, այնպես էր նրան կասկածամիտ դարձրել, որ նա ոչ մի կերպ չէր կարողանում վստահել սեփական աչքերին։
Տերն էլ, ծառան էլ մնացին իրենց մոլորության մեջ։