Jump to content

Դու՝ անգիր վեպ, դու՝ Սասնա ծուռ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԴՈՒ՝ ԱՆԳԻՐ ՎԵՊ, ԴՈՒ՝ ՍԱՍՆԱ ԾՈՒՌ...

1.

Մեծերը երեւի նաեւ նրանով են մեծ, որ մենք նրանց ավելի հաճախ ենք հիշում ու կարոտում այն պահերին, երբ վշտի ու դժվարության մեջ ենք լինում։ Հիշելու համար, ասում են, մոռանալ է հարկավոր։ Մենք հիշում ենք, սակայն, առանց մոռանալու։ Մեր ժողովրդի համար այս վերջին շրջանի ծանրուծանր, դառնուդառն օրերին ոչ միայն հիշվում են, այլեւ ամեն վայրկյան մեզ հետ են մեր արյան որդան կարմիրից ծնված մեր ոգու սրբազան ասպետները... Մեր Նարեկացին ու Իսահակյանը, մեր Թումանյանն ու Չարենցը, մեր Սեւակն ու մեր Շիրազը։ Եվ, իհարկե, նրանց հետ, անշուշտ, նաեւ մեր Բրյուսովը, Գորկին, Բայրոնը, մեր Գրիբոյեդովը, մեր Նանսենն ու Վերֆելը... մեր Սախարովը։

Այս ամենը իրականություն է։
Ճշմարտություն է այս ամենը։

Եվ հենց այդ ճշմարտությամբ է, որ դիմացկունությունը դարձել է մեր ժողովրդի կյանքի ու զարգացման ամենաբնական պրոցեսը, այն կարեւորագույն հատկանիշը, որն աշխարհ է զարմացնում, իսկ մեզ համար ընդամենը սովորական օրինաչափություն է։ Ավելին, դեռ մեր մտքի ու արյան վարդերով հաճախ էլ «զարդարում» ենք մեր հուշարար ցավը ու նրանից նորից դուրս գալիս մարգարեացած. «Կանք, կլինենք ու դեռ կշատանանք»։ Այդպես է, այո, երբ իրար սփոփելու համար բառեր չենք գտնում, Սեւակը գալիս, ասում է՝ ականջդ բեր ասեմ... Ու ասում է։ Ու մեզանից ո՞վ չէ այս օրերին Սեւակի շշուկների ջերմությունը զգում ականջներում ու սրտի մեջ, մտքի ու արյան մեջ, փակուղիներից դուրս գալիս նրա տողերի պարզ ու դժվարին ճանապարհներով։ Տողեր, որոնք գրված են արյամբ, քանզի թանաքն էլ թանկ է նրա համար այնքան, որքան արյունը.

Հպարտ եմ ես, որ քեզ համար
Թանկ է եղել թանաքն այնքան,
Որքան կարմիր քո արյունը։

Ահա հենց այստեղ էլ, տրամաբանական ու սկզբունքային, ավելի ճիշտ՝ դավանաբանական այս գծի վրա էլ Սեւակը առանձնանում է ոչ միայն հասարակ մահկանացուներից, այլեւ շատ ու շատ արվեստակիցներից։ Մի խոսքով՝ Սեւակը դառնում է Սեւակ։ Նրա պոեզիան մեզ տանում է ինքնաճանաչման, դառնալով մի նոր գիրք... ճանապարհի կամ, ավելի ճիշտ՝ մութը փարատող «Եղիցի լույս»։ Իսկ եթե մոտենալու լինենք խնդրին «պոեզիան ծառ է» ավանդական մոտեցումներով, ապա այս դեպքում էլ կտեսնենք, որ սեւակյան պոեզիան, թերեւս, նորից զանազանվում է իր բնի հաստությամբ ու սպիաշատությամբ։ Եվ այսօր խոսել Սեւակի մասին, առաջին հերթին, կարծում ենք, նշանակում է մեկ-մեկ բացել այդ սպիները։ Պոեզիայի ծառ՝ սպիներով։ Գուցե «սպի» բառը այստեղ շա՞տ է մեղմ, համաձայն եմ։

Սեւակը ներքին մեծ խռովք ուներ։ Ճանաչել ու ճանաչում էր աշխարհը, մարդկանց, ժողովուրդներին, մարդկային գրեթե բոլոր հայտնություններին հասու էր ու հաղորդակից։ Բայց անսահման, անհագուրդ նրա հոգին չէր բավականանում ու նա անվերջ փնտրում էր Մարդուն։ Ամեն ինչի մեջ՝ մարդուն, անում էր իր դիտարկումները, հանգում էր իմաստնությունների (ասենք՝ Մարդ կա ելել է շալակն աշխարհի, Մարդ կա աշխարհն է շալակած տանում)։ Այսինքն, աշխարհում ուզում էր տեսնել այն, ինչ տեսնում էր իր մեջ, իր հոգու աչքերով։ Եվ տեղի էր ունենում երազածի ու իրականի բախումը։ Դրանից էլ՝ սպիները, վերքերն ու խոցերը։ Խռովքը։

-Դժվար բան է մարդ լինելը,
Դժվար է, տեր։
Ամբողջ կյանքում
Ես եղել եմ ազնիվ, ինչպես... խաղալիքը։
Ուրեմն ի՞նձ էլ պետք է ջարդել
Խաղալիքի նման։ Ինչո՞ւ։
Հարկավոր չէ, տեր, ողորմյա։
                                             («Հպատակի խռովությունը»)

Սեւակի պոեզիայում հստակորեն ներկայացվում է ժողովրդի հավաքական կերպարը։ Ինքը՝ Սեւակը, շատ է նման իր բանաստեղծությանը։ «Նման» բառն այստեղ անհեթեթ է հնչում։ Սեւակն ինքն իր բանաստեղծությունն է։ Սա զգում ու տեսնում են բոլոր ընթերցողները։ Առավել եւս՝ նրանք, ովքեր բախտ են ունեցել հանդիպելու բանաստեղծին, խոսելու, զրուցելու նրա հետ, հաղորդակցվել նրա մարդկային անհուն հմայքին։ Ես շնորհակալ եմ բախտից, որ նման հնարավորություն ընձեռվել է ինձ դեռ այն ժամանակ, երբ տակավին 16-17 տարեկան պատանի էի։ Ամենափոքր հանդիպումն էլ մեծ մարդկանց հետ արդեն մեծ հանդիպում է եւ անմոռանալի։ Այսքանը ես ինչո՞ւ հիշեցի։ Մեկ անգամ եւս հավաստելու, որ Սեւակը ոչ մի պարագայում չէր բանաստեղծում, այնպիսին էր, ինչպիսին կար առօրյա կյանքում։ Անկեղծ, անաչառ, ազնիվ, ամեն տեսակի ձեւերից ու կանխամտածված կեցվածքներից հեռու, այնքան հասարակ, որ արդեն... առանձնանում էր։ Եվ դարձավ հենց այդ ամենի խորհրդանիշը։ Այնքան, որ հիմա նրա սովորական, կյանքի այս կամ այն վիճակները ներկայացնող նկարն անգամ դիտելիս, թվում է, թե մի նոր բանաստեղծություն ես կարդում, մի չասված միտք ես լսում... Շտկում ես ինքդ քեզ.

Ես խռովել եմ նաեւ աշխարհից,
Եկ ու վերստին հաշտեցրու դու մեզ,
Թե չէ ես այսպես ապրել չեմ կարող։
                                                          («Բարեխոս եղիր իմ եւ իմ միջեւ»)

Մենք, սովորաբար, երբ զրուցում ենք մեկի հետ, ասում ենք՝ լսեցի նրա կենդանի խոսքը։ Կենդանի։ Սեւակի բանաստեղծությունն էլ նրա կենդանի խոսքն է եւ «թունավորված չէ արվեստական բարոյականությունից», ինչպես կասեր Նալբանդյանը։ Մեզանից յուրաքանչյուրն էլ ուզում է տեսնել պոեզիայի մեջ մի մարդու, որը զուտ գրական կերպար կամ հերոս չէ, որը աչքիդ առաջ կարող է իրեն ջուրը նետել՝ մարդուն փրկելու համար, հրի մեջ մտնել, գնդակն առնել իր իսկ կրծքին՝ կողքին կանգնածին ազատելու նպատակով եւ այլն, եւ այլն։ Մի խոսքով, ձերբազատված լինի բոլոր-բոլոր դերերից, առավել եւս՝ դերախաղերից, լինի ինքն իր հետ, մարդկության հետ։ Երբ իր ցավից է խոսում, քո ցավը վեր հանի, երբ իր ճանապարհից է զրուցում, քո ճանապարհը հառնի։ Սեւակն այդպիսինն է։

Այս ամենից էլ հետեւում է ճշգրիտ եզրակացությունը։ Սեւակ բանաստեղծի ամենամեծ նորարարությունը մեր պոեզիայում կայանում է նրանում, որ նա կյանքն ու պոեզիան միաձուլեց իր վեհ հոգու մեջ, ջնջեց սահմանները, ի զորու եղավ աստվածային կրակով ջերմացնել մրսած հոգիները։ Հավատամքը սա է. եթե բանաստեղծն այստեղ կրակ է արել, բայց աշխարհի հեռավոր մի ծայրում անգամ դեռ մրսող ձեռք կա, նշանակում է կրակն է մեղավոր...

Այո, արդարության ահեղ ատյան է Սեւակի պոեզիան։

Այդ պոեզիայում իր ուրույն տեղն ունի «Եվ այր մի՝ Մաշտոց անուն» պոեմը։ Ահա թե ինչու ես ուզում եմ կանգ առնել հատկապես այս գործի վրա։ Նախ՝ չգիտես ինչու, Սեւակի պոեզիայում ամենաքիչ գնահատված ու լուսաբանված գործերից մեկն է այս, երկրորդ՝ Մաշտոցը մեր այն մեծերի մեծն է, որ ոչ մի վայրկյան մեզ չի թողնում, ապա՝ միտք ունեմ, ոչ թե Սեւակով Մաշտոց, այլ Մաշտոցով Սեւակ բացելու, եթե կարելի է այսպես ասել։ Ու, ամենագլխավորը, բոլոր դարերում էլ մեր ժողովրդի կրած տառապանքները, տեսած բնական եւ ոչ բնական աղետները բազմազան են եղել. լինելիության ու հավերժության, տոկունության ու դիմացկունության ուղին՝ մաշտոցյանը...

Մեր ժողովրդի գոյատեւության խորհուրդն է դրված այս պոեմի հիմքում, որի նորովի վերընթացումն էլ մեզ պարգեւում է Սեւակը։ Պոեմի տասներեք մասերից յուրաքանչյուրը մի ակորդն է հնչեցնում մեծ համանվագի։ Ստեղծագործության առանձին տողերում մեր ոգու լինելության ակունքների որոնումն է, նրա հետ ցուցադրումն է այն անելանելիության, որ, ի վերջո, բերում է դեպի... ելքը։

Մենք կայինք նաեւ նրանցից առաջ։
Մենք աստղերն էինք մեր աչքով զննում,
Արշալույս էինք թելերով հինում,
Տաճարից ելնում ու թատրոն գնում,
Վայելում նաեւ հաճույքը վսեմ,
Մեր այն պատանի-կաքավողների,
Որոնց մարմինը նվագ էր լռած
Եվ որոնք նաեւ «երգեին ձեռամբ»...

Մենք արարում էինք աստվածներ, մենք «համառ ոգուն ստիպում էինք նաեւ մայրանալ, դառնալ դիցուհու արձան անթերի», անվանում նրան Մեծն Անահիտ, մենք կերտում էինք Գառնի, «առնականության եւ վեհանձնության» դասեր էինք տալիս աշխարհներին... Այսինքն՝ մեր մեծամեծ գործերով մեր լինելիությունն էինք հաստատում։

Սակայն դա քիչ էր, քանզի «աշխարհքի լայնքի վրայով մի չտեսնված մրրիկ էր անցել»... Հետո մենք տեսանք՝ պատմության մեջ լինում են ժամանակներ, «Երբ ով չի ստում՝ պիտի կործանվի...»։ Եվ մեր արարած աստվածները, որոնք այնքան էին զորավոր ու անկեղծ, որ «չէին ստում», կործանվեցին։ Սակայն մարդուն, առավել եւս՝ ժողվորդին ամեն ինչից շատ հարկավոր է հավատ, որովհետեւ «...Առանց հավատի կյանքում դյուրին չէ նույնիսկ մեռնելը, իսկ ապրելը... արդեն անկարելի է»։ Որտե՞ղ է, սակայն, անհնարինը դառնում հնարին։ Ո՞րն է բանալին։ Ժամանակները, մանավանդ, խրթին էին ու տարաբոթ.

Հայաստան կոչված աշխարհն էլ արդեն
Լոկ անունով էր Հայաստան կոչվում։
Զոհված արջառի տաքուկ սրտի պես
Մեր հողն էր կիսված
Ու բռնի քաշված
Երկու շիկացած ու սուր շամփուրի,
Որոնցից մեկը պարսիկն էր բռնել կրակի վրա,
Մյուսը բռնել էր մոմերի վրա նենգ բյուզանդացին։

Մենք ամբողջության կարոտ ունեինք։ Մեզ հարկավոր էր աստվածությունները միավորող Աստվածն այն միակ, որի ձեռքին էր ոսկե բանալին։ Ու մենք զգացինք, որ քաջերի սահմանը... զենքն է, որը ելք պիտի դառնա։ Ելքն իր հերթին պիտի բացեր «ասպարեզ»... Այն ելքը, որը չի թողնում գաղափարը դառնա կաղապար... Բայց ինչպե՞ս, ի՞նչ հնարով, ով պիտի տար այս հարցերի պատասխանը։

Եվ այդ պահին էր, որ աշխարհ եկավ
Նա՝
Այր մի՝
Մեսրոպ Մաշտոց անունով։

«Եվ այդ պահին էր»... Այո, նրանք՝ մեծերը, ծնվում են ճիշտ ժամանակին, ծնվում են «լոկ այն պատճառով, որ անչափ շատ են սպասել նրանց»։ Իսկ Մեսրոպ Մաշտոցին սպասել են դարեր շարունակ, սպասել են ոչ թե մի, այլ մի քանի ժողովուրդներ։

Մաշտոցյան սխրանքով գտնվեց մեր լինելության բանալին՝ ոսկեղենիկ մեր գիրը, որը մենք պիտի հանեինք անգամ սրերի դեմ ու հաղթեինք գալիք դարերում։ Մինչեւ այսօր։ Եվ վաղը։ Միշտ։ Այս ամենի խորը գիտակցումը Մեսրոպ Մաշտոցին մղեց լուսավորչական գործունեության, նա սկսեց հայկական դպրոցների հիմնադրման գործը մոտ ու հեռու բոլոր ծագերում։ Եվ դա մարգարեություն էր, անշուշտ։

Ի դեպ, այսօր ամբողջ հայությունն է նախապատրաստվում նշելու մեսրոպյան դպրոցի հիմնադրման 1600-ամյակը։ Եվ արցախական հատվածը. չէ՞ որ մեր գիր ու դպրության մեծ երախտավորն առաջին հայկական դպրոցներից մեկը բացել է Ամարասում։ Եվ ոչ միայն Ամարասում։ Ասել է թե՝ Մաշտոցի գործունեությունը եղել է բազմաբովանդակ ու նպատակասլաց, ժողովրդանվեր ու անպարագիծ։ Եվ եթե Մաշտոցից առաջ մենք կայինք որպես միայն մարմին, ապա նա եկավ ու դարձավ հոգի.

Սակայն նա եկավ, որ Հոգի դառնա,
Շոշափվող հոգի,
Եվ անմեռ հոգի։

Ավելին, նա ծնվեց, որ «մեր ինքնությունը կոփեր ու կռեր», նա եկավ ու «մեր փլատակված-փլուզվածի տեղ» կերտեց նորը, նորը կառուցեց։ Պարույր Սեւակը մեսրոպյանով այնպես է կերտում Մեսրոպ Մաշտոցի կերպարը, այնպես է գրում, ասես քանդակում է բառերը։ Երգելիս՝ մեսրոպյան բառերը ծաղկում են նրա շուրթերին։ Եվ մտածում ես՝ միայն այսպիսի մեսրոպյանով պիտի երգել Մեսրոպ Մաշտոցին։ Մեսրոպյան հոգի ու ոգի պիտի ունենալ, որ մեսրոպյանն այնքան հարուստ ու առինքնող լինի իր անսահման գույների մեջ.

Դրեց խարդախված կաթի դեմ՝ մերան,
Քանակի դեմ՝ թեւ,
Թվի դեմ՝ թռիչք,
Արյան դեմ՝ թանաք,
Սրի դեմ՝ գրիչ,
Եվ դարանի դեմ՝ Մատենադարան։

Պոեմի վերջին ակորդները հնչում են մի նոր խորությամբ։ Մաշտոցով, նրա աննախադեպ սխրանքով կատարվում է հրաշքը, այնպես որ, «մարդը ձգվում ու դառնում է Մարդ, Անցողիկ մարտը՝ հավերժական մարտ», այսինքն՝ Մաշտոցը դառնում է այն մեծատառը, որով հասարակ բառը աճում է, «հասնում խորհրդանիշի»։ Սեւակը, պոեմի մեջ տող-տողի ետեւից խտացնելով Մաշտոցի կերպարը, կարեւորում է ժողովրդի գոյատեւության գործի մեջ գլխավոր դեր կատարող գիր ու դպրության սկզբնավորումը մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ արդեն օրհասական պահն էր վրա հասել։ Եվ Մաշտոցը ներկայացնում է որպես ժողովրդի անմահական ոգու կրողը, նա, որ «չծնվեց ինչ-որ մի մորից», նա, որին ժողովուրդը որդի է անվանում եւ անվանում է՝ հայր... Հայր Մաշտոց... Դպրահայր...

Այսինքն՝ Այր մի, որ ապացուցեց
Եվ կոչ է անում ապացուցելու,
Որ այնտեղ է լոկ սխրանքն սկսվում,
Ուր վերջանում է ամեն մի հնար...

Հիրավի, Սեւակի պոեմներից յուրաքանչյուրը մի ուրույն գլուխգործոց է. «Անլռելի զանգակատունն» հավերժախոս ղողանջներով, «Եռաձայն պատարագն» իր «ապրողաց կոչերով» ու «շանթերի բեկանումներով», «Նահանջ երգովն» իր հոգեխույզ թափանցումներով, «Երգ երգոցն» իր աստվածաշնչյան այրումներով։ Որին էլ անդրադառնանք, մեր առջեւ բացվում է մի աշխարհ, որը կարելի է բնութագրել միայն մի բառով՝ Սեւակյան...

Դժվարին եղավ Սեւակի կյանքը։ Նա եղավ իր ժողովրդի ճակատագրի իսկական կրողը։ Նորը միշտ էլ դժվար ճամփա է հարթում։ Եվ պատահական չէին այն բախումները ժամանակի հետ, որոնցով մենք ավելի շատ ենք հակված բնութագրելու Սեւակի բնավորությունը։ Այդպիսի բախումներից էին ծնվում նրա բոլոր գրքերը՝ «Անմահները հրամայում են» ժողովածուից մինչեւ նորօրյա «Եղիցի լույսը»։ Ասել է թե՝ Սեւակն այն եզակիներից է, որոնք իրենց գործով դառնում են «աստծո քարտուղարը», որոնց շուրթերը մոտիկ են աստծո ականջին, ու երբ նրանք կանչում են՝ եղիցի լույս, հիրավի, լույս է լինում... Նրանք աստծո, ասել է թե՝ ժողովրդի ընտրյալներն են։ Ու պատահական չէ, որ Սեւակն իր մայր ժողովրդի կողմից այնքան սիրված է այսօր, որ աղետյալ այս օրերին անգամ նա մայր ժողովրդի շուրթին անգիր վեպ է, սրտում՝ անմահ Սասնա ծուռ...


2.

Հազար ինը հարյուր քսանչորս թվին «Հայոց այգիներն ի՜նչ պտուղ տվին, Հայոց արտերում ի՜նչ բերք էր հասել,- դժվար է ասել։ Սակայն այդ թվին Մայր Հայաստանի արգանդը եղավ սրբորեն բեղուն»։ Մի մանուկ ծնվեց Չանախչի գյուղում... նա հետո պիտի դառնար մեր բազմադարյան պոեզիայի մեծ զանգարարը ու աշխարհով մեկ հնչեցնի անլռելի զանգակատան ձայնը, նա հետո պիտի սրբորեն շշնջա՝ եղիցի լույս, դառնա լուսարարը ժողովրդի ու դարի.

Նա պիտի երգի՝ ինչ է կամեցել
Իր մոխրակալած-հրակեզ հոգին
Եվ՝ որքան տրտում-նույնքան կենսագին՝
Տարիներ հետո նա պիտի դառնա
Մի ժողովրդի ազնիվ կենսագիր...

Եվ դարձավ։ Դարձավ Պարույր Սեւակ... Որովհետեւ Պարույր Սեւակ լինելու համար էր ծնվել։ Մի անընդգրկելի, մի վիթխարի երեւույթ, որ եկավ ու հավաստեց հրաշքների անկրկնելիության մասին, այն մասին, որ «մեծ գրող դառնում է նա, ով ողնուծուծով հասկանում է, որ ինքը նախ մարդկության զավակն է, ոչ թե միայն որեւէ ազգի»։

Սեւակը մարդկության զավակն է։ Այսօր համաժողովրդական սեր է վայելում մեր գրականության մեծ երախտավորը։ Մեծ մարդն ու մեծ քաղաքացին։ Մեծը... Սեւակը անկրկնելի է իր պոեզիայով, իր երգաշխարհով, իր անհատականությամբ, արվեստով... իր կյանքով ու անմահությամբ...

Եթե նա խոստովանության է դիմում, ապա միայն սեւակավարի. «Լավ է լինել հմուտ դարբին, քան ոսկերիչ», եթե ուզում է, ապա միայն ու միայն իր պես. «Ես ուզում եմ. եթե գերվել՝ ոչ թշնամուց, այլ խելքահան աղջիկներից», եթե հիշվում է՝ «ժողովրդական եղանակի պես», հյուրասիրո՞ւմ է՝ «չափի զգացմամբ», գործուղվո՞ւմ է «Գործուղում տվեք ապագա գնամ...», թե վիճում է՝ «այն մութի դեմ, որ կուրացնում, աչք չի շոյում», խոստանո՞ւմ է՝ «լինել ոչ թե հարկահավաքը, այլ զավակը դժվար դարի»...

Պարույր Սեւակը լավի ու վսեմի հավատավոր էր, նա մշտապես հավատաց «հավատին մարդու»։ Եվ մինչեւ անգամ գժվելն էլ սեւակավարի էր. «սերմերը մինչեւ կարգին չգժվեն՝ բերք չեն դառնալու»։ Հպարտության մեջ էլ նա ինքն է ու ինքը.

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով,
Բայց առավել՝ իմ արմատով
Եվ իմ բնի վաղեմությամբ
Ժողովրդիս ծերունական
Խիստ բնական
Խոհեմությամբ,
Բայց ավելի՝
Նոր շիվերի դալարությամբ...

Նա ժխտեց եւ այն, «Երբ ժխտում են խոսքով միայն, Ոչ թե փորձով, Ոչ թե գործով»։ Նա ամենուրեք եւ ամեն ինչում Սեւակ է...

Եվ պատահական չէր, որ Մարտիրոս Սարյանը, դիմելով անմահացած Սեւակին, թախանձել է. «Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը։ Այդպիսի անհատների՝ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում եւ չի կարող հեշտությամբ բաժանվել նրանցից։ Դու աշխարհ էիր եկել կորուստներից հետո՝ կորուստներ ծածկելու, ոչ թե կորուստ դառնալու»։

Պարույր Սեւակի պոեզիան խտացումն է բոլոր այն լավագույն ավանդույթների, որ ունի հայրենի գրականությունը։ Նա մեր բանաստեղծական արվեստը հարստացրեց այնպիսի գրական կոթողներով, որոնք ժամանակի հետ ու ժամանակի պես գնալով թարմանում են... Նա, լինելով Չարենցի արժանի հոգեզավակը, իր պոետական զտարյունությամբ հոգեմերձության շառավիղներ ձգեց մինչեւ Քուչակ ու Նարեկացի, իր մեջ համադրեց այն ամեն լավը, վեհն ու գեղեցիկը, ինչ ուներ, ինչ ունի ժողովուրդը մայր։

Սեւակի պոեզիան ե՛ւ բարդ է, ե՛ւ պարզ, ե՛ւ հակասական է, ե՛ւ ներդաշնակ՝ մի ամբողջական համաձուլվածքի մեջ, ե՛ւ վեհ ու վսեմ է, ե՛ւ անչափելի խորը... Ու այս եւ նման բնութագրումները, որոնք այնքան առանձնահատուկ են Սեւակ երեւույթին, խոսում են նրա գեղարվեստական ոճի ու մտածողության, նրա արվեստի ինքնության ու ինքնուրույնության մասին։

Նա իր թեման, իր խոսքը, իր աշխարհը բերեց գրականություն։ Նա յուրացրեց ստեղծագործաբար ինչպես հայրենի, այնպես էլ համաշխարհային գրականության ավանդույթները։ Սեւակն իր արվեստով ապացուցեց, որ չկա ոչ բանաստեղծական թեմա, չկա ոչ բանաստեղծական բառ նույնիսկ, եթե բանաստեղծի մեջ առկա է... բանաստեղծը...

Պարույր Սեւակի պոեզիան հոգու եւ մտքի շիկացում է։ Այսօր էլ գրականության մեջ շարունակվում է այն անմիտ վեճը՝ պոեզիայում մի՞տքն է առաջնային, թե զգացմունքը... Սեւակի պոեզիան հաստատեց, որ առանց մեկի մյուսը արժեք չի կարող ունենալ։ Սեւակի պոեզիան զգացմունքի մեջ մտքի հաղթանակն է, մտքի մեջ՝ զգացմունքի հաղթանակը։ Ահա սեւակյան քնարերգության մի առանձնահատկություն, որից էլ բխում է պոետի գործերի մեջ գերիշխող մարդկային ջերմ ու անկեղծ անմիջականությունը։ Բանաստեղծը միշտ էլ ամենալավ ձեւով է «մատը դրել» ժամանակի զարկերակին, նրա «ցավող տեղի» վրա։ Ահա թե ինչու բնականորեն նրա պոեզիան գալով ժողովրդականից, նորից գնում է դեպի ժողովրդականը։ Հենց սրա մեջ պետք է փնտրել բանաստեղծական բարդ խառնվածք ունեցող Սեւակի այն պարզությունը, որի խորքն անչափելի է։ Ում-ում, Սեւակի տողին չես կարող չհավատալ։ «Չհավատալը» դեռ շատ քիչ է, նրան անպայման հավատում ես.

Դու քո պատմության դասերով բոլոր,
Քո երջանկությամբ ու բախտով քո նոր,
Քո հին անունով, կյանքով դժվարին՝
Ծանր կանգնած ես այն մեծ նժարին,
Որ ծանր է կշռում ոչ թե արկերով,
Ոչ թե վառոդի, զենքի հակերով,
Ոչ թե ավերման կրքով կատաղի,
Ոչ թե մայրերի արցունքով աղի,
Այլ երջանկության մշտավառ հրով,
Խաղաղ ծերությամբ, շիկնանքով սիրո,
Հպարտ մայրությամբ, ծիծաղով մանկան,
Ձեռքի սեղմումով բարեկամական...
Այն մեծ նժարին, որտեղ ապագան
 Ու պատմությունն են դարձել կշռաքար։

Սեւակի բերած աշխարհը միանգամայն նոր աշխարհ է։ Այն մեր հոգու մեջ ապրում է «իբրեւ անբառ, համր կարոտ, իբրեւ լեգենդ դեռ չգրված, իբրեւ մի երգ անստորագիր», իբրեւ սրբություն, մեր էության մեջ բացվում է «միանգամից՝ ինչպես վարդը մի գիշերում», ինչպես հուզմունքը՝ «սպասված ու անակնկալ»...

Սեւակն իր բանաստեղծություններից մեկում գրում է, որ կյանքը չի տվել հայրենիքի, կյանքի համար, որ նրա ոչ մի մարտին չի մասնակցել... Սակայն՝ մենք նրա պոեզիայի եւ նրա ինքնության, Սեւակ երեւույթի երկրպագուներս, մեզ իրավունք ենք վերապահում, բացառության կարգով մեկ անգամ չհավատալ Սեւակին, որովհետեւ նրա երգը հենց ամբողջովին մարտ է հայրենիքի է՛լ ավելի պայծառ ապագայի համար, որովհետեւ նրա երգը հենց նրա կյանքն է, որ նվիրաբերվել է հայրենիքին... Եվ ճշմարիտ է բանաստեղծը, երբ խոստովանում է, թե՝

Կես քայլ անգամ չեմ արել կյանքում,
Որ քեզ չբերի.
Քեզնից սկսվում ու քեզ եմ հանգում
Շրջագծի պես...

Պարույր Սեւակը իր «խոհերի անտես մակույկով» օվկիաններ դուրս եկավ իր իսկ շապիկը «առագաստ շինած»։ Նրա «Նորեկ երգը» վառվեց «շնչով իր անանձնապատկան», վառվեց «որպես վես, սրբազան պատգամ»... Բանաստեղծի խոհափիլիսոփայական, հայրենասիրական բանաստեղծությունների մեջ կա մի հզոր ու անհաղթելի, վեհ ու վեհացնող ոգի, որ զբաղվում է միայն հոգիների մաքրագործությամբ, որ շնչիդ մեջ շունչդ է կարգավորում, որ կարգավորում է ժամանակաշրջանիդ եւ սրտիդ զարկերը։

Մեր քնարերգության մեջ ինչո՞վ է առանձնանում Պարույր Սեւակը։ Առաջին հերթին՝ բանաստեղծական իր պոլեմիկայով, իր արծարծած պրոբլեմների մասշտաբայնությամբ ու գրականություն բերած տրամադրությունների տրամաբանությամբ։ Այո, Սեւակը տրամաբանող բանաստեղծ է եւ, միաժամանակ, տրամադրող։ Սեւակը գիտե ինքնազոհության ճանապարհով իր կյանքը դարձնել նաեւ... առողջություն մարդկանց համար, այդպես շարունակել իր հավիտենական գոյությունը...

«Մարդը ափի մեջ», «Անլռելի զանգակատուն», «Եղիցի լույս» եւ մյուս գլուխգործոցներում Պ. Սեւակն ասում է այն, ինչը չի մոռացվում, ինչը չի հասկացվում, այլ խառնվում է արյանդ բաղադրությանը, եւ զգում ես, որ դու նրանով ավելի դարձար... Դու, ավելի մոտիկացար ինքդ քեզ։ Պարույր Սեւակն ամբողջովին մարդերգություն է։

Պարույր Սեւակը ամբողջովին մարդասիրություն է։

Ահավասիկ.

Հաշվեցեք նաեւ մի վերջին անգամ,
Թե այդ ի՞նչ ձեւով,
Ի՞նչ մեքենայի օգնությամբ բարի
Դեռ կարելի է մարդուն մարդ պահել
Եվ կամ նոր միայն մարդուն դարձնել մարդ...
                                              («Առաջադրանք համայն աշխարհի հաշվիչ մեքենաներին...»)

Սեւակը «մարդուն մարդ է դարձնում» իր բանաստեղծությամբ։ Այսինքն, նա գերազանց է կատարում «աստծո քարտուղարի» իր սրբազան առաքելությունը... Այդպես չլիներ, Սեւակը չէր կարող այնքան ճշգրտորեն հաշվել, «թե ինչ ալիքով, քանի՞ վայրկյանում է Եվ քանի՞ գրամ արյուն է հոսում Աղջկա սրտից բխած դեպի ամոթխած այտերը նրա՝ Առաջ բերելով այն բռնկումը ջերմամիջուկյան, Որ մինչեւ այսօր, միամտաբար, շիկնանք ենք կոչել», այդպես չլիներ, չէր կարող հաշվել, «թե մեր ափերով Քանի՞ կիլովատ հոսանք են տվել Երեխաների մազերին փամփլիկ ու թաթիկներին», չէր կարող հաշվել թիվը «Երկներ կապող այն կամուրջների, որոնց վրայով կուզեինք նաեւ մենք անցած լինել», ցույց չէր տա բարեկամաբար, թե քանի՞ տարին մեկ է աշխարհ գալու «անդերսենյան մանուկը», այնքան բարձր չէր հնչեցնի «Դարակեսի հիմնը»։ Պարույր Սեւակը «ոչ մի անգամ» չշփոթեց իր «ահեղ դարը օրացույցի հետ», երբեք չդարձավ «խոսափող այն անցողիկին, որ համարժեք էր հաջողությանը»... Եվ հենց բախտն ու բախտավորությունն էլ դրա մեջ է տեսնում բանաստեղծը.

Իմ բախտը բանեց,
Ինչպես բանում է բախտը այն... խոտի,
Որ ճանապարհի եզրին է բուսնում.
Միշտ կոխկրտելով՝
Եվ ցողունի տեղ, ստիպված, արմատս երկարացրի...

Սեւակի արմատները խորն են գնացել ու դեռ շարունակում են գնալ։ Ու դեռ կգնան դարեր ու դարեր... Եվ այդ արմատների ձայնը միշտ կլինի մարդկության գլխից վեր պարզված՝ զանգի նման բազմաղողանջ, «Մաքրություն է պետք՝ ժպիտի ձեւով, Որ մտնենք նրա տաք քաղցրության մեջ, ինչպես մեղուն է փեթակն իր մտնում»։

Սեւակի պոեզիան աշխարհի մաքրագործությունն է։

Հոգու եւ ոգու մաքրագործություն է Սեւակը։

Եվ երբ ամբողջության մեջ ենք դիտում գրողի գրական վաստակը, ապա պարզորեն տեսնում ենք, որ այն աննախադեպ մի սխրանք է ու սխրագործություն, սակայն այնպիսին, որ կարող էր կատարել միայն ինքը՝ Պարույր Սեւակը...

Պարույր Սեւակն այն բանաստեղծն է, որի ստեղծագործությունը հնչում է որպես ժամանակի ու ժամանակաշրջանի կենսագրություն։ Նա, խոսելով ճշմարիտ գրականության խնդիրների մասին, ժամանակին նշել է. «Առանց կենսագրական տարրի բանաստեղծություն եւ, առհասարակ, գրականություն չի եղել ու չի կարող լինել։ Բայց բանաստեղծը սովորական մարդ չէ, որ խոսի միայն իր անունից. այդպես կարող են վարվել միայն այն միլիոնավոր հիվանդները, որոնք կոչվում են գրամոլ։ Բանաստեղծը ծնվում է խոսելու իր բերանով, բայց բոլորի անունից, իր կենսագրությունից, որ կենսագրությունն է հասարակության ու դարաշրջանի»։

Հիրավի, Սեւակը աշխարհի անունից է խոսում ու խոսում է աշխարհի հետ։

Պարույր Սեւակի «Մոր ձեռքերը» բանաստեղծությունը ոչ միայն հայրենի, այլեւ համաշխարհային գրականության մեջ մայրական սիրո մոտիվներով գրված լավագույն նմուշներից մեկն է։ Այն նորություն է բերում ոչ միայն մտքի ու զգացմունքի, այլեւ բանաստեղծական ոճի ու մտածողության առումով, վարակիչ է տրամադրությունը, միտքը՝ խիստ հուզական, ոգին՝ ժողովրդական ու նաեւ՝ ժողովրդակենսագրային...

Սեւակի տարերքը փիլիսոփայական խոհն է։ Բանաստեղծը կարողանում է խոհը դարձնել ժամանակի նիշը, ժամանակի հոգեբանությունը ամփոփել նրա մեջ։ Նա մարդուն օգնում է, որ ավելի խորը նայի իր հոգու խորքը, որ պայծառ աչքով ու արդար սրտով նայի կյանքին, երեւույթները տեսնի խորքից։ Այս առումով ուշագրավ ստեղծագործություններ են նրա «Մարդ էլ կա, մարդ էլ», «Անհասցե բացիկ», «Պատրանքի պատրանքը», «Անտարբերություն», «Աշխարհ, աշխարհ», «Առավոտ լուսո», «Լույս զվարթ» եւ բազմաթիվ այլ բարձրարժեք բանաստեղծություններ։

Բանաստեղծի «Նորից չեն սիրում, սիրում են կրկին» երգերի շարքը մեր առաջ բացում է մի պայծառ կերպար, մի լուսե աշխարհ, ոչ միայն երեսը, այլ դեմքն այն Մարիամի, որ նման չէ ոչ մի Մարիամի ու միաժամանակ բոլոր Մարիամների շունչն ունի իր մեջ...

Օգնի՛ր ինձ, Մարիամ,
Եվ ասեմ՝ ինչով.
Բարեխոս եղիր իմ եւ իմ միջեւ,
Որ բանն ավարտվի ինքնահաշտությամբ։

Եթե ճշմարիտ գրողների մասին ասում են, որ նրանց կյանքը շարունակվում է իրենց ստեղծագործությունների հետ, ապա դա առավելապես վերաբերում է Պարույր Սեւակին, որը մի նոր էջ բացեց ոչ միայն հայրենի գրականության, այլ նաեւ գրականագիտության մեջ։ Նրա բազմաթիվ գիտական հոդվածներն ու «Սայաթ-Նովա» բարձրարժեք աշխատությունը մեր գրականագիտական մտքի անթառամ պսակներից են։

Սեւակը մեզ օգնեց նորովի զգալ ու ընկալել մեր արվեստի մեծերին, նորովի դիտել ու քննել նրանց գործի վեհությունը։

Պարույր Սեւակը միաժամանակ հասարակական մեծ գործիչ էր։ Մոսկվայի գրականության ինստիտուտի թարգմանության ամբիոնում լիներ, թե Երեւանի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, «Ավանգարդի» խմբագրությունում, Հայաստանի գրողների միությունում, թե այլուր, որտեղ էլ աշխատել է խոշոր գրողն ու գիտնականը, իրեն դրսեւորել է միայն ու միայն սեւակավարի՝ միշտ նվիրված, միշտ քաջատեղյակ, միշտ գործնական ու կրքոտ, միշտ պարզ ու վեհ, միշտ հայրենասեր, միշտ տաքարյուն, միշտ... Եվ չենք սպառի, ինչքան էլ թվենք...

Սեւակն այդպիսին էր։

Սեւակի ամեն մի տողն էլ այսօր սուրբ մասունք է։ Բայց՝ ոչ, այստեղ Սեւակը մեզ կընդհատեր՝ հարցնելու պես.

Մասո՞ւնք։ Ինչպե՞ս թե։ Մասունքս ո՞րն է։
Մասունքի տեղը տուփն է կամ հորն է։
Իսկ դու՝ դարավոր, բայց եւ առույգ ես,
Գիսավոր ծուխ ես, բայց եւ խարույկ ես,
Ինչքան պարզ՝ նույնքան առասպելական ես,
Շատերի մեջ ես, բայց պետական ես,
Եվ դրանով իսկ դու պետքական ես
Այն պետությանը, որ վաղը պիտի
Լուսնից ու Մարսից ինքն իրեն դիտի...

«Ի՞նչ է սպասում այս մոլորակին». մտածում է նա եւ հարցը լուծում սեւակավարի. «Եվ զուր մի հարցրու. «Ուրեմն ի՞նչ անել»։ Այդ պատասխանը քեզ ես չեմ տալու։ Ինձ նմանները եկել են աշխարհ եւ այսուհետեւ աշխարհ են գալու, որ իրենց կյանքով ցույց տան ինչ չանել»։ Ահա այս «չանելու» մեջ է, որ ընդգծվել են բանաստեղծի «ինչ անելը», նրա նշած ճանապարհը, նրա իղձերն ու ցանկությունները, որոնք, անպայման, բոլոր դարերի համար այժմեական են։

Բանաստեղծը ուրույն փայլերով է ներկայացել ընթերցողին նաեւ կատարած թարգմանությունների մեջ։ Հիշատակության արժանի են հատկապես Սերգեյ Եսենինից, Մ. Լերմոնտովից, Վլ. Մայակովսկուց, Էդուարդաս Մեժելայտիսից կատարած բարձրարվեստ թարգմանությունները։

Պարույր Սեւակը կարճ ժամանակամիջոցում կարողացավ հեղինակ դառնալ հայրենի գրականությանը փառք ու պատիվ բերող շատ գործերի։ Նրա ծննդավայրից՝ Հայաստանի Չանախչի (այժմ՝ Սովետաշեն) գյուղից սկիզբ առած ճանապարհը շատ «խութերի ու կապանների» հանդիպեց, մինչեւ որ բանաստեղծը... Մարս հասավ ու այնտեղ սկսեց «երկրագործությամբ զբաղվել»։

Հիրավի, ինչպես Համո Սահյանն է նկատել, սերնդի բանաստեղծների մեջ Սեւակը «վաստակի եւ հանճարի առումով մեծագույնն է»։ Գնալով նրա պոեզիան ավելի շատ երկրպագուներ կունենա, նրա մեծությունը ավելի պարզ կերեւա։ Եվ այսօր Կոմիտասին ձոնած նրա տողերն այնքան շատ են սազում իրեն՝ Պարույր Սեւակին.

Դու՝ բիբլիական մի գավազան,
Ուր որ դիպավ՝ աղբյուր հանեց,
Դու մեր կարոտ ու մեր մորմոք,
           Մեր տաղի քուրմ,
           Մեր խաղի մոգ,
Մեր մշտահունչ ու մշտարթուն,
Անլռելի զանգակատուն...

Խոսքս ուզում եմ ավարտել Էդուարդաս Մեժելայտիսի դիպուկ տողերով. «Պարույր Սեւակը խոր մտածող, փիլիսոփա բանաստեղծ է։ Նրան կարելի է անվանել քնարական մտածող։ Բարդ, բայց ոչ արհեստականորեն բարդացված, նորարարական, բայց ոչ ուլտրաժամանակակից է նա, ունի ճշմարիտ ճաշակ, նրան երբեք չի դավաճանում չափի զգացումը։ Հնարավոր է, որ այս ամենը գալիս է նրա «անտիկ ինտուիցայից», պայմանավորված է բնածին կուլտուրայով։ Սեւակը երգիչն է մտքի, ազատության ու մարդկության»։

1987թ.