Որպես լեռը բիբլիական

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դու՝ անգիր վեպ, դու՝ Սասնա ծուռ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ե (Որպես լեռը բիբլիական)

Վարդան Հակոբյան

...Երբ առկա է հոգեբանական պատճառաբանվածությունը

ՈՐՊԵՍ ԼԵՌԸ ԲԻԲԼԻԱԿԱՆ

Ես չգիտեմ՝ ինչ անուն կարելի է տալ հայոց կոշտ ու քարքարոտ հողից բարձրացող առեղծվածային այն քնքշությանն ու երազներին նրբակերտ, որոնք Սիլվա Կապուտիկյանի սրտում ու շուրթերին բառավորվելով, մարտի նետվող հայ զինվորի զենք բռնած բազուկներում ուժ ու կորովի են փոխարկվում, տանում են նրան սխրանքի ու խիզախության, դառնում են անկոտրելի կամք, հայ քաջորդուն դարձնում այլեւս անպարտելի։ Դա ավելի շատ նման է կախարդանքի, որի արմատները դարձյալ մեր հող ու ջրի մեջ են, մեր ապրած հին ու վաղնջական ժամանակներում, առասպելական իրողություններում, ավելի խորը, ինչպես մեր ժայռի պես կարծր ու պինդ, «չհղկված» մեր բարբառը, ինչպես Արցախա հազարակն աղբրաջրով դալարող մեր Սոսին՝ տնկված Տիգրան Մեծի զինվորաց ձեռքով... Ու խորհուրդը յուրովի է մեկնում բանաստեղծուհին.

Ու տես, որդիս, ուր էլ լինես,
Այս լուսնի տակ՝ ուր էլ գնաս,
Թե մորդ անգամ մտքից հանես,
Քո մայր լեզուն չմոռանաս։

Կապուտիկյանը դարձավ երազի դուստրն իր ժողովրդի՝ սիրո, կրակի ու տառապանքի մեջ աճեցնելով ճշմարտության ծաղիկը, հավատարիմ չարենցյան «Եվ չիք ուրիշ ուղի տառապանքից ուղիղ» իմաստությանը։ Եվ չկործանվեց մեծագույն արժեքը՝ տեղի չտվեց ճշմարտությունը։ Զարհուրելի ժամանակներ էին, երկինք ու երկիր բռնել էր մուժ ու մեգ, ազգի ցավից ծնված բանաստեղծուհին, առաջնորդվելով ոգու լույսով, մնաց հավերժ զինվորյալ՝ արժանապատվության ազգի, հնչեցրեց աշխարհով մեկ իր պատգամը՝ «Խոսք իմ որդուն», չարենցյան «Պատգամից» հետո նոր ուժով շիկացնելով հայոց երկինքը, շարունակեց կռիվը մեծ։ Սա հենց ազգային բնավորության այն առանցքային գիծն է՝ առնականություն, որով ամբողջական է դառնում Կապուտիկյանի կերպարը, այն գիծը, որից ճյուղավորվում են մյուս հատկանշական կողմերը։ Ասել է թե՝ մեր քնարերգության մեջ Կապուտիկյանով արմատավորվեց ու ամրացավ սկզբունքների ու ազգային նվիրվածության այն երակը, որը, զարկերակելով զտարյուն պոետների կրծքի տակ, հաճախ նրանց դարձնում է հալածական՝ իրենց իսկ հայրենիքում։ Եվ Կապուտիկյանը բարձր մնաց ժամանակի տիրական ու իշխանական խժդժություններից, իր հոգու քարտեզը ընդլայնեց, իրար բերելով բոլոր այն ծագերն աշխարհի, ուր թեկուզ մեկ հայ է ապրում, հաստատելով քնարերգության մեջ գեղագիտական մի սկզբունք եւս՝ հայրենիքը չի կարող լիարժեք ներկայացնել երգում, եթե հայրենիքի մարդու ճակատագիրը չի ամբողջանում ընդհանուր ազգային կերպարում։

Կապուտիկյանի քնարերգության մեջ գույները ներկայանում են միայն համապատասխան որակով՝ սերը խորն է խռովքի մեջ, ճշմարտությունը՝ ընդվզումի կրակով, անկեղծությունը՝ այրումի անմիջականությամբ ու մաքրությամբ։ Եվ այդ ամենը՝ ժողորդական մտածողության ու կերպարի մեջ, մաքառման ու պայքարի ընդհանուր համապատկերում, ազգային ոճ ու կերպի մեջ։ Իսկ ազգային երազն ու կարոտը, բնականաբար, մեծ տեղ ունեն Կապուտիկյանի պոեզիայում, քանի որ երկուսն էլ աճում են միայն ցավի մեջ։

Իմ կյանքը՝ փշուր-փշուր,
Արցունք է փշուր-փշուր,
Արցունքիս շիթի՛ միջից
Աշխարհքը՝ փշուր-փշուր։

Կապուտիկյանի բանաստեղծությունը զարմանալիորեն հարուստ է հայ ժողովրդի անցած ու անցնելիք ճանապարհի բոլոր անցքերով ու իրադարձություններով, հիշողություններով, ոգու եւ քարտեզի խճանկարով, բանաստեղծուհու հոգու քարտեզագրությունից դուրս չի մնում եւ ոչ մի իրադեպ, ոչ մի պատմություն կամ մանրամասն, ազգային կերպարի ոչ մի բաղադրատարր։ Ընթանալով Կապուտիկյանի բանաստեղծության ներքնատար շարժմանը զուգահեռ` կարելի է հասնել հայոց աշխարհի ցանկացած ծագ, որովհետեւ բանաստեղծուհու երգերում ամբողջական ու լրիվ է հայրենիքը, հետեւապես եւ՝ Սիլվա Կապուտիկյանը ներկայանում է որպես ծովից ծով Հայաստանի բանաստեղծուհի՝ մաքրամաքուր պահելով իր քնարերգությունը՝ որպես աստվածային ճշմարտախոսություն, որպես Աստծո կողմից հայ ազգին տրված մեծագույն ու շռայլ շնորհներից մեկը։ Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունը կուռ ու դասական իր կերտվածքի մեջ արմատավորեց գաղափարագիտական նոր որակ՝ հավերժ մաքառումի փիլիսոփայությամբ, երբեք տեղի չտվող ու անզիջում, անկոտրում պահվածքով։ Եվ հենց ոգեղեն այդ զորության մեջ է նրա ինքնատիպության ու եզակիության խորհուրդը։

Ոչ հեռավոր անցյալում, երբ Արցախում լինելը դիտվում էր ընդվզման քայլ՝ ի դեմ «ժողովուրդների բարեկամության», Կապուտիկյանը միակն էր կամ՝ գրեթե միակը, որ ոչ միայն հաճախակի էր լինում Արցախում, այլ նաեւ բանուկ էր դարձրել Գանձասարի ճանապարհը՝ արցախցիների մեջ վառ պահելով հայկյան ոգու խորհուրդը, որը եւ բառավորվել է յուրովի։ Հայոց Արեւելից Կողմանց՝ Արցախական աշխարհի մասին գրված ամենալավագույն ու անկրկնելի բանաստեղծություններից մեկն է սա, թերեւս, առաջին հերթին՝ իր ներքին պոլեմիկայով, ժամանակի «խաղաղ» տարածքում հնչեցրած իր կոչով.

Ժայռի նման է այս հին բարբառը,
Ժայռի պես կոշտ է, չհղկված,
Ու ժայռի պես էլ կարծր է, համառ է,
Չի պոկի նրան ոչ մի հարված,
Շուրթերի վրա այսպես է բառը,
Ինչպես որ ժայռն է հողում խրված։

Խոսքս՝ հայ քնարերգության Տիրամայր Սիլվա Կապուտիկյանի մասին, ուզում եմ բանաստեղծուհուն հասնի... Վանով, իմ քառյակով.

Հայոց բարդին զարթնեց ցավից, ասաց՝ Մասյաց հովիտ կգամ Արցախով,
Ձենն էր առել Տիգրան Մեծի, ասաց՝ հզոր ու հաղթ կգամ Արցախով,
Տեսավ կորած լերունք ու ծով ու փոթորկեց... Ու ոգին էր խոսում հայկյան.
Աստված վկա, վկա աջը հայ զինվորի, Վանն էլ կգա... Արցախով։

Որքան մեծ է սերը հայոց աշխարհի, այնքան ավելի խորք ու խորհուրդներ, անհասանելի ծալքեր ունի այն տարբեր ծագերում։ Իսկ այնտեղ, ուր հողը հայկյան տաք է ոչ օջախի պողից, այլ նաեւ չմարած կրակներից նոր Ավարայրի, սերն այնտեղ տարօրինակ, անսահման է ու նման է Աստվածների սիրուն, բիբլիական է՝ որպես լեռը հայոց, որպես հայոց ցավը։ Ահա այդ սիրով էլ Սիլվա Կապուտիկյանի «Նվիրումն» աշխարհ եկավ Արցախում։