Դու ամեն ինչ ասում ես շշուկով,
Եվ ես հավատում եմ։
Բառերը թե հանկարծ բարձր ասվեն՝
Կկորցնեն եւ իմաստ, եւ խորք, եւ
Ինձ անգամ։ Այսինքն՝
Դեռ կամ։
Երբ գնաս հանդերը ձեր, մի հեզ,
Մի փոքրիկ,
Մի չբուսած ծաղիկ կպոկես, մի քիչ
Կպահես ափիդ մեջ ու, շշուկով,
Գրեթե անխոս,
Կնետես։
Կնետես ու կշրջես քո երեսը,
Որ չտեսնես,
Թե ինչպես եմ հանգչում։
Պետք չէ, որ տեսնես՝ ծաղիկը մեղք է։