Jump to content

Դու հասկացար տագնապները իմ հոգու

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Դու հասկացար տագնապները իմ հոգու


Դու հասկացար տագնապները իմ հոգու,
Տրտմությունս անսպառ.
— Մենք առհավետ շղթայված ենք մեկ-մեկու։

Կյանքս մութ էր, հոգիս ցաված ու խավար,
Եվ օրերըս — միայն ցավ.
— Իմ սև երկրում ժպտացիր դու լուսավառ...

Եվ քո փայլով իմ աշխարհը լուսացավ,
Չըկան վիհերն իր անել,
Քաղցր է հիմա, լուսավառված, խինդ ու ցավ.
— Ո՞վ կարող է ինձ քեզանից բաժանել...