բնագիր
Եա՛ր, քիզ իսկի զավալ չըլի՝ քու դուշմընին՝ շա՛ռ բացարած
Եա՛ր, քիզ իսկի զավալ չըլի՝ քու դուշմընին՝ շա՛ռ բացարած.
Հուտըդ աշխարհըս բըռնիլ է՝ բալասանի ծա՛ռ բացարած.
Թըղթիրըդ օսկէ վարաղով՝ Ասմաւուր իս՝ ճառ բացարած.
Տեսնողըն շարքըն չի գիդի, Լուսնի աստղ պայծառ բացարած:
Ամէն մարդ չի կարայ մըտնի՝ էշխիդ ջուրըն հիդ է, զա՛լում,
Մըտնում է եարսուն կարմունջըն՝ չասիս, թէ մէ՛ գիդ է, զա՛լում,
Ունքիրըդ սալիղ-սադաղ է, թերթերուկըդ նիտ է, զա՛լում,
Մըտնողըն էլ չի դուս էհայ՝ դուռ, մահու պատճառ, բացարած:
Բարակ մէջքըդ ղարղուղամիշ, էրէսըդ թայգուլի նըման.
Օրըն եարսուն ռանգ կու փոխիս, վո՛ւնց մէկը չէ տուլի նըման.
Յիփ խաղում իս՝ վըռվըռում իս օձի բերնի հուլի նըման,
Մութըն տիղըն լուս իս տալի առանց կըրակ՝ վառ բացարած:
Բարովողին բարով չիս տայ՝ թագաւուրի սալամի պէս,
Ձեռնիրըդ՝ սիպտակ մագաղաթ, լիզուդ օսկէ ղալամի պէս,
Զարուզարբաբէ դըրօ՛շա՝ ման իս գալի ալամի պէս.
Տեսնողըն էնպէս կ՚իմանայ՝ շահ իս գալի՝ ջառ բացարած:
Եա՜ր, քիզանից հիռանալըս միռնիլուս վըրայ դըժար ա.
Լիզուդ՝ քաղցըր, խօսքըդ՝ քաղցըր, ակըռքնիրըդ անգին քար ա.
Իրէք քըսան ու տաս խալըն էրէսիդ բոլորքըն շար ա.
Վունցոր Սայաթ-Նովու լիզուն եօթանասուն բառ բացարած:
|
թարգմանություն
Յա՛ր, քեզ փորձանք չպատահի՝ քո թշնամուն՝ շա՛ռ բացարած
Յա՛ր, քեզ փորձանք չպատահի՝ քո թշնամուն՝ շա՛ռ բացարած,
Հոտդ աշխարհը բռնել է՝ բալասանի ծա՛ռ բացարած,
Ոսկենախշ արած թղթերով Հայսմավուրք[1] ես՝ ճա՛ռ, բացարած,
Տեսնողը շարքը չգիտի, Լուսնաստղ՝ պայծա՛ռ բացարած:
Ամեն մարդ չի կարող մտնել՝ սիրուդ ջուրը հորդ է, ա՛նգութ,
Անցնում է երեսուն կամուրջ՝ չասե՛ս, թե մե՛կ գետ է, ա՛նգութ,
Հոնքերդ պրկված աղեղ են, թերթերունքդ նետ է, ա՛նգութ,
Մտնողն էլ դուրս չի գնա՝ դուռ, մահվան պատճառ բացարած:
Բարակ մեջքդ՝ դալար եղեգն, երեսդ՝ վարդ-պսակի պես,
Օրն երեսուն տեսք ես փոխում, ոչ մեկը չէ շղարշի պես,
Երբ պարում ես՝ առկայծում ես օձի բերնի շողակի պես,
Խավարի մեջ լույս ես տալիս առանց կրակ՝ վառ բացարած:
Բարեւողին բարեւ չես տա՝ թագավորի բարեւի պես,
Ձեռքերդ՝ սպիտակ մագաղաթ, լեզուդ ոսկե փետուրի պես,
Ոսկեզօծ մետաքսե պաստառ՝ ման ես գալիս դրոշի պես,
Տեսնողը էնպես կիմանա՝ շահն է գալիս՝ ջառ[2] բացարած:
Յա՜ր, քեզանից հեռանալս մահից առավել դժվար ա,[3]
Լեզուդ՝ քաղցր, խոսքդ՝ քաղցր, ատամներդ անգին քար ա,
Երեք քսան ու մի տաս խալը երեսիդ բոլորքը շար ա,[4]
Ինչպես Սայաթ-Նովի լեզուն՝ յոթանասուն բառ բացարած:
|