Եա՛ր, քու կարօտըն քաշում իմ անմահական ջըրի նըման,
Ռա՛հմ արա, դուռըդ իմ էկի օջախի ու փըռի նըման,
Սէրըդ սիրտըս կէս է արիլ ջահվարդարի թըրի նըման,
Էշխիդ ալավըն ինձ էրից բաբէլական հըրի նըման:
Էլ քա՞նի գըցիս սարէսար, ռա՛հմ արա, եա՜ր բէմուրվաթ,
Վո՛ւչ աչքումըս լուս է մնացի, վո՛ւչ գարդանումըս թաղաթ,
Թէ դադ կ’օնիս, էս էլ շատ է, սպանեցիր ինձ թամամ բաբաթ.
Էրված սիրտըս հովցընելու բըխի՛ր դու ախպուրի նըման:
Վունցոր կարօտ մէ ուխտաւուր, դուռդ է էկել Սայաթ-Նովէն,
Անց է կացիլ ամէն չարկապ, ամէն արգել Սայաթ-Նովէն,
Թէվուր կորցնիս, էլ չիս գըթնի նորից մէկէլ Սայաթ-Նովէն.
Նա մի հատ էր՝ աշխարհ էկաւ կանց մէ ղարիբ հուրի նըման:
Հրապարակել է Գ. Թարվերդյանը (Գրական թերթ, 1936թ., # 3):
թարգմանություն
Յա՛ր, քո կարոտն եմ քաշում ես անմահական ջրի նման
Յա՛ր, քո կարոտն եմ քաշում ես անմահական ջրի նման,
Գո՛ւթ ունեցիր, դուռդ եմ եկել օջախի ու փռի նման,
Սերդ սիրտս կես է արել դամասկոսյան թրի նման,
Սիրուդ կրակն ինձ այրեց բաբելական հրի նման:
Էլ որքա՞ն գցես սարեսար, ո՛ղորմյա, յա՜ր, դու՝ խղճից զուրկ,
Բազուկումս ուժ չմնաց, աչքերս դառան լույսից զուրկ,
Թե դատ կանես, էս էլ շատ է, արեցիր դու ինձ կյանքից զուրկ,
Այրված սիրտս հովացնելու բխի՛ր դու աղբյուրի նման:
Ոնց կարոտյալ մի ուխտավոր, դուռդ է եկել Սայաթ-Նովեն,
Անց է կացել ամեն անեծք, ամեն արգելք Սայաթ-Նովեն,
Թե կորցնես, էլ չես գտնի նման ուրիշ Սայաթ-Նովեն
Նա մի հատ էր՝ աշխարհ եկավ օտարական հյուրի նման: