Jump to content

Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում/Կարծիք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԿԱՐԾԻՔ

Եզդի ժողովրդի արժանի զավակ, Աշխարհի և ՀՀ եզդիների ազգային միությունների պրեզիդենտ, եզդիների ազգային պատմագիտության և աստվածաբանության դոկտոր, պրոֆեսոր, եզդի ժողովրդի ազգային կրկնակի հերոս Ազիզ Թամոյանն այն անձնավորությունն է, ում անունն անվարան կարելի է դնել ինչպես եզդի, այնպես էլ հայ ժողովրդի այն մեծերի կողքը, ովքեր պայքարել են մեր երկու ժողովուրդների հարատև բարեկամության և հայոց պետականության կայացման ու ամրապնդման համար։ Ազիզ Թամոյանն Արցախյան շարժման առաջին իսկ օրվանից գլխավորեց իր ժողովրդին, տարավ քաղաքական պայքարի հրապարակ ու մարտի դաշտ օգնելու և սատարելու հայ ժողովրդին։

Ազիզ Թամոյանի մեծությունն այն է, որ նա անձամբ ղեկավարեց շարժումն ու պայքարը ու չխուսափեց մարտի դաշտում պայքարելու ընդհանուր թշնամու դեմ և ղեկավարեց եզդի կամավորականների գործողությունները ռազմի դաշտում։ Այս ամենով Ազիզ Թամոյանն արժանիորեն շարունակեց եզդի ժողովրդի լեգենդար զավակ Զանգիր Աղայի գործը, ով նախորդ դարի առաջին տասնամյակներին չխնայելով կյանքն ու ունեցվածքը, կանգնեց հայ ժողովրդի կողքը, մասնակցեց Բաշ Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերին ու իր և իր ժողովրդի անունները հավերժորեն թողեց ոչ միայն եզդի ժողովրդի, այլև հայ ժողովրդի հիշողության մեջ…

Այո, Ազիզ Թամոյանն էլ հավատարիմ մնաց իր նախնիների ավանդներին, հավերժ լինել հայ ժողովրդի հետ։

Կարծում եմ, գիրքն իր արժանի տեղը կգտնի այն գրքերի շարքում, որոնք գրվել են արցախյան շարժման ու հայոց հողի պաշտպանության վերաբերյալ, իհարկե, այն տարբերությամբ, որ այն վերաբերում է հայ ժողովրդի հազվագյուտ հավատարիմ ժողովուրդներից մեկին եզդի ժողովրդին, որն իր անվիճելի առաջնորդ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ իր ուրույն ներդրումն ունեցավ Արցախյան հերոսամարտում տալով տասնյակ զոհեր, անհայտ կորածներ ու հազարավոր մասնակիցներ։

ԵՊՀ ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյան