Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում/Այլոք Ազիզ Թամոյանի մասին
Անցնում են օրեր, տարիներ, սակայն չեն խամրում այն փոթորկոտ օրերի հուշերը, երբ ոտքի ելավ մի ողջ ժողովուրդ պաշտպանելու իր հողն ու ազատությունը, արժանապատվությունն ու ազատ ապրելու իրավունքը։
․․․Երբ սկսվեցին ՀՀ սահմանամերձ գոտիների ինքնապաշտպանությունը և Արցախի գոյամարտի մարտական գործողությունները, տեղի ունեցան ճակատագրական իրադարձություններ, սրբագրվեց պատմությունը, վերականգնվեց պատմական ճշմարտությունը, ծնունդ առավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Հաղթանակը ձեռք բերվեց զոհերի և գործողությունների, անօրինակ սխրանքների ու նվիրումի փառավոր էջերով։ Ու այդ էջերից կրկին ու կրկին հառնում են սիրելի դեմքեր ու անմոռաց դեպքեր, որոնց փառքն ու անմահությունը կապրեն պատմության պայծառ էջերում։
Այդպիսի նվիրյալ դեմքերից է Ազիզ Թամոյանը, եզդի ժողովրդի արժանավոր զավակը, որն իր գործունեությամբ նոր էջ բացեց եզդի և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության տարեգրության մեջ, դարձավ այդ մեծ բարեկամության նորօրյա խորհրդանիշը։ Այս ամենն ասվում է այն փոթորկոտ օրերի ականատեսի վկայությամբ, երբ մեր բարեկամ, անվանի հայ արևելագետ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հետ կազմակերպվում էին տարբեր կարգի միջոցառումներ, տեղի էին ունենում հանրահավաքներ, հնչում էին կոչեր կանգնել հայ եղբայրների կողքին, սատարել արցախցիներին, մեկնել ռազմաճակատ զենքով պաշտպանելու հայոց հողն ու հայ և եզդի ժողովուրդների ազատ ապրելու իրավունքը։
Երբեք չեն մոռացվի Ազիզ Թամոյանի ելույթները Կոտայքի մարզի (եզդիական Ամո թաղամաս) Զովունի գյուղում տեղի ունեցած հանրահավաքներում, երբ նա արտահայտեց իր ժողովրդի կամքը՝ կանգնել հայ եղբայրների կողքին, միասին կռել հաղթանակը։ Հանրահավաքները շարունակվում էին, դրանց մասնակցում էին հազարավոր եզդիներ, և Ազիզ Թամոյանն իր կրակոտ ելույթներով, եզդի ժողովրդի իղձերն արտահայտելով, ժողովրդին ոգևորելով՝ փաստորեն դարձավ ժողովրդի նվիրյալ առաջնորդը։
Զովունի գյուղից, ուր տեղի ունեցան հարյուրից ավելի հանրահավաքներ, ոգևորության ալիքն անցավ հանրապետության մյուս շրջանները։ Եվ ամենուրեք Արտաշատում ու Արմավիրում, Արարատյան դաշտի եզդիաբնակ գյուղերում, Երևանի պետական համալսարանում, ուր տեղի էին ունենում հանրահավաքներ, ելույթ էր ունենում Ազիզ Թամոյանը, ոգևորում, ոգեկոչում էր եզդի երիտասարդներին, կազմակերպում նրանց մասնակցությունը, նրանց մղում պայքարի և հերոսության։
Եզդի ժողովուրդը ևս Արցախյան հերոսամարտերում մեծ կորուստներ կրեց։ Նահատակվեցին երեք տասնյակից ավելի եզդի ազատամարտիկներ։ Նրանցից երեքի՝ Իսմայիլ Շարոյանի, Թեմուր Զեյդինյանի և Գագիկ Հաջոյանի աճյունները հանգչում են Արցախյան ազատամարտի հերոսների կողքին՝ Եռաբլրում։ Ազիզ Թամոյանի շնորհիվ երեք ազատամարտիկների շիրիմները միշտ ծածկված են լինում թարմ ծաղիկներով վառ պահելով ընկածների հիշատակը։
Անուշադրության չեն մատնվում նաև մյուս զոհված եզդի ազատամարտիկների ընտանիքները։ Եզդիների ազգային միությունը, որի նախագահ է Ազիզ Թամոյանը, աշխարհի եզդիների առաջնորդը հոգատարությամբ է շրջապատել նրանց, ծանոթ է հոգսերին և մտահոգություններին, աշխատում է միշտ օգտակար լինել զավակներ կորցրած ընտանիքներին։
Դեռևս 1992 թվականին Եզդիների ազգային միության նախագահությունը սահմանել էր «Եզդի ժողովրդի ազգային հերոս» պատվավոր կոչումը։ Ազիզ Թամոյանն առաջիններից էր, որ արժանացավ այդ պատվավոր կոչմանը և հերոսի ոսկե մեդալին, դարձավ իր հերոս նախնիների արժանավոր ժառանգորդը, և օրինակ գալիք սերունդներին, այն է՝ եզդի երիտասարդության համար։
Ազիզ Թամոյանի մասին ասվածը թերի չլինելու համար մեջբերենք Եզդիների ազգային միության պաշտոնաթերթ «Էզդիխանա»-ում տպագրված հաղորդագրությունը. «Եզդի ժողովրդի դարավոր պատմությանն է նվիրված «Մենք եզդի ենք» պատմավավերագրական, «Անմահ է քո սխրանքը, եզդի ազատամարտիկ» գրքերի, մամուլում եզդիների կյանքին ու ճակատագրին նվիրված հրապարակային հոդվածների, ռադիոյով ու հեռուստատեսությամբ ունեցած հանրամատչելի զրույցների, եզդի ժողովրդի պատմությանը, կրոնին և աստվածաբանության հարցերին առնչվող հոդվածների ու ելույթների, անբասիր մանկավարժական գործունեության համար Ազիզ Թամոյանին շնորհել եզդի ժողովրդի պատմագիտության և աստվածաբանության պատվավոր դոկտոր, պրոֆեսորի կոչում»։ Պատահական չէ, որ Ազիզ Թամոյանի մարտական ընկեր, դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանն ասել է. «Ազիզ Թամոյանի անունը պետք է դրվի ոչ միայն եզդի, այլև հայ հերոսների կողքին՝ միևնույն շարքում»։
Ազիզ Թամոյանին լավ գիտեն եզդիաբնակ բոլոր գյուղերում, բոլոր համայնքներում։ Եզդիները գիտեն, որ իրենց թիկունքում կանգնած են Եզդիների ազգային միությունը, նրա նախագահությունը, անձամբ Ազիզ Թամոյանը։ Իսկ դա և՛ պատվաբեր է, և՛ պարտավորեցնող։ Ամփոփելով կարելի է ասել, հիրավի, Ազիզ Թամոյանի կյանքն ու գործը հայ և եզդի ժողովուրդների դարավոր եղբայրության ու գիտակցության լավագույն առհավատչյան են։
- ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՖԱՐՏԱՆ
- Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,
- Աշխարհի ժողովուրդների «էլիտա» ակադեմիայի անդամ,
- Երևանի պետական համալսարանի թուրքագիտության
- ամբիոնի վարիչ