Jump to content

Եթե

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԵԹԵ


Եթե քեզ ասեն, որ սիրում են, չհավատաս հանկարծ, սիրելիս,
որովհետեւ սիրելի ես դու ավելի, քան կարելի է սիրելի լինել,
որովհետեւ գեղեցիկ ես դու ավելի, քան կարելի է գեղեցիկ լինել,
որովհետեւ մանուշակ ես դու ավելի, քան կարող է մանուշակը լինել,
եթե քեզ ասեն, որ սիրում են, չհավատաս հանկարծ, սիրելիս։

Եթե քեզ համոզեն, որ դու միակն ես, երեխա հո չե՞ս, սիրելիս,
վերծանում ես զարկը սրտի եւ այն ժամանակ, երբ այն դեռ չի հնչել,
դու ցողվում ես լույսով եւ այն ժամանակ, երբ այն դեռ չի բացվել,
դու ճամփա ես գնում եւ այն ժամանակ, երբ դեռ ճանապարհ չկա,
եթե քեզ համոզեն, որ դու միակն ես, երեխա հո չե՞ս, սիրելիս։

Եթե աչքով էլ տեսնես վարդը, մի խաբվիր, վարդ չէ, սիրելիս,
երկինքը չվել է աշնան հավքերի հետ, կապույտը թռել է տաք եզերքներ,
քաշիր ձյունեղեն սավանները եւ կտեսնես, որ տեղում չէ եւ ոչ մի լեռ,

ոտից գլուխ քեզ չափիր, տես այդ դո՞ւ ես, թե աղջիկն է հարեւանի,
եթե աչքով էլ տեսնես վարդը, մի խաբվիր, վարդ չէ, սիրելիս։

Եթե քաղցրախոսեն, ուրեմն՝ դառնությունն է ժրում, սիրելիս,
ժամադրվեն՝ հիշիր, անհնար են դարձնում հանդիպումը, անշուշտ,
սիրո ամեն խոսք հյուսվում է նուրբ ցանցաթելից ուռկանի, սիրելիս,
քնքուշս, աչքերդ մի թող, որ մոլորվեն, որ սիրտ ունենաս միշտ,
եթե քաղցրախոսեն, ուրեմն՝ դառնությունն է ժրում, սիրելիս։

Եթե քեզ ասեն, որ սիրում են, չհավատաս հանկարծ, սիրելիս,
որովհետեւ սիրելի ես դու ավելի, քան կարելի է սիրելի լինել,
որովհետեւ գեղեցիկ ես դու ավելի, քան կարելի է գեղեցիկ լինել,
որովհետեւ մանուշակ ես դու ավելի, քան կարող է մանուշակը լինել,
եթե քեզ ասեն, որ չեն սիրում, միամիտ հո չե՞ս, սիրելիս։

                                       13. 12. 2001թ.