Jump to content

Ելույթ Եւրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ելույթ Եւրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում




ԵԼՈՒՅԹ ԵՒՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՈՒՄ

[խմբագրել]
(2 դեկտեմբերի, 1996թ.)

Պարոն նախագահ,

Մեծարգո գործընկերներ,

Երախտագիտության ու գոհունակության զգացումով պատշաճն եմ ուզում մատուցել Շվեյցարիային, որպես 1996 թվականին ԵԱՀԿ-ի նախագահող երկրի գործառույթները կատարողի։

Ես շնորհակալություն եմ հայտնում նաեւ մեր տանտերերին՝ Պորտուգալիայի Հանրապետության կառավարությանը, հյուրընկալության եւ լուրջ ու արդյունավետ աշխատանքի տրամադրող հիանալի պայմանների համար։

Պարոն նախագահ,

Մեր գործունեության հիմնական ուղղությունն առաջադրվել էր, ըստ էության, Սառը պատերազմի ավարտից անմիջապես հետո, երբ ԵԱՀԿ-ն կարողացավ հանդես գալ որպես նոր հայեցակարգով մի համաժողով՝ հնարավորություն ընձեռելով արդյունավետ համագործակցության մեջ ներգրավել անվտանգության դաշինքային համակարգի փլուզումից հետո քաղաքական վակուումում հայտնված բոլոր երկրներին։ Դա հաջողվեց անել նաեւ այն պատճառով, որ ԵԱՀԿ-ն ձեւավորվեց որպես իր բոլոր անդամներին միավորող «ընդհանուր արժեքների հանրակցություն»։ Հայաստանը բարձր է գնահատում իր անդամակցությունը ԵԱՀԿ-ին։ Մենք շատ բան սովորեցինք՝ ջանալով մեր ավանդը ներդնել համաեւրոպական ինտեգրացմանն ուղղված շարժման մեջ։ Այդ գործընթացներին մասնակցությունը լուրջ ջանքեր եւ պատասխանատվություն պահանջող պարտավորություններ է դնում մեզ վրա։ Սակայն, այդ պարտավորությունները բնականորեն համապատասխանում են մեր շահերին ու նպատակներին եւ ազատ ընտրության հետեւանք են հանդիսանում։

Բուդապեշտյան գագաթնաժողովը ԵԱՀԿ-ի ինստիտուցիոնալ փոխակերպման եւ եւրոպական անվտանգության նոր համակարգի մոդելի վրա աշխատելու անհրաժեշտության վերաբերյալ կարեւոր որոշումներ ընդունեց։ Այսօր նշված երկու ուղղություններով մենք կարող ենք ակնհայտ առաջընթաց արձանագրել։ ԵԱՀԿ-ն իր ուրույն ավանդը ներդրեց անվտանգության հիմնահարցերի պատկերացումներում։ Այն չի սահմանափակվում ռազմական հարցերի շրջանակներում, այլ դրանք ներառում է հասարակական, քաղաքական, տնտեսական եւ այլ հարցերի ընդհանուր համատեքստի մեջ։

Այդ հայեցակերպն իր արտահայտությունն է գտնում ինչպես Եւրոպայի ընդհանուր եւ համապարփակ անվտանգության համակարգի ստեղծման մեր համատեղ ջանքերում, այնպես էլ հակամարտությունների վաղօրոք կանխման, կարգավորման եւ դրանց հետբախումային վերականգնման ուղղությամբ գործադրվող կոնկրետ քայլերում։

Մեր ընդհանուր անվտանգության ապահովման կարեւորագույն ուղղությունը Եւրոպայում սովորական սպառազինությունների վերաբերյալ պայմանագրի կատարելագործումը, համապատասխանեցումն ու իրագործումն է։ Այդ գործընթացը էապես համալրվում է անվտանգության բնագավառում համագործակցության Համաժողովի փաստաթղթերով նախատեսված եւ յուրաքանչյուր կոնկրետ կոնֆլիկտի դեպքում մեծ հնարավորություններ ընձեռող մեխանիզմների կատարելագործմամբ։

Արդյունավետ են գործում ներկայացուցչությունները եւ հատուկ ստեղծված մյուս կառույցները։ ԵԱՀԿ-ն Եւրոպայում ներկա է ամենուր, որտեղ հակամարտություններ կան։ Դրանք են Բոսնիան, Չեչնիան, Լեռնային Ղարաբաղը եւ այլն։ Բուդապեշտյան գագաթնաժողովից հետո ընկած ժամանակամիջոցում Հայաստանն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքներին։ Ի լրումն այդ գործընթացի, Հայաստանը հանդես է եկել Ադրբեջանի հետ ուղղակի երկխոսության նախաձեռնությամբ՝ նրա հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցման նպատակով։

Սակայն այս գագաթնաժողովում, մեզ թվում է, Ադրբեջանը փորձում է խախտել բանակցային գործընթացի բոլորի կողմից ընդունված տրամաբանությունը։

Մեր խորին համոզմամբ՝ ղարաբաղյան հիմնախնդիրը Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա լուծելու դեպքում, Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա կախված կլինի ցեղասպանության կամ բռնի տեղահանության մշտական սպառնալիքը։

Սումգայիթի (1988թ. փետրվար), Կիրովաբադի (1988թ. նոյեմբեր) եւ Բաքվի (1990թ. հունվար) հակահայկական ջարդերի, ինչպես նաեւ Ղարաբաղի 24 հայկական գյուղերի բնակչության տեղահանության (1991թ. մայիս – հունիս) փորձը ամենայն ակներեւությամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանը, չնայած բոլոր հավաստիացումներին, չի կարող Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ ապահովել։

Ուստի, մենք այն կարծիքին ենք, որ նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումն է։

Այդուհանդերձ, Հայաստանը, վերահաստատելով հրադադարի պահպանման իր պարտավորությունը, պատրաստակամություն է հայտնում շարունակելու կառուցողական մասնակցությունը բանակցությունների գործընթացին՝ ինչպես Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ ուղղակի երկխոսությամբ հակամարտությունը բանական եւ արդարացի փոխզիջման հիման վրա շուտափույթ կարգավորելու նպատակով։

Պարոն նախագահ,

Ներկայի շուրջ լարված բանակցություններում անգամ մենք չպետք է մոռանանք ապագայի մասին։ Իսկ տարածաշրջանի ապագա անվտանգությունն անհնար է առանց տարածաշրջանային լայն համագործակ ցության, որը կոչված է ոչ միայն վաղվա հեռանկարը իրական դարձնելուն, այլեւ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների հետագա ձեւավորմանը նպաստելուն։

Որպես քայլ տվյալ ուղղությամբ, ես կառաջարկեի ԵԱՀԿ-ի հովանուներքո կովկասյան երեք պետությունների ոչ պաշտոնական խորհրդակցություններ սկսել կազմակերպության անդամ բոլոր շահագրգիռ պետությունների մասնակցությամբ՝ մշակելու համար տնտեսական զարգացման, սպառազինությունների վերահսկողության, հակամարտությունների կարգավորման, տարածաշրջանային ինտեգրացման հարցերի լայն շրջանակը ներառող տարածաշրջանային համագործակցության հիմնական ուղղությունները։

Վերջում, պարոն նախագահ, ես ուզում եմ շնորհավորել 1997 թվականին ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնող մեր դանիացի գործընկերներին եւ վստահություն հայտնել, որ նրանց ղեկավարությամբ ու բոլոր մասնակից երկրների ջանքերով մենք կհասնենք Եւրոպայի անվտանգության ու համագործակցության հրատապ հարցերի լուծմանը։

«Հայաստանի Հանրապետություն», 4 դեկտեմբերի, 1996 թ.։
Հրատարակված՝ «Նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումն է» վերնագրով։