Ելույթ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջանում
ԵԼՈՒՅԹ ԽՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
[խմբագրել]Հարգելի պատգամավորներ, Բանավեճը, որ ընթանում է այս դահլիճում, իհարկե, հետաքրքիր է, բայց ոչ ավելին։ Եւ եթե այն այսուհետեւ էլ այս ոգով շարունակվի, եւ մենք էլ լքենք այս դահլիճը՝ չմշակելով ստեղծված իրավիճակից դուրս գալու կոնկրետ մեխանիզմներ, ապա, համոզված եմ, մեկ-երկու շաբաթ անց ստիպված կլինենք նորից հավաքվելու եւ քննարկելու ավելի ճգնաժամային մի իրավիճակ։ Ցավոք, ես չտեսա այդ մեխանիզմները ո՛չ պրեզիդենտի զեկուցման մեջ, ո՛չ էլ մյուս հռետորների ելույթներում։ Ես համաձայն եմ գրեթե բոլոր ելույթների արձանագրային մասերին, չնայած նրանցում, թվում է, շեշտը հիմնականում դրվում է մեր իրականության բացասական կողմերի վրա։ Դուք բոլորդ էլ գիտեք, սակայն, որ այդ բացասականով հանդերձ՝ մեր իրականությունն ունի նաեւ դրական կողմեր։ Ես կնշեմ դրանցից մի քանիսը.
Առաջինը հանրապետությունների ինքնիշխանության գործընթացի խորացումն է եւ Կենտրոնի ու հանրապետությունների իրավասությունների սահմանազատումը։
Երկրորդը՝ հանրապետությունների միջեւ հորիզոնական հարաբերությունների հաստատումը։ շատ ազդեցիկ լծակներ, որոնք են՝ քաղաքականը, տնտեսականը, ազգայինը եւ ռազմականը։
Քաղաքական լծակը հանրապետությունների ինքնիշխանության կամ անկախության հռչակմամբ, կարելի է ասել, որ սպառում է իրեն։ Ժողովրդավարության ուղին բռնած հանրապետություններում իսպառ վերացել է Կենտրոնի թելադրանքը։ Հանրապետությունների մեծ մասը հաստատել է սեփական Սահմանադրության եւ իր օրենքների գերակայությունը միութենականի նկատմամբ։ Սա արդեն գործող մեխանիզմ է. կենտրոնական մարմինները կորցրել են իրենց ռեալ քաղաքական իշխանությունը, քանի որ նրանց որոշումները, որպես կանոն, այլեւս չեն իրականանում հանրապետություններում։ Սրան գումարվում է նաեւ այն գաղափարախոսության սնանկությունը, որի վրա էր հիմնված կոմունիստական քաղաքական վարչակարգը։ Եւ, բնականաբար, Կենտրոնը պետք է փնտրի նոր լծակներ։
Դրանցից ամենաազդեցիկը, իհարկե, տնտեսական լծակն է։ Կորցնելով քաղաքական հսկողությունը, Կենտրոնն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կփորձի օգտագործել տնտեսական լծակը՝ հանրապետություններն իրենից կախման մեջ պահելու նպատակով։ Օգտվելով նյութամատակարարման, բանկային համակարգի, դրամական շրջանառության, արտաքին առեւտրի եւ օտարերկրյա վալյուտայի վրա ունեցած վերահսկողության համակարգից՝ Կենտրոնը, ըստ երեւույթին, կանի ամեն ինչ՝ պահպանելու համար ամբողջատիրական վարչակարգը։ Ընդ որում, այս բնագավառում Կենտրոնի սուբյեկտիվ ձգտումներից բացի, կան նաեւ օբյեկտիվ պայմաններ։ Չնայած քաղաքական անկախության խիստ արտահայտված մի տումներին, հանրապետություններն ապագայի անորոշությունից երկյուղած, առայժմ, կարծես, ձգտում են պահպանել Միությունում ձեւավորված տնտեսական կապերը՝ դրանք ուղղահայաց հարաբերություններից վերածելով հորիզոնականի, այսինքն՝ դրանք հաստատում են հանրապետությունների միջեւ կնքվող պայմանագրերով։ Սակայն որքան էլ ազդեցիկ լինի Կենտրոնի տնտեսական լծակը, այնուամենայնիվ, տեսականորեն, Կենտրոնի ձգտումը խոր հակասության մեջ է գտնվում երկրի տնտեսության զարգացման օբյեկտիվ ընթացքի կամ հիմնական կոնցեպցիայի հետ, որն ապակենտրոնացումն է։ Վերջինս նշանակում է հանրապետությունների տնտե սական ինքնուրույնության ամրապնդում եւ քաղաքական տեսակետից կունենա հակադարձ ազդեցություն, այսինքն՝ չի նպաստի երկրի քաղաքական ամբողջության պահպանմանը։ Այս հակասությունն օբյեկտիվ է, քանի որ, եթե երկիրն իսկապես ցանկանում է դուրս գալ տնտեսական ճգնաժամից, նա այլ ճանապարհ չունի, քան ապակենտրոնացումը։ Այդ լծակն, ուստի, խախտում է զարգացման օբյեկտիվ ընթացքը եւ ըստ այդմ նույնպես դատապարտված է ձախողման։
Հաջորդ լծակը, որ, ինչպես նշվեց, կարող է Կենտրոնն օգտագործել կայսրության ամբողջականությունն ամրապնդելու համար՝ ազգամիջյան հարաբերությունների սրումն է։ Ինչպես ցանկացած գաղութային երկիր, պարզ է, Խորհրդային Միությունն էլ օգտագործեց, օգտագործում է եւ կօգտագործի այս լծակը, որից եւ ամենաշատը տուժել ենք մենք։ Եւ չնայած այս ոլորտում արդեն տեղի ունեցած ցավալի իրադարձություններին, պետք է հուսալ, որ խորհրդային ժողովուրդներն իրենց մեջ այնքան ուժ կգտնեն, որ կարողանան զանազանել իրենց իրական շահերը՝ կայսրության շահերից։
Եւ վերջապես, չպետք է բացառել նաեւ չորրորդ լծակի՝ բռնի ուժի գործադրման հնարավորությունը։ Եթե օբյեկտիվորեն նայենք, Կենտրոնը գործնականում ունի միայն այս իշխանությունը, նրան են ենթարկվում միայն բանակը, ներքին գործերի մինիստրությունը եւ պետական անվտանգության կոմիտեն։ Եւ, դժբախտաբար, Կենտրոնի կողմից այդ ուժերին իշխելը կարող է ինչ-որ պահի հանգեցնել նաեւ բռնի ուժի կիրառման։ Այդպիսի փորձեր եղան էլ՝ չնայած որոշ դեպքերում նաեւ արդարացված (ես նկատի ունեմ Ադրբեջանը, երբ փորձ էր արվում բռնի ուժով տապալել օրինական իշխանությունները, եւ դրա դեմ կիրառվեց Կենտրոնի բռնի ուժը)։ Այնուամենայնիվ, այսօր տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որ որեւէ ռեգիոնում այդ ուժի կիրառումը կարող է հրդեհ առաջ բերել ողջ Միության մեջ։ Միաժամանակ ակնառու է նաեւ, որ Կենտրոնը մեծ համբերությամբ է հանդուրժում տեղերում բազմաթիվ անօրինականություններ ու բռնություններ, որոնց ժամանակին կարող էր վայրկենապես արձագանքել։ Դա ցույց է տալիս այն հսկա պատասխանատվությունը, որը գիտակցվում է Կենտրոնի կողմից։ Բռնության գործադրմամբ Խորհրդային Միությունն ստիպված պետք է լինի հրաժարվել իր զարգացման քաղաքականությունից։ Սա էլ խորհրդի նախագահն ըստ այդմ իրավասու է կատարելու այդ 15 մարդու որոշումները։ Հասկանալի է, որ այստեղ անհրաժեշտ է սահմանել այդ մարմնի կարգավիճակն ու աշխատակարգը։
— Քաղաքական համաձայնեցման կոմիտե, որը ձեւականորեն գոյություն ունի։ Դա ԽՍՀՄ Ֆեդերացիայի խորհուրդն է, որի կարգավիճակը, սակայն, իմ կարծիքով, առայժմ ճշտված չէ։ Ես այդ խորհրդի անդամ եմ, բայց չգիտեմ իմ լիազորությունները։ Հայաստանի Գերագույն խորհուրդն ինձ ոչ մի լիազորություն չի տվել այնտեղ որեւէ որոշում ընդունելու կամ փաստաթուղթ ստորագրելու համար։ Անհրաժեշտ է հստակեցնել Ֆեդերացիայի խորհրդի կարգավիճակն այն հաշվով, որ Խորհրդի անդամները կարողանան իրենց հանրապետությունների Գերագույն խորհուրդների անունից որոշումներ ընդունել։ Պետք է ճշտվի նաեւ այդ մարմնի աշխատակարգը. որոշումները կարելի է ընդունել, ասենք, որակյալ մեծամասնությամբ՝ ձայների երկու երրորդով կամ այլ կերպ։
Եւ վերջինը՝ միութենական պայմանագրի մասին։ Ըստ իս, մենք բաց ենք թողել պահը, երբ հնարավոր էր միութենական պայմանագիր կնքել։ Այժմ, կես ճանապարհին, դա իրականացնելն անհնար է։ Հանրապետություններում ընթանում են ինքնիշխանության խորացման, Կենտրոնի եւ հանրապետությունների իրավասությունների սահմանազատման գործընթացներ, եւ, ինչպես ասացի, կես ճանապարհին, անհնար է կնքել այդ պայմանագիրը։ Պետք է թողնել, որ այդ գործընթացները հասնեն իրենց տրամաբանական ավարտին եւ միայն դրանից հետո կնքել միութենական պայմանագիրը։ Դա պետք էր անել կամ ավելի վաղ, քանի դեռ չէր սկսվել հանրապետությունների ինքնիշխանացման գործընթացը, կամ էլ պետք է թողնել այդ գործընթացի ավարտից հետո։
Եթե նման մեխանիզմներ ստեղծվեն, եւ նման պրակտիկան իրեն արդարացնի, հնարավոր է, որ դա ապագայում որոշակիացնի նոր Միության կամ նոր Ֆեդերացիայի իրական ձեւը։
Եթե իմ խոսքում բարոյախրատական ինչ-որ երանգ հնչեց, ապա ներողություն եմ խնդրում։
Շնորհակալություն ուշադրության համար։
ՀՀԱՆԱ, 28/16.11.90։ Ելույթի սղագրություն։
Թարգմանություն ռուսերենից։
- ↑ Ելույթի անփույթ թարգմանության մի տարբերակ ժամանակին տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» թերթում (18 նոյեմբերի, 1990 թ․)։