Ելույթ Հայոց համազգային շարժման 9-րդ համագումարում
ԵԼՈՒՅԹ ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ 9-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ
[խմբագրել]Համագումարի հարգարժան պատվիրակներ,
Քաջ գիտակցելով, որ գրեթե անհնար է մեկ ելույթում արծարծել ձեզ հուզող բոլոր հարցերը, փարատել ձեր կասկածներն ու մտատանջությունները, կամ ի վերջո՝ թեկուզ մասամբ բավարարել ձեր պարզ մարդկային հետաքրքրասիրությունը, կփորձեմ կատարել ընդամենը մի քանի անհավակնոտ շեշտադրումներ, որոնք, իմ կարծիքով, կարեւոր են ներկա քաղաքական իրավիճակի գնահատման տեսակետից։
Բարեբախտաբար թե դժբախտաբար, ՀՀՇ-ն որպես իշխող կուսակցություն, կրում է անցման շրջանի դժվարությունների, թերացումների, հասարակական ու բարոյական արատների ողջ պատասխանատվությունը (ՀՀՇ-ի իշխող կուսակցություն լինելու հանգամանքը, ես կարծում եմ, անհրաժեշտ չափով հիմնավորել եմ իմ նախորդ ելույթներում, ուստի հարկ չեմ համարում կրկնել բերված փաստարկները)։
Հայաստանի իշխանությունները, հետեւաբար ՀՀՇ-ն, տեղի ու անտեղի ենթարկվում են ընդդիմության եւ հասարակական կարծիքի դաժան քննադատությանը, ծաղրին, պարսավանքին, զրպարտություններին ու անհիմն ամբաստանություններին։
Գործի է դրվում ամբոխավարության, ստի, կեղծիքի, զանգվածներին հաճոյանալու, իշխանություններին վարկաբեկելու, թեւաթափ անելու, նրանց օղակների մեջ հակասություններ գրգռելու, հասարակական անդորրն ու երկրի կայունությունը խախտելու ողջ զինանոցը։Հաջողություններին բոլորն են տեր կանգնում, ձախողությունները՝ բարդում են մեկի վրա։ Ինչպես ասում են՝ հաղթանակը հազար ծնող ունի, պարտությունը՝ որբ է։
Ինչ որ լավ է՝ օբյեկտիվ է, այսինքն կախված չէ իշխանությունների կամքից, ինչ որ վատ է՝ սուբյեկտիվ է, այսինքն իշխանությունների մեղքն է։
Երբ անձրեւը ժամանակին է գալիս՝ Աստծո կամ ԱԺՄ-ի շնորհքն է, երբ անպատեհ ժամի՝ Տեր-Պետրոսյանի կամ ՀՀՇ-ի դավադրությունն է։
Ամեն ինչ սեւ է, ամեն մարդ՝ դժբախտ, ամենուրեք ճգնաժամ է, ամենուրեք՝ հոգեվարք, երկիրը դժոխք է, ազգը՝ կործանված։
Չկա ազգային գաղափարախոսություն, չկա պետական ծրագիր, չկան տնտեսական բարեփոխումներ, չկա ժողովրդավարություն, չկա արտաքին քաղաքականություն, չկա, չկա ու չի լինի, քանի դեռ…
Ահա մոտավորապես Հայաստանի այն ողբերգական պատկերը, որ յոթ տարի շարունակ գծվում[1] է ընդդիմադիր մամուլում. Ցանկության դեպքում, առանց ճիգ թափելու դուք կարող եք այն ավելի խտացնել ու մռայլ դարձնել։
Իհարկե, տհաճ է լսել այս ամենը, մանավանդ, երբ դա մատուցվում է որպես վերին ճշմարտություն, որպես արդար դատավճիռ։
Բայց եթե դրանից սրտնեղում ենք, եթե սկսում ենք մեղավորներ փնտրել մեր ներսում, նշանակում է դեռեւս լավ չենք սերտել ժողովրդավարության այբուբենը։
Իրականում ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում. իշխանությունն անում է իր գործը, ընդդիմությունն՝ իրենը։ Իշխանությունն աշխատում է, ընդդիմությունը՝ հայհոյում, իշխանությունը սայթաքում է, ընդդիմությունը՝ հրճվում, իշխանությունն արդարանում է, ընդդիմությունը՝ չարախնդում, իշխանությունը փորձում է լուծել ծագած խնդիրները, ընդդիմությունը ձգտում է նոր խնդիրներ ստեղծել նրա համար։
Արտառոց ոչինչ չկա, որովհետեւ այդպես է աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում։Ընդդիմությունն, ըստ այդմ, միշտ գտնվում է հարձակվողի, իսկ իշխանությունը՝ պաշտպանվողի դերում։
Ընդդիմությունն ունի այն առավելությունը, որ հարձակումը, այսինքն՝ իշխանությունների քննադատությունը, վարկաբեկումը, նզովումն ու դատապարտումը նրա միակ գործն է։ Այլ հոգս կամ պատասխանատվություն, քան քարոզչությունը, նա չունի։ Մենք եղել ենք ընդդիմություն, եւ դա շատ լավ գիտենք։
Իշխանություններն ու իշխող կուսակցությունն այս տեսակետից գտնվում են ավելի անբարենպաստ դիրքում. ընդդիմության քարոզչությունից պաշտպանվելուց բացի նրանք պետք է վարեն պետության ու հասարակության բոլոր գործերը։ Մենք իշխանություն եւ իշխող կուսակցություն ենք, եւ սա նույնպես լավ գիտենք։
Ընդդիմությունն ունի եւս մի առավելություն. չկրելով որեւէ պետական պատասխանատվություն, հետեւաբար՝ չունենալով սխալվելու հնարավորություն, նա խելացի գործելու դեպքում կարող է անընդհատ բարձրացնել իր վարկանիշը։ Մինչդեռ իշխանություններն իրենց գործունեության մեջ անխուսափելիորեն թույլ տալով սխալներ ու սայթաքումներ, շարունակ կանգնած են իրենց վարկանիշի անկման վտանգի առջեւ։
Սա նկատի ունենալով՝ միանգամայն բնական եմ համարում, որ մեր իշխանությունների եւ ՀՀՇ-ի վարկանիշը 1990–1991 թվականների համեմատ ակնհայտորեն ընկել է։ Այս հանգամանքն, անշուշտ, խորհելու ու մտահոգվելու տեղիք պետք է տա, բայց սրանից ողբերգություն չպետք է սարքել։
Իհարկե, որպես գործող իշխանություն մենք էլ ենք սխալներ թույլ տվել ու սայթաքել։ Բայց եթե չսխալվեինք ու չսայթաքեինք անգամ, միեւնույն է, մեր հեղինակությունն ընկնելու էր, որովհետեւ աշխարհում դեռ ոչ մի իշխանության չի հաջողվել արդարացնել իր ժողովրդի բոլոր հույսերը։Ժողովրդավարական երկրներում իշխանությունների եւ ընդդիմության քարոզչական պայքարն ի վերջո ավարտվում է իշխանությունների պարտությամբ. եթե այդպես չլիներ, իշխանություններն էլ երբեք չէին փոխվի։
Իշխանությունների եւ ընդդիմության քարոզչական պայքարն ուղղված է ոչ թե միմյանց համոզելու, այլ ժողովրդի վստահությունը շահելու նպատակին։ Իշխանություններն ինչ էլ ասեն, միեւնույն է՝ ընդդիմությունը չի փոխելու իր տեսակետը, եւ հակառակը՝ ընդդիմությունն ինչ էլ ասի, իշխանությունները չեն ընդունելու նրա ասածները։
Ժողովրդավարական հասարակարգերում գրեթե իսպառ բացակայում է ինքնաքննադատությունը, որովհետեւ քննադատողներն այնքան շատ են, որ դրա կարիքը չկա։ Ինքնաքննադատությունը հատուկ է ամբողջատիրական վարչակարգերին, բայց դա ոչ այլ ինչ է, եթե ոչ փարիսեցիություն։ Ցուցադրական ինքնաքննադատությամբ զբաղվում էր սովետական բռնատիրությունը, որովհետեւ քննադատությունը խստիվ արգելված էր, եւ ժողովրդավարության պատրանք ստեղծելու այլ միջոց չկար։ Սա՝ իմիջիայլոց։
Վերադառնալով ժողովրդավարական հասարակարգերին, ապա նրանց շարժիչ ուժն, ինչպես տեսնում ենք, ընդդիմության եւ իշխանությունների անընդհատ քաղաքական հակամարտությունն է, որը ժամանակավորապես լիցքաթափվում է պարբերաբար տեղի ունեցող ընտրությունների միջոցով։
Հայաստանյան իրականությունը ոչնչով չի տարբերվում այս ընդհանուր պատկերից, այդ պատճառով ՀՀՇ-ն ամենեւին կարիք չունի խուճապի մատնվելու։
Ընդդիմադիր ուժերն անողոք ու անհաշտ են ամենուրեք, նրանք ճգնաժամ ու համընդհանուր կործանում են ահազանգում այնքան ժամանակ, քանի դեռ իրենք չեն եկել իշխանության գլուխ։
Սակայն, երբ փոխվում են իշխանությունները, փոխվում են նաեւ կողմերի դերերը. նախկին իշխանությունները հայտնվում են հարձակվող ընդդիմության, իսկ նախկին ընդդիմությունը՝ պաշտպանվող իշխանության դերում։Բոլոր դեպքերում, կարծում եմ, ՀՀՇ-ի վարկանիշն այսօր շատ ավելի ցածր կլիներ, եթե Հայաստանում ընդդիմություն գոյություն չունենար. կասկածում եմ անգամ, որ մենք կկարողանայինք իշխանության գլուխ մնալ ամբողջ յոթ տարի։
Ընդդիմության բացակայությունը անխուսափելիորեն հանգեցնում է իշխանությունների եւ իշխող կուսակցության պատասխանատվության նվազման, զգոնության թուլացման, ի վերջո՝ լճացման ու այլասերման։ Այնպես որ՝ մենք երախտապարտ պետք է լինենք ընդդիմությանը, որի շնորհիվ կարողանում ենք պահպանել մեր կենսունակությունը։
Եթե մեր միակ մտահոգությունը կուսակցության վարկանիշը դիտվեր, ապա մեկ-երկու տարի առաջ իշխանությունը պետք է հանձնեինք ընդդիմությանը. չեմ կասկածում, որ ՀՀՇ-ի վարկանիշն այսօր տասնապատիկ ավելի բարձր կլիներ։
Իշխանությունների կամ իշխող կուսակցության վարկանիշն, այսպիսով, հարափոփոխ հասկացություն լինելով, ամենեւին էլ նրանց հեղինակության կամ գործունեության գնահատման օբյեկտիվ չափանիշը չէ։
Որեւէ իշխանության քիչ թե շատ ճշմարիտ գնահատականը կարելի է տալ միայն՝ նրա գործունեությունը համեմատության մեջ դնելով երկրի նախորդ կամ հաջորդ իշխանության գործունեության հետ։
ՀՀՇ-ն, դժբախտաբար, զրկված է համեմատվելու հնարավորությունից, քանի որ առայժմ Հայաստանի նորանկախ պետականության միակ իշխանությունն է։ Մնում է սպասել, ուրեմն, ժամանակի քննությանն ու պատմության դատաստանին։
Իսկ ընդամենը մեկ-երկու տասնամյակ հետո մոռացվելու է այն ամենը, ինչ ՀՀՇ-ի եւ Հայաստանի ներկա իշխանությունների հասցեին ասվում է այսօր, մոռացվելու են բոլոր իրական հոգսերն ու դժվարությունները, մոռացվելու են շատ անուններ ու իրադարձություններ, եւ պատմությունը պարզապես արձանագրելու է հետեւյալ չոր փաստերը.
- ՀՀՇ-ի օրոք Հայաստանը վերանվաճեց իր անկախությունը.
- ՀՀՇ-ի օրոք Արցախը շահեց ազատագրական պատերազմը.- ՀՀՇ-ի օրոք Հայաստանում դրվեցին ժողովրդավարության, բազմակուսակցականության, պառլամենտարիզմի հիմքերը. - ՀՀՇ-ի օրոք Հայաստանում ձեւավորվեց ազատ շուկայական տնտեսություն. - ՀՀՇ-ի օրոք ստեղծվեց հայոց բանակը։
Ահա թե ինչն է, որ հատկապես մեզ չի ներվում, որ ահավոր կերպով ջղայնացնում է ընդդիմությանը։
Իրենք էլ գիտեն, մենք էլ գիտենք, որ նրանք վաղ թե ուշ գալու են իշխանության գլուխ եւ հնարավորություն ունենալու են ապացուցելու իրենց առավելությունը, կատարելու իրենց տպավորիչ խոստումները։
Բայց պետության հիմնադրի պատվից ու դափնիներից զրկվելը նրանց հանգիստ չի տալիս։ Դրանով են բացատրվում ընդդիմության ջղաձիգ քայլերն ու երբեմն օրենքի սահմաններն անցնող վտանգավոր գործողությունները։
Նման քայլերն ու գործողություններն արդարացնելու համար հնարվում են ճշմարտանման կամ բոլորովին շինծու տեսություններ։
Գիշեր-ցերեկ թմբկահարվում է, թե իշխանությունը բռնազավթել են մի խումբ թալանչիներ, որոնց նպատակը ոչ ավել, ոչ պակաս՝ հայ ժողովրդի բնաջնջումն է։ Օտարից վատթար ու ապազգային՝ որոնց դեմ գործված ցանկացած բռնություն ար դարացված է, քանզի դա ազգային-ազատագրական պայքար է՝ ուստի սրբազան։
Այստեղ մենք ընդհուպ մոտենում ենք նորանկախ պետություններում ձեւավորվող ժողովրդավարության մի այլ օրինաչափության, որը որպես կանոն դրսեւորվում է գաղութատիրությունը թոթափած համարյա բոլոր երկրներում։
Հաղթանակած ազգային-ազատագրական շարժումներում (ինչպիսին նաեւ ՀՀՇ-ն է), երբ միանգամից չեն արդարանում անկախության հետ կապված վարդագույն հույսերը, շատ արագ առաջանում է երկու քաղաքական հոսանք։Մյուս հոսանքը, օգտվելով անկախության անմիջական արդյունքների բացակայությունից, շահագործելով անցման շրջանին բնորոշ սոցիալական դժվարություններն ու ժողովրդի բնական դժգոհությունները, որդեգրում է հրաշքներ խոստանալու եւ անիրականանալի ծրագրեր առաջադրելու քաղաքականությունը։ Բայց հանդիպելով ժողովրդի մի զգալի մասի շրջահայացությանն ու թերահավատությանը, նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը, դիմում բռնությունների ու արկածախնդրությունների՝ վերջնականապես ընկնելով հեղափոխականության գիրկը։ Արդյունքը լինում է՝ կա՛մ իշխանության զինված զավթում ու բռնատիրության հաստատում, որի օրինակներն անթիվ-անհամար են, կա՛մ ազգային աղետ, որը մեր աչքի առջեւ տեղի ունեցավ Ադրբեջանում եւ Վրաստանում, Էլչիբեյի եւ Գամսախուրդիայի օրոք։
Փորձը ցույց է տալիս, որ սովորաբար հաջողության են հասնում եւ բռնատիրությունից ու ազգային աղետից խուսափում այն ժողովուրդները, որոնք իշխանության ղեկը վստահում են առաջին հոսանքի ներկայացուցիչներին։
Հայաստանի քաղաքական կյանքում նույնպես առկա են թե՛ էվոլյուցիոն զարգացումը ներկայացնող , թե՛ հեղափոխականություն դավանող հոսանքները. Առաջինը՝ հանձինս ՀՀՇ-ի եւ ներկա իշխանությունների, երկրորդը՝ հանձինս ընդդիմության ծայրահեղ թեւի, այն է՝ ԱԺՄ-ի ու նրա դաշնակիցների։
Ի պատիվ մեր ժողովրդի, Հայաստանը, սակայն, առայժմ կարողացել է խուսափել հեղափոխականության աղետալի վտանգներից։ Յոթ տարվա ընթացքում մեզ մոտ գրանցվել է ընդամենը երկու տագնապալի քաղաքական իրավիճակ. մեկը՝ ՀԱԲ-ի լուծարման օրերին, մյուսը՝ 1996 թվականի սեպտեմբերի 25-ին։Դժբախտաբար նույնը չի կարելի ասել ԱԺՄ-ի գլխավորած սեպտեմբերյան հեղաշրջման փորձի մասին, որն ահավոր հարված հասցնելով Հայաստանի ժողովրդավարական համարումին ու միջազգային վարկին, լուրջ վտանգի ենթարկեց երկրի ներքին կայունությունը եւ փաստորեն դարձավ հայ ժողովրդի պատմության ամենախայտառակ էջերից մեկը։
Չկարծեք, թե չափազանցում եմ, հակառակը՝ դեռ շատ մեղմ եմ արտահայտվում. ամերիկյան պետքարտուղարության հայտարարության մեջ ԱԺՄ-ի ձեռնարկած բռնությունը որակվեց որպես ֆրուստրացիա, որը պարզապես բժշկական տերմին է։
Ո՞վ շահեց դրանից. ո՛չ ոք, բացի մեր չարակամներից։ Եթե շահեր գոնե Ազգային համաձայնության դաշինքը, գուցեեւ այդ արկածախնդրությունն արդարացված համարվեր։
Ստանալով ընտրողների ձայների 41 տոկոսը՝ Դաշինքը ձեռք էր բերել այնպիսի կապիտալ, որը նրան հնարավորություն էր տալիս առաջիկա հինգ տարիների ընթացքում հանդես գալ որպես լուրջ քաղաքական կազմակերպություն եւ օրինական ճանապարհով հասնել իր նպատակների իրականացմանը։ Սեպտեմբերյան խելահեղությամբ, սակայն, ԱԺՄ-ի առաջնորդը մի վայրկյանում վատնեց այդ ահռելի կապիտալը՝ փաստորեն դավաճանելով ու չափազանց ծանր կացության մատնելով իր քաղաքական դաշնակիցներին։
Եթե դեռեւս այս գնահատականը դաշնակիցների կողմից արտաբերվում է բավական երկչոտ, ապա անկասկած՝ վաղը դառնալու է տիրապետող ու միանշանակ։
Դաշինքն, ըստ էության, արդեն գոյություն չունի։ Սակայն նրա անդամներից ոչ ոք առայժմ չի համարձակվում դուրս գալ նրանից, վախենալով կրել Դաշինքը քայքայողի պիտակը, թեեւ բոլորին հայտնի է, թե ով է քայքայողը։
Սեպտեմբերի 25-ին ծագած քաղաքական ճգնաժամն այսօր, ըստ էության, լիովին հաղթահարված կարելի է համարել։ Վերականգնված է Հայաստանի ներքին կայունությունն ու քաղաքական հավասարակշռուՍա ձեռք է բերվել, անշուշտ, ոչ միայն Դաշինքի ներսում առաջացած հակասությունների ու տարաձայնությունների պատճառով, այլեւ իշխանությունների նպատակասլաց ու հաշվենկատ գործողությունների շնորհիվ։
Կառավարության կազմում տեղի ունեցած լուրջ կադրային փոփոխությունները, երկու վարչապետների հաջող նշանակումները, խորհրդարանի ակտիվ օրենսդրական գործունեությունը, հանցագործությունների ու անօրինականությունների դեմ պայքարի որոշակի ուժեղացումը, հարկային եւ մաքսային համակարգերի աշխատանքի արդյունավետության բարձրացումը, ընդդիմության հետ սկսված կառուցողական երկխոսությունը աստիճանաբար թուլացրին հասարակական լարվածությունը՝ երկրի քաղաքական կյանքը մտցնելով բնականոն հունի մեջ։
Ճգնաժամը թեեւ հաղթահարված է, բայց դա դեռեւս չի նշանակում, որ հեղափոխականության վտանգը Հայաստանում իսպառ վերացել է։ Քանի դեռ ժողովրդի սոցիալական վիճակը մնում է ծանր, քանի դեռ տնտեսական ոլորտում լուրջ տեղաշարժ չի արձանագրվել, քանի դեռ պետության մեջ լիակատար կարգուկանոն եւ օրինականություն չի ապահովվել, հեղափոխականության վտանգը կա եւ կմնա։
Պատահական չէ, որ անգամ սեպտեմբերյան արկածախնդրությունից հետո ԱԺՄ-ն չի դադարեցրել բռնության բացահայտ կոչերն ու քողարկված սպառնալիքները։ Նույնպես պատահական չէ, որ ընդդիմությունից միայն ԱԺՄ-ն է մերժել իշխանությունների կողմից բազմիցս կատարված երկխոսության առաջարկները։
Բացի բռնության դիմելու հավանականությունից, հեղափոխականությունը վտանգ է ներկայացնում նաեւ մի այլ, եթե կուզեք՝ գաղափարախոսական կամ զուտ քաղաքական առումով։
Հեղափոխական ընդդիմությունը ոչ թե իշխանությունների հետ վիճարկում է սոցիալ- տնտեսական բնույթ ի առանձին հարցեր կամ ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մասնավոր խնդիրներ՝ փորձելով նպաստել այդ հարցերի ու խնդիրների բարեհաջող լուծմանը, այլ ըստ էության հարցականի տակ է դնում պետության ողջ կառուցվածքն ու գործունեությունը։Ընդդիմության այդ թեւն իրականում խնդիր է դնում քանդել ամեն ինչ, խարխլել պետության հիմքերը եւ երկիրը վերադարձնել, լավագույն դեպքում, 1991 թվականի վիճակին՝ ժողովրդին վերապահելով անցած տարիների ողջ տառապանքներն ու դժվարությունները վերապրելու ահավոր բեռը։
Խղճի խայթ պետք չէ. Ժողովուրդն արժանի է նման խիստ պատժի, որովհետեւ չի գիտակցել, որ յոթ տարի շարունակ սխալ է ապրել, սխալ ընտրություն կատարել ու հեղափոխականների արժանիքը չի գնահատել։
Հեղափոխականությունն, այսպիսով, մնում է Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենալուրջ վտանգը՝ լուրջ նաեւ այն պատճառով, որ այն խրախուսվում է որոշ օտար ուժերի կողմից, նրանց հնարավորություն տալով միջամտելու մեր ներքին գործերին։ Չեմ ուզում գերագնահատել, բայց այդ գործոնն առկա է, եւ միամտություն կլիներ կարծել, թե օտարները չպետք է օգտվեն մեր ներքին հակասություններից։
Հեղափոխականության հաղթահարումն, ուստի, պետք է դառնա մեր մտավորականության, հասարակական կազմակերպությունների, առողջ քաղաքական ուժերի, վերջապես՝ ողջ ժողովրդի գերագույն խնդիրը։
Այստեղ է, որ ՀՀՇ-ն պետք է դրսեւորի բացառիկ քաղաքական կամք եւ եռանդուն բացատրական կարողություններ՝ օգտագործելով քարոզչական բոլոր քաղաքակիրթ միջոցներն ու օրինական հնարավորությունները։
Սա նախ եւ առաջ ՀՀՇ-ի ու մյուս կառուցողական ուժերի պարտքն է, որովհետեւ գաղափարախոսական պայքարը պետք է մղվի ոչ թե իշխանությունների եւ ընդդիմության միջեւ, քանզի դա միշտ կարող է շահարկվել օտարների կողմից, այլ՝ հորիզոնական մակարդակով, այն է՝ քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների միջեւ։Ժողովրդին հեղափոխական բախտախնդրության վտանգներից զերծ պահելու գործում ես չափազանց կարեւոր եմ համարում նաեւ Հայաստանի մտավորականության, ստեղծագործական միությունների, Ազգային ակադեմիայի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, մամուլի միջոցների, գործարար աշխարհի դերը։
Քաղաքական դաշտում բռնությունների ու օրինազանցությունների նկատմամբ պետք է ստեղծել համատարած անհանդուրժողականության ու անթույլատրելիության մթնոլորտ, այլապես ժողովուրդը չի կարող իրեն լիովին ապահովված ու պաշտպանված զգալ։ Այս ամենը, սակայն, հեղափոխականության հաղթահարման թեեւ անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ։
Հեղափոխականության վերջնական վտանգազերծումը կախված է՝ մի կողմից այն բանից, թե իշխանություններին որքանով կհաջողվի բարելավել ժողովրդի սոցիալական վի ճակը, առողջացնել երկրի տնտեսությունը, լուծել պետության առջեւ կանգնած կենսական խնդիրները՝ դրանով իսկ խլելով հողը սոցիալ-դեմագոգների ոտքի տակից, իսկ մյուս կողմից՝ այն հանգամանքից, թե Հայաստանում ինչպես կզարգանա արդիական քաղաքական կուսակցությունների ձեւավորման գործընթացը։
Ժողովրդավարության բնականոն զարգացման դեպքում Հայաստանում վաղ թե ուշ, ու թերեւս որոշ յուրահատկություններով, ստեղծվելու է քաղաքական ուժերի դասական համակարգ, այն է՝ Աջ-կենտրոն (լիբերալ-դեմոկրատներ կամ քրիստոնյա-դեմոկրատներ), Ձախ-կենտրոն (սոցիալիստներ կամ սոցիալ-դեմոկրատներ), Աջ-ծայրահեղականություն (լիբերալ ազգայնականներ), Ձախ-ծայրահեղականություն (կոմունիստներ եւ ազգայնական սոցիալիստներ)։
Ասպարեզում թեեւ բոլոր նշված ուժերն էլ կարծեք թե առկա են, բայց նրանք ըստ էության գտնվում են դեռեւս սաղմնային վիճակում, ուստի ձեւավորված քաղաքական համակարգ ի մասին դեռ վաղ է խոսել։
Քիչ թե շատ ձեւավորված է Աջ-կենտրոնը՝ հանձինս ՀՀՇ-ի ու նրա դաշնակիցների, եւ Ձախ-ծայրահեղականությունը՝ հանձինս կոմուԲայց սա ինչ-որ չափով զուտ պայմանական բաժանում է, որովհետեւ քաղաքական ուժերի դասավորման լուրջ փորձ դեռեւս Հայաստանում չի կատարվել։ Աջ-կենտրոնի ստեղծման ամենահաջող փորձնառայժմ մնում է «Հանրապետություն միավորումը», որը ես դիտում եմ նաեւ Հայաստանի քաղաքական կյանքի ամենակայուն տարրը։
Ինչպես տեսնում ենք, համարյա լրիվ թափուր է Ձախ-կենտրոնը, որը պետք է զբաղեցնեին սոցիալիստներն ու սոցիալ-դեմոկրատները։
Սա ես համարում եմ Հայաստանի ներքաղաքական դրության ամենավտանգավոր պահը, որովհետեւ քանի դեռ չի ձեւավորվել Ձախ-կենտրոնը, այդ դաշտն անխուսափելիորեն գրավում են աջ ու ձախ ծայրահեղականները։ Ժողովրդի սոցիալական պահանջների բավարարմանն ուղղված առողջ գաղափարախոսության տիրույթը, փաստորեն, ներխուժում է սոցիալական դեմագոգիան՝ նացիոնալ-սոցիալիզմի ակնհայտ դրսեւորումներով ու իր բոլոր աղետալի հետեւանքներով։
Ուժեղ եւ իրար լրիվ հակակշռող Աջ եւ Ձախ կենտրոնների ձեւավորումն, ըստ այդմ, պետք է դառնա Հայաստանի քաղաքական կյանքի առողջացման կարեւորագույն խնդիրը, որի իրագործմանը պետք է ուղղվեն ինչպես երկրի կայունությամբ մտահոգ բոլոր ուժերի, այնպես էլ իշխանությունների հետեւողական ջանքերը։
Միայն այս դեպքում է, որ ծայրահեղական ուժերը քաղաքական դաշտում վերջնականապես կգրավեն իրենց բնական լուսանցային տեղը, ինչպես տեղի է ունենում աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում։ Եւ միայն այս դեպքում է, որ Հայաստանը վերջնականապես կկարողանա խուսափել հեղափոխականության վտանգից։
Որեւէ երկրի կայունությունը, անվտանգությունն ու բնականոն զարգացումն, ի վերջո, ապահովում են ոչ թե ուժեղ պետական մարմինները, այլ հզոր քաղաքական ինստիտուտներն ու քաղաքացիական կառույցները։
Ես չեմ կասկածում, որ Հայոց համազգային շարժումը, համախմբելով իր շարքերը, շարունակ վերաքննելով ու արդիականացնելով իր գաղափարախոսությունը, ընդլայնելով աջ ուժերի կոալիցիան՝ ընդհուպ մինչեւ ազատական-ժողովրդավարների ամուր համադաշնության ստեղՍիրելի զինակիցներ,
Քանի որ իմ ելույթը նախատեսված էր կուսակցական համագումարի համար, այդ պատճառով ես ծանրացա բացառապես ներքաղաքական իրավիճակի վրա։ Բայց Հանրապետության Նախագահի պարագայում ամենեւին չի հասկացվի, եթե գոնե թռուցիկ կերպով չանդրադառնամ նաեւ պետական կարեւորություն ու նեցող որոշ այլ խնդիրների, մասնավորապես՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին եւ արցախյան հակամարտության կարգավորմանը։
Առաջին հարցի կապակցությամբ ես ընդամենը մեկ տարի առաջ հանդես եմ եկել ընդարձակ նախընտրական ծրագրով, ուստի չեմ կարծում, թե այսօր կարիք կա կրկնել այդ ամենը։ Հարկ եմ համարում միայն եւս մեկ անգամ հավաստիացնել, որ ես լի եմ վճռականությամբ՝ ամբողջովին իրագործելու նշված ծրագիրը, իհարկե, ձեր անմիջական մասնակցությամբ եւ ամենագործոն աջակցությամբ։
Ինչ վերաբերում է արցախյան խնդրի կարգավորմանը, ապա, ինչպես ձեզ հայտնի է, երեք մեծ պետությունների համանախագահությամբ այն մտել է նոր, թերեւս, վճռական փուլ։
Մեզ է ներկայացվել հարցի կարգավորման մի փոխզիջումային ծրագիր, որի մանրամասները, դժբախտաբար, դեռ չեմ կարող բացահայտել, քանի որ համանախագահների ու հակամարտող կողմերի փոխպայմանավորվածությամբ այն առայժմ գաղտնի է պահվում։
Գաղտնին անպայման դավադրություն չի նշանակում։ Սա պարզապես միջազգային դիվանագիտական պրակտիկա է՝ հեշտացնելու համար բանակցությունների գործընթացը, այն հեռու պահելով ավելորդ աղմուկից ու պրոպագանդիստական շահարկումներից։ Բավական է հիշեցնել, որ արաբա-իսրայելյան կարգավորման ներկա գործընթացին նախորդել են տարիներ տեւած գաղտնի բանակցություններ։
Հասկանալի է, որ գաղտնի է ընթանալու միայն բանակցությունների փուլը, իսկ համաձայնությունների կայացումից հետո, բայց վերջնաԿարճ ասած, ղարաբաղյան կարգավորման գործընթացն այսօր գտնվում է փոխզիջումների որոնման դժվարին հանգրվանում։
Մի բանում ձեզ կարող եմ լիովին վստահեցնել. Հայաստանը երբեւէ չի ստորագրի որեւէ փաստաթուղթ, որ ի տակ չի լինի նաեւ Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը։
Վերջում թույլ տվեք շնորհավորել բոլորիդ համագումարի բարեհաջող ընթացքի կապակցությամբ, շնորհավորել ՀՀՇ վարչության նորընտիր անդամներին եւ ձեզ մաղթել նոր հաղթանակ՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններում։
«Հայաստանի Հանրապետություն», 15 հուլիսի, 1997 թ.։
Հրատարակված՝ «Իշխանությունների կամ իշխող կուսակցության վարկանիշը ամենեւին էլ նրանց հեղինակության կամ գործունեության գնահատման օբյեկտիվ չափանիշը չէ» վերնագրով։
- ↑ Տպագրում ընդգծվում է, ըստ ձեռագրի ուղղում ենք գծվում է։