Jump to content

Ելույթ նախընտրական հանրահավաք-հանդիպմանը Հանրապետության հրապարակում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ելույթ նախընտրական հանրահավաք-հանդիպմանը Հանրապետության հրապարակում




ԵԼՈՒՅԹ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ-ՀԱՆԴ ԻՊՄԱՆԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

[խմբագրել]
(17 սեպտեմբերի, 1996թ.)

Սիրելի ժողովուրդ,

Սիրելի հայրենակիցներ,

Ցավոք, ես ձեզ չեմ տեսնում, լույսն ինձ խանգարում է, բայց համարեք, որ ես խոսում եմ ձեզանից յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին։

Այսպիսի բազմամարդ հանրահավաք Հայաստանում չի եղել 1988 թվականից հետո։ Դուք նույնքան էիք 1988 թվականի նոյեմբերի 7-ին այս հրապարակում, համաշխարհային ճիվաղի ահարկու հայացքի ներքո, եւ դուք չվախեցաք այդ հայացքից։

Այն ժամանակ դուք հավաքվել էիք թոթափելու տոտալիտարիզմի լուծը, վերագտնելու ձեր ազատությունն ու անկախությունը։

Այսօր դուք հավաքվել եք ձեր քաղաքացիական պարտքը կատարելու։ Կան մարդիկ, ովքեր խնդիր են դրել մեր ժողովրդին վերադարձնել 1988 թվականի իրավիճակին։ Նրանք կարող են համարել, որ իրենց նպատակն իրականացել է այսօր։ Ես համաձայն եմ Վանոյի հետ՝ թող սա լինի մեր վերջին այսպիսի բազմամարդ հանրահավաքն այս դարում, որովհետեւ ժողովրդի խնդիրը երեխա մեծացնելն է, ընտանիքի հոգսերը տանելը, խաղաղ, ստեղծագործ, շինարար աշխատանքով զբաղվելը։

Մենք ութ տարիների երկար ճանապարհ ենք անցել ձեզ հետ, եւ ես չէի ցանկանա այսօր վերակերտել այդ ճանապարհը։ Առիթ եմ ունեցել մի անգամ հայտարարելու, որ այդ ընթացքում ՄԵՆՔ ՁԵՌՔ ԵՆՔ ԲԵՐԵԼ ՄՇՏՆՋԵՆԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ, իսկ կրում ենք ժամանակավոր դժվարություններ։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդը հասկանում է, թե ինչի մասին է խոսքը։ Իհարկե, ինչպես միշտ, եղան թերահավատներ, որոնք քմծիծաղով ընդունեցին նման հայտարարությունը։ Դա նշանակում է, որ նրանք չեն հավատում մեր նվաճումներին, չեն հավատում Հայաստանի անկախությանը, չեն հավատում Արցախի ազատագրմանը, չեն հավատում ժողովրդավարության հաստատմանը, չեն հավատում շուկայական տնտեսության միջոցով մեր ժողովրդի՝ մարդկության զարգացման բնականոն հուն մտնելու իրողությանը։ Իսկ ինչ վերաբերում է ժամանակավոր դժվարություններին, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այո, դրանք ժամանակավոր են։ Տնտեսական դժվարությունները, սոցիալական հոգսերը, միեւնույն է, մեր ազգը երբեւէ լուծելու է։ Լինի Տեր-Պետրոսյանի, թե մի այլ Նախագահի օրոք, դա անցնելու է։ Մնալու է Հայաստանի անկախությունը, մնալու է ազատագրված Արցախը, մնալու է ազատ ժողովրդավարական Հայաստանը։

Մենք անցանք փոթորկալից ճանապարհ՝ հեղափոխություններով, պատերազմով, շրջափակումներով, տնտեսական ցնցումներով լի մի փշոտ, տատասկոտ ճանապարհ, բայց այդ ամենն արդեն անցյալ է։ Հավակնելով նախագահության աթոռին, ես գիտակցում եմ հետեւյալը. առջեւում չեն լինելու հեղափոխություն ներ, չեն լինելու ցնցումներ, չեն լինելու տագնապներ, եւ մեր ժողովուրդը հնարավորություն է ունենալու, օգտվելով խաղաղ, ապահով, անվտանգ կյանքից, քայլ առ քայլ ավարտին հասցնել իր պետական տան, իր պետական շենքի կառուցումը։ Ես, որպես Նախագահի թեկնածու, իմ առաջին եւ գերագույն խնդիրը համարում եմ խաղաղության ապահովումը։ Մենք հանուն մեծ գործի շատ զոհեր ենք տվել, այդ զոհերը լիովին արդարացված են եղել, որովհետեւ հաղթանակը շատ մեծ է, բայց քանի որ մենք արդեն հասել ենք մեր հիմնական նպատակներին, իմ խնդիրն է ապահովել, խնայել ձեր զավակների կյանքն ու արյունը։

Երկրորդ խնդիրը տնտեսության զարգացումը, առողջացումն ու վերազինումն է։ Դա լուծելի է, արդեն կան դրա միտումները, խաղաղության երկու տարին դրա վկայությունն է, եւ մենք վստահ ենք, որ այդ միտումները ոչ միայն կպահպանվեն, այլեւ ավելի կխորանան։ Խնդիրը մեր տնտեսության արդիականացումն է, տեխնոլոգիական վերազինումը, ներքին եւ արտաքին մասնավոր ներդրումների ներգրավումը։

Երրորդը ժողովրդի սոցիալական վիճակի բարելավումն է։ Ես չեմ ուզում գունազարդել վիճակը։ Եթե մենք լուծել ենք ազգային խնդիրներ, եթե մենք լուծել ենք գոյության խնդիրներ, եթե մենք լուծել ենք պետական անվտանգության խնդիրներ, ապա սոցիալական ոլորտում մենք բավականին ետ ենք մնացել։ Սա պետք է խոստովանել, չփնտրել արդարացումներ, չնշել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներ, այլ արձանագրել եւ խնդիր դնել այդ հարցերը լուծելու։ Մեր ժողովուրդը դեռեւս չի ապրում արժանապատիվ կյանքով։ Մեր ժողովուրդն արժանի է շատ ավելի մարդավայել, շատ ավելի քաղաքակիրթ կյանքի։ Եւ խնդրի լուծումը գերբնական ջանքեր չի պահանջում. խաղաղության պահպանման, մեր ժողովրդի անվտանգության ապահովման եւ տնտեսության զարգացման միտումների հետ այս խնդիրները քայլ առ քայլ կլուծվեն։

Եւ չորրորդ խնդիրը՝ մեր երկրում, մեր տանը, մեր ընտանիքում, որը ես համարում եմ մեր պետությունը, կարգուկանոնի հաստատումն է, օրինազանցությունների, կաշառակերության, բյուրոկրատական շահատակումների վերացումը։ Եւ հիմա ես համոզված եմ, որ մենք շատ ավելի մեծ հնարավորություններ ենք ունենալու զբաղվելու այս հարցերով, քան առաջ, երբ ստիպված էինք լուծել գոյության խնդիրներ։

Մենք կանգնած ենք կարեւոր իրադարձության՝ նախագահական ընտրությունների շեմին։ Թվում է, թե լուծվում է անձերի հարց. այս երկրում կա չորս մարդ, որ հավակնում է նստել նախագահական աթոռին։ Բայց արդյո՞ք մենք անձերի խնդիր ենք լուծում։ Մենք լուծում ենք մեր հաղթանակների պահպանման խնդիրը, մեր երկրի բարօրությունն ու հզորությունն ապահովելու խնդիրը։

Կա երկու ճանապարհ՝ մենք ընտրություն ենք կատարում երկու հնարավոր ճանապարհի միջեւ։ Մի ճանապարհը՝ խաղաղության ապահովման, մեր ժողովրդի անվտանգության պահպանման, մեր տնտեսության զարգացման, սոցիալական ոլորտի քայլ առ քայլ բարելավման ճանապարհն է՝ առանց պատերազմների, առանց հեղափոխությունների, առանց տագնապների ու ցնցումների, որի ջատագովը ես եմ եւ իմ ընկերները, իմ բոլոր համակիրները։ Երկրորդ ճանապարհը, գաղտնիք չէ, բխում է մեր ժողովրդի այսօրվա ծանր սոցիալական վիճակից։ Այո, դա օբյեկտիվ երեւույթ է, դա գոյություն ունի եւ այդ իրականության վրա է հիմնված ընդդիմության ողջ դեմագոգիան։ Մեր ժողովրդին խոստանում են հրաշքներ, մեր ժողովրդին պատմում են հեքիաթներ, մեր ժողովրդին տալիս են հավաստիացումներ, որ ընտրվելու դեպքում կլուծեն մեր ազգի առջեւ կանգնած բոլոր խնդիրները։ Մեկ օրում տասնապատիկ կավելացնեն աշխատավարձերը, տասնապատիկ կմեծացնեն պետության բյուջեն, տասնապատիկ կբարձրացնեն կենսաթոշակներն ու նպաստները, միանգամից հանրապետություն կներգրավեն միլիարդավոր դոլարների ներդրումներ, արմատախիլ կանեն կաշառակերությունը, Լինչի դատաստանի կենթարկեն բոլոր հանցագործներին… Բայց դա մենք տեսել ենք, դա եղել է եւ դրա հետեւանքները հայտնի են։ Նույն սոցիալական ծանր իրավիճակի շահարկմամբ 1917 թվականին Ռուսաստանում իշխանության եկավ կոմունիզմի հրեշը, որը խլեց տասնյակ միլիոնավոր կյանքեր։ Նույն սոցիալական դեմագոգիայի եւ օբյեկտիվ իրականության ընձեռած հնարավորությունների հիման վրա Գերմանիայում իշխանության գլուխ եկավ Հիտլերը։ Ես երկու դեպք եմ հիշատակում, դուք կարող եք տասնապատկել։ Եւ այն մարդիկ, որոնք ժողովրդին խոստանում էին դրախտ, Լենինը՝ ռուս ժողովրդին, Հիտլերը՝ գերմանացի ժողովրդին, որոնք խոստանում էին համաշխարհային տիրապետություն, առաջին հերթին դժոխքի վերածեցին սեփական երկիրը եւ հեղեցին սեփական ժողովրդի արյունը։ Ահա թե դուք ինչի միջեւ եք ընտրություն կատարում։ Մենք ութ տարի անցել ենք հրի ու սրի միջով։ Ութ տարի մեր ժողովուրդը չի սխալվել։ Մեր ժողովուրդն աշխարհին ապացուցեց, որ անկախության վերականգնման այս վերջին հնարավորությունը նա օգտագործեց առավելագույնս, մի բան, որ տեղի չունեցավ 1918–20 թվականներին, երբ մեր հարեւանները՝ Վրաստանը եւ Ադրբեջանը ավելի պատրաստ գտնվեցին անկախությանը, քան թե Հայաստանը։ Այսօր հակառակն է, հայ ժողովուրդն ապացուցեց, որ շատ ավելի պատրաստ էր ունենալու սեփական պետությունը, քան մեր հարեւանները եւ դրանից քաղեց իր բոլոր նվաճումները։ Եթե ութ տարի չի սխալվել մեր ժողովուրդը, ես վստահ եմ, որ նա չի սխալվի նաեւ այսուհետեւ։

Սակայն չպետք է հանգստանալ. սոցիալական դեմագոգիան առաջին հայացքից անմեղ բան է թվում, բայց դրա հետեւանքը ֆաշիզմն է կամ անարխիան։ Երկու դեպքում էլ մեր ժողովրդին սպասում են ահավոր վտանգներ։ Չպետք է հանգստանալ այն առումով, որ ձեզանից յուրաքանչյուրը, մեր ողջ ժողովուրդը միահամուռ սեպտեմբերի 22-ին պետք է կատարի իր քաղաքացիական պարտքը՝ մասնակցելով նախագահական ընտրություններին։ Միայն այդ դեպքում է, որ մեր ժողովուրդը չի սխալվի։ Որքան շատ մարդ մասնակցի ընտրություններին, այնքան սխալի հնարավորությունը կլինի նվազագույն, եւ ապագա Նախագահն իրեն շատ ավելի ամուր կզգա, որովհետեւ կվայելի մեր ողջ ժողովրդի վստահության քվեն։

Սիրելի ժողովուրդ, նաեւ ուզում եմ համայն հայությանը, մեր ողջ ազգին, լինի Հայաստանում, Ղարաբաղում, Ռուսաստանում, թե ողջ Սփյուռքում, շնորհավորել Հայաստանի Անկախ Հանրապետության 5-րդ տարեդարձի առթիվ։ Թող ոչ ոք չկասկածի՝ հարյուրամյակների արյունով ձեռք բերված այս անկախությունը մենք երբեւէ չենք կորցնի։ Այս անգամ մենք անկախությունը նվաճել ենք հավերժ պահելու համար։

Եւ քանի որ մենք մի փոքր լիրիկական զեղում թույլ տվեցինք, վերհիշեցինք 88 թվականի մեր միասնությունը, ուզում եմ վերակենդանացնել մի վանկարկում, որն այն ժամանակ ուներ այլ բովանդակություն, իսկ այսօր մենք դրա մեջ տեսնում ենք մեր ողջ ժողովրդի, համայն հայության, Հայաստանի եւ Արցախի միասնության խորհրդանիշը՝ «Մի՛-ա՛-ցո՛ւմ, Մի՛-ա՛-ցո՛ւմ, Մի՛-ա՛-ցո՛ւմ»։

«Հայաստանի Հանրապետություն», 19 սեպտեմբերի, 1996 թ.։