«Բլից» հարցազրույց լրագրողների հետ
«ԲԼԻՑ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
[խմբագրել]― Չեչնիայի տարբերակը հնարավո՞ր եք համարում Ղարաբաղում։
― Իսկ ո՞րն է Չեչնիայի տարբերակը, ես տեղյակ չեմ։
― Իրավիճակի սառեցումը հինգ տարով։
― Իսկ մերը սառեցված չէ՞։ Մերն էլ է սառեցված եւ ոչինչ չի փոխվում։
― Աշոտ Մանուչարյանը պնդում է, որ ընտրություններից հետո ուժեղանալու է միջազգային ճնշումը Ղարաբաղի հարցը լուծելու համար։
― Գուցե Մանուչարյանը լրացուցիչ տեղեկություններ ունի, որոնց ես տեղյակ չեմ, բայց մենք այդ ճնշումն զգում ենք արդեն հինգ տարի։
― Ի՞նչդիրքորոշում կունենաք, եթե ընդդիմությունը միացյալ թեկնածու առաջադրի։
― Ես ուրախ կլինեմ։
― Ընդդիմությունը համարում է, որ ընտրություններին ժողովրդավարական իմիջ տալու համար պարտադիր կգնաք երկրորդ փուլի։
― Արդեն ընդդիմությունը որոշել է, որ երկրորդ փուլում ե՞ս եմ քվեարկվում։ Ինչպե՞ս կարող եմ ես այդպիսի բան ասել։ Դա պետք է կախված լինի առաջին փուլի արդյունքներից։ Դա ի՞նչ է նշանա կում, այսինքն՝ ամեն ինչ ի՞մ ձեռքում է։ Ընդդիմությունը համարում է, որ ես ինչպես ցանկանամ, այնպես էլ մարդիկ ձա՞յն կտան այս կամ այն թեկնածուին։
― Ըստ երեւույթին, այո։
― Դե իրենք ամեն ինչ կարող են ասել, ես պատասխանատու չեմ իրենց խոսքերի համար։
― Մարզեր կատարած այցերից ի՞նչ տպավորություն ունեք։
― Այն, ինչ ես, ըստ էության գիտեի ե՛ւ մեր գործադիր իշխանությունների, ե՛ւ մեր ապարատի ինֆորմացիայից, դրա հաստատումն ստացա։ Այսինքն՝ այն բոլոր պրոբլեմները, որոնք կան եւ մեր մտահոգության առարկան են, այնտեղ ուղղակի ավելի աչքառու ես ամեն ինչը տեսնում։
― Իսկ երեւանցիների հետ հանդիպելո՞ւ եք։
― Այո, սեպտեմբերի 17-ին, Լենինի հրապարակում։
― Վեց ընդդիմադիր թեկնածուներից ո՞ւմ եք համարում ձեր ամենահավանական հակառակորդը։
― Ճիշտն ասած, չեմ կարող ասել։ Եթե նայենք հասարակական հարցումներին, մոտավորապես բոլորի շանսերը քիչ թե շատ հավասար են։ Եթե, իհարկե, հավատում եք այդ հարցումներին։ Ես ուրիշ ստուգելու հնարավորություն չունեմ։
― Դուք բոլորին ծանոթ եք, գուցե այդպես կողմնորոշվեք։
― Ոչ, ես բոլորին ծանոթ չեմ։ Ես ծանոթ եմ միայն Աշոտ Մանուչարյանին եւ Վազգեն Մանուկյանին, մյուսներին ծանոթ չեմ։ Պարույր Հայրիկյանի հետ այնքան, որքան ձեզ հետ խոսեցի այսօր, կյանքում դեռ չեմ խոսել։ Սերգեյ Բադալյանին միայն էկրանից եմ տեսել, դեռ այսպես կենդանի չեմ տեսել։
― Շատ է խոսվում այն մասին, որ նախագահական ընտրություններն օրինակելի պետք է դառնան միջազգային չափանիշների պահպանման տեսակետից։
― Գիտեք, ես չեմ համարում, որ մենք աշակերտ ենք, իսկ միջազգային չափանիշներն էլ՝ մեր ուսուցիչները։ Ես նրանց մեր ուսուցիչը չեմ համարում, որ մեզ գնահատական դնեն։ Մենք ձգտում ենք, որ ամեն ինչ օրինական լինի, ժողովրդավարական, արդար եւ ազատ։ Դրանից հետո, թե ինչ գնահատական կտան, իրենց գործն է։
― Ի՞նչ կարծիք ունեք մամուլի պահվածքի մասին։
― Կարծում եմ, նորմալ է, եթե հատկապես համեմատելու լինենք նախորդ ընտրությունների հետ։
― Մյուս թեկնածուների հետ հրապարակային բանավեճը հնարավո՞ր եք համարում։
― Եթե միայն ես պետք է բանավիճեմ՝ ո՛չ։ Թող բոլորը բոլորի հետ բանավիճեն։ Եթե բանավիճելու բան չունեն, ուրեմն մեկը պետք է առաջադրվեր։
― Իսկ եթե միասնական թեկնածո՞ւ առաջադրվի։
― Եթե մեկը լիներ, ես մեծ սիրով կբանավիճեի։ Ավելին ասեմ. եթե երկրորդ փուլ տեղի ունենա, մեծ հաճույքով կբանավիճեմ երկրորդ փուլ անցած ցանկացած թեկնածուի հետ։
― Գո՞հ եք ընդհանուր վիճակից։
― Ոչ, եթե գոհ լինեի, ինչո՞ւ էի նորից առաջադրվում, կշարունակեի գիտությամբ զբաղվել։
― Իսկ ի՞նչ պետք է լինի, որ գոհ լինեք։
― Մեր ժողովուրդը պետք է մարդավարի ապրի։ Ուրիշ բան չեմ ասում։ Պետք է մարդավարի ապրի, իր աշխատավարձով կարողանա ընտանիք պահել, երեխաները մաքուր հագնվեն, չթերսնվեն։ Դառնալ նորմալ երկիր, նորմալ պետություն՝ եւ մնացած հարցերը շատ ավելի հեշտ կլուծվեն։
― Ըստ Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի, Դուք ցանկանում եք բարեկեցություն ապահովել ապագա սերունդների համար, իսկ ընդդիմությունը ցանկանում է բարեկեցիկ դարձնել հենց այս սերնդի կյանքը։
― Այդ մասին գրված է իմ ծրագրում։
― Հինգ տարին բավարա՞ր եք համարում բարեկեցիկ կյանք ապահովելու համար։
― Ոչ, իհարկե բավարար չեմ համարում։ Հինգ տարում պետք է այս ողբալի վիճակը մի քիչ թեթեւացնենք, մի քիչ մարդկանց ավելի անհոգ դարձնենք։ Կաթիլ-կաթիլ պետք է հավաքվի, ինձնից հետո դեռ տաս պրեզիդենտ էլ պետք է լինի, որից հետո երեւի մենք կհավասարվենք եւրոպական պետություններին։
― Ինչպե՞ս կգնահատեք ամերիկա֊իրաքյան հարաբերությունները։
― Իսկ պարտադի՞ր է, որ ես գնահատեմ։ Կարող եմ մի ընդհանուր սկզբունքով պատասխանել. ես կողմնակից եմ, որ ոչ մի հակամարտություն, ոչ մի վեճ չվերջանա զենք ու զրահով։
― Չե՞ք պատրաստվում նվազեցնել ծխելը։
― Ոչ։
― Բայց հանրապետությունում ծխելու դեմ պայքար է սկսվել։
― Ոչինչ, այս մի հարցում էլ ես թող մեղավոր լինեմ։ Հրանուշ Հակոբյանը թող ինձ պատժի։ Նա է, չէ՞, այդ նախաձեռնությամբ հանդես եկել։
― Ի՞նչ եք ուտում նախաճաշին։
― Նախաճաշին մեկ գավաթ սուրճ եմ խմում եւ կես բաժակ հյութ։ Կեսօրին չեմ ուտում։ Սուրճ շատ եմ խմում։
― Դուք ձեզ էմոցիոնա՞լ մարդ եք համարում։
― Դա պետական գաղտնիք է։
― Դուք երջանի՞կ եք։
― Երջանի՞կ… դրա մասին չեմ մտածել, ժամանակ չկա։
― Ձեր ցանկությունները մի՞շտ են կատարվում։
― Որ միշտ կատարվեին, ես Քրիստոս կլինեի։
«Ազգ», 7 սեպտեմբերի, 1996 թ. (ըստ «Փաստ» լրատվական գործակալության)։
Հրատարակված՝ «Լ. Տեր-Պետրոսյան. «Եթե բոլոր ցանկություններս կատարվեին, Քրիստոս կլինեի» վերնագրով։
- ↑ Չնախատեսված այս հարցազրույցը, ըստ «Ազգի», տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին, երբ՝ «Ռուսաստանի Դաշնության առաջին վարչապետ Վիկտոր Իլյուշինի հետ ունեցած հանդիպումից հետո ՀՀ նախագահ Լեւոն Տեր֊Պետրոսյանն անակնկալ զրույցի բռնվեց նախագահական պալատում հավաքված փոքրաթիվ լրագրողների հետ»։