Ելքը
[ 227 ] Արդյոք բարոյական իրավունք ունե՞ն 16 հոգին իրենց ղրկած հրավերներն ընդունելու։
Մենք կարծում ենք չունեն, մինչև որ հոգաբարձությունը և նոր տեսուչ պ. Մալխասյանը բավարարություն չտան վիրավորված խմբին ու չբացատրեն մյուսներին չհրավիրելու պատճառները։ Բարոյական իրավունք չունեն հայ ուսուցչի դատի, իրենց կոչման ու ընկերների առաջ և, մանավանդ, էն բոլոր ուսուցչական կազմերի, ուսուցիչների ու հասարակության առաջ, որ տակավին շարունակում են եռանդուն բողոքել ու ամեն տեղից բողոքելով ցույց տալ, թե դա Հովնանյան դպրոցի մասնավոր խնդիրը չի։ Հովնանյան դպրոցի դեպքը առիթ եղավ միայն հրապարակ հանելու մի ընդհանուր, խոշոր խնդիր։ Ոմանք հարց են տալի, թե ինչո՞ւ հենց Հովնանյան դպրոցի և էս հոգաբարձության օրով բարձրացավ բողոքը։ Կարճամիտ հարց։ Կարծես ինչ դպրոցի և ինչ ուսուցչական կազմի ու հոգաբարձության հետ էլ պատահեր, չէր կարելի դարձյալ բացականչել—ինչո՞ւ հենց սրանց հետ պատահեց, չէ՞ որ առաջ էլ է եղել, ո՞րտեղ էիք, և նման առարկություններ։
Նախ սխալ է. միշտ եղել են բողոքներ, հենց իրենք, էդպես ասողներն էլ պնդում են, որ իրենք էլ են բողոքել, ապա ուրեմն երևույթը տգեղ է, ու տգեղ է ամեն տեղ, և՛ քաղաքներում, և՛ գավառներում, և՛ անցյալում, և՛ այժմ։ Երկրորդ, զարմանալու բան չկա, որ մշտական տրտունջի ու դժգոհության աղբյուր մի որևէ տգեղ երևույթ մի օր էլ հարուցանում է ընդհանուր բողոք, և առիթը լինում է սովորական դեպքերից մինը, շատ անգամ նույնիսկ չնչինը։ Չպետք է, սակայն, խնդիրը մթնացնել մանր-մունր անհատական կամ թայֆայական պատմություններով, մի ծուռն ու խուսափող ճանապարհ, որ իր երկար ու ձիգ պատասխան նամակով ընկել է և նորընտիր տեսուչ պ. Ստ. Մալխասյանը, այլ միանգամայն ընդհակառակը, մի կողմը պետք է թողնել էդ ամեն երկրորդական՝ հարցը խճճող հանգամանքները, գործի էությունն ու արդարությունը հասկանալ և լուծում ու բավարարություն տալ բողոքին։ Հովնանյան դպրոցի հոգաբարձությունն [ 228 ] ու տեսուչը, փոխանակ հին, նման դեպքերով իրենց վարմունքն արդարացնելու և, ինչպես «Մշակում» հայտնած էր, իրենց շավղով անշեղ ընթանալու երդում անելու, հազար անգամ ավելի լավ կանեին մտածեին բավարարություն տալու և՛ ուսուցչական կազմին, և՛ վրդովված հասարակությանը։ Եվ չպետք է դժվարանան։ Իրենց արածը հայոց դժբախտ դպրոցներում ընդունված ավանդական սովորություն է եղել։ Մարդիկ—ուսուցիչները թողնված են եղել հոգաբարձուների խղճմտանքին ու քմահաճույքին։ Եվ դա շատ ծանր է եղել։ Էլ տանել, դենը գնալ չի՛ կարելի։ Պետք է ետ կենալ էդ շավիղից, դա արդեն դատապարտված է ընդհանուրից։ Եվ ինչպես Հովնանյան դպրոցի վրա պայթեց ցասումը եղած անարդարության դեմ, թո՛ղ Հովնանյան դպրոցից էլ սկսի նոր, մարդավայել վերաբերմունքը դեպի հայ ուսուցիչն ու նրա լուսավոր գործը։ Դրա համար մեծ առաքինություն չի հարկավոր։ Անպատճառ վերևից չպետք է լինի հրամայած, որ մարդիկ մարդավարի վարմունք ունենան, էն էլ ինտելիգենտ մարդիկ։
Եվ այնուհետև միայն ուսուցիչները բարոյական իրավունք կունենան ընդունելու իրենց առաջարկված պաշտոնները։
Էս է միակ ելքը։
Իսկ մեր բարձր հոգևոր իշխանությունը, վերջապես, գոնե էսքան բողոքներից հետո, պետք է կանոնավորի ուսուցչի դրությունը։ Պետք է նկատի, որ նա դրված է գերու վիճակի մեջ։ Նա միշտ պատասխանատու է հոգաբարձուի առաջ, իսկ հոգաբարձուն պատասխանատու չի ոչ ոքի առաջ, և բացատրություն էլ չի տալիս ոչ ոքի, թե ինչո՛ւ է նրա հետ էսպես վարվում կամ էնպես։ Մինչդեռ նրա կողքին պետական դպրոցի ուսուցիչը իրեն արձակողին կարող է կանչել պատասխանի ու գործը հասցնել մինչև լուսավորության նախարարությունը և արդարություն ու պատիվ պահանջել։
Պետք է ստեղծել մի ընտրովի բարձր մարմին, մի ապաստան հայ ուսուցչի համար, ուր նա կարողանա դիմել հալածված ժամանակ։