Եղա անխոհեմ.
քանի տարի է՝ փայտե ձիուկս
թողել եմ կապված մեր դռան սյունից...
Երեւի սանձը կրծել է երկար,
դոփել է տեղում,
վրնջացել է ու խռով լռել։
Եղա անխոհեմ,
եւ, հիմա արդեն երբ մեծացել եմ,
ձիուկս չի էլ ուզում ճանաչել,
մաշվել-կուչ եկել,
դարձել է... ճիպոտ։
Շրջվում եմ մի պահ,
որ հոր արցունքը որդին չտեսնի,
եւ... ի՜նչ փրկություն.
բալիկիս ձեռքին կենդանանում է
ձիուկը մեկեն
ու ծանոթ վարգով սլանում հեռու,
գլխիս թողնելով սպիտակ փոշի...
Չէ՛, միշտ ջահել է մեր Հուր-Կայծակին...