Խոռնխոտը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Եղա անխոհեմ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Խոռնխոտը)

Վարդան Հակոբյան

Իդիլիա
ԽՈՌՆԽՈՏԸ


Խոռնխոտը մեր հանդերի ծաղիկ է,
Ժայռուտների տաք շուրթերի տաղիկ է,
Իմ հայրենի քարուտներում բուրվառող՝
Կաքավների կտցից ընկած խաղիկ է։
Ծուփ-ծուփ ծաղիկ, արեւ-ամռան հուր ունի,
Վարսերիդ պես անհնազանդ բույր ունի,
Քեզ հանդ տանեմ, ծանոթացիր նրա հետ,
Դեռ չգիտե, որ քեզ նման քույր ունի։

Խոռնխոտը - լեռան լանջին՝ մի համբույր,
Աղջկական կրծքի մի խալ, համ ու բույր...
Խոռնխոտը՝ գարունների ուխտավայր,
Ամեն թուփը՝ հողին բուսած հավքի բույն։

Ծաղկունանց մեջ - համապայծառ սիրտ ու սեր,
Գնանք, նվագ-շյուղիկներից երգ հյուսենք...
Մեր դեմ՝ սար-ձոր, հազարաբույր մի աշխարհ,
Խոռնխոտը՝ կանաչ արեւ ու լույս է...