Հավքի բույնը շյուղից կախվել ու ճոճվում է գետի վրա, -
հեռուներում երերում է թեւը մթնոտ կապույտն արդեն,
ճամփաս դարձել օղապարան եւ իմ ոտքից քաշում է ետ,
ես իմ առաջ քարացել եմ՝ ներիր, Աստված, ո՞ւմ էի պետք,
անհայտ ճամփի տուտն է բռնել փողոցներից հոգնած մի շուն։
Ժայռի կրծքին խավարախոս ես գամված եմ զույգ ափերով, -
ծվատվում է սիրտս գարշոտ կտուցներով անգղների,
ձորի վրա պտտվում է հազարաճիչ մի խեւ երկինք,
սողունների վտառն ի վեր խլրտում են քար ու ամպեր,
ոտնատակված մի սուրբ մարմին լողում է դեռ քաոսի մեջ։
Իմ վերքերում մեռած հուշը շողշողում է որպես մամուռ, -
մեխը խփիր աչքերիս մեջ, հատիր լեզուն իմ բարբարոս,
տար գլուխը իմ կտրված - առհավատչյան հաղթանակիդ,
եղեգնուտի ջուրը հոգուդ մեղքերը թող լվա իսպառ,
եւ դու գնա՝ ձիդ չափ տված՝ հանիր սուրդ, ասպատակիր։
Կյանքս՝ կորած հույսի մի հետք, կուլ է գնում անգույն, տարտամ, -
ջրիկ, ծեծված տղմուտներից դուրս է քաշվում խփված մի նավ,
մոռացումի թույն է մաղվում ճամփաների վրա քայլված,
անհուն, անծիր տիեզերքում հուրն է մարում ծիր-կաթինի.
ես չեմ հիշվում, մոռացվել եմ, ես չեմ եղել, ես էլ չկամ։