Հոգիս ձմռան ձյուների մեջ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ես գամված եմ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Հոգիս ձմռան ձյուների մեջ)

Վարդան Հակոբյան

Եղերերգ
***

Հոգիս ձմռան ձյուների մեջ մոմ եմ արել աստղագուշակ, -
բայց փողոցը ամայության չի պոկվում դեռ իմ ոտքերից,
վերջին կաթիլն իմ երակում քո պատկերն է պահում էլի,
համբուրում եմ ես ինձ խեղդող մատները քո տավիղալար.
դաշտում հիմա մթին-մթին ստվերն է սեւ ագռավների։

Ձայն տուր... Ո՜ւր ե՜ս... Եվ ոռնում են քարերը իմ ճանապարհի, -
աչքերիս դեմ՝ փուշ ու տատասկ, խզբզոցներ երազասուր,
ես չգիտեմ, չեմ հասկանում, ես չեմ տեսել, չեմ հավատում,
անապատի հովազի պես ճակռոտում է վիշտը հոգիս.
ներիր, Աստված, իմ պայթյունով թե աշխարհն այս փոշիանա։

Իմ ճակատը խաչման վայրն է աստվածազարմ կայծակների, -
հոգուս շիկնած թոնրապատին բուրում է թեժ հացը արդար,
բարձր-բարձր՝ սարից էլ վեր, ես պահում եմ սուրբ մանանան,
ես՝ աններում, անհուն սիրո ավետավոր ու բարբարոս,
այլեւս չե՛մ, չեմ բաշխելու ոչ մի զարկը ես իմ բազկի։

Հազար տեղից խոցված եմ ես, ես՝ մռունչը խուլ վերքերի -
մութ-քաթանված գիշերները ծվատվում են մագիլներում,
փնտրտուք են կիրճ ու ճամփա եւ մոլուցք են անպարագիծ,
իմ կրծքի տակ միանգամից ալիքվում են ծովերն ամեն.
ի՝նչ չքնաղ է մահն առյուծի՝ կողքին իր ետ խլված... էգի։
                                                 06.11.96թ.