Ես ժամագործ եմ…
Գործ ունեմ սակայն ոչ ժամացույցի,
Ժամի հետ,
Դարի,
Որ այն չափից դուրս հանկարծ չլարվի,
Որ ինչ-որ մի տեղ կանգ չառնի ժամը.
Քի՞չ են զույգերը,
Որ ժամադրվել, սպասում են իրար
այդ ժամից հետո…
Ես ժամագործ եմ,
Գործ ունեմ սակայն ոչ ժամացույցի,
Այլ` սրտերի հետ
Սիրահարների:
Թե ճիշտ աշխատեց ժամը իմ դարի,
Նշանակում է` իր ժամին կգա
Ու չի ուշանա գարունն աշխարհի:
Ես ժամագործ եմ…