Հացի բույրը տաք…
«Հիշո՞ւմ ես, հաճախ թաց խրամատում
Մի պատառ հացը
ձեռքից-ձեռք տալիս,
Բույրն առնում էինք,
Այդ բույրով ապրում:
Դե, ինչպես հիշես, երբ որ չես տեսել»…
Հացի բույրը տաք…
Օջախի ծուխը երկինք է ելնում,
Թող տանի իր հետ օրհնանքը պապիս.
«Շե՜ն մնաս, աշխարհ»:
Կանաչ արտի մեջ հասկավորվել են,
Արեւավորվել կանաչ արտի մեջ
Կոշտուկները իմ խամացած ափի…
Հացի բույրը տաք…
Ակոս առ ակոս շրջում եմ հողը
Եվ ալիքվում է հողի բույրը թեժ
Ու սիրտ է լցվում.
«Տես, չխորթանա քո ձեռքը հողին,
Որ ցանած սերմդ ծիլեր արձակի…
Հողն ամեն ձեռքից սերմ չի վերցնում»:
Հացի բույրը տաք…
Թե երդվել էր պետք, ուրիշ ոչ մի խոսք
Լեզվին պատ չէր գա.
«Այս հացը վկա»…
«Դեհ, հացը սուրբ է, պիտի հավատալ»:
Ոնց չհավատալ. «Մարդ հացով է մարդ».
Եվ էլ ոչ մի ձայն, առարկում չկա:
Հացի բույրը տաք…
Այսպես հիշում եմ խոսքերը պապիս
Եվ խոնարհվում եմ հացը կտրելիս:
Խոնարհվում այնպես,
Ինչպես ցողունը` ճկված հասկի տակ,
Ինչպես հողվորը` սերմը ցանելիս,
Հացթուխը` թոնրից հացը հանելիս…